«Դրօշակ»-ի Խմբագրականի Փոխարէն.- «Առաջնորդող»

0 0
Read Time:1 Minute, 55 Second

Հայ յեղափոխական դաշնակցութիւնը վերսկսում է «Դրօշակ» պաշտօնաթերթի հրատարակութիւնը: «Դրօշակ»-ի կենսագրութիւնը ձուլուած է ծնող կուսակցութեան անցած ճանապարհին այնքան, որ այս երկուսից մէկին անդրադառնալիս յաճախ յիշում ես միւսին: Սխալուած չենք լինի` պատկերաւոր ներկայացնելով, որ «Դրօշակ»-ը եղել է կուսակցութեան մաքառումի ու հերոսացման ուղին արտացոլող հայելին: Ազատագրական պայքարի շրջանի «Դրօշակ»-ի խունացած էջերից այսօր էլ զգացւում են պայքարի տաք շունչը, գողգոթայով անցնող ժողովրդի ապրումները, երրորդ հարիւրամեակում հայոց ճակատագրի կեռմանները յաղթահարող հաւատաւորների մտքի ու սրտի ոգորումները: «Դրօշակ»-ը եղել է գաղափարական այն հնոցը, որտեղ սաղմնաւորուել ու բիւրեղացել է ազգային-յեղափոխական-սոցիալական շարժման նպատակը, հիմնաւորուել է ազգային երազանքներ հետապնդող կուսակցութեան քաղաքական եւ մարտական գործունէութիւնը: Պատահական չէ, որ հայ ֆիտայիներն ու զինատարները զէնքի հետ «Էրկիր» էին հասցնում նաեւ «Դրօշակ»-ի համարները:

«Դրօշակ» երեւոյթը մեզ համար բարոյական հսկայ ժառանգութիւն է եւ մարմնաւորում է իրեն կերտող բոլոր նուիրեալների` խոնարհումի արժանի վաստակը:

«Դրօշակ»-ը ինքն իրեն վաղուց հաստատած ինքնութիւն է` խորհրդանշական եւ գործնական ուղերձներով:

Իր նորացող ընթացքի մէջ «Դրօշակ»-ը մեզ համար համազգային հետաքրքրութեամբ համակուսակցական օրկան է, մտքի ու գաղափարների թրծման եւ զարգացման բեմ, հայ քաղաքական եւ հասարակական կեանքի ներքին ու արտաքին մարտահրաւէրների մասին բարձրաձայնող խօսափող:

Իր առաքելութիւնը յաջողելու համար «Դրօշակ»-ը պէտք է ձգտի երկխօսութեան ազգային մտածողութիւն եւ մտահոգութիւն ունեցող բոլորի հետ, լինի անաչառ ու համարձակ:

«Դրօշակ»-ի կողմնորոշիչն ազգային ու պետական շահն է, ազատ, բարեկեցիկ, անվտանգ, ֆիզիքական ու հոգեւոր միասնականութեամբ շաղկապուած հայութեան կամքը:

Խօսքի առատութեան մեր ժամանակներում «Դրօշակ»-ը կրկին հրապարակ է իջնում որոշակի բաց տեղ զբաղեցնելու համար: Անկախ պետականութեան երեսնամեակի շեմին կանգնած մեր երկիրը նման է մի նաւի, որի ուղեւորները մշտապէս նախանձախնդիր են եղել նաւի ղեկի մօտ կանգնողների խնդրով` անտեսելով դէպի ուր նաւարկելու պարագան: Ճանապարհի եւ նպատակի անտեսման հանգամանքն էլ հիմնականում ձեւախեղել է նաւավարներ ընտրելու չափանիշը: Չաւարտուած պատերազմի, անցեալից ժառանգուած հիմնահարցերի եւ նոր ժամանակի բազմազան մարտահրաւէրների բեռն ուսած` մեզ համար թերեւս առաջնային պէտք է լինէր հին փարոսի նոր լուսարձակումների ներքոյ կրկին ու կրկին հարցնելն ու յստակեցնելը ինքներս մեզ համար, թէ ո՛վ ենք մենք, որտեղի՛ց ենք գալիս, ի՛նչ միջավայրի հետ ենք փոխյարաբերւում, ո՛րն է մեր` որպէս հայութեան գոյութեան իմաստն այս արեւի տակ, եւ ի՛նչ ենք պարտաւոր անել ապագայում մեր եւ մեր սերունդների արժանաւոր տեղն ապահովելու համար:

«Դրօշակ»-ը, իր ջուրը խմելով սեփական ակունքներից եւ այլոց փորձառութիւնը նկատի ունենալով, կը ջանայ յստակեցնել խնդիրներն ու փնտռել դրանց պատասխանները:

Թերեւս` առայժմ այսքանը, որպէսզի յաւակնութիւնները մեզանից առաջ չընկնեն: Թող որ մեր գործը խօսի մեր փոխարէն:

«ԴՐՕՇԱԿ» Հ․Յ․Դ․ Պաշտօնաթերթ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ՊԱՐՏԱՒՈՐ ԵՆ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՏՐՊԷՅՃԱՆԻ ՀԵՏ ԻՐԵՆՑ ԿԱՊԵՐՈՒՆ ՀԱՒԱՍԱՐԱԿՇՌՈՒԹԻՒՆԸ
Next post ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles