Ինչպէ՞ս Լեւոն Տէր Պետրոսեանն Ու Հրայր Մարուխեանը Հանդիպեցին Փարիզեան Նեղ Բնակարանում

0 0
Read Time:7 Minute, 30 Second

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ

Շաղիկ Մարուխեանի փարիզեան փոքրիկ բնակարանում, որտեղ երկտեղանոց մի բազմոց էր միայն տեղաւորւում, հանդիպեցին Լեւոն Տէր Պետրոսեանն ու Հրայր Մարուխեանը եւ իրար կողքի նստեցին այդ բազմոցին:

Այս պատմութիւնը «Երկիր»-ին պատմեց ՀՅԴ Բիւրոյի 20 տարիների ներկայացուցիչ, Դաշնակցութիւնը 1990-ականներին Հայաստան բերած, ճակատագրի բերումով 1992 թ. հէնց նոյն Լեւոն Տէր Պետրոսեանի կողմից արտաքսուած ազդեցիկ քաղաքական գործիչ Հրայր Մարուխեանի դուստրը` Շաղիկ Մարուխեանը: Շաղիկն այժմ Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ է:

Կանանց միջազգային օրուայ` Մարտի 8-ի, առիթով Շաղիկ Մարուխեանը յիշեց իր ընտանիքի այն մթնոլորտը, որն իրեն` ընտանիքի կրտսեր դստրիկին, կոփեց իբրեւ սեփական դիրքորոշումն ունեցող անհատ ու քաղաքական գործիչ:

1991-ի այն շրջանն էր, երբ Հ․Հ․Շ․-ն Լեւոն Տէր Պետրոսեանին պէտք էր առաջադրեր ՀՀ նախագահի թեկնածու: Հ․Յ․Դ․ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանին Փարիզում յայտնեցին, որ Լեւոն Տէր Պետրոսեանը եւս այցով այնտեղ է եւ ուզում է տեսնել իրեն: Առաջարկեց դստեր սենեակ-սթիւտիոյում հանդիպել, որտեղ Շաղիկն ապրում էր ուսման տարիներին:

Դուռը թակեցին: Շաղիկը բացեց ու մի քանի ոտնաչափ սենեակ հրաւիրեց բարձրահասակ Լեւոն Տէր Պետրոսեանին, որի պարանոցին այն ժամանակ շարժումները սահմանափակող ֆիքսատոր կար:

Հայրիկն ու Հ․Հ․ ապագայ առաջին նախագահը նստեցին նեղլիկ բազմոցին: Մարուխեանն ասաց` ես իմ աղջկանից գաղտնիքներ չունեմ, Տէր Պետրոսեանն ասաց` գուցէ ես ունեմ: Շաղիկն առաջարկեց` թէյը բերել ու առանձնանալ խոհանոցում:

Խոհանոց կոչուածը սենեակի մի անկիւնն էր` դռնով առանձնացուած, որտեղ ակամայ կարելի էր լսել ամբողջ խօսակցութիւնը:

«Նախագահական ընտրութիւններից առաջ էր, երբ փորձում էին համոզել Դաշնակցութեանը, որ միանայ Հայոց համազգային շարժմանը` մտնի Հ․Հ․Շ․-ի մէջ: Ես շատ լաւ յիշում եմ, որ ընդհանուր յայտարարի չեկան, որովհետեւ Մարուխեանը փորձում էր համոզել, որ Դաշնակցութիւնը համահայկական կուսակցութիւն է եւ ուժ է, որը որեւէ շարժման մէջ մտնելու խնդիր չի դրել, ինքնուրոյն է: Առաջարկում էր` համահունչ, միասին քայլելով գնալ, բայց ՀՀՇ-ի մէջ մտնելու խնդիր չդնել, այլ, հակառակը, օգտուել Դաշնակցութեան հնարաւորութիւններից եւ թոյլ տալ, որ Դաշնակցութիւնն իր պատկերացրած ձեւով առաջ տանի իր գաղափարախօսութիւնը եւ օգտակար լինի ժողովրդին անկախութեան այդ առաջին տարիներին: Այդ էր այդ օրուայ խօսակցութեան թեման, եւ չեկան որեւէ յայտարարի, որից յետոյ եղաւ այն, ինչ եղաւ նախագահական ընտրութիւններին Դաշնակցութիւնն ունեցաւ իր առանձին թեկնածուն, ընտրուեց Լեւոն Տէր Պետրոսեանը, որից յետոյ սկսուեցին խնդիրները, որովհետեւ նա այդպէս էլ չընկալեց այն փաստը, որ Դաշնակցութիւնը, որն ունէր այդքան ազդեցութիւն եւ ուժ սփիւռքում, պէտք էր Հայաստանում լինէր առանձին քաղաքական միաւոր, առաւել եւս` ընդդիմութիւն իրեն», պատմեց Շաղիկ Մարուխեանը:

Տարաձայնութիւնները Շաղիկի հետ հայրիկն ինքն էր հրահրում` իմանալով, որ նա կամ քոյր-եղբայրներից ոեւէ մէկը այլ կարծիքի են, կարծես մղում էր վիճաբանութեան, որպէսզի գուցէ նաեւ այդ կերպ սովորեցնի վիճելու ժամանակ փաստարկներ ներկայացնել, լսել հակափաստարկները. փոքրուց դա դրուած էր` ինչ ձեւով անպայման կարծիքն արտայայտել, լինել աշխուժ քաղաքացիական կեանքում: Մեծ սիրով եմ յիշում հիմա, մի քիչ յուզմունքով` իմ եւ հօրս հակասութիւնները: Երբ ես հասուն տարիքում էի, ինքն արդէն ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ էր, յաճախ ճամբորդութիւնների մէջ էր, եւ այն քիչ ժամանակը, որ հասցնում էր անցկացնել ընտանիքում, շատ հարցերում մենք ունեցել ենք հակադիր կարծիքներ: Աւելի ուշ, երբ ես արդէն Փարիզում դարձայ դաշնակցական, կուսակցական հարցերի շուրջ չէինք համաձայնում: Յաճախ շատ բուռն էին մեր վէճերը. ես դա շատ մեծ սիրով եմ յիշում»:

Մի առիթով վէճը հասաւ նրան, որ Շաղիկն ու հայրիկը գժտուեցին` դադարեցին խօսել իրար հետ. ասելիքը փոքրիկ թղթիկների վրայ գրում էին, թողնում սեղանին, միւսը գալիս էր` կարդում:

Դա այն շրջանն էր, երբ 1988-ի շարժման տարիներին Սիլվա Կապուտիկեանը եւ այլ մտաւորականներ կոչ էին արել գործադուլներ չանել` բողոքել այլ կերպ, քանի որ գործադուլները թուլացնում էին հէնց այն երկրի տնտեսութիւնը, որում բողոքաւոր մարդիկ եւս պէտք էր ապրէին, եւ դա լաւ տեղ չէր տանում: Դաշնակցութիւնը միացել էր այս կոչին: Երիտասարդ սերունդը, սակայն, համաձայն չէր:

«Դաշնակցութիւնը ձայնակցել էր այդ շարժմանը, որ, այո՛, մեզ անկախութիւնը պէտք է, բայց այնպէս չանենք, որ երկիրը տնտեսապէս վերջնականապէս քանդուի: Այդ ժամանակ մենք 18-19 տարեկան էինք եւ բաւական բուռն էինք հակազդում, որ` ո՞նց, մենք յեղափոխական կուսակցութիւն ենք, մենք, այո՛, պէտք է կանգնենք ժողովրդի կողքին, եւ ժողովուրդն ինչ ասում է` պէտք է անվերապահօրէն պաշտպանենք: Եւ այդտեղ ոչ միայն ես, այլեւ` իմ սերնդակից ընկերները, ունեցել ենք վէճեր: Եւ ինքը մեծ սիրով էր մեզ հետ նստում ու բացատրում, որ հարցը յեղափոխականութեան մէջ չէ, հարցն այն է, որ, այո՛, մենք ժողովրդի կողքին ենք, մենք քաջալերում ենք, որ շարժումը թափ ստանայ, եւ, ի վերջոյ, բոլորս գիտէինք, որ դա տանելու է անկախութեան, որովհետեւ քաղաքական բովանդակութիւնն էր դա թելադրում: Նա փորձում էր բացատրել մեզ, որ Դաշնակցութիւնն անվերապահօրէն կանգնած է ժողովրդի կողքին, բայց նաեւ իր պարտականութիւնների մէջ է մտնում զգաստ պահել ժողովրդին, եւ այն խնդիրները, որոնք կարող են առաջացնել, օրինակ, գործադուլային արարքները երկրի ընդհանուր տնտեսութեան համար, որի մէջ յետոյ նոյն ժողովուրդը խնդիր պիտի ունենայ, մենք պարտաւոր ենք` որպէս կուսակցութիւն, զգաստացնել», պատմեց Շաղիկ Մարուխեանը:

Շաղիկի պապիկը` Թորգոմ Մարուխեանը, երբեմն բացում էր Փետրուարեան ապստամբութեան քարտէսն ու ցոյց տալիս: Նա եւս մասնակից էր եղել պոլշեւիկների ապօրինութիւններին հակազդելու` դաշնակցականների այդ գործողութեանը: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման հետ պապիկն այդպէս էլ չհաշտուեց:

«Հայրիկս շատ էր բացակայում տանից, բայց փոխարէնը` միշտ մեր կողքին էր պապիկս, որը Փետրուարեան ապստամբութեան մասնակից էր եւ Հայաստանից տարագիր` Թաւրիզ էին տեղափոխուել, Իրանում էր ընտանիք կազմել, դրա համար էր հայրիկս Իրանում ծնուել, որից յետոյ բոլորով տեղափոխուել էին Պէյրութ: Պապիկս, ճիշդ է, շատ դրուագներ չէր պատմում, բայց իր համար շատ կարեւոր էր, որ բոլորս մեծանայինք այդ շնչով. մեր դաստիարակութեան հիմնաքարը դրել է մեծ պապաս` ինչպէս իրեն ասում էինք», յիշեց Շաղիկ Մարուխեանը:

Նա շա՜տ, շա՛տ անգամ է փորձել մեծ պապային խօսեցնել, բայց ոչինչ չէր պատմում Փետրուարեան ապստամբութիւնից, որովհետեւ երբ այդ ամէնը վերյիշում էր, յետոյ վատ երազներ էր տեսնում:

«Ինքը երբեք չյարմարուեց Հայաստանից դուրս իր գտնուելուն, 20 տարեկանում տարագրուել էր, մահացաւ 82 տարեկանում` Պէյրութում, երբեք չյարմարուեց. ո՛չ Իրանում էր յարմարուել, ո՛չ Լիբանանում յարմարուեց: Պատմում են, որ երբ նա առաջին անգամ Հայաստան էր վերադարձել արդէն մեծ մօրս հետ` 1971 թ-ին, եւ երբ վերադարձել էր, շատ ծանր սրտով էր վերադարձել, որովհետեւ Խորհրդային Հայաստանն իր համար ընկալելի չէր: Ասում էին, որ վերդարձել էր ու ասում էր` ես այլեւս չեմ գնայ, ինչքան էլ որ ինձ հարազատ է, ինչքան էլ որ իմ ընտանիքն է այնտեղ, որովհետեւ պապիկիս եղբայրներն այստեղ են եղել, միայն ինքն է դաշնակցական ուղղութեամբ գնացել, Խորհրդային Հայաստանի գաղափարին պապիկս երբեք չյարմարուեց, իր համար այն էր Հայաստանը, որն ինքը թողել էր, որի համար ինքը պայքարել էր: Հնարաւոր է` այդ ամէն ինչը նաեւ անուղղակիօրէն մեր մէջ է անցել», ասաց Շաղիկ Մարուխեանը:

Կուսակցական լինել-չլինելու հարցը ընտանիքում երբեք չի դրուել, ընդհակառակը, միշտ ասուել է, թէ պէտք է իմանան, որ սփիւռքը ժամանակաւոր գաղթօճախ է, որ իրենց տունը Հայաստանում է, որ` ֆիտայիների արածը ի զուր չի անցել:

Ընտանիքում այդ դաստիարակութիւնն է եղել, յիշում է Շաղիկ Մարուխեանը, իսկ դաշնակցական լինելու որոշումը եղել է անհատական, եւ դա չեն էլ քննարկել: Թէպէտ, սովորաբար, սփիւռքում դաշնակցական ընտանիքների երեխաների համար կուսակցական դառնալու հիմքը դրւում է պատանեկան միութիւններով, Հ.Մ.Ը.Մ.-ով, մշակութային տարբեր միջոցառումներով, ու նաեւ դպրոցից են ներարկում հայապահպանման արժեհամակարգը:

Արդէն 1998-ին, երբ Շաղիկ Մարուխեանը, հայրիկի մահից յետոյ, հաստատուեց Հայաստանում, նրա համար անհասկանալի էր` ինչո՞ւ են մարտի 8-ը նշում որպէս կանանց մեծարման տօն. «Չեմ փորձում ժխտականը գտնել այդ ամէնի մէջ, ուղղակի միակ խնդիրն այն է, որ մարտի 8-ի իմաստը կորել է այստեղ, մոռացուել է` ինչի համար է այն Կանանց իրաւունքների պաշտպանութեան միջազգային օր: Կնամեծարութեան օր չէ, հակառակը, այն օրն է, երբ ամբողջ աշխարհում տարիներ շարունակ իրաւունքներից զուրկ կանայք ոտքի են ելել, իրենց իրաւունքներն են պաշտպանել»:

Հայաստանում հասարակական տարբեր կազմակերպութիւններ կանանց իրաւունքների պաշտպանութեան ծրագրեր են իրականացնում եւ, յաճախ, հանդիպում են հասարակութեան հակազդեցութեանը, ընկալւում են իբրեւ ընտանիքի գործերին միջամտող, կանանց արժեհամակարգը խաթարող խմբաւորումներ: Շաղիկ Մարուխեանի համար հասկանալի է, թէ ինչո՛ւ է այդպէս. «Կանանց իրաւունքների պաշտպանութիւնը ոեւէ մէկի մենաշնորհը չէ, ցանկացած իրաւունքի պաշտպանութեան գործընթացում պէտք է նկատի ունենալ բովանդակութիւնը, որում դու պայքարում ես եւ բարձրաձայնում ես այդ հարցերը եւ քաղաքական իրավիճակը: Եթէ դու որեւէ արհեստական օրակարգով ես մտնում, այդ դէպքում այդ ամէն ինչը դառնում է արհեստական եւ առաջացնում է զգայունութիւն, առաջացնում է հակազդեցութիւն, որը վնասում է գործին: Ցաւօք, այսօր կանանց իրաւունքների պաշտպանութեան գործում այդպէս է արւում, որովհետեւ կանանց իրաւունքների պաշտպանութիւնը բոլորիս նպատակն է. նոյն Դաշնակցութիւնը, որ եղել է ընկերվարական կուսակցութիւն, դեռեւս 130 տարի առաջուանից յստակ նշել է իր ծրագրում, որ դա մաս է կազմում իր անելիքների: 1918-ին առաջին անգամ դաշնակցական կառավարութեան մէջ ունեցել ենք կին դեսպան, խորհրդարանում 3 կին պատգամաւոր, բացի կին գրողներից` ունեցել ենք նաեւ դաշնակցական գործիչների կանանց ազդեցութիւնը ամուսինների վրայ: Այդ ամէնը մեզ բերում է այն եզրակացութեան, որ մենք երբեք չենք թերագնահատում կնոջը` իբրեւ կուսակցութիւն եւ գաղափարախօսութիւն: Իրական կեանքում ես տեսնում եմ, որ այդ երեւոյթը, այո՛, կայ, դա շրջանցել հնարաւոր չէ, կայ երեւոյթը, եւ պէտք է մատը դնել վէրքի վրայ, բայց թէ ի՛նչ ձեւով ենք ուզում այդ վէրքը բուժել, այդտեղ է, որ ես հարց ունեմ»:

Շաղիկ Մարուխեանը վստահ է, որ կանանց իրաւունքների հարցը բարձրաձայնելը բացարձակապէս ընտանիքի հարցերին միջամուխ լինել չէ, այլ հակառակը, կամաց-կամաց հասարակութեանը բերել այն մտածողութեան, որ կինը եւ տղամարդը տարբեր են, բայց ունեն հաւասար իրաւունքներ:

Շոքային գործառոյթներով չի կարելի, այդ ամէնը հակառակ ուղղութեամբ է գնում: Եւ հիմա մենք տեսնում ենք այդ ծայրահեղական ֆեմինիստական շարժումները, որ ես չգիտեմ` ինչքանո՛վ են յաջողութեան հասնում: Իսկ եթէ շատ աւելի խորքային, հանգիստ վերլուծուած, կամաց-կամաց հասարակութեան մէջ մտայնութիւն փոխուի, կը գնանք ճիշդ ուղղութեամբ», ասաց նա:

Շաղիկ Մարուխեանը աւանդական արժէքները կնոջ իրաւունքի հետ բացարձակ չի հակադրում. «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ դա էլ է կեղծ օրակարգերից` հակադրել կանանց իրաւունքը եւ աւանդական արժէքները: Թէ ինչքանո՛վ այդ աւանդութիւնները չափազանցուած են, խեղուած են, դա ուրիշ հարց է, բայց աւանդութիւնը, հայկական ընտանիքը եւ կանանց իրաւունքը իրար հակադրել, չեմ կարծում, որ ճիշդ օրակարգ է»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ԹՈՒՐՔԻՈՅ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՊԱՏԵՀԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՆԶՍՊԵԼԻ ՄԵԾԱՄՏՈՒԹԻՒՆԸ
Next post ԲԱՐԻՆ, ԳԵՂԵՑԻԿԸ ԵՒ…ՃՇՄԱՐԻՏԸ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles