ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ

0 0
Read Time:5 Minute, 7 Second

 

Սոնա Յակոբեան

Յառաջիկայ երկու տարիներին նրանք մօտ կը լինեն սահմանին , հեռու իրենց ընտանիքներից։ Այս շաբաթ Հայաստանում եւ Արցախում սկսուեց ձմեռնային զորակոչը։ Այն կը շարունակուի մինչեւ յաջորդ տարուայ Յունուարի 31-ը։ Արցունքներով իրենց զաւակներին ճանապարհող ծնողներին պաշտապանութեան նախարութիւնը յորդորել է, իհարկէ կարօտը յաղթահարել դժուար է , բայց իրենց որդիների սննդի, հագուստի ու միւս պայմանների մասին մտածել պէտք չէ։  Զինուորի ե՛ւ սնունդն է որակով , ե՛ւ հագուստն է տաք։ Անհոգ ծառայութիւն զորակոչի մասնակիցներին ու խաղաղութիւն սահմանին։

Իսկ այս օրերին սահմանն այնքան էլ հանգիստ չէր։ Այս երեքշաբթի հակառակորդի թիրախում նորից յայտնուել էր Տաւուշի մարզի խաղաղ բնակչութիւնը։ Ատրպէյճանցիները կրակ էին բացել Իջեւան- Նոյեմբերեան  մայրուղիի եւ Կոթի գիւղի ուղղութեամբ։ Իհարկէ հակառակորդը հայ դիրքապահների կողմից արժանի հակահարուած ստանալուց յետոյ դադարեցրել է կրակոցները։

Կոթեցիների պատասխանը հակառակորդին․․․․   Մինչ թշնամին կրակում էր գիւղի ուղղութեամբ, կոթեցիները իրենց համագիւղացիներից երկուսին էին ամուսնացնում։ Իհարկէ քաղաքից եկած հիւրերը խուճապի են մատնուել, բայց կոթեցիներին հակառակորդը երբեք էլ չի վախեցրել։ Իրենց հարսանիքը ժամանակին աւարտել ու հարսանեաց սրահից տուն են գնացել։

*

Շաբաթուայ ամենացաւալի բացայայտումը , որի մասին խօսւում էր երկար ժամանակ։ Պարզւում է Հանրապետական ծննդատան տնօրէն Ռազմիկ Աբրահամեանը տարիների շարունակ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնութեամբ ծնողներին ապօրինի կերպով  բաժանել են իրենց նորածին երեխաներից եւ յանձնել ապօրինի որդեգրման։ Այս հարցին կառավարութեան նիստի ժամանակ անդրադարձաւ նաեւ  վարչապետ Նիկոլ Փաշինեանը։ Նա ասել է , որ այս հարցն իրենց օրակարգում է եղել դեռ Օգոստոսից՝ առիթը մի շարք քաղաքացիների  դիմում- նամակներն են եղել։ Ըստ իրաւապահների իրենք հիմնարար ապացոյցներ ունեն։ Աւելի ուշ լրատուամիջոցներում լուրեր տարածվեցին, որ ձերբակալուած Ռազմիկ Աբրահամեանը ծայրայեղ ծանր վիճակով տեղափոխուել է «Արմենիա» բժշկական կեդրոն։

*

Նոր Հայաստան, հին՝ բարքե՞ր․․․ Վերջին օրերին Հայստանեան լրահոսի ամենաքննարկուող թեման վարչապետի դստեր համար գնուած նոր ինքնաշարժն է։ Իհարկէ, ինքնաշարժի ունենալու իրաւունք ունեն բոլորը, բայց ոչ պետութեան հաշուին։ Պարզւում է, 27 հազար տոլար արժողութեամբ մեքենան Մարիամ Փաշինեանն ընտրել է անձամբ եւ այն գնուել է պետական պահպանութեան ծառայութեան միջոցներով։ Աւելի ուշ, անդրադառնալով այս հարցին Նիկոլ Փաշինեանը դիմատետրի իր էջում գրել է՝  իր դստերը սպասարկող մեքենան գնուել է 2018 թուականի Ապրիլի 6-ին։ «Կարեւոր նորութիւն պետական պաշտպանութեան ծառայութեան արխիւից. «Վարչապետի դստեր ինքնաշարժը» գնելու պայմանագիրը կնքուել է 2018 թուականի Ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինեանը հնարաւոր բանտարկեալի դուստր էր, ոչ թէ վարչապետի: Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թէ այդ մեքենան պետութեանն է, ոչ թէ Մարիամ Փաշինեանինը»,- գրել է Նիկոլ Փաշինեանը։ Աւելի ուշ , սակայն , հայկական լրատուամիջոցներից մէկը հակադարձել էր վարչապետի գրառմանը պնդելով, որ իր ներկայացրած տուեալներն այնքան էլ չեն  համապատխանում իրականութեանը։ Քանի որ այդ մեքենայի գնման պայմանգիրն ըստ վարչապետի կնքուել է 2018 Ապրիլի 6-ին , երբ ինքը ոչ թէ վարչապետ էր , այլ հնարաւոր քաղաքական բանտարկեալ , մինչդեռ իրականում այդ պայմանգիրը կնքուել է  2018 թուականի Նոյեմբեր- Դեկտեմբեր ամիսներին՝ Փաշինեանի վարչապետութեան ժամանակ։ Ստացւում է այս անգամ սխալը նախորդների վրայ բարդելու վարչապետի փորձը ձախողուել է։

*

Ու՞մ է խանգարում Երեւանի աւագանիում  «Լոյս»  խմբակցութեան անդամ Դաւիթ Խաժակեանը։  «Լուսաւոր Հայաստան» կուսակցութեան ղեկավար Էտմոն Մարուքեանը, թէեւ համարում է, որ իրենց կուսակցութիւնից աւագանու անդամ Դաւիթ Խաժակեանը քաղաքապետարանի թիւ մէկ աստղն է, բայց, հնարաւոր է, ստիպուած լինեն հետ կանչել նրան։ Վերջնական որոշումը կ՛ընդունուի կուսակցութեան կառավարման խորհրդի նիստում: Պատճառը, ըստ Մարուքեանի, քաղաքացիներից ստացուած նամակներն են, որոնցում «Լուսավոր Հայաստան»-ին մեղադրում են աւագանու «Լոյս» խմբակցութեան միւս անդամների գործունէութեան համար: Պատճառների շարքում նաեւ լրատուամիջոցների «սխալ լուսաբանումն է», երբ Խաժակեանի աղմկահարոյց բացայայտումների փոխարէն անկարեւորն է յայտնւում:  Յիշեցնեմ, որ  Դաւիթ Խաժակեանը Երեւանի քաղաքապետարանում Հայկ Մարութեանի գործունէութեան գործօն  քննադատներից է , աւելին նա որոշ բացայայտումներ արեց այս օրերին,  որոնք մեղմ ասած ներկայիս իշխանականների սրտով չէին։

*

Պետութիւնը չի խլել, բայց օգտագործել չեն կարող։ Պետութիւնից առանձնապէս խոշոր չափով վատնում կատարելու դէպքի առթիւ յարուցուած քրեական գործով մեղադրեալներ՝ Հ.Հ. երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի և գործարար Բարսեղ Բեգլարեանի գոյքի վրայ կալանք է դրուել:

Երբ հասցրեցին այդքան գումար կուտակել։ Քննարկումներ կատարած Նարեկ Սամսոնեանի հրապարակած տուեալների համաձայն՝ նախորդ տարուայ խորհրդարանական ընտրութիւններին ներկայ մի շարք պատգամաւորներ եւ այլ պաշտօնեաներ խոշոր նուիրատվութիւններ են կատարել «Իմ քայլը» հիմնադրամին: Մասնաւորապէս՝ Անդրանիկ Քոչարեանը, Սիփան Փաշինեանը, Արարատ Միրզոյեանը, Էդուարդ Աղաջանեանը, Դաւիթ Սանասարեանը եւ այլոք հիմնադրամին են փոխանցել հինգ միլիոնական դրամ:«Իրազեկ քաղաքացիների միաւորման» ծրագրերի համակարգող Դանիէլ Յովաննիսեանն է անդրադարձել հարցին՝ նշելով, որ ընտրութիւններից առաջ պատգամաւորներն իրենից խորհուրդ են հարցրել, թե արդեօ՞ք կարող են խնդիր առաջացնել նման նուիրատւութիւնները: Յովաննիսեանի կարծիքով՝ սա բնական տարբերակ է, որը կիրառել են նաեւ այլ կուսակցութիւններ, այդ թւում՝ 2017-ի ընտրութիւններին՝ հանրապետական կուսակցութիւնը:

*

 Փարթիզանական ցոյց Կրթութեան, գիտութեան , մշակոյթի եւ մարմնամարզի նախարարութեան շէնքի դիմաց։ Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական Միութեան ներկայացուցիչներն այս շաբաթ նորից կառավարութեան շէնքի մօտ էին հաւաքուել՝ զինուած խաղալիք ատրճանակներով, դանակներով ու այլ զինամթերքով: «Ազգային Ժողովը վերջերս բացայայտեց, որ ԿԳՄՍ նախարարութեան դիմաց որոշ փարթիզաններ շատ գաղտնի և վտանգաւոր գործողութիւններ են իրականացրել, որոնք լուրջ վտանգ են Հայաստանի համար: Մեր որոշ պատգամաւորներ և այլ անձինք, որոնք վերջին օրերին շատ տագնապած էին՝ տեսէ′ք, գաղտնի, շատ վտանգաւոր գործողութիւններ են իրականացնում ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչները: Որպեսզի վախի ու սարսափի միջից դուրս գաք, մենք հիմա բոլորս այս վտանգավոր զենքերը կհանձնենք: Բանակից փախած՝ Ազգային Ժողովի որոշ դասալիքներին, ծերունի աւազակներին ասում ենք՝ հանգիստ նստէք տեղներդ, չփորձէք ներկայացնել, թե դուք պետականութիւնը պաշտպանում էք մեզնից: Այս երկրում պետականամետը մենք ենք: Այս երկրի ու պետականութեան արթուն պահապանը մենք ենք: Եթէ դառնանք փարտիզան, սահմանից այն կողմ ենք պարտիզանութիւն անելու, եթէ զէնք բարձրացնենք, ուրեմն միանշանակ սահմանից այն կողմ: Իսկ Հ.Հ.-ում բոլոր օրինական միջոցներով ե՛ւ քննադատելու ենք իշխանութիւններին ե՛ւ հարկ եղած դէպքում, աջակցելու ենք: Լաւին լաւ ենք ասելու, վատին՝ վատ ենք ասելու»,- կուսակցութեան գաղափարակից ընկերների հետ խաղալիք զէնքերը հենց կառավարութեան շէնքի առջեւ վար դնելով՝ յայտարարեց Արգիշտի Գէորգեանը: Հ.Յ.Դ. Հ.Ե.Մ.-ի  ներկայացուցիչները նամակով իրենց պահանջները  փոխանցել են կառավարութեան աշխատակցին: Երիտասարդ դաշնակցականները նաեւ ընթերցել են իրենց կողմից առանձնացուած 15 փաստերը, թէ ինչու  ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեանը պէտք է հեռանայ իր պաշտօնից: Ըստ երիտասարդների այս տարի վերջին անգամ են բողոքի ցոյց կազմակերպում։

*

Եւ  վերջում։ Այս շաբաթ ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրատուն, տակնուվրայ են արել այն, բայց բան չեն տարել։Այս մասին Ազգային Ժողովում յայտարարել է  «Բարգաւաճ Հայաստան»  խմբակցութեան պատգամաւոր Նայիրա Զոհրապեանը:Ի դէպ այս լրատուամիջոցը վերջին շրջանում յայտնուել է իրաւապահների ուշադրութեան կեդրոնում, քանի որ անում է հրապարակումներ, որոնց աղբիւրներն ամենաշատ փորձում է բացայայտել յատուկ քննչական ծառայութիւնը։

*

Եւ թերեւս շաբաթուայ ամենալաւ լուրը։ Լաթւիական «Եանիս Ռոուզ» հրատարակութիւնը տպել է Ֆրանց Վերֆէլի «Մուսա լեռան 40 օրերը» վէպի լատիներէն թարգմանութիւնը՝ Իլզէ Պեքլէ-Մկրտչեանի կատարմամբ, նաեւ ընդգրկուն մեկնաբանութիւններով։ Այս մասին դիմատետրի իր էջում յայտնել է Էսթոնիայում, Լաթվիայում եւ Լիթուանիայում Հ.Հ. դեսպան Տիգրան Մկրտչեանը: Ի յաւելումն,  գրքի համար յատուկ յառաջաբան է գրել իսրայէլցի  ցեղասպանագէտ Եայիր Օրոնը, ներածական է տրամադրել նաեւ  մուսալեռցի ցեղասպանագէտ Վահրամ Շեմասեանը։

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post Հ.Յ.Դ. 129-ԱՄԵԱԿԻ ՆՇՈՒՄ՝ ՓՐՈՎԻՏԵՆՍԻ ԵՒ ՈՒՍՏԸՐԻ ՄԷՋ
Next post Փրովիտենսի Հ․Օ․Մ․-ի «Անի» մասնաճիւղի Ձեռնարկը՝ Նուիրուախ Հայաստանին եւ Արցախին

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles