ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ

0 0
Read Time:5 Minute, 7 Second

Սոնա Յակոբեան

Այս շաբաթ Հայաստանում դատարանի առաջ կանգնեցին Հայաստանի չորս նախագահներից երկուսը։  Նրանցից մէկի՝  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի համար  դա  Մարտի մէկի գործով հերթական դատական նիստ էր, երրորդ նախագահ  Սերժ Սարգսեանն էլ որպէս մեղադրեալ դատարանի առաջ, առաջին անգամ էր կանգնում։  Սերժ Սարգսեանը մեղադրւում է պետական միջոցներից մօտաւորապէս մէկ միլիոն տոլարի չափով գումար վատնելու մեջ։ Իրաւապահները բացայայտել են ` 2013 թուականին Սերժ Սարգսեանը կազմակերպել է, որ այն ժամանակուայ գիւղատնտեսութեան նախարար  Սերգօ Կարապետեանը վատնի հող օգտագործողների գարնանային աշխատանքները իրականացնելու համար նախատեսուած գումարը։ Նա այնպէս է արել , որ գիւղատնտեսութեան նախարարութիւնը այն գնի Սերժ Սարգսեանի մտերիմ Բարսեղ Բեգլարեանին պատկանող ընկերութիւնից՝ բաւականին թանկ  գնով։ Մինչդեռ մէկ այլ ընկերութիւն աւելի մատչելի առաջարկ էր արել։ Սերժ Սարգսեանի պաշտպանները չեն ընդունում մեղադրանքը, պնդելով , որ մեղադրանքն առաջադրուել է մէկ անձի ցուցմունքի հիման վրայ։ Մամուլում շրջանառւում է , որ այդ անձը գիւղատնտեսութեան նախկին  նախարար Սերգօ Կարապետեանն է։ Ի դէպ Սերժ Սարգսեանը դատարան էր ժամանել հանդիսաւոր արարողութեամբ։ Դատարանի մուտքի մօտ  նրան համակիրները ծափերով են դիմաւորել ։  Նա էլ իր հերթին շնորհակալութիւն է յայտնել աջակիցներին անգամ  վատ եղանակային պայմաններում իր կողքին լինելու համար  եւ խօսել նաեւ Արցախեան հիմնախնդրի մասին։ «Խնդրում եմ իմ երախտագիտութիւնը յայտնել ձեր մերձաւորներին հարազատներին, ովքեր չեն փորձել այս անբարենպաստ եղանակին մնալ տանը, ինչպէս ասում են ՝ շառ ու փորձանքից հեռու։ Շատ-շատ շնորհակալ եմ։ Հաշուի առնելով եղանակային պայմանները եւ այն հանգամանքը, որ յոյս կայ, որ Հայաստանում դեռ կան դատաւորներ, ում համար արդարադատութիւնը վեր է ամեն ինչից, ուղիղ այնպէս, ինչպէս ինձ համար ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնութեան համար Արցախի անկախութիւնը վեր է ամէն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղուել ձեր առօրեայ հոգերով՝ չմոռանալով երբեւէ Հ.Հ. անվտանգութեան մասին»,-հաւաքուածներին դիմել է  Սերժ Սարգսեանը:

*

Նա պահեց խոստումը։ Քսան օրը լրանալուն պէս սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանը դատական հայց է ներկայացրել ընդդէմ Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի:  Այս հայցով Հրայր Թովմասեանը դատարանից պահանջել է պարտաւորեցնել Նիկոլ Փաշինեանին ներողութիւն խնդրել վիրաւորանք հանդիսացող արտայայտութիւնների համար եւ հերքել զրպարտութիւն հանդիսացող տեղեկութիւնները: Հայցադիմումը մակագրուել է Երեւանի ընդհանուր իրաւասութեան դատարանի դատաւոր Գայանէ Խաչատրեանին:  Հրայր Թովմասեանի շահերը ներկայացնելու է փաստաբան Արթուր Հովհաննիսեանը։ Յիշեցնենք, որ Յունուար 25-ին Նիկոլ Փաշինեանը յայտարարել էր, թէ Հրայր Թովմասեանը իր ծառայութիւններն է առաջարկել իրեն եւ մերժուել:  Թովմասեանն իր հերթին «շինծու եւ իրականութեանը չհամապատասխանող յերիւրանքներ» էր այն որակել, Փաշինեանին յորդորել էր «գոնէ մէկ արժանահաւատ փաստ» հրապարակել: Ի պատասխան դրա՝ Նիկոլ Փաշինեանն իր  դիմատետրի էջում մի գրչի լուսանկար էր տեղադրել՝ գրելով, որ դա Հրայր Թովմասյանի գրիչն է:

«Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թէ ոչ: Ի վերջոյ, որոշեցի պահել, որպէս իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթութեան վկայութիւն»,- գրառել էր նա։ Դրանից յետոյ Հրայր Թովմասեանը յայտնել էր դատարան դիմելու մտադրութեան մասին։

Ի դէպ սահմանադրական դատարանի դատաւորների մասին, յիշո՞ւմ եք նախորդ տարի իշխանական պատգամաւորները օրէնք մշակեցին եւ ընդունեցին, որը սահմանադրական դատարանի դատաւորներին վաղաժամ թոշակի էր ուղարկում։ Այս օրէնքով սահմանադրական դատարանի անդամներին առաջարկւում է վաղաժամ թոշակի գնալ եւ ստանալ իրենց աշխատավարձի չափով թոշակ։ Առաջարկն ուժի մէջ էր մինչեւ Փետրուարի վերջ։  Դատաւորները, փաստօրէն , դիմացան եւ հրաժարուեցին իշխանութիւնների  առաջարկից։ Այն ուժի մէջ էր մինչեւ Փետրուար 27-ը։ Վերջին տուեալներով որեւէ դատաւոր վաղաժամ թոշակի գնալու դիմում Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին չի ներկայացրել։

*

Քոչարեանի մասին․ Հայաստանի հանրապետության երեք նախկին վարչապետներ՝ Վազգէն Մանուկեանը, Խոսրով Յարութիւնեանը, Կարէն Կարապետեանը, ինչպէս նաեւ Արցախի Հանրապետութեան նախկին վարչապետ Անուշաւան Դանիէլեանը պատրաստւում են Հ.Հ. երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխաւորութեամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ «Ռոպերթ Քոչարեանի փաստաբանական կազմը ներկայումս պատրաստում է անհրաժեշտ փաատաթղթերը, որպէսզի յառաջիկայ դատական նիստերից մէկի ընթացքում ներկայացնի համապատասխան միջնորդութիւնը։ Յիշեցնենք, որ 2018 թուականի Մայիսին էլ  դատաւոր Դաւիթ Գրիգորեանը՝ Արցախի ներկայ եւ նախկին նախագահներ Բակօ Սահակեանի եւ Արկադի Ղուկասեանի անձնական երաշխաւորութեամբ ազատ էր արձակել Ռոպերթ Քոչարեանին։ ՍակայնՅունիս 25-ին վերաքննիչ դատարանի դատաւոր Արմէն Դանիէլեանը բեկանել էր այդ որոշումը եւ կալանքի տակ վերադարձրելՔոչարեանին»,- ասւում է Ռոպերթ Քոչարեանի փաստաբանական կազմի տարածած հաղորդագրութեան մէջ։

*

Հերթը հասաւ փեսային…Յատուկ քննչական ծառայութիւնը Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայէլ Մինասեանին հարցաքննութեան ներկայանալու ծանուցում է ուղարկել:  Նա Սերժ Սարգսեանի փեսան է։ Յատուկ քննչական ծառայութԻւնը յայտնել է, որ Մինասեանը դեռ չի ներկայացել նախաքննական մարմին: Պաշտօնական տեղեկութիւն չկայ  նաեւ այն մասին, թէ ինչ  գործի շրջանակներում է նա հարցաքննութեան հրաւիրուել:

*

Սահմանադրական հանրաքուէիիշ մասին, սկսենք ամենազաւեշտալի պատմութիւնից։ Մի  «Այո»-ի պատմութիւն։  Oրեր առաջ Երեւանում տեղի ունեցաւ սահմանադրութեան փոփոխութիւնների հանրաքուէի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահաւաք-երեկոն, որի ընթացքում հաւաքուեց 205 մլն 560 հազար դրամ: Դրահամաւաքի արդիւնքում ստացուած գումարն ուղղուելու է քարոզարշաւի անցկացմանը:  Նոյն օրը  սահմանադրական հանրաքուէի նախաձեռնողները հանդիսաւոր ներկայացրեցին «Այո»-ի քարոզչական տարբերանշանը,  որից յետոյ այդ ՝՝ Այո՝՝-ն իշխանութիւնների գլխին իսկական պատուհաս դարձաւ։ Պարզւում է այդ տարբերանշանի համար իշխանութիւնները երեք միլիոն դրամ էին վճարել՝  խրախուսելով հեղինակներին իւրօրինակ աշխատանքի համար։ Սակայն, իրականում ներկայացուած տարբերանշանը 1991-ի հանրաքուէի «Այո»-ի քարոզչական տարբերանշանի կրկնօրինակն էր, իսկականը տպագրուել է «Երեկոյոան Երեւան» թերթում 29 տարի առաջ: Թեեւ տարբերանշանի իրական հեղինակներն հենց նոյն օրը յայտնի դարձան եւ իշխանութիւնները խոստացած երեք միլիոն դրամը նրանց փոխանցեցին, բայց կան հարցեր, որոնք դեռ անպատասխան են մնում։  …Ստացւում է կամ իշխանութիւնները խաբէութեան զոհ են դարձել  կամ էլ իրենք են զարտուղի ճանապարհով որոշել  90-ականների տարբերանշանը այս հանրաքուէին էլ օգտագործել։

*

Շաբաթուայ կորուստը։  Նա փնտրում , գտնում  եւ փորձում էր պահպանել մեր պատմության մշակույթի արտացոլանքը քարի վրայ։  Այս շաբաթ կեանքից հեռացաւ  յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանը: Նա 58 տարեկան էր, երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դէմ։ Կրապետեանը արմատներով Արճեշ գաւառի Բերդաղ գիւղից է։ 1978-ին աւարտել է Երեւանի Միսաք Մանուշեանի անուան թիւ 48 դպրոցը։ 1975 թուականից սկսած է նա ճամբորդել։ Իր ուսումնասիրութիւնների ընթացքում հետազոտել եւ ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետութեան հազարաւոր նմուշներ։ Կարապետեանը յայտնի է որպէս հարեւան պետութիւններում հայկական յուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։  Հայկական ճարտարապետութիոնն ուսումնասիրող հիմնադրամի երեւանեան գրասենեակի ղեկավարն էր: Հեղինակել է բազմաթիւարժէքաւոր գրքեր եւ աշխատութիւններ:

Արժանացել է մի շարք մրցանակների և շքանշանների։ 2007 թուականին ստացել է  նախագահի մրցանակը, 2004-ին պարգեւատրուել է Արցախի Հանրապետութեան Մեսրոպ Մաշտոց շքանշանով, 2004-ին արժանացել է Արցախի Հանրապետութեան Եղիշէի անվան գրականութեան մրցանակին:

*

 Զգուշացէ՛ք  ՝՝քորոնա՝՝ ժահրը մօտենում է։ Հայաստանում դեռ ոչ, բայց հարեւան Իրանում եւ  Վրաստանում այս համաճարակով վարակուողներ կան ։ Հայաստանում եւ Արցախում համաճարակային կանխարգելիչ միջոցառումներ են սկսուել։ Ժամանակաւոր փակ է հայ-իրանական սահմանը։

*

 Եւ վերջում, հայ առաքելական եկեղեցուոյ  տօնացոյցով, Փետրուար 24-ին մեկնարկում է 48-օրեայ Մեծ Պահքը։ Այն սկսւում  է Բուն Բարեկենդանից եւ տեւում մինչեւ Սուրբ Յարութեան (Զատկի) տօն։ Մեծ Պահքը կիսւում է միջինքով, այդ օրը պահքը չեն ընդհատում: Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգիլուած են եղել պսակադրութիւններն ու մատաղը: Սակայն Վազգէն Ա Կաթողիկոսի շրջաբերականովՙ խիստ անհրաժեշտութեան դէպքում թոյլատրուեց պսակադրութիւն կատարել Մեծ Պահքի շաբաթ եւ կիրակի օրերին, բացառապէս Աւագ շաբաթուայ բոլոր օրերին։

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՄԵՐ ՈՍԿԵՂՆԻԿԸ (Գ.)
Next post ՆԻՒ ԵՈՐՔ․- ՍԱՐԿԱՒԱԳՆԵՐՈՒ ՍԵՄԻՆԱՐ՝ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԷՋ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles