ԳՈՐԻՍ․- Հ․Հ․ Վարչապետ Փաշինեան Ընթերցեց Սահմանադրութեան Փոփոխութիւններու Հռչակագիրը

ԳՈՐԻՍ․-  Մարտ 11-ին, Սիւնիքի մէջ կատարուած հանրահաւաքին ընթացքին, Հ․Հ․ վարչապետ Նիկոլ Փաշինեան ներկայացուց Ապրիլ 5-ին կայանալիք սահմանադրութեան փոփոխութիւններու հանրաքուէի հռչակագիրի նախագիծը։ Ստորեւ՝ հռչակագիրը.

«Հայաստանի ժողովուրդը՝

2018 թուականի ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութեան միջոցով վերահաստատած լինելով սեփական բարձրագոյն իշխանութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում,

1991 թուականի անկախութեան հանրաքուէից եւ Արցախեան ազատամարտում 1994 թուականի արձանագրած յաղթանակից յետոյ առաջին անգամ նորոգած լինելով հաւատը սեփական ապագայի նկատմամբ,

Ընդգծելով իր նուիրուածութիւնը ժողովրդավարութեանը եւ հանրայայտ ժողովրդավարական արժէքներին (մասնաւորապէս՝ օրէնքի եւ իրաւունքի գերակայութիւն, օրէնքի առաջ բոլորի հաւասարութիւն, դատական անկախ համակարգ, խօսքի եւ մամուլի ազատութիւն, ազատ եւ մրցակցային ընտրութիւններ),

Արտայայտելով հայ ժողովրդի ստեղծարար տաղանդի համախմբման եւ զարգացման միջոցով Հայաստանը հզօր, բարեկեցիկ, բռնութիւնից ու կոռուպցիայից զերծ պետութիւն դարձնելու, Արցախի հարցի արդարացի լուծմանը հասնելու իր վճռականութիւնը,

Արձանագրում է.

1995 թուականից մինչեւ 2018 թուականի ոչ բռնի, թաւշեայ, ժողովրդական յեղափոխութիւնը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրութիւնների պաշտօնական արդիւնքներ չեն արտայայտել ժողովրդի ազատ կամքը: 1999 թուականի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները, որոնք զրոյացել են 1999 թուականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչութեամբ, արտայայտել են ժողովրդի ցանկութիւնը:
Ժողովրդի ազատ կամարտայայտման սահմանափակմանը, այսինքն՝ ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցութեան գործադրմանը, ընտրութիւնների արդիւնքները կեղծելու գործընթացին զուգահեռ Հայաստանում սկսել է ձեւաւորուել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է Համակարգային կոռուպցիայի: Այս երեւոյթը Հայաստանում գոյութիւն է ունեցել մինչեւ 2018 թուականի ոչ բռնի, թաւշայ, ժողովրդական յեղափոխութիւնը եւ արտայայտուել է համատարած կաշառակերութեամբ, պետական ծախսերից ետվճարումների արատաւոր համակարգով, արհեստական տնտեսական մենաշնորհների հաստատմամբ, բիզնեսի եւ նախագահական, օրէնսդիր, գործադիր, դատական իշխանութիւնների միախառնումով:
Այս համակարգի պայմաններում նախագահական, օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնները, ներառեալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնական, խմբային շահեր՝ ետին պլան մղելով Հայաստանի Հանրապետութեան եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, օրէնքի եւ իրաւունքի գերակայութիւնը, արգելակելով Հայաստանի զարգացումը, ժողովրդի բարեկեցութիւնը: Արդիւնքում՝ բազմաթիւ պետական բարձրաստիճան պաշտօնեաներ կուտակել են հսկայածաւալ ապօրինի հարստութիւն:
Պետական բարձրաստիճան պաշտօնեաների ապօրինի կուտակած հարստութեան վերադարձը պետական գանձարան՝ Հայաստանի Հանրապետութեան եւ նրա ժողովրդի անքակտելի իրաւունքն է: Այդ գործընթացը պէտք է տեղի ունենայ բացառապէս իրաւական ճանապարհով՝ Հայաստանի Հանրապետութիւնում արդիւնաւէտ իրաւապահ համակարգի, անկախ դատական համակարգի, ներառեալ անկախ եւ լեգիտիմ  Սահմանադրական դատարանի ձեւաւորմամբ:
Հայաստանում պէտք է ձեւաւորուեն իշխանութեան եւ բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ. իշխանութիւնը չի կարող լինել հարստութիւն կուտակելու կամ կուտակուած հարստութիւնը պահպանելու միջոց:
Միայն ժողովրդի ազատ կամարտայայտութիւնը ապահովող ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդիւնաւէտ, հակակշիռների եւ փոխզսպումների համակարգով օժտուած պետական կառավարման երաշխիք, հետեւաբար Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրայ ապօրինի ազդեցութեան, ընտրութիւնների արդիւնքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղուած որեւէ դրսեւորում կամ երեւոյթ:
2020 թուականի Ապրիլի 5-ի հանրաքուէով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտօնեաների գոյութեան էջը Հայաստանում»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*