Հ.Հ. Նախագահ Արմէն Սարգսեանի Ուղերձը

Ստորեւ, Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեան Նոր տարուան առիթով յղած շնորհաւորական ուղերձը.-

Հայաստանի Հանրապետութեան յարգելի՛ քաղաքացինե՛ր,
Աշխարհասփիւռ սիրելի՛ հայրենակիցնե՛ր,
Շուտով կը շրջենք մեր պատմութեան եւս մէկ՝ 2019 թուականի էջը: Կը շրջենք ապագայի հանդէպ յոյսով ու հաւատով, նոր ակնկալիքներով ու սպասումներով։
Անցնող 2019 թուականն ազգային ու պետական նպատակները նորովի ուրուագծելու տարի էր։ Մենք միասին անցանք մեր պետականութեան ամրապնդման եւս մէկ փուլ։
Որպէս պետութիւն, որպէս ժողովուրդ, որպէս մեծ ընտանիք՝ մեր առաջնահերթ խնդիրները եւ գերակայութիւնները չեն փոխուել։ Սակայն 2020 թուականին մեր յոյսերը պէտք է վերափոխուեն ու շարունակեն դառնալ գործնական քայլեր եւ արդիւնքներ։
Եւ ես բոլորիս մաղթում եմ ողջամտութիւն, կարգապահութիւն, կազմակերպուածութիւն, առողջ դատողութիւն, պատասխանատւութիւն եւ հանդուրժողականութիւն։
Ամէն Աստծոյ օր մենք մտածում ենք մեր մեծ ու փոքր ընտանիքների մասին՝ մեր տան ու մեր Հայրենիքի մասին։ Հայրենիքը սկսւում է ընտանիքից։ Իսկ ընտանիքից սկսւում է մեր միասնական Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի անկախութեան եւ անվտանգութեան պաշտպանութիւնը։ Մեր հաւաքական կամքը Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում ունի դրսեւորման մէկ ճակատ՝ Հայաստանի ու Արցախի անվտանգութիւն եւ հզօրութիւն:

Ընտանիք…
Ընտանիքը նաեւ հոգեւոր ու բարոյական անվտանգութեան երաշխիքն է, մեր արժեհամակարգի հիմքը, մեր լեզուն, մեր հաւատքը, մեր եկեղեցին, մեր ժառանգութիւնը, մեր ազգային արժէքները, մեր բանակը, մեզ պահապան յուսալի ամրոցը…
Չմոռանանք նաեւ, որ մեր ընտանիքի անդամ են մեզ անծանօթ անցորդը, հացթուխը, որը գիշերով մեզ համար հաց է թխում, սահմանին կանգնած զինուորը, որի ծնողը եւ ընտանիքը սրտատրոփ սպասում են նրան, բժիշկը, որը մարդու կեանքը փրկելով՝ դառնում է նրա հարազատը, ծաղկավաճառը, որից գնած ծաղիկներով ուրախացնում ենք մեր սիրելիներին, հող մշակող գիւղացին, որն իր բարիքներն է հասցնում բոլորիս, մանկապարտէզի դայեակը, որը խնամում է մեր փոքրիկին, իւրաքանչիւրը, ով սէր, երջանկութիւն, ուշադրութիւն, հոգատարութիւն է պարգեւում մանուկներին…
Սէրը, համերաշխութիւնը եւ հանդուրժողականութիւնը թող իշխող լինեն բոլոր ընտանիքներում, նաեւ մեր քաղաքական եւ հասարակական կեանքում…
Հոգատարութիւնը ընտանիքի հանդէպ հոգատարութիւն է Հայրենիքի հանդէպ՝ Գիւմրիից Գորիս, Սիւնիքից Լոռի, Արցախից Տաւուշ… Եկէք ընտանիքով ճանաչենք Հայրենիքը…
Իւրաքանչիւր ընտանիքի մէջ մեր վաղուայ օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան։ Ապագան հիմնուած է կրթութեան, գիտելիքի, մշակոյթի եւ նոր տեխնոլոգիաների վրայ։ Հայաստանը կարո՛ղ է եւ պէ՛տք է դասուի ա՛յն երկրների շարքում, որոնք փոքր են, սակայն՝ յաջողած ու հզօր, որոնք ունեն լսելի ձայն։ Մենք ունենք շատ յստակ առաւելութիւն. փոքր պետութիւն ենք, բայց՝ համաշխարհային ազգ։
Լինենք նաւահանգիստ համաշխարհային տուեալների ովկէանոսում: Ծրագրաւորումից գնանք դէպի արհեստական բանականութիւն, մաթեմատիկայից՝ դէպի մաթեմատիկական մոդելաւորում, ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանութիւնից՝ դէպի գիտական նորարարութիւններ:
Բայց յիշենք, որ անհնար է յաջողութեան հասնել բարոյականութեան եւ մշակոյթի անապատում։
Հանդուրժող լինենք միմեանց հանդէպ, սակայն անհանդուրժող՝ անհանդուրժողականութեան, կոռուպցիայի եւ հասարակական պարսաւելի երեւոյթների հանդէպ։
Հայրենիքը չի կարող տնտեսապէս հզօր լինել, եթէ այնտեղ գերակայողն օրէնքը չէ։ Մենք պէտք է օրէնքի երկիր լինենք ոչ միայն լաւ օրէնք ընդունելով, այլեւ օրէնքը յարգելով եւ կիրառելով։ Սահմանադրութիւնը եւ օրէնքները պէտք է ընկալուեն ոչ թէ որպէս սոսկ իրաւաբանական փաստաթուղթ, այլ՝ որպէս մշակոյթ եւ կենսակերպ։

Սիրելի՛ հայրենակիցնե՛ր,
Թող 2020 թուականը լինի նոր ձեռքբերումների եւ յաղթանակների տարի:
Թող խաղաղութիւնը եւ յաջողութիւնն ուղեկցեն մեր երկրին, Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում, մեր ընտանիքներին, մեզնից իւրաքանչիւրին:
Առանձնայատուկ բարեմաղթանքներս եմ յղում բոլոր զինծառայողներին, պատերազմի հաշմանդամներին եւ նահատակուած հերոսների ընտանիքներին, միայնակ կամ ծերանոցում գտնուող հայրենակիցներին, բազմազաւակ ընտանիքներին, առողջապահութեան աշխատակիցներին եւ նրանց խնամքի տակ գտնուող հիւանդներին, Հայաստանի Հանրապետութեան մանուկ քաղաքացիներին, բոլորին…
Թող Աստուած պահապան լինի մեր Հայրենիքին եւ աշխարհասփիւռ հայ ժողովրդին:
Շնորհաւոր Նոր տարի:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*