ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ

Սոնա Յակոբեան

Շաբաթուայ հերքումը:  Օրեր առաջ Հայաստանի մի շարք լրատուամիջոցներ լուրեր էին տարածել, թէ հակառակորդը  մեծաթիւ ուժերով հետախուզական փորձ է ձեռնարկել արցախա- ատրպէյճանական սահմանին: Աւելի ուշ Հայաստանի պաշտպանութեան նախարարի մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը հերքել էր  Արցախի ուղղութեամբ ատրպէյճանական հետախուզական խմբի ներթափանցումը: Նա գրել էր, որ այս լուրերը չեն համապատասխանում իրականութեանը:

*
Եօթ օր  առաջնագծում: Նոյեմբեր 17-ից 23 ընկած ժամանակահատուածում արցախա- ատրպէյճանական սահմանին հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղութեամբ արձակելով  աւելի քան 1300 կրակոց: Պաշտպանութեան բանակի առաջապահ զօրամասերը հետեւում են հրադադարի պահպանմանը եւ շարունակում վստահօրէն իրականացնել մարտական հերթապահութիւն:

*
Նրանք այս շաբաթ թէյ խմեցին Պաքւում` հէնց բառիս բուն իմաստով : Խօսքն այն հայ լրագրողների մասին է, ովքեր ԵԱՀԿ Մինսքի  խումբի նախագահի անձնական ներկայացուցչի  գրասենեակի նախաձեռնութեամբ` Հայաստանի, Արցախի եւ Ատրպէյճանի համապատասխան գերատեսչութիւնների ներգրաւմամբ մշակուած ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով մեկնել էին Պաքու: Հայ լրագրողներն Ատրպէյճանում այցելել են Գանձակ ու Ղուպայ, իսկ Պաքւում եղել հայկական եկեղեցում: Նրանք նաեւ շփուել են հասարակ ատրպէյճանցիների հետ: Ի դէպ , նոյն այդ օրերին ատրպէյճանցի լրագրողներն էլ այցելեցին Հայաստան եւ Արցախ: Ատրպէյճանցի լրագրողները եղել են Գանձասարի վանական համալիրում, շրջայց կատարել Շուշիում, այցելել «Եզնիկ Մոզեան արհեստագործական ուսումնարան», երկրաբանութեան եւ կերպարուեստի պետական թանգարաններ, ծանօթացել քաղաքի տեսարժան վայրերին: Մայրաքաղաք Ստեփանակերտում լրագրողներն այցելել են «Ղարաբաղ Քարփեթ» գորգագործական ընկերութիւն, Արցախի տեղեկատուական կեդրոն, «Արցախպիօ» պահածոներ արտադրող ընկերութիւն, կայացել են նաեւ հանդիպումներ Արցախի քաղաքացիական հասարակութեան եւ Զլմ-ների ներկայացուցիչների հետ: Այս նախաձեռնութիւնը, որը համաձայնեցուել է կողմերի հետ, անհրաժեշտ է դիտարկել որպէս փորձնական քայլ` վստահութեան ամրապնդման միջոցառումների իրականացման շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Արցախեան կողմը վերջին քսան տարիների ընթացքում բազմիցս հանդէս է եկել վստահութեան ամրապնդման միջոցառումների իրականացմանն ուղղուած առաջարկութիւններով, այդ թւում` լրագրողների փոխայցերի վերաբերեալ»,- ասուած է յայտարարութեան մէջ:

*
Որտեղ էր վարչապետն այս շաբաթ․․․ Փաշինեանն այս օրերին  Խըրխըզիստանում էր: Նիկոլ Փաշինեանը Պիշքեքում  մասնակցել է ՀԱՊԿ հաւաքական անվտանգութեան խորհրդի նիստին: Նա այնտեղ ելոյթ է ունեցել եւ անդրադարձել տարածաշրջանային մի շարք խնդիրների: Ըստ Փաշինեանի Ատրպէյճանի ռազմատենչ նկրտումները բացարձակապէս անհեռանկարային են եւ խաղաղ բանակցութիւններին եւ խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկայ: Բացի այդ, Նիկոլ Փաշինեանը նկատել է, որ Ատրպէյճանի  ղեկավարութեան դիրքորոշումը վտանգաւոր է ոչ միայն Հարաւային Կովկասի, այլ նաեւ  ՀԱՊԿ երկրների անվտանգութեան համար: «Կարծում եմ, որ նոր ռազմական գործողութիւնների ուժեղացումը աղիտալի հետեւանքներ կը թողնի ոչ միայն Հարաւային Կովկասի տարածաշրջանում, այլ նաեւ նրանից դուրս: Ատրպէյճանը, գտնուելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ յարմար ցատկահարթակ իսլամական ծայրայեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցութիւնը Սուրիայում, փնտռում են նոր տարածքներ իրենց գործունէութեան համար: Ընդ որում` Ատրպէյճանը աշխարհագրական առումով շատ յարմար հարթակ է, որի միջոցով ծայրայեղականները կարող են ծաւալել իրենց գործունէութիւնը բոլոր ուղղութիւններով` հարաւում, հիւսիսում, արեւմուտքում եւ արեւելքում»,- նշել է վարչապետ Փաշինեանը: Միեւնոյն ժամանակ Նիկոլ Փաշինեանը նշել է, որ ՀԱՊԿ ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խօսքով` հնարաւոր վատթարացում կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգութեան պահպանման շահերից, պէտք է թողնեն անպատասխան Ատրպէյճանի կողմից նոր զէնք ձեռք բերելու դիմումները:

*
Գանատայից նուէր` Գեղամաւանին: Գեղարքունիքի այս գիւղի մեծահասակներն այսուհետ իրենց ժամանակն անցկացնելու նոր վայր ունեն, իսկ Մաքենիսի դպրոցականները` համակարգչային դասասենեակ: Խաղասրահի ու դասասենեակի բացումն իրականութիւն է դարձել նաեւ Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանի ջանքերով: Նուէրների ` ոչ, բայց նուիրատուների հարցում , սակայն, Երեւանի քաղաքապետարանի բախտը կարծես թէ չի բերում: Աւելին ստացած նուէրների պատճառով, քաղաքապետարանը բաւականին մեծ քննադատութեան արժանացաւ այս շաբաթ: Պարզւում է մի շարք գործարարներ քաղաքապետարանին տարբեր տեսակի նուիրատուութիւններ են արել, որոնք քաղաքապետարանը սիրով ընդունել է, նուիրատուներին էլ  պատուոգրեր յանձնել: Թէեւ Երեւանի քաղաքապետի մամլոյ խօսնակը սկզբում հերքել էր, բայց աւելի ուշ հաստատուեց, որ նուիրատուների շարքում նաեւ գործարար Սամուէլ Ալեքսանեանի անունն էլ կայ :

*
Շաբաթուայ մեղադրեալը Հայաստանի նախկին գլխաւոր դատախազ Գէորգ Կոստանեանն է: Նա այս շաբաթ «Մարտի մէկ»-ի գործում մեղադրեալի կարգավիճակ ստացաւ եւ նրա նկատմամբ հետախուզում  յայտարարուեց: Հ.Հ. յատուկ քննչական ծառայութիւնը միջնորդութիւն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ կալանաւորումը որպէս խափանման միջոց ընտրելու համար: Յիշեցնեմ , որ  Կոստանեանը նոյն այս գործի շրջանակներում Յատուկ քննչական ծառայութիւն էր կանչուել դեռ Սեպտեմբերին: Նա այդ ժամանակ յայտնել էր, որ արտերկրում է եւ կը վերադառնայ օրեր անց:

*
Երկու շաբաթից աւելի նստացոյցով  Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը պահանջող Հ.Յ.Դ․ Հայաստանի երիտասարդական միութեան անդամները իրենց շարժումը դադարեցրեցին, բայց կրքերը  դեռ չեն հանդարտւում: Այս շաբաթ դասադուլ արեցին Երեւանի Պետական համալսարանի բանասէր մի խումբ ուսանողները: Հ.Յ.Դ․ երիտասարդներն էլ այս շաբաթ յայտարութիւն էին տարածել ` պահանջելով  շրջանառութիւնից հանել կամ արմատապէս փոխել բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան օրէնքի մասին նախագիծը:  Նրանք նաեւ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Արայիկ Յարութիւնեանին անվստահութիւն յայտնելու հարցով դիմել են Ազգային ժողովի «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեանը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրոյցում ասել է խմբակցութեան ղեկավար Էտմոն Մարուքեանը: «Ստացել ենք նամակ, պատասխանել ենք: Խորհրդրարանի խմբակցութիւնները չեն կարող մէկ նստաշրջանի ընթացքում մի քանի նախարարի անվստահութիւն յայտնել: Մենք տնտեսութեան  նախարարին անվստահութիւն արդէն յայտնել էինք, մերժուել էր, այս եկող  նստաշրջանում այլ նախարարի վերաբերեալ արդէն գործընթաց կար սկսուած, եւ մենք չենք կարող հիմա էլ արդէն այլ նախարարի վերաբերեալ գործընթաց սկսել»,- ասել է Մարուքեանը:

*
Շաբաթուայ ցաւալի լուրը: Դիլիջանի ուսումնական կեդրոնի տարածքում Նոյեմբեր  26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, յայտնաբերուել ժամկէտային զինծառայող, շարքային Վահան Ռոպերթի Մուշեղեանի դին` ծառից կախուած վիճակում: Դէպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարւում է քննութիւն:  Ռուսաստանում էլ, դժբախտ պատահարի հետեւանքով այս շաբաթ մահացել է Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետեանը: Դէպքը տեղի է ունեցել քաղաքի գարեջրի գործարանում, որտեղ պայթում է տեղի ունեցել: Պայթումից յետոյ հրդեհ է սկսուել եւ  մասնակիօրէն այրուել է մասնաւոր շինութիւնը:

*
Լուրեր Մայր Աթոռից․․․ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսաւորիչներ Ս. Թադէոս եւ Ս. Բարդողոմէոս առաքեալների տօնն այս տարի տօնախմբուելու է Նոյեմբերի 30-ին: Առաքեալների տօնը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով, դեռեւս 2015 թուականին հռչակուել է Աստուածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Մայր Աթոռի տեղեկատուական համակարգի ղեկավար Տէր Վահրամ քահանայ Մելիքեանը նշել է, որ տօնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կը մատուցուի Սուրբ Պատարագ, որի ընթացքում տաճար կը բերուի Սուրբ Էջմիածնում պահուող համաքրիստոնէական սրբութիւնը` Սուրբ Գեղարդը:
*
Եւ շաբաթուայ ամենաշատ քննարկուած գրառումը: Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Առաջին կաթողիկոսը Լիբանանի առնչութեամբ գրառում է արել «թուիթըր»-ում: «Յեղափոխութիւնն արագ ցնդում է, երբ խոստումը հեռու է մնում իրականութիւնից: Յեղափոխութիւնն արագ գոլօշիանում է, երբ խոստումը նրա յենարանը չէ: Ու երբ խոստումը հեռու է մնում կեանքի իրականութիւնից, մի խոր անջրպետ է գոյանում ժողովրդի ու իշխանութեան միջեւ. կացութիւն, որն աննախատեսելի վտանգելով յղի է դառնում»,-գրել է Վեհափառը:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*