Քաղաքական Ցինիզմ, Թէ՞ Տհասութիւն

Լիլիթ Գալստեան

Երէկ մեր պետականութեան հիմնադիր հայրերից Արամ Մանուկեանի ծննդեան օրն էր: Այս օրերին հազար ու մի տագնապով ծանրաբեռնուած, տրտում միտքս սաւառնում է ժամանակի մէջ, անցեալից արձագանգեր ու դասեր փնտռում: Յետոյ փորձում է հասկանալ վարակին ու ճգնաժամին անխուսափելիօրէն յաջորդող ապագայի նոր աշհարհակարգում մեր` իբրեւ պետութեան անելիքները, վարքագիծն ու մարտահրաւէրները:

Իսկ մինչ այդ Արամի հետ եմ, որ ստանձնել էր ներքին գործերի նախարարի պաշտօնն ու կեանքը զոհեց յանուն պետականութեան` դառնալով այդ օրերին մոլեգնող տիֆի զոհ:

Այդ օրերին պետականութեան համար զոհաբերութիւնը ոչ արտասովոր էր, ոչ էլ` քննարման հարց: Առաջին վարչապետ Քաջազնունու որդին` Արամն ընկել էր թուրքերի դէմ մղուող մարտերում, իսկ Ղարաքիլիսէի մարտերում անյայտ կորել էր միւս վարչապետի` Օհանջանեանի Մոնիկ որդին: 1918-ին Վանում զոհուեց Յովհաննէս Թումանեանի Արտաւազդ որդին: Որքան էլ ծանր է ու անողոք, բայց այսպիսին է անկախութեան եւ պետականութեան գինը: Ու սա հասկացել էին բոլորը` մտաւորականից մինչեւ վարչապետ:

Արտակարգ դրութեան երրորդ օրն է: Աշխարհը փակուած ու կաթուածահար մի փոքր կաթսայ է դարձել, ուր բոլորին միացնում է միայն վարակակիրների մասին համաշխարհային թուատախտակը: Մենք մխիթարւում ենք զոհերի բացակայութեամբ ու սպասում յետոյին: Ի հարկէ, վարակից յետոյ էլ կեանք կայ: Բայց, հաստատ, ուրիշ որակներով, ուրիշ միջավայրում, խաղի այլ կանոններով, ուր մեծագոյն դերակատարութիւն ունեն իշխանութիւն իրականացնողների պետականութեան գիտակցութեան իմունիտետը, արժէքային համակարգն ու դրանց նուիրուելու ինքնամոռաց խիզախումը:

Այս օրերին, երբ համաշխարհային տագնապն ու ճգնաժամը, բոլորից, իշխանութիւն իրականացնողներից յատկապէս` աննախադէպ որակներ, ներազգային համախոհութիւն է պահանջում, Հ.Հ. առողջապահութէան նախարար Ա. Թորոսեանը յայտարարում է, որ դատական համակարգը չի վայելում ժողովրդի մեծամասնութեան վստահութիւնը, հետեւաբար հրաժարւում է կատարել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն ու ներողութիւն խնդրել ՛՛Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ՛՛ բժշկական կեդրոնի նախկին տնօրէնից:

Անկեղծ ասած, իմ ոչ կարճ կեանքում, գոնէ մեր երկրում, չեմ յիշում նման դէպք, երբ դատարանի որոշումն այսպէս արհամարհուեր, այն էլ` գործադիր իշխանութեան բարձր ներկայացուցչի կողմից:

Սա ի՞նչ է` քաղաքական ցինիկութիւն, քաղաքացիական անհնազանդութիւն, թէ՞ տհասութիւն… Բայց սա սոսկ դատական իշխանութեան նկատմամբ արհամարհանք չէ, սա արհամարհանք է պետականութեան, օրէնքի, սահմանադրականութեան, մեր ողջ պետական ժառանգութեան նկատմամբ, որի մի հատուածը կառավարելու ՛՛բախտին՛՛ է արժանացել նոյն նախարարը:

Սա պետութիւնն ու նրա ինստիտուտները քաոսի տանելու ամենակարճ ճանապարհն է, այն էլ արտակարգ դրութէան պայմաններում: Ի դէպ, անցէալն այդքան հիւանդագին ու մոլեռանդ մերժող նախարարը գիտի՞ արդէօք, որ Հ.Հ.-ում այսօր գործող արտակարգ դրութիւնն յայտարարուել է` ՝՝արտակարգ դրութէան իրաւական ռեժիմի մասին՝՝ Հ.Հ. օրէնքով, որն ընդունուել է նախկինների ժամանակ:

Արդեօք ես կամ ուրիշները, նկատի ունենալով նախարարի վարքագիծը, նրա կարող ենք յայտարարել, թէ նախարարը չի վայելում մեր վստահութիւնը, հետեւաբար չենք հաւատում վարակի դէմ պայքարի նրա քաղաքականութեանն ու գործողութիւններին: Իրաւունք ունենք, իրաւունքը նաեւ նախադէպով է հիմնաւորւում…

Բայց լաւ է, որ մեր հասարակութեան մէջ, այնուամենայնիւ, կան ինստիտուցիոնալ յիշողութեամբ եւ պետական արժէքներով առաջնորդուող քաղաքացիներ, ովքեր, մանաւանդ, համազգային տագնապի պահին պետական ու ազգային շահով ուղղորդուել գիտեն…

Սա էլ կ’անցնի, վարակից յետոյ կեանք կայ, ուրիշ կեանք, ուրիշ քաղաքական, բարոյական ու ազգային ազդակներով, եւ այդ իրականութեան մէջ ոչ ազգային, ոչ պետական մտածողութեամբ, այս հողի հետ կապ չունեցող մարդիկ, նրանք, ովքեր չունեն մեր հայրենիքը հզօր ու միասնական տեսնելու երազանք, տեղ պիտի չունենան…:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*