Տրեստընեան Թնճուկ Մը 

Սոնա Յակոբեան

Փետրուար 7-ին, Տրեստընի օփերային պարահանդէսին, որ աշխարհի ամենայայտնի իրադարձութիւններից մէկն է, ոչ այնքան հաճելի պատմութիւնից յետոյ, հնչեց նաեւ մեր հայրենակցուհի  սօփրանօ  Ռուզան Մանթաշեանի ձայնը։ Դատելով հանդիսատեսի ծափահարութիւններից , մշակութային ու օփերային գործիչների մեկնաբանութիւններից՝ այդ օրը Ռուզան Մանթաշեանը Չայքովսքիի “Եւկենի Օնեկին” օփերայից  Թաթիանայի արիան պարզապէս գերազանց է կատարել։  Չնայած իր ձայնային կարողութիւններին , Ռուզան Մանթաշեանի համար Տրեստընի օփերային թատրոնի ճանապարհն այնքան էլ հարթ չէր։ Քարերը երգչուհու ճանապարհին էր նետել  իր ատրպէյճանցի գործընկեր՝ Եուսէֆ Էյվազովը՝ հրաժարուելով հայազգի օրիորդի հետ նոյն բեմում ելոյթ ունենալ։ Ատրպէյճանցի ագզգայնամոլ  երգչի ազգային խտրականութեան այս դրսեւորումը դատապարտելու փոխարէն, Semper Opernball-ի կազմակերպիչ մարմինը, նշել էր , որ հաւանաբար հայ երգչուհուն ներկայացնող Agence Massis Opéra ֆրանսական համերգային գործակալութեան հետ թիւրըմբռնում է եղել ու իրենք պաշտօնապէս երբեւէ հայազգի սօփրանոյին չեն հրաւիրել մասնակցել փառատօնին։ Մեծ աղմուկից, բազմաթիւ ապացոյցներիցյետոյ, հաւանաբար ատրպէյճանական ճնշումներին չդիմադրած պարահանդէսի ղեկավարութիւնը, վերահրաւիրեց Ռուզան Մանթաշեանին մասնակցել փառատօնին։  Թէ՞ ինչպէս է ստացել վերստին հրաւէրը, Ռուզան Մանթաշեանը «Հայրենիք» շաբաթաթերթի համար տուած յատուկ  հարցազրոյցում այսպէս է պարզաբանել․«Առաջարկը կրկին ստացայ դոկտ, Հանս-Եոհաքիմ Ֆրէյի կողմից։ Միջնորդել էր Աշոտ Գրիգորեանը։ Համաձայնեցի նորից ընդունել այն՝ իմ գործակալի՝ Ռընէ Մասիսի հետ քննարկելուց յետոյ»։

Անունները, որոնք նշում է Ռուզան Մանթաշեանը առաջին հայեացքից ոչինչ կարծես թէ չեն ասում , բայց համացանցում մեր կարճ ուսումնասիրութիւնների արդիւնքում պարզեցինք։ Հանս-Եոհաքիմ Ֆրէյը Semper Opera Ball-ի գեղարուեստական ղեկավարն է։  Նա մշակութային աշխարհում յայտնի գործիչ է եւ անգամ ժամանակին Տրեստընի օփերային թատրոնն է ղեկավարել։ Ըստ պաշտօնական հաղորդագրութիւնների, երբ վերջինիս է զանգահարել Եւրոպայի հայկական միութիւնների համաժողովի ղեկավար Աշոտ Գրիգորեանը, պարզաբանում պահանջելով, գերմանացի մտաւորականը որեւէ կերպ չի կարողացել արդարացնել կամ հերքել ատրպէյճանցի երգչի ազգայանամոլ  այս դրսեւորումն ու իրենց կապը։ Աւելին, իրենց գլխին կուտակուած սեւ ամպերը զգալով, պարահանդէսի ղեկավարութիւնը կրկին Ռուզան Մանթաշեանին հրաւէր է ուղարկում՝ առիթ չտալով ատրպէյճանցի երգչի հակահայ ցանկութիւններին։

Ռուզան Մանթաշեանն ասում է․ «Շատ կարեւոր է հասկանալ , թէ ինչպէս են օփերայի աշխարհում  կարգաւորւում յարաբերութիւնները երգիչների , թատրոնների եւ գործակալների միջեւ։ Երգիչն ուղիղ կապի մէջ, երբեք չի մտնում թատրոնի կամ հրաւիրող կազմակերպութեան  ղեկավարութեան հետ։ Համերգները, բոլոր պայմանները , երգչի օրացոյցը, ելոյթների յաջորդականութիւնը , առաջարկներ ստանալը կազմակերպում է գործակալը»։

Ռուզան Մանթաշեանին ներկայացնում է ֆրանսական Agence Massis Opéra գործակալութիւնը, որ Semper Opera Ball-ի կողմից  Ռուզան  Մանթաշեանի հրաւէրը դեռ նախորդ տարի Սեպտեմբերին էր ստացել ։ Գործակալութեան յայտարարութեան մէջ նշուած էր , որ իրենք  պայմանաւորուել էին հրաւիրող կողմի հետ, բայց անհասկանալի ձեւով  այս տարուայ Յունուարին հրաւէրը չեղարկւում է։  Այս պատմութեան մէջ Ռուզան  Մանթաշեանից բացի , ատրպէյճանական ատելութեան զոհ է դարձել նաեւ այս գործակալութիւնը։ Քանի որ սկզբում մեղքը փորձում էին գործակալի վրայ ձգել , բայց թէ ինչպէս ասում են ճշմարտութիւնը ջրի երես դուրս գալու յատկութիւն ունի։

Հարցազրոյցում  Ռուզան Մանթաշեանը այս տհաճ պատմութեան մասին երկար չխօսեց՝ նախընտրեց պատմել իր մասին․ «Սովորել եմ  Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցում ՝ ձայնային բաժնում փթոֆ․ Վալերի Հարութիւնովի դասարանում։ Յետոյ արդէն ուսումս շարունակեցի Իտալիայում, Ֆրանքֆուրթում։ Երկու տարի  վերապատրաստուել եմ նաեւ Փարիզի ազգային թատրոնում»,- ասում է Մանթաշոանը, որ  համեստօրէն հարցազրոյցում չխօսեց  իր յաղթանակների մասին։  Բայց  նոյն այդ տարիներին նաեւ Պարսելոնայում անցկացուող եւ աշխարհահռչակ թենոր Ֆրանսիսքօ Վինասի յիշատակին նուիրուած փառատօնին յատուկ մրցանակ է ստացել։ 17 տարեկանում  Հայաստանի պետական Ֆիլհարմոնիք նուագախմբի հետ թատերախաղերով ելոյթ է ունեցել Իտալիոյ մի քանի քաղաքներում։  Ռուզան  Մանթաշեանին աշխարհի ամենայայտնի օփերային բեմերն են սիրով ընդունել  նաեւ Գերմանիայում , Ֆրանսիայում։ Նա կատարել է  բարդ գործեր՝  «Ֆիկարոյի հարսանիքը» , «Քարմէն» ,  «Լա Պոհէմ»  եւ մի շարք այլ յայտնի օփերաներում։

Մանթաշեան ասում է իր Տրեստընեան ելոյթը լաւ անցել, դատելով հանդիսատեսի արձագանգներից ։ Ատրպէյճանցի գործընկերոջ անունը զրոյցի ընթացքում յիշատակեց ընդամէնը մէկ անգամ՝ առանց ատելութեան։ Ասաց մէկ անգամ  հանդիպել է պարահանդէսի ընթացքում՝ միջանցքում , բայց  որեւէ բառ  չեն փոխանակել։  Թէեւ այս պատմութիւնը մեր հայրենակցուհու համար դրական աւարտուեց, բայց հետեւութիւններ պէտք է անի առաջին հերթին Հայաստանեան հասարակության այն  փոքր հատուածը, որը երբեմն  նաեւ իշխանութիւնների շուրթերով սիրոյ ու հանդուրժողականութեան առաջարկներ է անում ատրպէյճանական հասարակութեանը։ Սա նաեւ սթափեցնող ապտակ էր միջազգային հանրութեան համար , որ վաղուց արդէն պէտք է ընդուներ այն իրողութիւնը, որ հայ- ատրպէյճանական ատելութեան ու թշնամանքի ծառը թէեւ շատ խորն է, բայց  հայկական արմատներ չունի։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*