Հայրենիքէն «Հայրենիք»-ին

Սոնա Յակոբեան

Եթէ ամբողջ աշխարհում ամենաքննարկուող լուրերն այս օրերին կապուած են միայն պսակաձեւ ժահրի հետ, փակւում երկրների միջեւ օդային եւ ցամաքային սահմանները, մարդիկ հնարաւորինս շատ են մնում տանը եւ խուսափում բոլոր տեսակի շփումներից, Հայաստանում սահմանադրական հանրաքուէի են պատրաստւում: Իհարկէ, հանրաքուէին կ’անդրադառնանք, մինչ այդ ներկայացնենք անցնող  օրերին Հայաստանում տեղի ունեցածը հերթականութեամբ:

*

Շաբթուայ Ռոպին Հուտը: Խօսքը վարչապետ Նիկոլ Փաշինեանի մասին է: Մարզերում հերթական շրջայցից վերադարձող վարչապետը իր մեքենայից նկատել է հաւաքուած մարդկանց եւ ցած նետուել փորձող քաղաքացուն: Նա կանգնեցրել է մեքենան, մօտեցել, զրուցել քաղաքացու հետ եւ կարողացել համոզել, որ 24- ամեայ երիտասարդը հետ կանգնի այդ որոշումից: Ինքնասպանութեան փորձ անող տղան , պարզւում է` ապրում է անօթեւանների կացարանում: Նա այդ օրը ինքնասպանութեան եւս մէկ փորձ արել է Դաւիթաշէնի կամրջի մօտ: Այս դէպքում էլ,  նրան փրկել են ոստիկաններն ու հրշէջ–փրկարարները:

*

Շաբթուայ ամենատգեղ արարքը, որին աւելի ուշ իշխանութիւնները քաղաքական երանգ տուեցին: Խօսքը Երեւանի փապուղում «Այո»-ի նախընտրական թռուցիկներ բաժանող վարչապետի ու այնտեղ գտնուող օրիորդի միջեւ տեղի ունեցած միջադէպի մասին է: Փաշինեանը, երբ  նախընտրական թռուցիկը փորձել է աղջկան տալ , վերջինս պարզապէս պատռել է այն ու նետել Փաշինեանի վրայ: Այս միջադէպից յետոյ աղջիկը դատապարտուեց , խօսքերով խարազանուեց վարչապետի մօտիկ մեծ բանակի կողմից: Սակայն աւելի ուշ վարչապետն այս արարքը ժողովրդավարոիւթեան եւ կամարտայայտման լաւ օրինակ համարեց: Նա դիմատետրի իր էջում այն այսպէս է մեկնաբանել․«Ա Ես սա համարում եմ այո-ի ամենամեծ քարոզչութիւնը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգութեանը ոչինչ չի սպառնում, նրան անզգոյշ չեն քաշքշում մօտակայ զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կեանքով, ազատ արտայայտելու է իր տեսակէտը, աշխատանքից չի ազատուելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է ազատ եւ երջանիկ Հայաստանում: Նա Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացի է: Եւ ես` որպէս Հայաստանի Հանրապետութեան վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրաւունքների լիարժէք իրացումը»:

Վարչապետը «Այո»-ի քարոզարշաւ է կատարում, որպէսզի կարողանայ մարզից մարզ գնալ ու քաղաքացիներին ներկայացնել սահմանդրական հանրաքուէի անհրաժեշտութիւնը: Հինգշաբթի երեկոյեան, սակայն պսակաձեւ ժահրի պատճառով վարչապետը ընդհատեց արձակուրդը եւ դիմատետրի իր էջում յայտարեց, որ մանկապարտէզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի:

