Համարձակւում Եմ Չհաւատալ Ձեր Անկեղծութեանը

0 0
Read Time:5 Minute, 11 Second

Արտաշէս Շահպազեան 

Առիթ ունեցայ  ուշացումով ընթերցելու «Ասպարէզ» թերթի Փետրուար  25-ի համարում Ռազմիկ Շիրինեանի հրապարակած  «քաղաքական զարգացման հրամայականը» յօդուածը: «ուշացումով» ընթերցելը  կարեւոր փաստարկ էր  չարձագանգելու գրուածին, մանաւանդ  ամէն բանի չէ, որ առհասարակ  արձագանգելու անհրաժեշտութիւն կայ, միւս կողմից, երբեմն  չպատասխանելը «դատավճիռ կայացնողների» մօտ տպաւորութիւն է ստեղծում, թէ  այնքան անհերքելի ճշմարտութիւններ են բացայայտել, որ դիմացինները հակափաստարկ չունենալով  պապանձուել են: Մանաւանդ նոյն մտայնութիւնը կարող է փոխանցուել իրականութեանը քիչ ծանօթ ընթերցողին: Այս հանգամանքը ոչ պակաս ծանրակշիռ համարելով  որոշեցի  անդրադառնալ տուեալ յօդուածին:

Ռազմիկ Շիրինեանն, իր գրութեամբ  անդրադառնալով հայաստանեան իրականութեանը իրեն իրաւունք է վերապահում հրապարակաւ  դասեր տալու «հարիւր-երեսունամեայ կուսակցութէանը» այն մասին, թէ նա ինչ պէտք է անի հայրենիքում եւ փոխարէնը ինչ է անում, որ չպէտք է անի: «իրաւունքի»  հարցին չեմ ցանկանում անդրադառնալ քանզի վերջին ժամանակներում որոշ մարդիկ իրենք են որոշում իրենց իրաւունքները:

Ցանկանում եմ խօսել հարցի քաղաքական եւ մանաւանդ բարոյական կողմի մասին: Ռ. Շիրինեանը թւում է մի քանի հարցեր, որոնցմով պէտք է զբաղուի կուսակցութիւնը (իսկ զբաղուո՞ւմ է դրանցով կուսակցութիւնը ընդհանրապէս եւ արդեօ՞ք միայն այդ հարցերով պէտք է զբաղուի, սա էլ առանձին  խնդիր է) եւ եզրակացնում է. «Ունինք փոքր հայրենիք մը, զօր պէտք է պահենք ու զարգացնենք, բայց շեղած ենք մեր հիմնական օրակարգէն եւ կեդրոնացած ենք իշխանութիւն-ընդդիմութիւն յարաբերութիւններու ժխորին մէջ: Թէ՛ կրթական համակարգի եւ թէ դատական համակարգի մեր հարցերը խորքին մէջ ոչ մէկ կապ ունին երկրի քաղաքական զարգացման ենթակառոյցին հետ»:

Ինչի՞ց ելնելով Ռազմիկ Շիրինեանը որոշեց, որ այդ հարցերը «երկրի զարգացման քաղաքական ենթակառուցին հետ ոչ մէկ կապ ունին», եւ, որ այդ հարցերով զբաղուելը նշանակում է.  «շեղել հիմնական օրակարգէն»: Ի՞նչ աղբիւրների տուեալներից ելնելով նա կատարեց  այդ եզրակացութիւնը: Ռազմիկ Շիրինեանը տեղեա՞կ է, որ Հ․Հ․ իշխանութիւնների ներկայացրած կրթութեան բարեփոխումների նախագիծը ալեկոծութիւն է առաջացրել Հայաստանի հասարակական, գիտական ու մտաւորական շրջանակներում, որ շատերը այս նախագիծը որակեցին հարուած հայագիտական կրթութեանը,  ինչպէս եւ համալսարանական-ակադեմիական կառավարման վրայ  իշխանութեան ազդեցութեան լուրջ մեծացման փորձ:

Տեղեա՞կ է Ռազմիկ Շիրինեանը, որ 2019 թուականի վերջերին  այս փաստաթղթի դէմ Դաշնակցութեան երիտասարդական միութեան  կազմակերպած  ցուցական գործողութիւններին միացաւ ոչ միայն  ուսանողութեան ստուար հատուած, այլեւ համալսարանական ու ակադեմիական բազմաթիւ  ամպիոններ ու  հիմնարկներ արձագանգեցին պաշտօնական քննադատութեամբ, եւ որ հէնց այս օրերին, նոյն այդ հաստատութիւնները անում են իրենց ժողովները եւ  մերժում են  ներկայացուող առաջարկները: Եթէ ազգային լեզուի, գրականութեան, ու պատմութեան, ինչպէս եւ  գիտական ու ուսումնական հաստատութիւնններին վերաբերող փոփոխութիւնների նախագիծը դառնում է  հանրային  ալեկոծումների առարկայ, քաղաքական բախման նիւթ իշխանութեան ու թուարկածս շրջանակների միջեւ, արդեօ՞ք այդ հարցերով  ազգային կուսակցութեան զբաղուելը  շեղուել է նշանակում եւ ընդամէնը. «իշխանութիւն-ընդդիմութիւն յարաբերութիւններու ժխոր»: Ըստ Ռազմիկ Շիրինեանի  երկրի զարգացման ենթակառոյցի հետ կապ չունեցող եւ ժխորի արժէք ունեցող միւս հարցը  դատական համակարգի խնդիրն է: Լրատուութիւն քաղելու իր աղբիւրներից Ռազմիկ Շիրինեանը իրազե՞կ է դարձել, որ դատական համակարգի խնդիրները այնքան են սկզբունքային ու մեծ նշանակութիւն ձեռք բերել, որ դրանց հարցով գալիք Ապրիլ 5-ին Հայաստանում տեղի է ունենալու համաժողովրդական հանրաքուէ:

Տեղեա՞կ է նա, որ այս հարցը կիսել  է հասարակութիւնը, մասնագիտական ու ոչ մասնագիտական բուռն քննարկումների  առարկայ է դարձել, որ շատերի, այդ թւում Դաշնակցութեան կարծիքով,   հնարաւոր փոփոխութիւնների ճանապարհով երկրի իշխանութիւնը ձգտում է ստեղծել ձեռնասուն սահմանադրական դատարան, իրեն ցանկալի, երկրի համար վտանգաւոր  որոշումներ անցկացնելու համար:  Գուցէ այդ հարցը շատ չի՞ յուզում Ռազմիկ Շիրինեանին, բայց նա ինչո՞ւ է որոշել, որ դրանք չպէտք է յուզեն նաեւ Հայաստանցի ժողովրդին, մտաւորականններին գիտնականններին, քաղաքական ուժերին, որոնց թւում եւ Դաշնակցութեանը: Ռազմիկ Շիրինեանն առհասարակ տեղեա՞կ է, որ Հայաստանի այսօրուայ ներքաղաքական գործընթացները հիւսւում են իրաւական-դատական խնդիրների շուրջ, եւ որ դրանք  դարձել են զէնք իշխանութեան ձեռքին` ընդդիմութեան դէմ իր պայքարի համար:

Շիրինեանի յօդուածի միջով անցնող կարմիր թելը կամ, ինչպէս ասում են, մեխը այն է, որ Դաշնակցութիւնը Հայաստանում զբաղուած է ընդդիմութիւն-իշխանութիւն ինքնանպատակ պայքարով, անտեսելով իր անելիքը եւ, ինչպէս ասելիքի խորքում կարելի է կարդալ, օգնելու փոխարէն խանգարում է իշխանութեանը:

Նորից հարցնենք. Ինչի՞ց ելնելով է Ռազմիկ Շիրինեանը որոշում, որ ընդդիմադիր այս գործունէութիւնը  ինքնանպատակ է եւ մերժելի: Սա ճաշակի՞  հարց է, թէ սուրճի բաժակ նայելով  կարելի է կողմնորոշուել:

Եթէ յօդուածի հեղինակը  պատիւ կ’անի համաձայնելու մտքիս հետ` ընդդիմադիր գործունէութեան կարեւորն ու անկարեւորը որոշւում է առաջին հերթին երկրի ճակատագրի համար ճշմարիտ մտահոգութեամբ, որն իր հերթին  պայմանաւորուած  է իշխանութեան գործունէութեան  ազդեցութեամբ` երկրի եւ ժողովրդի կեանքի վրայ:

Ռազմիկ Շիրինեանը տեղեա՞կ է, որ Հայաստանի  հասարակութիւնը ներկայումս պառակտուած է, որ ատելութեան մթնոլորտն է գերիշխում երկրում, որի կրակի տակ փայտ նետողն էլ հէնց երկրի վարչապետն է` իր  փողոցին վայել գնահատականներով, հայհոյանքներով ու սպառնալիքներով, հասարակութեան մէջ ուժային կառոյցների միջոցով վախի մնթոլորտը սրելու գործելակերպով: Տեղեա՞կ է, որ կեղծ թուերի ետեւում, երկրում չկան ներդրումներ, չկայ տնտեսական ծրագիր,  կենսաթոշակների ու աշխատավարձերի  նուազ բարձրացումները հալւում են բարձրացող գների յորձանուտում: Որ պարզ ժողովրդի ընկերային կարիքների խորապատկերի վրայ իշխանութիւնը, ժողովրդի գնահատականով, օրինական կոռուպցիայով է զբաղուած, կարճ ժամանակում ինքն իրեն պարգեւատրելով տասնեակ միլիոնաւոր տոլարներով:

Չհաշուած անգամներ բարձրացուած աշխատավարձերը, շռայլ գործուղումներն ու այլ ծախսերը: Ռազմիկ Շիրինեանը տեղեա՞կ է, որ Հայաստանում հաստատւում է մէկ անձի բացարձակ իշխանութիւն, որ պետական համակարգից դուրս են մղւում բոլոր ոչ իւրայինները` փոխարինուելով իւրայիններով, որ լրջագոյն  մտահոգութիւնների տեղիք են տալիս Արցախի շուրջ զարգացումները, իսկ  արտաքին աշխարհում Հայաստան պետութեան հեղինակութիւնը

լուրջ անկում է ապրել: Շարունակե՞մ, թէ այսքանը բաւական է, մնացածը Ռազմիկ Շիրինեանն ու իր պէս մտածողները կարող են լրացնել ուշադրութիւն  դարձնելով իրենց ցանկալի աղբիւրներից բացի այլ աղբիւրների:  Իսկ Դաշնակցութիւնը, ի դէմս իր անդամների, հաճոյքի համար  ընդդիմադիր կեցուածք «չի խաղում», այլ քաղաքական վարքը բխեցնում է առկայ մտահոգութիւնններից եւ դրանց մեծութիւնից: Ի վերջոյ ինչով որ Հայաստանում զբաղուած է կուսակցութիւնը բառացիօրէն թելադրուած է  նախորդող Հ․Յ․Դ․ Ընդհանուր եւ Հայաստանի Գերագոյն ժողովների որոշումներով: Որպէս խելացի եւ պատասխանատու մարդ   Ռազմիկ Շիրինեանն ի՞նչ է կարծում այդպէս վարուե՞լն է ճիշտ, թէ հակառակը պիտի աներ կուսակցական կառոյցն` իր ղեկավարութեան հետ:

Ինձ վաղուց  չի զարմացնում այն հանգամանքը, որ մի քանի Սփիւռքահայ եւ հայաստանցի բարեկամներ, ինչպէս, որ այսօր  Նիկոլ Փաշինեանին են պաշտպանում եւ Դաշնակցութեանն են քննադատում, ոչ վաղ անցեալում «Սասնայ ծռեր»-ին էին պաշտպանում Դաշնակցութիւնից, նրանից առաջ նոյն կերպ  վարուելով, նախորդող հրապարակ ելնողների պարագայում: Ու թէեւ որոշ ժամանակ անց հէնց ժամանակն է պարզում, թէ ով էր ճիշտ, բայց խելօքներն ու մտայոգները  ամենաճշմարիտի բարձունքից,  անվրդով շարունակում են անել իրենց որդեգրած գործը: Գուցէ հէնց սա՞ է ինքնանպատակ, կամ բոլորովին այլ դրդապատճառներ են առաջնորդում: Այլապէս եթէ մարդկանց յուզում է հայրենիքի եւ հայրենի ժողովրդի ճակատագիրը, ինչո՞ւ ոչ մի խօսք չեն ասում իշխանութեան այն թերացումների մասին, որոնց ականատեսն ենք լինում գրեթէ ամէն օր: Մի՞թէ ոչինչ նրանց աչքին չի զարնում, ականջը չի լսում:

Համարձակւում եմ չհաւատալ ձեր անկեղծութեանը Ռազմիկ Շիրինեան եւ եթէ ձեր բարձունքից թոյլ կը տաք մենք էլ այնպէս կը սիրենք ու այնպէս կը ջանանք հայրենիքի համար, ինչպէս  թելադրում է մեր սիրտը, խիղճը եւ ազգային-կուսակցական պարտականութիւնը:

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Քաղաքական Զարգացման Հրամայականը
Next post Էրտողանեան Ներխուժումներ 

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles