ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ


Սոնա Յակոբեան
Շաբթուայ ամենացաւալի վիճակագրութիւնը։ Միայն այս տարուայ ընթացքում՝ Յունուարից մինչեւ այս ամիս, բանակում տարբեր պատճառներով, նաեւ չպարզուած հանգամանքներում 12 զինուոր է զոհուել։ Սա, իսկապէս մտահոգող ցուցանիշ է։ Վարչապետի մեկնաբանութիւնը բանակում տեղի ունեցող մահուան դէպքերի առնչութեամբ։ Խորհրդարանում պատգամաւորների հետ հարց ու պատասխանի ընթացքում, անդրադառնալով բանակում տեղի ունեցող դէպքերին, Նիկոլ Փաշինեանն ասել է, որ բանակում միջանձնային յարաբերութիւնների խնդիրը բացայայտելու համար պէտք է գնալ ու տեսնել, թէ ինչ է տեղում կատարւում…
*
Իսկ Հայաստանի քաղաքական վերնախաւը հիմա աւելի լուրջ գործով է զբաղուած։ Այս շաբաթ յայտնի դարձաւ սահմանադրական հանրաքուէի օրը։ Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեանն այս շաբաթ ստորագրել է «Հայաստանի սահմանադրութեան փոփոխութիւնների նախագիծը հանրաքուէի դնելու մասին» խորհրդարանի որոշումը։ Ապրիլի 5-ի հանրաքուէով Հայաստանի քաղաքացիները պէտք է որոշեն՝ «Այո», թէ «Ոչ» են ասելու սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասեանին ու հին դատավարներին իրենց աթոռից զրկելու հարցին։
Թեեւ այս որոշմանը ընդդէմ քաղաքական ուժեր կան , բայց «Ոչ»-ի ճամբար դեռ չի ձեւաւորուել։ Ընդդիմադիրներից՝ «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւնը սա պաշտօնապէս է յայտարարել։ Մինչդեռ իշխանութիւններն արդէն սկսել են «Այո»-ի քարոզչութիւնը։ Վարչապետն անգամ Հանրաքուէին բանաստեղծութիւն է ձօնել ու կոչ արել արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիներին գալ ու մասնակցել, աւելին «Այո» ասել այդ փոփոխութեանը։ Ի դէպ լուրեր են շրջանառւում , որ այս օրերին Սահմանադրական դատարանի մի քանի անդամների հանդիպել է նաեւ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյեանը:
*
Փաշինեան- Մարուքեան լեզուակռիւ ՝ խորհրդարանի պատերից ներս։ Ազգային ժողով-Կառավարութիւն հարցուպատասխանի ժամանակ այս շաբաթ բանավէճ ծաւալուեց «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան ղեկավար Էտմոն Մարուքեանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ: Ու սա առիթ դարձաւ, որ նախկինում նոյն քաղաքական ճամբարի մէջ գտնուող այս երկու գործիչները սկսեն խօսիլ անցեալի մասին։ Հատուած լեզուակռուից.-
Մարուքեան- «Անհասկանալի է ինձ համար, պարոն վարչապետ, եթէ պէտք է գաք ուժեղ ելոյթ ունենաք, յետոյ Սիսակին (նկատի ունի պատգամաւոր Սիսակ Գաբրիէլեանին) ասէք մի հատ հարց կը տաս, գամ, ելոյթս սրբագրեմ, արդարանամ, իմաստը ո՞րն է»։
Փաշինեան- «Նայէք յեղափոխութիւնից յետոյ Ձեր ելոյթների բառապաշարը, յետոյ նայէք Ձեր ելոյթները Սերժ Սարգսեյանի ներկայութեամբ ու համեմատէք այսօրուայ հետ: Վայելէք այն ազատութիւնը, որ յեղափոխութիւնը ձեզ բերել է, բայց գոնէ ընդունէք դա, դուք կարո՞ղ էիք Սերժ Սարգսեանի ներկայութեամբ այդպէս խօսել, ոչ միայն Սերժ Սարգսեանի, այլ որեւէ վարչապետի ներկայութեամբ: Ես հասկանում եմ` կարող է էդ աթոռից է, որտեղ նստած էք, ոգեշնչում է առաջանում»։ Կողմերը այս երկխօսութիւնից յետոյ աւելի են խորացել ու սկսել՝ մէկ – մէկու յիշեցնել, թէ ժամանակին իրենցից ով է աւելի ընդդիմադիր եղել հանրապետական իշխանութեանը, ում ելոյթներն են աւելի սուրը եղել, ով ինչ ծայրայեղութեամբ է խօսել։ Փաշինեանն էլ Մարուքեանին ասել է, թէ՝ իրեն միշտ թուացել է` իրենք նոյն դաշտում են եղել` ժողովրդի կամարտայայտման խոչընդոտումը համարելով հակապետական ուժեր։
*
Աւելի ուշ վարչապետին օգնութեան հասաւ նաեւ Ազգային ժողովի փոխ խօսնակ Ալէն Սիմոնեանը։ «Դիմատետր»-ի իր էջում, տեղադրելով վաղեմութիւն ունեցող մի նկար՝ տարիներ առաջ Բաղրամեան 26-ում՝ նախագահականում Սերժ Սարգսեանի եւ Էտմոն Մարուքեանի հանդիպումից։ Նկարը աւելի կարճ ասած՝ ձեռքսեղմում է։ Ալէն Սիմոնեանն այն այսպէս է մեկնաբանել․« Երբեք չես կարող արձագանգել, որովհետեւ ասելիք չունես, երբեք չես կարող արձագանգել` ուղեղի սրութիւն չունես, չես արձագանգի, որովհետեւ այդքան ազատ չես, չես կարող արձագանգել, քանզի քեզ արդէն հիմա է շատ ծանր, երբեք չես կարող արձագանգել, որովհետեւ դու իմ քաղաքական թիմի կէսի կէսի ոչ դուխն ունես, ոչ` ազնուութիւնը: Ուստի լռիր, գոնէ մոռանանք, անցնի, գնա»:
*
Շաբթուայ վերջում աշխատանքային այցով Գերմանիայում էր վարչապետ Նիկոլ Փաշինեանը։ Գերմանիոյ վարչապետ Անկելա Մերքըլը հանդիպման ընթացքում նշել է, որ իր երկրի կառավարութիւնը շարունակելու է տարբեր ուղղութիւններով աջակցութիւնը հայկական կողմին` ժողովրդավարական բարեփոխումներն արդիւնաւէտ առաջ մղելու նպատակով: Փաշինեանն էլ անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացումներին` նշելով, որ տնտեսութեան տարբեր ճիւղերում արձանագրւում են աճ։ Վարչապետ Փաշինեանն անդրադարձել է նաեւ Հայաստանում Ապրիլ 5-ին տեղի ունենալիք սահմանադրութեան փոփոխութիւնների հանրաքուէին, դրա հանգամանքներին եւ նշել, որ Հ.Հ. կառավարութիւնը պատրաստւում է միջազգային դիտորդներին հրաւիրել հանրաքուէն դիտարկելու նպատակով: Մերքըլը Գերմանիոյ կառավարութեան աջակցութիւնն է յայտնել Հայաստանում իրականացուող դատաիրաւական բարեփոխումներին եւ կարեւորել ժողովրդավարական հիմնարկների զարգացման ուղղութեամբ Հ.Հ. կառավարութեան քայլերը։
*
Շաբթուայ անյաջող խմբագրումը՝ըստ Հ.Հ.Կ.-ի փոխնախագահ Արմէն Աշոտեանի։ Նա պնդում է, որ Մերքըլն իր խօսքում Հայաստանի դատաիրաւական բարեփոխումների բնագաւառում յիշատակում է Վենետիկի յանձնաժողովը, ինչի մասին հայերէն թարգմանութեան մէջ չկայ: Այդ հատուածը ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է նաեւ Հայաստանի վարչապետի պաշտօնական կայքում զետեղուած հաղորդագրութիւնից: Ըստ նրա, Մերքըլի ասածը իշխանական լրատուամիջոցները խմբագրել են՝ հանելով ընդամէնը մէկ բառ,որն իրականում սահմանադրական բարեփոխումների վերաբերեալ Գերմանիոյ վարչապետի տեսակէտը մասնակի փոխում է, քանի որ Վենետիկի յանձնաժողովը իշխանութիւնների համար ոչ այնքան դրական եզրակացութիւն է տվել վերջին շրջանում Հայաստանի դատաիրաւական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերեալ։
*
Ներքաղաքական կեանքն այս շաբաթ բաւականին աշխոյժ էր, բայց անցնենք աւելի լաւ լուրերի։ Շաբթուայ յաղթանակները շատ էին։ Սկսենք ամենակարեւորից։ Սուրիոյ խորհրդարանը Փետրուար 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւը: Խորհրդարանի նիստի օրակարգը ներառում էր Սուրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան յանձնախմբի կողմից ներկայացուած՝ 20-րդ դարում Օսմանեան կայսրութեան թուրք իշխանաւորների կողմից հայոց ցեղասպանութեան եւ Սուրիոյ ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձեւը։ Սուրիոյ խորհրդարանի հայ պատգամաւոր Նորա Արիսեանը նշել է, որ աւելի քան 30 երկրի խորհրդարաններ ճանաչել են հայոց ցեղասպանութիւնը, իսկ Սուրիոյ խորհրդարանը յատուկ նիստով յարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարասկզբի մեծագոյն ոճրի զոհերի յիշատակին:
*
Եւ վերջում՝ այս շաբաթ Հայ առաքելական եկեղեցին տօնեց Տեառնընդառաջը։ Տէրունի այս տօնը յիշատակում է 40-օրական Յիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրէական օրէնքի` ամեն մի արու զաւակի ծնունդից յետոյ, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զաւակի համար օրհնութիւն ստանում քահանայից: Այսպէս եւ սուրբ Աստուածամայրը 40-օրական Յիսուսի հետ ներկայանում է Տաճար: Գարեգին Բ․ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինութեամբ Տեառնընդառաջի պատարագից յետոյ հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնութեան կարգ, Հայաստանեայց բոլոր եկեղեցիներում մատուցւում է սուրբ պատարագ: Տօնը նշւում է նաեւ ժողովրդական աւանդոյթներով ։ Մարդիկ այդ օրը խարոյկ են վառում եւ թռնում վրայով։ Ասում են այդ կրակը տաքացնում է հողը՝ աւետելով գարնան ժամանումը։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*