Մինչ քարոզարշաւի մասնակիցները մարզից մարզ են գնում, հանրահաւաքներ կազմակերպում առողջապահութեան համաշխարային կազմակերպութիւնը պսակաձեւ ժահրը պաշտօնապէս համաճարակ ճանաչեց: Հայաստանում էլ վարակուածների թիւն աւելացաւ եւս երեքով:  Թէեւ այդ անձինք, նրանց յետոյ առնչութիւն ունեցող հինգ տասնեակից աւելի անձ մեկուսացուած են, բայց սա որեւէ կերպ չի երաշխաւորում, որը ժահրի տարածման հաւանականութիւն չկայ: Եւրոպական երկներից մեր հայրենակիցները շարունակում են Հայաստան վերադառնալ` մեծացնելով համաճարակի տարածման հաւանականութիւնը: Ըստ պաշտօնական աղբիւրների` Միլանից Երեւան ժամանած ինքնաթիռով երկիր մուտք գործած քառասուն անձանցից որեւէ մէկի մօտ վարակիչ հիւանդութիւններին բնորոշ ախտանշաններ` ջերմութիւն, տենդ, հազ չի արձանագրուել: «Զուարթնոց» օդակայանում առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է ուժեղացուած վերահսկողական աշխատանքներ` ախտահանման, զննման` համաձայն միջազգային առողջապահական կանոնների: Իտալիայից ու համաճարակային առումով վտանգաւոր գօտիի մէջ գտնուող մի շարք երկրներից ժամանողներն անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, նրանց համար լրացւում են հասցէական քարտեր, որոնք տրամադրւում են դարմանատուներ` այս անձանց առողջական վիճակի յետագայ վարումն իրականացնելու համար: Իտալիայից ժամանող անձինք օդանաւակայանից դուրս են բերուել առանձին, նրանց պայուսակները եւս յանձնուել է առանձին` բացառելու այլ ուղեւորների հետ շփումները: Յաջորդիւ ձեռնարկուել են ախտահանման միջոցառումներ` սահմանուած կարգով:

Առողջապահութեան նախարարութիւնն իր հերթին տեղեկատուութիւն է տարածել` յորդորելով խուսափել ճանապարհորդելուց հետեւեալ երկիրներ` Իտալիա, Ֆրանսա, Գերմանիա, Սպանիայ, Ճափոն, Չինաստան, Իրան, Հարաւային Քորէա, իսկ այդ երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից եւ ինքնամեկուսանալ:

*

Թէ ինչպէս Կուրթանցի Մեխակը դարձաւ համացանցի հերոսը իր եւ վարչապետի ոչ այնքան հաճելի երկխօսութիւնից յետոյ: Լոռու մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ մի տղամարդ է մօտեցել  վարչապետին եւ  իր տնակում  ապրելու հարցը բարձրացրել: Վարչապետն էլ հակադարձել է.«Ձեռդ, ոտդ տեղը տղայ ես, վարչապետը պիտի գայ` քո համար տուն սարքի՞, գնա աշխատի՛, փող ունեցի, տուն սարքի»: Մի քիչ էլ արժանապատուութեան հարց է: Առողջ տղամարդը կը գա՞յ,  առողջ տղամարդուց բան կը խնդրի: Մեր հացի հարցը լուծել ենք չարչարուելով, չեմ ասում պալատներ ենք սարքել, բայց երրորդ մասում իմ համար երեք սենեականոց տուն եմ սարքելէ: Մի քանի օր անց ` արդէն  Սիսիանում քարոզարշաւի ժամանակ նա հաւաքուածներին պատմել է եղելութիւնն ու ներողութիւն խնդրել Մեխակ Առաքելեանից ասելով․«Ես վերլուծել եմ իմ ասածը եւ ուզում եմ խոստովանել իմ կողմից թոյլ տուած սխալներ` ես ցանկանում եմ ընդունել իմ երկու սխալները: Առաջինը, որ գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակութիւնը, իսկ երկրորդը, որ թերագնահատել եմ այն, որ քաղաքացին կարող է վարչապետի հետ խօսելիս կաշկանդուել ու չնշել իր առողջական վիճակի մասին: Այժմ ներողութիւն եմ խնդրում Մեխակից ու Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներից»: Փաշինեանը նշել է, ոչ չնայած բոլորն են սխալական, բայց իրենք քաղաքացու  նկատմամբ անազնիւ քայլեր չեն անի: Նա  յոյս յայտել, որ Մեխակ Առաքելեանի ընտանիքը կը ստանայ զարգացման աջակցութիւն:

Ջերմուկում էլ  քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Փաշինեանն անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման հարցին նա ասել է, եթէ ապացուցուի, որ Ամուլսարի հանքի շահագործմամբ հնարաւոր չէ պահպանել Ջերմուկի, շրջակայ տարածքների ջուրը, օդը, ապա բացառուած է, որ հանքը շահագործուի, իսկ եթէ ապացուցուի, որ հնարաւոր է, ապա կը շահագործուի: Ի դէպ մի շարք հետազօտութիւններ արդէն հաստատել են վարչապետի ասածներից առաջինի հաւանականութիւնը:

*

Անհանգիստ սահման: Այս շաբաթ հակառակորդի արձակած կրակոցի հետեւանքով մահացու հրազէնային վիրաւորում է ստացել պայմանագրային զինծառայող, 26-ամեայ Զոհրապ Գրիգորիի Սիանոսեանը : Դէպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարւում է քննութիւն: Հ.Հ. պաշտպանութեան նախարարութիւնը խորին ցաւակցութիւն է յայտնում Զոհրապ Սիանոսեանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

*

Շաբթուայ սահմռկեցուցիչ լուրը: Այս օրերին Գիւմրիում տեղի ունեցած ընտանեկան դաժան ծեծուրտուքի պատմութիւնը հասարակութեան որոշ շերտերում առկայ լրջագոյն խնդիրների մասին է ահազանգում: Այս պատմութեան հանգոյցը քանդուել էր , երբ ՄարտՇ 5-ին մարմնական վնասուածքներով Գիւմրու բժշկական կեդրոն էր տեղափոխուել անչափաս աղջնակ` 13 տարեկան: Քննչական գործողութիւնների արդիւնքում պարզուել է, որ տանը որտեղ գտնուել է աղջնակը, իր մօր հետ մտերիմ յարաբերութիւններ ունեցող 28 տարեկան տղամարդը ծեծի է ենթարկել անչափահասին եւ վերջինիս մօրը, ով ծեծի ենթարկուելուց ժամեր անց (մօտ 8 ժամ անց) մահացել է: Տուեալ անձը, տեսնելով, որ նա մահացել է, անմիջապէս տեղեակ է պահել հարազատներին, շտապ օգնութեան աշխատակիցներին, վերջիններս գալով պարզել են, որ այդ անձը մահացել է, իսկ երեխային տեղափոխել են հիւանդանոց: Պարզւում է աղջնակի եղբայր էլ ունի, որ լքել է ընտանիքը  վէճերի պատճառով ու ապրում էր Ռուսաստանում: Այս դէպքից յետոյ  նա վերադարձել է Հայաստան եւ կ՛ապրի հօրաքրոջ տանը: Ըստ տղուն քրոջն ու մօրը դաժանաբար ծեծի ենթարկած տղամարդը իրենց կեանքը սկսել է դժոխքի վերածել հիմգ տարի առաջ: Իրենց հօր մահուանից յետոյ վէճերն աւելի յաճախակի են դարձել եւ ինքը ինքնակամ հօրաքրոջ մօտ է գնացել: Քոյրը` ծեծի ենթարկուած աղջնակը մնացել է մօր մօտ: Հօրաքոյրը, պատճառաբանելով իր առողջական խնդիրները, հրաժարւում է աղջնակի խնամքն իր վրայ վերցնել: Սակայն, պատմութիւնն այսքանով չի սահմանափակւում: Իրենից տարիքով փոքր տղամարդու յետոյ մտերիմ յարաբերութիւններ ունեցող, սպանուած կնոջ  յուղարկաւորութեանը հարազատները չեն մասնակցել:

*

Ցաւալի է , բայց շաբթուայ ամփոփումն աւարտենք Գիւմրիում եւ յուսադրող լուրով: «Forbes» ամսագիրը կազմել է գարնանը ճանապարհորդելու 17 ամենագեղեցիկ վայրերի ցուցակը եւ խորհուրդ է տալիս այցելել Գիւմրի: «1988-ի Սպիտակի երկրաշարժից հետ` Հայաստանի երկրորդ քաղաքը վերջապէս յայտնւում է ուշադրութեան կեդրոնում: Գարունը հիասքանչ ժամանակ է այցելելու Գիւմրի, քանի որ գարնանային  ծաղիկները յագեցնում են քաղաքը, իսկ Սուրբ Զատիկը  նշւում է հիւթալի մրգերով», – ներկայացուած է յօդուածում:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*