Հայրենիքէն «Հայրենիք»-ին

0 0
Read Time:4 Minute, 33 Second

Սոնա Յակոբեան

Հայաստանեան շաբաթուայ լրազամբիւղը սկսեմ ներկայացնել ամենազաւեշտալի լուրով:

Եւ այսպէս ինչպէս գիտէք ամբողջ աշխարհի գլխին այս տարուայ սկզբից  Դամոկյեան սուրի պէս կախուած պսակաձեւ ժահրը հասաւ  Հայաստան: Հիւանդութեան ախտանիշներով կինը Հայաստան էր եկել Իրանից` իր հետ բերելով վտանգաւոր համաճարակը:  Սկզբում այս խնդրին թերահաւատօրէն վերաբերուող առողջապահութեան նախարարութիւնը, այս դէպքից յետոյ  սկսեց համապատասխան միջոցառումներ ձեռնարկել , մանկապարտէզներն ու բոլոր ուսումնական հաստատութիւնները մէկ շաբաթեայ արձակուրդի գնացին: Բայց զաւեշտալին առջեւում է: Հայաստանում պսակաձեւ ժահրի  կասկածով պայմանաւորուած 32 մարդ մեկուսացուեց Ծաղկաձորի ամենաշքեղ հիւրանոցներից մէկում, որը պետութեանն է նուիրել Պետական եկամուտների նախկին նախագահ Արմէն Աւետիսեանը: Մինչ վարչապետը  մեկուսացուածների բարձրակարգ պայմաններն էր ցուցադրում, ըստ որոշ աղբիւրների ճամպրուկները հաւաքել ու Ծաղկաձորում պլանաւորած հանգիստն են չեղարկել շատ զբօսաշրջիկներ: Սա հաստատել է նաեւ  «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանը:  Զբօսաշրջիկները գնացին ըստ Ծառուկեանի, բայց նոյն այդ օրերին իրենց այցերը Ծաղկաձոր հրապարակայնեցրին վարչապետը իր ընտանիքով ու մի քանի նախարարներ:

 

Փնտռւում են բժշկական դիմակներ: Այս օրերին ինչպէս աշխարհի շատ երկրներում , այնպէս էլ Հայաստանում առկայ է դիմակների համաշխարհային պակաս: Այս մասին մարտի 1-ին հրաւիրուած մամուլի ասուլիսում նշել է  Հ․Հ․ առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը:

«Դիմակներ չկան շատ երկրներում կամ եթէ կան, ապա եղածը թանկացել է: Այստեղ անհրաժեշտութիւն կայ մեծացնել դիմակների արտադրութեան հզօրութիւնը: Մեր կարիքների համար մենք ներկրել են 165 հազար դիմակ, առաջիկայում 50 հազար էլ կը ներկրենք: Դրանք առաջին հերթին խիստ անհրաժեշտ են բժշկական հաստատութիւններում»,- ասել է Արսէն Թորոսեանը: Նա նշել է, որ քննարկւում է Հայաստանում դիմակների արտադրութիւն կազմակերպելու հարցը:

*

Այս օրերին Միացեալ Նահանգներու էր վարչապետի տիկին Աննա Յակոբեանը: Մարտ 4-ին Ուաշինկթընի ազգային տաճարում տեղի է ունեցել աննախադէպ համերգ` նուիրուած հայ-ամերիկեան դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 100-ամեակին: Այն կազմակերպել էր Միացեալ Նահանգներում Հայաստանի  դեսպանութիւնը:

Համերգը մեկնարկել է  «Տլէ եամանով»` հռչակաւոր տուտուկահար Ճիւան Գասպարեանի անզուգական կատարմամբ: Միացեալ Նահանգներում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսէսեանն առանձնայատուկ ընդգծել է միջոցառման անցկացման վայրի ընտրութիւնը, յիշատակելով, որ այնտեղ է ամփոփուած Ա․Մ․Ն․ նախագահ Վուտրօ Ուիլսընի աճիւնը: Դեսպանը նշել է, որ նախագահ Ուիլսընը սահմանել է քաղաքացիների իրաւունքների առաջին օրինակները եւ ներկայացրել ազգերի ինքնորոշման եւ իրաւահաւասարութեան սկզբունքները: Պատահական չէ, որ նախագահ Ուիլսընի մարդասիրական գործունէութիւնը մէկ դար անց ուղի հարթեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար: Դեսպանը շնորհակալութիւն է յայտնել ներկայ քոնկրէսականներին եւ նրանց գործընկերներին, ովքեր քուէարկել են Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւերի օգտին: «Սա յարգանքի տուրք էր ոչ միայն հայ նահատակների, այլ նաեւ բոլոր այն ամերիկացի գործիչների յիշատակի առջեւ, ովքեր ջանքեր են գործադրել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար»,- նշել է դեսպանը:

*

Անհանգիստ սահման: Մարտի 6-ին, առաւօտեան ժամը 05.30-ի սահմաններում, Հայաստանի հիւսիս-արեւելեան ուղղութեամբ տեղակայուած մարտական դիրքերից մէկի ուղղութեամբ ատրպէյճանական  զինծառայողները ձեռնարկել են ներթափանցման փորձ: Այս մասին յայտնել է Պաշտպանութեան նախարարութիւնը: Դիրքապահ անձնակազմի գրագէտ գործողութիւնների շնորհիւ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտուել իր ելման դիրք, թողնելով զինամթերք եւ ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստնԵր չունի, գործողութիւնների արդիւնքում թեթեւ վիրաւորում է ստացել մէկ զինծառայող, դէպքի մանրամասները ճշտւում են: Գործողութիւնների վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ տուեալ ներթափանցման համար, որն իրականացուել է համապատասխան պատրաստութիւն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Յատկանշական է, որ ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործուել է գերմանական արտադրութեան ականորսիչ: Յիշեցնենք, որ այս օրերին ատրպէյճանական սադրիչ գործողութիւններին  Տաւուշի հատուածում անդրադարձել էր նաեւ Հայաստանի պաշտպանութեան նախարարի մամլոյ դիւան Արծրուն Յովհաննիսեանը: Նա  գրել էր․ «Արդէն մի քանի օր է նոյն ուղղութեամբ ատրպէյճանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից: Հայ դիրքապահները  որպէս կանոն դրսեւորում են զսպուածութիւն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու: Այս սադրանքների եւ դրանց բոլոր հետեւանքների ողջ պատասխանատուութիւնը մնալու է հակառակորդ կողմի վրայ»:

*

Թաւշեայ պաշտօնեանների պարգեւտրումների հետքերով: Իրաւապաշտպան իրաւապաշտպան Արսէն Բաբայեանը, որ ժամանակին նաեւ խորհրդարանում է աշխատել, որոշ տուեալներ է հրապարակել ու պնդել` դրանք պաշտօնական են: Եւ այսպէս, ըստ նրա պատգամաւորների պարգեւատրումներն աճել են 827 %-ով:  Յիշեցնեմ, որ պատգամաւորների քանակը 2019-ին աճել է ընդամէնը 26 %-ով: Աշխատակազմի աշխատողների (անհամեմատ ցածր աշխատավարձներ ստացողներ) պարգեւատրումներն աճել են 210 %-ով: Նա գրել է․ «մեզ իրական յեղափոխութիւն է պէտք, որի շնորհիւ փոփոխուած արժէքների արդիւնքում նախ 8 անգամ կաճի հանրութեան սոցիալական վիճակը եւ յետոյ նոր կը մտածեն պատգամաւորների մասին: Պատգամաւորներն, ի դէպ, այս յաւելեալ վարձատրութիւնները ստանում են իրենց ունեցած միջինից բարձր աշխատավարձերին (շուրջ 500.000 դրամ) , մինչդեռ Հայաստանի Հանրապետութիւնում միջին աշխատավարձը կազմում է ընդամէնը 200.000 դրամէ,- գրել է Արսէն Բաբայեանը եւ ընդգծել, որ տուեալները պաշտօնական աղբիւրից են:

*

Շաբաթուայ վերջում բոլորի ուշադրութեան կեդրոնում էր Երեւանում քրէական հեղինակութիւններից մէկի շուրջ տեղի ունեցածը: Ոստիկանութեան ծառայողները քրէական գործի շրջանակում յայտնի Արամ Վարդանեանի տանը գործողութիւններ էին  իրականացրել, որոնք փաստաբանները ապօրինի են համարում:  Մէկ տասնեակից աւելի մարդ էր բերման ենթարկուել , այդ թւում նաեւ կանայք: Ըստ  նրա փաստաբանների ոստիկանական աշխատակիցները, առանց որեւէ փաստաթուղթ ներկայացնելու, ներխուժել են Արամ Վարդանեանին պատկանող եւ Արցախի 17 հասցէում գտնուող այլ տներ, կոտրել դռներն ու պատուհանները, յատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղաւանդակները, «կատարել յափշտակութիւն»: Իրաւապահների այս գործողութիւնները մեկնաբանել է Հայաստանի գլխաւոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամեանը : Նա Դիմագրքի իր էջում գրել է ․ «Առկայ է ծանր յանցագործութեան շրջանակներում լայնածաւալ եւ անյետաձգելի օպերատիւ-հետախուզական, քննչական գործողութիւններ իրականացնելու անհրաժեշտութիւն, որոնք իրականացուել եւ դեռեւս շարունակում են իրականացուել»:

*

Իհարկէ շրջանցելով խորհրդարանում այս օրերին իրար հասեցին  փոխադարձ վիրաւորանքների հնչեցնող պատագամաւորներին ներկայացնեմ շաբաթուայ թերուս ամենալաւ ու ամենաթեթեւ երկու լուրերը:

Փաշինեանի ձեռքբերումը: Վրաստանից վարչապետը փաստօրէն դատարկաձեռն չի վերադարձել: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շուն է նուիրել Նիկոլ Փաշինեանին: Փաշինեանն այս առիթով էլ տպաւորութիւնները կիսել է Դիմագրքի իր էջում , նա գրել է․ «Իմ ընկերոջ` Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի թանկագին նուէրը` Բոնբորը` կովկասեան զտարիւն հովուաշուն: Նա կը լինի մեր հինգերորդ շունիկը` Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից յետոյ: Շնորհակալ եմ»:

*

Եւ  վերջում շաբաթուայ ծնունդը: Ծնուել է Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի աւագ եւ իտալական «Ռոմա»-ում վարձավճարով հանդէս եկող Հենրիխ Մխիթարեանի առաջնեկը: Այս մասին յայտնում է իտալական ակումբի «Թուիթեր»-ի պաշտօնական էջը: «Ծնուել է Հենրիխ Մխիթարեանի որդին` Համլեթը»,- գրուած է ակումբի հրապարակման մէջ: Որդու  ծննդեան լուրը Մխիթարեանը եւս յայտնել էր ու գրել , որ նրան անուանակոչել է իր հոր` Համլեթ Մխիթարեանի անունով:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Դէմ Առ Դէմ
Next post Յունաստանի նախագահը ընդունեց Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչին

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles