ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ

Սոնա Յակոբեան

Մինչ Հայաստանում սէր ու խաղաղութիւն են քարոզում, գործադիրի ղեկավարի կնոջ մակարդակով Ատրպէյճանի առաջին տիկնոջը հրաւիրում Արցախում մուղամ լսելու, միւս կողմում հայատեացութիւնը իր սահմաններն է ընդլայնում՝ անտեսելով մշակութային համերաշխութեան նրբութիւնները։ Կարճ ասած՝ Փետրուար 7-ին Տրեստընում անցկացուող Semper Opernball փառատօնի բացմանը, հայազգի սոփրանօ Ռուզան Մանթաշեանը ելոյթ չի ունենայ, քանի որ ատրպէյճանցի Եուսէֆ Էյվազովը, հրաժարուել է նոյն բեմում ելոյթ ունենալ հայ երգչուհու հետ: Պարզաբանում։ Ըստ փառատօնի կազմակերպիչների ոչ Էլմազովն է նման բան ասել, ոչ էլ Մանթաշեանն է ընդհանրապէս հրաւիրուած եղել փառատօնին։ Semper Opernball–-ի կազմակերպիչ մարմինը նշել է , որ հաւանաբար հայ երգչուհուն ներկայացնող Massis OpՌra ֆրանսական համերգային գործակալութեան հետ թիւրըմբռնում է եղել։ Ատրպէյճանցի երգիչն էլ է պնդում , թե ինքը Ռուզան Մանթաշեանի ելոյթի չեղարկում չի պահանջել։ Մինչդեռ ըստ Մանթաշեանի գործակալ ֆրանսական ընկերութեան տարածած յայտարութեան դեռ 2019 թուականի Սեպտեմբերին իրենք Տրեստընից հարցում են ստացել այն մասին, թէ Ռուզան Մանթաշեանը կարո՞ղ է երգել Semper Opernball–-ի բացմանը։ «Կողմերը շուրջ 15 նամակ են գրել միմիանց` կարգաւորելով թէքնիք եւ նիւթական հարցերը։ 2020 թուականի Յունուար 10-ին մենք եւս մէկ նամակ ստացանք, որում մեզ յայտնում էին Ռուզան Մանթաշեանի ելոյթը չեղարկելու մասին, քանի որ պարոն Էյվազովը չի ցանկացել նրա հետ երգել։ Դա, ամենայն հաւանականութեամբ, դժուար կացութեան մէջ է դրել կազմակերպիչներին, բայց մենք պատասխանատւութիւն չենք կրում այս իրավիճակի համար, որը բացասական է նաև մեր արուեստագէտին համար։ Մենք չենք կասկածում, որ փառատօնը բաց է բոլոր ազգերի ներկայացուցիչների համար», – գրուած է յայտարարութեան մէջ։
Հայաստանի քաղաքական վերանախաւը այս ամէնի կապակցութեամբ որեւէ մեկնաբանութիւն չի արել։ Կառավարութիւնում ու խորհրդարանում այլ գործերով էին զբաղուած։
*
Շաբթուայ հարցաքննութիւնը։ Դեռ 2018-ին բացուած յայտնի գաղտնալսման գործով այս շաբաթ հարցաքննուեց վարչապետ Նիկոլ Փաշինեանը։ Յիշեցնենք, որ այդ ժամանակ տարածուել էին վարչապետ Փաշինեանի եւ Ազգային Անվտանգութեան Ծառայութեան նախկին տնօրէն Արթիւր Վանեցեանի, ինչպէս նաեւ Հ․Հ․ յատուկ քննչական ծառայութեան պետ Սուրէն Խաչատրեանի եւ Վանեցեանի միջեւ տեղի ունեցած հեռախօսային խօսակցութիւնների գաղտնալսումների ձայնագրառումները, որտեղ նրանք խօսում էին Ռոպերթ Քոչարեանի եւ Եուրի Խաչատուրովի կալանաւորման մասին։ Հարցաքննութեան գնալը կարծես թէ վարչապետին շատ է ոգեւորել, որ իր դիմատետրի էջում գրած է․- «Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը քննչական կոմիտէի հրաւէրով ներկայացել է եւ քննիչի աշխատասենեակում պատասխանում է նրա հարցերին»։ Վարչապետի այս գրառումն էլ հակադարձուեց։ Ըստ Ազգային ժողովի նախկին պատգամաւոր Արման Սաղաթէլեանի Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ հարցաքննուած երկրի գործող ղեկավարը ոչ թէ ինքն է, այլ Հ․Հ․ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը: Նա նշել է, որ 2000 թուականին Հ․ Հ․ նախագահ Ռոբերտ Քոչարեանը քննիչի կողմից հարցաքննուել է եւ ցուցմունք է տուել Հոկտեմբերի 27-ի գործով:
*
Նոր տարի , հին ու չհանդարտուած կրքեր։ Ա․Ա․Ծ․-ի պետ Արթուր Վանեցեան – ներկայ իշխանութիւններ հեռակայ պատերազմը նոր թափ է կարծես թէ ստանում ։ «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգութեանը սպառնացող վտանգների վերաբերեալ առնչւում էին նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակուող իրադարձութիւններին»,- յայտարարել է Վանեցեանը։ Յիշեցնենք, որ անցեալ տարուայ Սեպտեմբերին Արթուր Վանեցեանը հրաժարուել էր Ա․Ա․Ծ․ տնօրէնի պաշտօնից։ Նա հաղորդագրութիւն էր տարածել, որում, մասնաւորապէս, ասուած էր․ «Պետականաշինութիւնն իր տրամաբանութիւնն ունի` որոշումների տարերայնութիւնը, գործողութիւնների յախուռնութիւնը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դէպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատուութեան հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կը յաղթանակի հայրենիքի հանդէպ պարտքը»:
Օրեր առաջ «Հայկական Ժամանակ»-ը յօդուած էր հրապարակել , որտեղ պնդում էր , որ Արթուր Վանեցեանը, Սերժ Սարգսեանի փեսայ՝ Միքայէլ Մինասեանի և Ազգային Ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթէլեանի հետ, Նիկոլ Փաշինեանի ընտանիքի անդամների, մասնաւորապէս կնոջ՝ Աննա Յակոբեանի եւ դստեր՝ Մարիամ Փաշինեանի դէմ քարոզչական արշաւ է իրականացրել: Մէկ այլ լրատուամիջոցի տուած հարցազրոյցում էլ իշխանական պատգամաւոր, Նիկոլ Փաշինեանը աներորդի Հրաչեայ Յակոբեանն էլ , յղում անելով, այս յօդուածին , նշել է , որ Վանեցեանի պաշտօնանկութեան պատճառը պետական յեղաշրջման փորձն է եղել, ոչ թէ սուտ քարոզչութիւն անելը:

Տարին յաջող չսկսուեց առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանի համար։ Տարեսկզբին նա յայտարարեց, որ առողջապահութեան նախարարութիւնը փոփոխութիւններ է նախատեսել ծննդատների աշխատանքներում: Ուստի տարեկան 150-ից պակաս ծնունդ ընդունողները կը փակուեն: Փակուող ծննդատների շարքում են Մարալիկի, Աչաջրի, Արտեմիսի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի եւ Եղուարդի ծննդատները: Թորոսեանը նշել է, որ իրենց քայլերն ուղղուած են մանկական եւ մօր մահացութեան դէպքերը նուազեցնելուն եւ եթէ հասարակութիւնը դա ուզում է, ապա իրենց քաղաքականութիւնը այս հարցում շատ ճիշտ է: Յայտարարութիւնից յետոյ մարզերում բողոքի մեծ ալիք բարձրացաւ։ Քաղաքացիներն ու բժիշկները դէմ են այս որոշմանը։ Ըստ նրանց պնդումների էլ իրենք հեռու են մարզկեդրոնների ծննդատներից եւ այս որոշումն էլ աւելի կը նպաստի մանկական մահացութեան դէպքերի աճմանը։ Բողոքի ցոյցերից յետոյ, այս շաբաթ Թորոսեանը յայտարարել է , որ Եղուարդի ծննդատանը եւս մէկ տարի գործելու հնարաւորութիւն կ՛ընձեռուի: Չի փակուի նաեւ Աչաջուրի ծննդատունը։
*
Այս շաբաթ տեղի ունեցաւ Հանրապետական ծննդատան նախկին տնօրէն Ռազմիկ Աբրահամեանի դատական նիստը։ Նա մեղադրւում է երեխաների ապօրինի որդեգրման գործով։ Դատական նիստից յետոյ «Հայոց մայրեր» կազմակերպութեան անդամները, որոնք պնդում են, որ ապօրինի որդեգրուել են նաեւ իրենց երեխաները, Ռազմիկ Աբրահամեանին հարցրին, թէ որտե՞ղ են իրենց երեխաները։ «Ձեզ առողջութիւն եմ ցանկանում։ Իսկ ձեզ հովանաւորողներին Աստուած կը պատժի»,- ասել է Ռազմիկ Աբրահամեանը։
*
Վարաչապետը խօսում է լրատուական պատերազմի մասին։ Փաշինեանը Նա նշել է , որ այսօր Հայաստանում կան որոշ անձանց սեփականութիւնը հանդիսացող, աւելին կաշառակերների հեռուստատեսութիւններ: «Հեռուստատեսութիւն կայ Հ․Հ․-ում, որտեղ պարտադիր քրէական որեւէ գործով անցնող մեղադրեալ շատ ոգեւորուած հարցազրոյց է տալիս ու բացատրում հանրութեանը, թէ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները»,- կատակել է Փաշինեանը: Վերջինը յայտնել է, որ իրավիճակից դժգոհ չէ. «Լրատուական պատերազմը, որ մեր կառավարութեան դէմ տարւում է, օգնում է, որ անընդհատ բարձրացնենք մեր աշխատանքի որակը»:
*
Մանուէլ Գրիգորեանը ազատ կ՛արձակուի։ Հայաստանի դատախազութեան նախաձեռնութեամբ հրաւիրուած արտահերթ դատական նիստի ժամանակ որոշուել է , որ Գրիգորեանի առողջական վիճակը ծանր է եւ նրա կալանքը համատեղելի չէ առողջական վիճակի հետ։ Մանուէլ Գրիգորեանի առողջական վիճակի վերաբերեալ նախկինում ստեղծուած յանձնաժողովը տուել էր եզրակացութիւն, որ Գրիգորեանի կալանքը համատեղելի է եղել առողջական վիճակի հետ։
Շաբթուայ հիւրերը հեռաւոր Միլանոյի մօտակայ Պերկամոյից։ Երեւանի «Զուարթնոց» միջազգային օդակայանում վայրէջք կատարեց եւրոպական ամենամեծ՝ Ryanair իրլանտական օդանաւային ընկերութեան Պերկամօ-Երեւան չուերթի ինքնաթիռը: Յունուարի 14-ի չուերթը Ryanair-ի համար առաջինն է Հայաստանի շուկայում: Այս ընկերութեան հայկական շուկայում յայտնուելը հաստատուել էր դեռ նախորդ տարի եւ ոգեւորել շատերին, քանի օր այս ընկերութեան շնորհիւ հայաստանցիների համար աւելի մատչելի կը լինի Եւրոպա հասնել օդային ճանապարհով։
Եւ շաբթուայ ամենացաւալի լուրերը։ Հայ – ատրպէյճանական սահմանին հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինուոր է վիրաւորուել։ Պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումեանը տեղափոխուել է Երևան , նրա վիճակը գնահատւում է ծանր:
Շաբթուայ վերջում Երեւան քաղաքի Պարոյր Սեւակի փողոցի բնակարաններից մէկում յայտնաբերուել է Ազգային Անվտանգութեան Ծառայութեան պետ նախկին պետ Գեորգի Կուտոյեանի դին՝ հրազենային վիրաւորումով: Բնակարանում իրաւապահները յայտնաբերել են բազմաթիւ պարկուճներ,Վրաստանի բարձրաստիճան պաշտօնեաներից մէկի կողմից Կուտոյեանին նուիրած ատրճանակը, կրակոցների հետքեր են եղել նա բնակարանի պատերի վրայ։ Իրաւապահները շրջանառում են մի քանի վարկած՝ սպանութիւն , սպանութեամբ քողարկուած ինքնասպանութիւն կամ ինքնասպանութիւն։ Ի դէպ պարզւում է Կուտոյեանը ընկերական յարաբերութիւններ է ունեցել Սահմանադրական դատարանի ներկայի նախագահ Հրայր Թոմվասեանի հետ։ Այս վերջինը դէպքի վայր է ժամանել , նա չի կարողացել զսպել արցունքները։ Մի քանի ուշագրաւ փաստ։ Յատուկ քննչական ծառայութիւնում Ազգային անվտանգութեան ծառայութեան նախկին տնօրէն Գէորգի Կուտոյեանը չի հարցաքննուել եւ որեւէ դատավարական կարգավիճակ չի ունեցել: Ըստ որոշ աղբիւրների էլ Գէորգի Կուտոյեան անունով մասնակիցը դեռ Յունուար 3-ին եւ 16-ին փորձել է հայերէն Վիքիպետիայից ջնջել Գէորգի Կուտոյեանի մասին յօդուածի բովանդակութիւնը, Ազգային Անվտանգութեան Ծառայութեան մարզէն ներս։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*