Հայրենիքէն «Հայրենիք»»-ին

Լուսանկարներ՝ Նարեկ Ալեքսանեան (“Հետք”)

Սոնա Յակոբեան

Շաբթուայ սարսափը: Ամբողջ աշխարհում , այդ թւում եւ Հայաստանում այս օրերին սառը պատերազմ է սկսուել պսակաձեւ ժահրի դէմ: Կայածկնային արագութեամբ տարածուող համաճարակը Հայաստանի իշխանութիւններին ստիպեց չեղարկել հանրաքուէն ու երկրում արտակարգ դրութիւն հաստատել: Երկուշաբթի` կառավարութեան արտահերթ նիստը որոշեց Հայաստանի հանրապետութեան ամբողջ տարածքում 2020 թուականի Մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչեւ 2020 թուականի Ապրիլի 14-ը, ժամը 09:00-ն ներառեալ` ժամկէտով հաստատել արտակարգ դրութիւն: Այս որոշմամբ սահմանուած տարածքներում արգելւում է հանրային միջոցառումների կազմակերպումը: Այսինքն` հաւաքներն ամբողջ հանրապետութիւնում արգելեցինք, իսկ թաղումներ, հարսանիքներ, 20 հոգուց աւելի մարդ ներառող միջոցառումներն արգելւում են միայն այն վայրերում, որոնք սահմանւում են պարէտի կողմից: «Այլ կերպ ասած պարէտն առողջապահութեան նախարարութեան եզրակացութեան հիման վրայ որոշում է, որ պէտք է մեր քաղաքացիներին խնդրենք, որ այդ տարածքներում նման միջոցառումները սահմանափակենէ,- նիստի ժամանակ պարզաբանել է Փաշինեանը: Ի դէպ, պարէտի մասին․․․արտակարգ դրութեան միջոցների միասնական ղեկավարումը իրականացնելու նպատակով ստեղծուել է պարէտատուն, որի ղեկավարման համար պարէտ է նշանակել փոխ-վարչապետ Տիգրան Աւինեանը, եւ անոր գրասենեակն էլ ապահովելու է պարէտատան աշխատանքների սպասարկումը:

Շաբթուայ վիճակագրութիւնը: Հայաստանում պսակաձեւ ժահրով վարակուածների թիւն այս շաբաթ հատեց հարիւրի սահմանը: Եւ այսպէս Մարտի 20-ի` ժամը 10:00-ի դրութեամբ պսակաձեւ ժահրի հաստատուած դէպքերի ընդհանուր քանակը Հայաստանում` 136 է, ապաքինուածների թիւը` 1: Մահուան ելքեր չեն գրանցուել: Արդիւնքների համաճարակաբանական վերլուծութեան տուեալները փաստում են, որ 99 դէպք փոխկապակցուած է երկու առաջնակի դէպքերի հետ: Հիւանդութիւնը չտարածելու նկատառումով ինքնամեկուսացուել է մի քանի հարիւրից աւելի մարդ:

Շաբթուայ հարցը: Թէեւ այս օրերին միակ հարցը` համաճարակի տարածման դէմն առնելն է, այդուհանդերձ չշրջանցենք այս օրերի ամենապահանջուած հարցը` ինչպե՞ս համաճարակը հասաւ Հայաստան: Եւ այսպէս , ըստ Նիկոլ Փաշինեանի Հայաստանում պսակաձեւ ժահրի տարածման երկու աղբիւր է եղել: Առաջինը Երեւանի Շէնգաւիթ վարչական շրջանում գտնուող արտադրամասում, համաճարակը տարածուել է Իտալիայից եկած գործընկերներից մէկի միջոցով: «Իտալացի գործընկերը ժամանել է այնտեղ, ընդ որում` նա եղել է առողջապահութեան նախարարութեան հսկողութեան տակ, բայց, ցաւօք սրտի, ջերմիջեցնող խմելու միջոցով թաքցրել է իր վիճակը, 1-2 օր անցկացրել է արտադրամասում, որից յետոյ հեռացել է Հայաստանից»,- ասել է Փաշինեանը: Երկրորդը` Վաղարշապատցի կինն է, ով հիւանդութիւնն իր հետ է բերել կրկին Իտալիայից: Այս դէպքում էլ , ըստ Նիկոլ Փաշինեանի , հաշուառումից յետոյ կնոջ տուն այցելել են բժիշկները, նա հաւաստիացրել է, որ ոչ մի բողոք չունի: Որից յետոյ զանգահարել են, եւ՛ ինքը, եւ՛ ամուսինը հաւաստիացրել են, որ խնդիր չունեն: Նոյնիսկ ասել են «Գանք, ջերմաչափում անենք», իրենք էլ պատասխանել են «Հոյ մենք հիւանդ չեն՞ք․․․»,- նշել է Փաշինեանը:

Վարչապետի այս յայտարութիւնից յետոյ Իտալիայից համաճարակը Հայաստան բերած կինը թիրախաւորուեց բառին բուն իմաստով: Նրան սկսեցին քարկոծել քաղաքացիական հասարակութեան շրջանում ամենաշատ հանդուրժողականութիւն քարոզողներն անգամ:

Շաբթուայ արդարացումը: Այն բանից յետոյ, երբ իրավիճակը Վաղարշապատ քաղաքում հանդարտուեց, խօսեց նաեւ այդքան շատ ամօթանքի արժանացած կինը: Եւ այսպէս ըստ նրա էլ իր հասցէին հնչած բոլոր մեղադրանքներն անհիմն են: «Վարչապետի ասածն իրականութեանը չի համապատասխանում: Ես դեղեր չեմ ընդունել եւ գնացել նշանդրէքի: Մենք շտապօգնութեամբ տուն ենք կանչել բուժքրոջը Մարտի 9-ին, իսկ նշանադրութեան արարողութիւնը եղել է մարտի 8-ին: Արարողութիւնից տուն եմ եկել եւ ամբողջ գիշեր ջերմութիւն եմ ունեցել, առաւօտեան արդէն բուժքրոջը կանչել ենք: Եկաւ եւ ասաց, որ ամբողջ քաղաքում շնչառական վարակ է տարածուած, թոքաբորբ եմ տանում: Բժիշկն էլ նայեց ու ասաց` մի անհանգստացիր, ոչ մի բան չկայ: Բայց քանի որ ջերմութիւնս չիջաւ, յաջորդ օրը որոշեցի գնալ թոքերս նկարեն` մտածելով, որ եթէ չի իջնում ջերմութիւնս եւ ցաւ ունեմ մէջքի, ուրեմն` թոքերի հետ կապուած խնդիր կայ: Թոքերս նկարեցինք ու բժշկուհին ասաց, որ աջակողմեան թոքաբորբ ունեմ եւ ուղարկեց ուրիշ բժշկուհու մօտ, որպէսզի այդ բժշկուհին ինձ դեղեր նշանակի եւ ստանամ դեղորայքային բուժում: Նրան զգուշացրի, որ Իտալիայից եմ եկել, բայց ասացին. «Լաւ, դու էլ ի՞նչ ես տենց բաների հետեւից ընկել, թոքաբորբ է, դեղերը կը նշանակենք, կ’անցնի»: Մինչդեռ այն բժիշկը, որը դեղորայքային բուժում պէտք է նշանակէր, երբ իմացաւ, որ եկել եմ դրսից, ասաց` անպայման քննութիւն յանձնի: Ես էլ պատասխանեցի, որ ինքս էլ անպայման ուզում եմ յանձնել: Եւ այդպէս եկայ X հիւանդանոց: Իսկ այն լուրերը, թէ շուտ եմ իմացել ու յետոյ` գնացել նշանադրեքի, լրիւ սխալ տեղեկութիւններ են:  Ես ո՛չ ջերմութիւն եմ ունեցել, ո՛չ այլ խնդիր: Միայն մի քանի օր համի զգացողութիւնս էր բացակայում, բայց դրանից ի՞նչ ենթադրէի, որ ինձ մօտ կարող է լինել նման բան: Ասում էին` պէտք է գրիպի նման լինի, կոկորդի ցաւ ունենաս, բարձր ջերմութիւն, բայց այդպիսի ախտանշաններ չեմ ունեցել: Վերադարձել եմ փետրուարի 29-ին, օդակայանում բոլորիս ստուգել են, գրանցել են անուն-ազգանունով ու գրեթէ ամէն օր զանգում, հարցնում էին, թէ ինչպէս ենք մեզ զգում, ջերմութիւն ունենք, թէ` ոչ: Ասում էինք, որ լաւ ենք, կարգին է ամէն ինչ: Այդպէս մինչեւ երեւի Մարտի 4-ը»,- հայաստանեան լրատուամիջոցներից մէկին տուած հարցազրոյցում պարզաբանել է կինը:

Ինչեւէ եղածը եղած է: Սխալներ այս օրերին թոյլ տուեցին նաեւ իշխանութիւնները , երբ անտեսում էին ամբողջ աշխարհից եկող լուրերն ու հանրահաւաքներ կազմակերպում: Այս ամէնի մասին կը խօսենք յետոյ, այժմ միաւորուելու եւ այս հրէշաւոր հիւանդութեան դէմ պայքարելու ժամանակն է:

Ի դէպ հէնց այսպիսի բովանդակութեամբ մի յայտարութիւն էլ ուրբաթ առաւօտեան տարածել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի գրասենեակը: Յայտարութեան մէջ նշուած է․«Սերժ Սարգսեանի առաջարկով ԼՈՅՍ մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը եւ տարբեր ոլորտներում պետական կառավարման փորձ ու գիտելիք ունեցող` կուսակցութեան անդամները, մասնագէտները վերլուծում եւ առաջարկներ են մշակում ստեղծուած իրավիճակում պետական պաշտպանութեան, անվտանգութեան, տնտեսական ոլորտի, կրթութեան, առողջապահութեան, սոցիալական ապահովութեան եւ այլ ոլորտներում ճգնաժամային արդիւնաւէտ կառավարման, կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ ռազմավարութիւնների իրագործման ուղղութեամբ` հաշուի առնելով աշխարհում օրէցօր փոփոխուող միտումները` առաջացող նոր փորձութիւնները, մարտահրաւէրներն ու հնարաւորութիւնները: Այդ առաջարկները շարունակաբար ներկայացւում են Հ․Հ․ կառավարութեանը` երկիրը ստեղծուած բարդ իրավիճակից հնարաւորինս անցնցում եւ անվտանգ դուրս բերելու, կարող բոլոր ուժերին համախմբելու մղումով:Հայաստանի երրորդ նախագահը վստահ է, որ Հ․Հ․ բոլոր հասարակական, քաղաքական ուժերը, անհատները, սփիւռքում գործող կառոյցները եւ մեր հայրենակիցները ստեղծուած իրավիճակում պէտք է գործեն համազգային կոնսոլիդացիայի սկզբունքով` ի շահ Հայաստանի, նրա քաղաքացիների եւ ողջ հայ ժողովրդի»:

Շաբթուայ սահմանափակումը: Հարսանիք, մկրտութիւն, անգամ յուղարկաւորութիւն` միայն ոստիկանութեան թոյլտուութեամբ: Միջոցառումների մասնակիցների թիւը չպէտք է գերազանցի 20-ը, ինքնամեկուսացման մէջ գտնուողներն էլ կը գտնուեն ոստիկանութեան վերահսկողութեան ներքոյ:

Վարչապետի յորդորը խուճապահար առեւտուր անող Հայաստանի քաղաքացիներին «Քաղցած չէք մնայ»: Կառավարութեան հերթական նիստի ժամանակ Փաշինեանը յայտարարել է, որ Հայաստանը պարէնային ապահովուածութեան խնդիրներ չունի: «Երկու օր առաջուայ դրութեամբ շաքարաւազի 201 օրուայ պաշար ունէր Հայաստանը: Հաւի մսի 64 օրուայ պաշար ունենք, ձէթի 38 օրուայ պաշար: Միաժամանակ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թւում` 18 թոն ձէթ, 220 թոն շաքար, 145 թոն ցորեն, 15 թոն հրուշակեղէն, 20 թոն սիսեռ, նաեւ արեւածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցուած միս, գետնախնձոր եւ այլն: Լիարժէք ապահովուած ենք նաեւ բենզինով ու դիզվառելիքով, որը ներմուծւում է նաեւ այս պահին»,- նշել է վարչապետը:Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի նախագահ Գեղամ Գէորգեանը յաւելել է, որ չհաշուած ներմուծումները` Հայաստանը բենզինի առնուազն երեք ամսուայ պաշար ունի, դիզվառելիքի 1,5 ամսուայ: Ցորենի մեծ պաշար եւս առկայ է, այսինքն, ալիւրի ու ցորենի մասով կարող ենք հանգիստ լինել:
Պսակաձեւ ժահրի դէմ պայքարում նրանք միասնական են : Այն բանից յետոյ , երբ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասեանը յայտարարեց, որ ի երախտագիտութիւն այս օրերին բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի` որոշել է այս ամսուայ իր հիմնական աշխատավարձը, ինչպէս նաեւ այս եւ միւս ամիսների իր պարգեւավճարների ողջ հասոյթը փոխանցել բուժաշխատողներին, նմանատիպ յայտարութիւններ հնչեցին նաեւ իշխանական կառեւյցներից : Օրինակ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյեանն ու պատգամաւորները մարտ ամսուայ համար տրամադրուելիք ամենամսեայ պարգեւավճարները կը փոխանցեն պսակաձեւ ժահրի համաճարակի դէմ պայքարի աջակցութեան նպատակով ստեղծուած գանձապետական հաշվեհամարին: Նոյն հաշուէհամարին իր այս ամսուայ աշխատավարձը կը փոխանցի նաեւ նախագահ Արմէն Սարգսեանը:

Շաբթուայ օգնութիւնը Սփիւռքից: Հայաստանի առողջապահութեան նախարարի խնդրանքով` պսակաձեւ ժահրի տարածումը կանխելու նպատակով Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակը կազմակերպել է 1 թոն կանխարգելիչ եւ ախտահանիչ պարագաների ներմուծում Հայաստան: Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ Ամերիկայի Հայ Օգնութեան Միութիւնը եւ «Chevy Chase» վիրաբուժական կեդրոնը, համաճարակի տարածման եւ կանխարգելման անհրաժեշտութիւնից ելնելով, օժանդակութիւն են ուղարկել ՀՀ եւ Արցախ:Ստացուած անհրաժեշտ պարագաների թւում են դիմակներ, հականեխիչ հիւթեր, բամպակեայ սպունգներ, ձեռնոցնէր, ախտորոշիչ սարքեր եւ այլն, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցաւ կը յանձնուեն Առողջապահութեան նախարարութեանը:

Բարեբախտաբար ժահրն Արցախ չի հասել, բայց այստեղ էլ կազմ- պատրաստ են պայքարի: Բանակում ներթափանցումը կանխելու նպատակով արգելուել է զինուորական արձակուրդ տրամադրելը, ծնողներին էլ համաճարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական յանձնաժողոովը յորդորել է այս օրերին որեւէ բան չուղարկել:

Եթէ աշակերտը չի գնում դպրոց, դպրոցն է գնում աշակերտի մօտ: Ստեղծուած իրավիճակի պատճառով պարտադրաբար արձակուրդի մէջ գտնուող աշակերտների համար հեռավար դասեր են սկսուել: Աւելին, այս շաբաթ Հանրապետութեան նախագահն առցանց դասախօսութիւններ է կարդացել Երեւանի պետական համալսարանի զանազան բաժինների մի խումբ ուսանողների համար:

Եւ վերջում` Մարտի 18-ը համազգային աղօթքի օր էր` համավարակի յաղթահարման եւ հիւանդների բժշկութեան համար: Մարտի 18-ի երեկոյեան Սուրբ Գայանէ վանքում, հանդիսապետութեամբ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուել է հանգստեան ժամերգութիւն, որի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր առանձնական աղօթքն է բարձրացրել առ Աստուած` այս առիթով նաեւ իր խօսքն ուղղելով համայն հայ ժողովրդին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*