Համաճարակուածները

Արտաշէս Շահպազեան 

«ԴՐՕՇԱԿ»

Մարտ 2020

 

Ամենահաս համաճարակը բացայայտում է ժամանակակից աշխարհի իրական էութիւնը: Ամէնից առաջ ակնառու է դառնում, թէ որքան փոքրացած է աշխարհը եւ փոխկապակցուած: Եթէ ամազոնեան անտառների եւ Աւստրալիոյ մայր ցամաքի հրդեհները բաւարար չէին համոզուելու համար, որ մեծ աղէտները երկրագնդի որ անկիւնն էլ պատուհասեն, ուղղակիօրէն առնչւում են մեզ, ապա նորայայտ գրիպը ամերիկեան ֆանտաստիկ ֆիլմի աշխարհակործան հրէշի պէս փաստում է մարդկութեան շաղկապուածութիւնը ճակատագրով:

Աշխարհակալ թագավարակն ի ցոյց դրեց այն իրողութիւնը, որ զարգացման ու բարեկեցութեան գագաթները նուաճած 21-րդ դարի մարդկութիւնը պատրաստ չէ ինչպէս ակնյայտ եւ մասամբ ծանօթ երեւոյթների գիտական ըմբռնմանը, այնպէս էլ նիւթատեխնիկական ու պարէնային ապահովուածութեան հարցերին: Կարճ ժամանակում արձանագրուեցին տնտեսական (եւ ոչ միայն տնտեսական) ճգնաժամի առաջին դրսեւորումները, եւ լուրջ մտավախութիւնների տեղիք է տալիս այն հանգամանքը, թէ իրավիճակի երկարաձգման պայմաններում այս գործընթացներն ինչի կարող են յանգեցնել:

Այս ամէնի խորապատկերին հասարակութիւնններին համակել է համընդհանուր տագնապը: Պետութիւնների հզօր առաջնորդները շփոթի մէջ են հնարաւորութիւնների սահմանափակութեան եւ հնարաւոր վատթարագոյն հեռանկարի պատճառով, ինչը ստիպում է մի կողմ թողնելով քաղաքական նրբանկատութիւնը փակել սեփական սահմանները եւ արգելել օտարերկրացիների մուտքը, Եւրոմիութեան օրինակով վճռել, որ ունեցած դեղորայքն ու առողջապահական միջոցները չպէտք է դուրս բերուեն սեփական տարածքից, իսկ երկրների ներսում` պարտադրել մարդկանց իրաւունքների ու գործողութիւնների աննախադէպ սահմանափակումներ:

Պետական ու հանրային եսասիրութիւնը, ստեղծուած իրավիճակին արդիւնաւէտօրէն դիմակայելու անպատրաստութիւնը եւ դաշինքային գործելակերպի` անցեալից գրանցած սխալների հետեւանքներն անխուսափելիօրէն մղում են միասնականութեան հոգեբանութիւնից ազգային մեկուսացումների եւ ինչն էլ իր հերթին կը յանգեցնի ազգայնական տրամադրութիւնների աճի:

Հպանցիկ անդրադառնալով լայնամասշտաբ պատերազմներ հրահրելու յաւակնութիւններին` հարց է ծագում` աշխարհի հզօրագոյն բախտախնդիրները պարզորոշ պատկերացնո՞ւմ են արդէն շուրջ քառասուն տարի բորբոքուող հրդեհների մեծ բռնկումների հետեւանքները, երբ աշխարհն այսօր այսպիսի շփոթի մէջ է գրիպի վարակի պատճառով, որը իհարկէ պատճառել է կորուստնէր որոնց թիւը չի կարող չանհանգստացնել, միաժամանակ այն անհամեմատելի է այլ բնոյթի աղէտների հնարաւորեւ հետեւանքների հետ:

Այս օրինակով կարելի՞ է երեւակայել, թէ ինչ տեղի կ’ունենայ, եթէ հնարաւոր պատերազմների դէպքում զոհուեն հարիւր հազարաւոր, միլիոնաւոր մարդիկ, հաշմուի մի քանի անգամ շատ մարդ, քանդուեն երկրներ, կապեր ու տնտեսութիւններ եւ այլն: Բայց վերադառնանք հիմնական ասելիքին: Իհարկէ, այս ամէնի կեդրոնում մարդն է, նրա վախերը ոչ միայն ներկայի, այլեւ աւելի շատ անորոշ հեռանկարի նկատմամբ: Առերեսւում ես այն իրողութեան հետ, որ անհատի ինքնուրոյնութիւնը, անհատական ազատութիւնը եւ հնարաւորութիւնների ու իրաւունքների ներուժն իրականում ունակ չեն պաշտպանելու վերջինիս համընդհանուր փորձութիւնից, եւ այդ գիտակցութիւնն անհատներից բաղկացած հանրոյթներին դատապարտում է հիստերիկ շփոթի: Ակնյայտ է դառնում, թէ իրականում որքան փխրուն եւ անպաշտպան է մարդկային այն արարածը, որին տասնամեակներով փորձել են ներշնչել, թէ նա իր անհատական ազատութեամբ ամենակարող է, կերտողն ու տնօրինողն է սեփական ճակատագրի: Իրականում ընդհանուր գաղափարախօսութիւններից, իտէալներից, նպատակներից, պարտականութիւններից ու վարքականոններից ձերբազատելը նրան հեռացրել են ամբողջից` նրա նկատմամբ հեշտութեամբ բարոյական, հոգեբանական, հասարակական եւ այլ բնոյթի հաշվեյարդարներ տեսնելու, ինչպէս եւ դիւրութեամբ կառավարելու համար:

Իբրեւ թէ ազատելով մարդուն գաղափարական ընդհանուր համակարգերի «ամբողջատիրութիւնից»` զրկել են նրան գաղափարի եւ մտածելակերպի հիմք- ելակէտից, երեւոյթների իրական գնահատման համակարգուած դատողութիւնից` նետելով նրան կողմնորոշիչների չգոյութեան, գիտակցական քաոսի, անսկզբունքայնութեան, նպատակի բացակայութեան նեղ բանտախուցը: Որքան էլ հակասական թուայ, եթէ արժեհամակարգն ու գաղափարներն ապահովում են մարդու մտաւոր հասունութիւնն ու այդ հարթակից ազատ թռիչքներ կատարելու հնարաւորութիւնը, նման ելակետային հնարաւորութիւնների բացակայութիւնը կամ, այսպէս ասած, «բեռից ազատ» գիտակցութիւնը հեշտութեամբ ստրկացւում է` ենթարկուելով ցանկացած այլ արժէքների ու գաղափարների պարտադրանքին: Այս ճանապարհով մարդը կորցնում է սեփական անհատականութիւնը եւ վերածւում է ամբոխի անդէմ մասնիկի: Նա դառնում է դիմակ, «անոնիմուս»` իր նման անդէմների բազմութեան մէջ, դառնում է ենթակայ ամբոխային տրամաբանութեանը` կառավարուող հոտի հոգեբանութեամբ: Մարդուն ներշնչւում է, թէ ինքն իր Աստուածն է, ազատ` հոգով ու մարմնով, եւ ինքն է սահմանում իր առաքելութիւնն աշխարհի վրայ, իր բարոյական արժեհամակարգը, պատկանելութիւնը տեսակին եւ հաւաքականութեանը, իր պարտականութիւնները ի սկզբանէ սահմանուած պարտականութիւններից հրաժարման պայմաններում: Իրականում վերջինս «դատապարտւում» է անգաղափարայնութեան գաղափարախօսութեանը եւ «այլընտրանքային» արժէքներին, նա վերածւում է հոտի հլու անդամի, որի համար գերիշխող արժէքներ են սեփական անձի հանապազօրեայ սնունդը, բնազդային պահանջները, գովազդուող իրերը, եւ ազատութիւնը իր նմանների բազմութեանը վերահսկողութեան տակ պահող հովիւների թելադրանքի ներքոյ:

Զիջելով սեփական բարոյականի, արժեհամակարգերի եւ պարտականութիւնների սահմանները` նման մարդը չի կարող նախանձախնդիր լինել այլ սահմանների պաշտպանութեան հարցում:

Մարդուն զոմբիացնելու գլխաւոր պայմանը նրան պարտականութիւններից ազատելն է: Ի տարբերութիւն այն երեւակայական էակի, որ մարդկութեան քարտէսից դուրս ինքն իրեն կարող է ծնել, մնացած բոլորը աշխարհ են գալիս մերկ ուսերին կրելով բազմաթիւ պարտականութիւնների բեռը: Իւրաքանչիւր անձ առաջին հերթին պարտական է այն մարդկանց, ովքեր իրեն լոյս աշխարհ են բերել եւ ամէն ինչ արել են նրա ոտքի կանգնելու եւ որպէս մարդ կայանալու համար: Նոյն չափով եւ գուցէ աւելի շատ նա ժառանգում է պարտականութիւններ` պահպանելու եւ զարգացնելու այն նիւթական ու հոգեւոր արժէքները, որոնք ստեղծել, պաշտպանել եւ իրեն են փոխանցել նախնիները: Պարտական է դառնում հասարակութեանը եւ այդ հասարակութեան կազմակերպական ղեկավարութեանը, որոնք ապահովել են իր կենսագործունէութիւնը` կրթուելու, բուժուելու, աշխատելու, հանգստանալու եւ միւս պահանջները: Այլ կերպ կարելի է ասել, որ մարդն աշխարհ է գալիս որպէս հասարակական էակ, իր սոցիալական պարտաւորութիւններով: Մարդ առանձնեակների բազմութիւններին քարոզել պարտականութիւններից լիակատար ազատութիւն նշանակում է ոչ միայն զրկել պաշտպանելու եւ պաշտպանուած լինելու բնական իրաւունքից, այլեւ ստրկացնել վերջինիս` դարձնելով ամբոխի զոմբիացուած անդէմութիւն, միաժամանակ ներսից խորտակել հասարակութեան մաս կազմող անդամների թիկունքներով ստեղծուած երկրի պարիսպները, որպէս տրոյական ձիերի ներդնել անդեմների զանգուածներին պարիսպներից ներս եւ ազգ, պատմութիւն, եկեղեցի, մշակոյթ, արժեհամակարգեր քանդելով ստրկացնել նաեւ դէմք ունեցողներին եւ նրանց երկրները:

Կարող է թուալ, թէ մեր ասելիքը շեղուեց իր նախնական նպատակից, բայց այսօր, երբ համաճարակի պատճառով մարդիկ յայտնուել են խուճապի մէջ, եւ յատկապէս զգալի է մտքի, գործի ու նպատակի միասնութեամբ համաշխարհային աղէտը յաղթահարելու հրամայականը, զգալի է դառնում, թէ որքան անյաղթահարելի կարող են լինել վերահաս փորձութիւնները այն հասարակութիւնների համար, որոնք պառակտուած են արժէքների ու պարտականութիւնների «այլընտրանքներով»:

Այո որոշակի ուժերը պառակտում են, որ տիրեն մարդկանց կամքին, ժողովուրդների ժառանգութեանը եւ պետութիւնների ինքնիշխանութեանը: Այդ նոյն ուժերը փորձում են ներշնչել, թէ տեղի ունեցողը քաղաքակրթութեան ու գլոբալիզացիայի անխուսափելի հետեւանքն է: Իրականում այն, ինչ տեղի է ունենում այսօր, շատ վաղուց եւ բազմիցս կատարուածի կրկնութիւնն է, համաշխարհայնացումն իրողութիւն է դարձել դեռեւս հելլէնիզմի դարաշրջանում, ժողովուրդների մեծ գաղթի ընթացքում` իրականում սկիզբ առնելով վաղնջական ժամանակներից, երբ տարբեր հանրոյթների միջեւ տեղի ունեցան առաջին փոխառնչութիւնները:

Օրինաչափութիւն է նաեւ, որ երբ հասարակարգերը սպառուելով յայտնւում են ճգնաժամի մէջ, այդ ճահճի մէջ են յայտնւում նաեւ արժէքներն ու արժեհամակարգերը: Օրինակները շատ են` սկսած Հին Հռոմից եւ գուցէ աւելի վաղ ժամանակներից: Ակնյայտ է, որ աշխարհն այսօր նոյնպիսի ճգնաժամի մէջ է: Պատկերաւոր ասած` մենք գիտակցում ենք, որ յայտնուել ենք պատի առջեւ, բայց թէ ինչպէս յաղթահարել արգելքը, եւ ինչ է սպասւում պատի միւս կողմում, առայժմ յայտնի չէ ոչ ոքի: Աշխարհը քաղաքական, իրաւական, բարոյական ու արժեհամակարգային քաոսը յաղթահարելու խնդրի առջեւ է կանգնած, եւ այդ անհրաժեշտութեան մասին եւս մէկ անգամ ահազանգեց համաճարակի ցնցումը:

Չինաստանում եւ այլուր մարդկանց հերոսական ինքնազոհաբերութիւնները, բարձր կազմակերպուածութեան դասերը, միասնականութեան դրսեւորումները փաստում են, որ այնուամենայնիւ դրականը բազմապատիկ գերազանցում է վատին, անբարոյականին եւ հակամարդկայինին:

Մենք` որպէս քաղաքակրթութեան վաղորդայնից մեծ երթի մասնակից ժողովուրդ եւ քրիստոնէական արժէքների ջահակիր, կարիք ունենք սեփական ինքնութեան աւազանում մաքրուելու, այդ առանցքի շուրջ ամրանալու եւ վաղուայ օրուան ներկայացնելու մեր յաւակնութիւնների յայտը:

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*