Բանաստեղծներու Իշխանը՝ Արեւելահայ Ուղղագրութեամբ.- Վահան Թէքէեան. «Հայու Հոգին»

0 0
Read Time:1 Minute, 52 Second

Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութիւնը, հովանաւորութեամբ Միացեալ Նահանգներու եւ Գանատայի Թէքէեան Մշակութային Միութեան Կեդրոնական վարչութեան՝ տպագրեց «Հայու Հոգին» բանաստեղծութիւններու ժողովածուն:

«Բացառութեան կարգով, այս ժողովածուն հրատարակւում է աբեղեանական ուղղագրութեամբ՝ բանաստեղծի տողերը Հայաստանի հասարակութեան լայն շերտերի համար աւելի ընկալելի դարձնելու նպատակով:

Գիրքը կազմել է բանասիրական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր Սուրէն Դանիէլեանը, խմբագրութեամբ՝ բանասիրական գիտութիւնների թեկնածու Քնարիկ Աբրահամեանի:

Հայկական պօէզիայի հարուստ աշխարհում իր ուրոյն տեղն ունի Վահան Թէքէեանի ստեղծագործական ժառանգութիւնը: Նա իր ստեղծագործութիւններում բացայայտեց իր ապրած ժամանակաշրջանը եւ բնութագրեց քաղաքական ու պատմական այն տեղաշարժերը, որոնց վկան է եղել:

Թէքէեանը արեւմտահայ գրական սերուցքի՝ Մեծարենցի, Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբէն Սեւակի ժամանակակիցներից էր: Նա ստեղծեց մի գրականութիւն, որը յաւէտ խօսելու է գալիք սերունդների հետ, նրան մղելու է գնահատելու գեղեցիկը եւ արժեւորելու արդարութիւնը: Նա Հայոց Եղեռնից պատահաբար փրկուած այն ստեղծագործողն է, որը բարձր պահեց ապագայի հաւատը եւ իր երկրում խօսեց հերոսութեան գաղափարների մասին:

Բացի սոնետներից, նա նաեւ գրել է պատմուածքներ գաղութահայ կեանքի ու ազգային¬ազատագրական շարժումների մասին: Նա նաեւ ճամբորդական նոթերի, բազմաթեմայ յօդուածների ու գրական արժէքաւոր նամակների հեղինակ է: Թէքէեանի երկերում քիչ չեն նաեւ հայ ժողովրդի պատմութիւնից եւ աւանդութիւններից քաղուած զրոյցների մշակումները: Թէքէեանի թարգմանութիւնների շնորհիւ հայ ընթերցողները ծանօթացել են եւրոպական գրողներից շատերի՝ Շեքսպիրի, Վիքթոր Հիւկոյի, Շարլ Պոտլերի, Օսկար Ուայլտի արժէքաւոր գործերին:

Գրքի տպագրութիւնը նուիրուած էր Վահան Թէքէեանի 140ամեակին: Գրքի շնորհանդէսը իւրայատուկ էր, ժողովածուն հրատարակելուց յետոյ այն յանձնուեց հանրապետութեան տարբեր դպրոցների, որպէսզի ուսումնական ծրագրից դուրս աշակերտները ճանաչեն ու ուսումնասիրեն Թէքէեան գրողին:

«Հայու Հոգին» ժողովածուի ընթերցողին սեղանին դրուելուց քիչ ժամանակ անց մայրաքաղաքի մի շարք դպրոցներում աշակերտները կազմակերպեցին միջոցառումներ եւ ցերեկոյթներ՝ նուիրուած Թէքէեանին:

Դպրոցականները սփիւռքահայ գրողին իրենց լսարանին ներկայացնում էին իւրայատուկ ձեւերով՝ ապացուցելով, որ Թէքէեանի կեանքին եւ գործունէութեանը կարելի է անդրադառնալ տարբեր մօտեցումներով:

Մեծ գրողի 140ամեակին նուիրուած ցերեկոյթներ էին կազմակերպել Մանկավարժական համալսարանի թիւ 57 դպրոցը, բուհի յենակէտային վարժարանը, Երեւանի Շիրակացու ճեմարանը, Երեւանի թիւ 100 հիմնական դպրոցը, Շահումեանի անուան թիւ 1 հիմնական դպրոցը, Եաւրովի անուան թիւ 131 հիմնական դպրոցը, Ստեփանեանի անուան թիւ 135 հիմնական դպրոցը, Հայրապետեանի անուան թիւ 78 հիմնական դպրոցը, Բիւրատի անուան 125 դպրոցը, Երեւանի թիւ 104 հիմնական դպրոցը եւ Խաչատուր Աբովեանի անուան թիւ 2 հիմնական դպրոցը:

Դպրոցականները Թէքէեանի ստեղծագործութիւնները մեկնաբանեցին ամենատարբեր կերպ. հնչեցին Թէքէեանի ստեղծագործութիւնների հիման վրայ գրուած երաժշտական գործեր, աշակերտներն ասմունքեցին ամենայայտնի ստեղծագործութիւնները, լսարանին ներկայացրին գրողի կեանքի կարեւորագոյն դրուագները, փորձեցին ժողովածուում տեղ գտած որոշ գործեր արեւմտահայերէնից վերածել արեւելահայերէնի:

Վահան Թէքէեանը հոգու բանաստեղծ է, որ իր ստեղծագործութիւնների եւ կատարած աշխատանքների շնորհիւ կարողացել է բացայայտել «հայու հոգին»:

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ԶՐՈՅՑ .- «ՍՏԵՂԾԵԼ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԿԱՐԾԻՔ, ԸՆԹԵՐՑՈ՛Ղ ՍՏԵՂԾԵԼ»
Next post Այս Մեր Երազած Հայրենիքը Չէ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles