ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ

Սոնա Յակոբեան

Յունուար 30-ը Արցախի հերոս, դաշնակցական Պետրոս Ղեւոնդեանի ծննդեան օրն է: Նա պիտի դառնար 56 տարեկան։

Նրա զինուորական ուղին սկսուեց 1990-ի աշնանը, երբ դաշնակցական կամաւորական խմբերի հետ հասաւ Հիւսիսային Արցախ: Այստեղ Երեւանի պետական համալսարանի  ուսանող, Պռոշեանցի Պետոն շատ արագ դարձաւ աւագ Պետրոս Ղեւոնդեան: Հարազատներն ու ընկերներն ասում են Պետոն իր մասնագիտութեանն առանձնակի հետաքրրութեամբ էր վերաբերում , սիրում էր սարքեր քանդել , միացնել։  Բայց պատերազմը Պետոյին ստիպեց կրթութիւնը կիսատ թողնել ու տանել նրան այլ ճանապարհով։  Նա նաեւ ըմբշամարտով էր զբաղւում, թէ իր հայրենի Պռոշեանում , թէ արդէն համալսարանում  հասցրել էր աչքի ընկնել նաեւ իր մարզական յաջողութիւններով։ Երբ սկսուեց Արցախեան շարժումը, Պետոն արդէն  պատերազմի էր պատրաստւում։  Նա եւ իր պռոշեանցի ընկեր  Կարօտը  համոզուած էին Արցախի հարցը մարտադաշտում է լուծուելու։  Գիշերները  հաւաքւում էին գաղափարակից ընկերներով, մարզւում  ու  կռուի նախապատրաստւում։

«Մեր պապերը մեզ պատերազմ կտակեցին, մենք մեր հետնորդներին խաղաղութիւն պիտի կտակենք»,- ասում էր պռոշեանցի Պետոն:

Շուշիի առանձնակի գումարտակի փոխ հրամանատար Պետոյի հերոսական ճանապարհն անցաւ մարտագծի գրեթե բոլոր վտանգաւոր հատուածներով: Նա ոչ միայն մշակում է Օմարի լեռնանցքի ազատագրման դժուարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացնում այն: Մարտակերտի ազատագրումից յետոյ, Պետոյի շնորհիւ սահմանագիծը հասաւ Աղտամի շրջան: 56 մարտիկների հետ կեանքի գնով պահեցին Սրխավենդի բարձունքը: Ժամանակը երբեք բաւարար չէր. այնքան բան էր ուզում հասցնել:  Նա Դաշնակցութեան Շուշիի առանձնակի գումարտակի յոյսն էր ու խիղճը։ Կազմակերպուած ու գրագէտ զինուորական էր դարձել  ինքնակրթութեամբ։ Իր զինուորները գիտէին , եթէ Մարտի դաշտում  Պետոյի ներկայութիւնն անգամ զգային, դա բաւարար էր , որ յաղթանակէին մարտի դաշտում։

«Կորուստներն ու յաղթանակները գալիս են միասին։ Ձեռքերս դողում են, երբ նայում եմ զոհուածների ու վիրաւորների ցուցակներին» ,- ասում էր Պետոն:

Փետրուարի 14, 1994-ին էր։ Օմարի լեռներում զինուորներին զենք ու սնունդ էր պէտք: Շտապ օգնութեան մեքենան կանգնել էր ու չէր համարձակւում ականապատ ճանապարհով առաջ շարժուել` վիրաւոր զինուորին մօտենալու համար: Առանց մտածելու` Պետոն նստեց մեքենան ու շարժուեց:  Նա գնաց  վիրաւոր ընկերոջը փրկելու, ցաւօք անվերադարձ։ Պետոյի մարտական ընկերներն ասում են՝ իրենց համար Պետոն միշտ ներկայ է: Այսօր ուխտատեղի է Սրխավենդի ազատագրուած բարձունքը, նաեւ Պռոշեան աւանում կանգնեցուած յուշարձանը, որտեղ ամփոփուած է Պետոն:

*

Իսկ այս օրերին Արցախի եւ Ատրպէյճանի սահմանն այնքան էլ հանգիստ չի եղել, նոյնիսկ, այն օրերին երբ արտաքին գործերի նախարարները, Ժընեւի մէջ հանդիպումներ էին կատարում։  Արցախի Պաշտպանութեան բանակի հարաւ-արեւելեան ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում, Յունուար 28-ին դեռևս չպարզուած հանգամանքներում, հրազենային վիրաւորում է ստացել զինծառայող, 2000-ի ծնունդ Արմանի Աւետիսեանը, որ անմիջապէս տեղափոխուել է զինուորական հիւանդանոց։ Անոր վիճակը գնահատւում է ծանր:

*

Նոյն օրն, արդէն Եռաբլուրում անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Հ․Հ․ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը նշել է, իրավիճակը սահմանին  կայուն է: Ըստ նրա սպառազինութիւնն ու այն կարողութիւնները, որոնք անհրաժեշտ են զինուած ուժերի առջեւ դրուած խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար, աւելացուած են։«Ես ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց ասեմ, որ այդ աւելացումները տասնեակ տոկոսներ են: Այսինքն՝ մեր կարողութիւնները բաւական մեծացել են»,- ասել է Դաւիթ Տոնոյեանը: Նախարարը կարեւորել է  բանակում սննդի ապահովման նոր ձևաչափի ներմուծումը՝ նշելով, որ արդէն մօտ քառասուն տոկոսն անցում է կատարել նոր ձեւաչափին: Լրագրողների այն հարցին, թէ այս տարի արդեօք զինուորներին սնունդը 100 տոկոսով կ՛ապահովուի նոր ձեւաչափով, նախարարը նշել է, որ դրա համար կատարւում է ամէն ինչ:

*

Ասում են , թէ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց վերջին շրջանում այն կարծես  թէ վերածուել է կրկէսի՝ բաց երկնքի տակ։ Յամենայնդէպս, այն ինչ այս օրերին կատարւում է Հայրենիքում այլ կերպ որակել հնարաւոր չէ։

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի գրիչի ոդիսականը՝ շաբաթուայ ամենաքննարկուած լուրն էր։ Ամէն ինչ սկսուեց Կապանում , երբ իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց՝ Սահմանադրական դատարանի ներկայիս նախագահ Հրայր Թովմասեանը  2018 թուականի Մայիսից ամենատարբեր առիթներով իր ծառայութիւններն է առաջարկել  իրեն։  Ի՞նչ կատարուեց յետոյ։

Հրայր Թովմասեանը Նիկոլ Փաշինեանին քսան օր ժամանակ տուեց, որպէսզի Փաշինեանը հրապարակի իր խօսքերն հիմնավորող որեւէ փաստ, ցանկացած վստահելի ապացոյց։ «Դա չանելու դէպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտութեան վերաբերեալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինեանի դէմ»,- ասել է Թովմասեանը։ Նրա տարածած յայտարարութեան մէջ նշուած է, որ ինքը որպէս  Սահմանադրական դատարանի նախագահ ընդամէնը երկու անգամ է հեռախօսազրոյց ունեցել Փաշինեանի հետ՝ աշխատանքային  հարցեր քննարկելու նպատակով։ «Ես երբեք առերես որեւէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինեանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտօնավարման օրօք, բացառութեամբ մէկ պաշտօնական հանդիպման, երբեք չեմ եղել կառավարութիւնում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինեանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենեակում կամ որեւէ այլ վայրում։ Իմ պաշտօնավարման մասով երբեք որեւէ առաջարկութիւն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինեանին, ո՛չ էլ իշխանութեան որեւէ ներկայացուցչի»,- ասել է Թովմասեանը։ Փաշինեանը հակադարձեց Կապանից։ Ասելով թէ, ապացոյցը տուեալ պահին իր մօտ չէ։ Մայրաքաղաք հասնելուն պէս  այն կը հրապարակի։

Իսկ խոստացած ապացոյցը Փաշինեանի դիմատետրի իր էջում տեղադրուած գրիչի լուսանկարն էր ու դրա հետ կապուած պատմութիւնը ․ «Սա Հրայր Թովմասեանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թէ ոչ: Ի վերջոյ, որոշեցի պահել, որպէս իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթութեան վկայութիւն: Վարչապետ ընտրուելուց յետոյ Հրայր Թովմասեանին առաջին անգամ հանդիպել եմ Մայիս 2018-ին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած: Ինձ տարօրինակ թուաց պարոն Թովմասեանի ակնյայտ շողոքորթ պահուածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողութիւնների արդիւնքում իր երկարամեայ քաղաքական խումբը ընդամէնը օրեր առաջ ջախջախուել էր: Ինձ դիմում էր բացառապէս «պարոն Փաշինեան ջան», «պարոն վարչապետ ջան» ձեւերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչեւ հիմա: Ի դէպ, մեր շփման ողջ պատմութեան ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապէս «ջան»-երով: Յանկարծ յիշեց եւ կարեւոր համարեց ընդգծել, որ Իջեւանի փեսայ է: Յետոյ՝ նշում պէտք է անէի, գրիչս չէի գտնում, չեմ յիշում՝ ես ուզեցի թէ ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտռում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց: Գրառումներս արեցի, ելոյթ ունեցայ ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմութիւն դարձան: Թէ բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրէք, ինչ կը լինի եւ այլն։ Արդէն տեսախցիկների առաջ անյարմար պատմութիւն էր դառնում»- գրել է Նիկոլ Փաշինեանը։ Ըստ անոր, այդ դէպքից յետոյ, արդէն սահմանադրութեան օրը՝ Յուլիս 5-ին, Թովմասեանը տարբեր մարդկանց միջոցով խնդրել է , որ Փաշինեանը  մասնակցի կայանալիք միջոցառմանը։ Յետոյ, արդէն Սուրբ Ծննդեան պատարագին սկսել է քծնել նաեւ Փաշինեանի կնոջը։

Թովմասեանի պատասխանը։ Նա հրապարակած ապացոյցը ոչ հիմնաւոր է համարում ու  դեռ սպասում է իր ՝ Փաշինեանին տուած 20-օրեայ Ժամկէտի լրանալուն։ Բայց արդէն որոշ լրատուամիջոցների տուած հարցազրոյցներում պնդել է , որ շարունակելու է պայքարը եւ այս հարցում,  եւ հէնց այնպէս էլ  Սահմանադրական դատարանի նախագահի աթոռը չի զիջի իշխանութիւններին։ Ինչպէս ժողովուրդն է ասում «այս խմորը կարծես թէ շատ ջուր է ուզելու» ուստի մեզ  մնում է սպասել յետագայ զարգացումներին։

*

Իսկ այս պատմութիւնը միայն վարչապետի ու Սահմանդարական դատարանի նախագահի միջեւ չէ , որ լեզուակռիւ սկսելու առիթ է դարձել։ Այս հարցի շուրջ հեռակայ բանավէճ է սկսուել  նաեւ ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէն Արթուր Վանեցեանի եւ Ազգային Ժողովի փոխ նախագահ Ալէն Սիմոնեանի միջեւ։  Այս վերջինը պնդում է, որ Վանեցեանի միջոցով  Թովմասեանը  իր հետ եւս փորձել է կապեր հաստատել։ Վանեցեանն էլ  այս ամէնը «ոտքի վրայ յօրինած» պատմութիւն է որակել։ Նրանք , ի դէպ պարզւում է մտերիմ յարաբերութիւններ են ունեցել։  Վանեցեան- Սիմոնեան հեռակայ բանավէճից յետոյ նրանք արդէն նախկին ընկերներ են , ովքեր իրար հասցէին ոչ այնքան հաճելի խօսքեր են շռայլում , մեղադրում քաղաքական գործիք դառնալու  մէջ։

*

Ի դէպ Սահմանդրական դատարանի մասին։ Յիշո՞ւմ  էք նախորդ տարի  Դեկտեմբերին , չնայած բազմաթիւ քննադատութիւնների , խորհրդարանը ընդունեց այն օրէնքի նախագիծը, որով  այս իշխանութիւնները սահմանադրական դատարանի անդամ եօթ դատաւորներին առաջարկում են վաղաժամ թոշակի գնալ եւ ստանալ  գրեթէ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Սահմանադրական դատարանի անդամները վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրէնքից կարող են օգտուել մինչեւ Փետրուար 27-ը:  Մինչեւ հիմա  որեւէ անդամ դեռ չի համաձայնել  օգտուել այդ առաջարկից։

*

Նոր մանրամասնութիւններ Ազգային անվտանգութեան նախկին տնօրէն Գէորգի Կուտոյեանի մահուան գործից։ Ըստ իրաւապահների նա ինքնասպան է եղել՝ նեղ անձնական շարժառիթով։ «Գէորգի Կուտոյեանի կինը` Յասմիկ Բիշարեանը, դիմում է ներկայացրել վարոյթն իրականացնող մարմնին, որպէսզի առանց իրենց համաձայնութեան ինքնասպանութեան շարժառիթի մասին որեւէ տեղեկութիւն չյայտնեն: Հաշուի առնելով Յասմիկ Բիշարեանի դիմումը, ես կարող եմ ասել, որ ինքնասպանութիւնը կատարուել է նեղ անձնական շարժառիթով: Թոյլ տուէք չբացայայտել չակերտներ, քանի որ կայ տուժողի իրաւայաջորդի դիմում»,- Քննչական կոմիտէի նախագահը նշել է, որ Գեորգի Կուտոյեանի մահուան հանգամանքները պարզելու համար նշանակուել է շուրջ 10 փորձաքննութիւն, այս պահի դրութեամբ հարցաքննուել է 90-ից աւելի վկայ, պահանջուել են մուտքային եւ ելքային հեռախօսազանգերի փորձաքննութիւնները: Վարոյթն իրականացնող մարմինն այս պահին քննարկում է միայն ինքնասպանութեան վարկածը»,-ասել է Քննչական կոմիտէի նախագահ Հայկ Գրիգորեանը։

*

Հայաստանի 2019 թուականի լաւագոյն ֆութպոլիստ է ճանաչուել Հենրիխ Մխիթարեանը: Այս մասին յայտնում է Հայասատանի ֆութպոլի համադաշնակցութիւնը:: Հաւաքելով 109 միաւոր` Հայաստանի ազգային հաւաքականի աւագ եւ իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը, արժանանում է այս կոչմանը իններորդ անգամ ըլլալով:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*