ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ

Սոնա Յակոբեան

Նախորդ շաբթուայ վերջին` Նոյեմբեր 16-ին, Արցախի ապրիլեան քառօրեայ պատերազմի հերոս   Ռոպերթ Ապաճեանը կը դառնար  23 տարեկան: Ու թէեւ Հայաստանում ու Հայաստանի սահմաններից  դուրս նրա յիշատակը շատերը ոգեկոչեցին  անցեալ շաբաթուայ վերջին , խախտելով  «Հայրենիքէն ՛՛Հայրենիք՛՛-ին» շարքի ձեւաչափը , այս շաբաթուայ լրահոսը սկսենք`   Ռոպերթի յիշատակը յարգելով:

Ապրիլ 2016-ին Ռոպերթ Ապաճեանը  ընդամէնը 19 տարեկան էր, երբ իր կեանքը զոհաբերեց`  շատերի կեանքը փրկելու համար: Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերն արցախա-ատրպէյճանական սահմանի  ողջ երկայնքով թշանամու աւելի քանի երեք հարիւր հոգինոց խմբերը հրասայլերի աջակցութեամբ փորձ են կատարում գրաւելու հայկական դիրքերը: Հրամանատար Արմենակ Ուրֆանեանը գլխաւորութեամբ` վեց հոգինոց սահմանապահ ուժերն անցնում են պաշտպանութեան` երկու անգամ յաջողութեամբ հետ մղելով հակառակորդի յարձակումները ու խոցելով նաեւ թշնամու մէկ հրասայլ: Անյաջող յարձակման փորձից յետոյ թշնամին նահանջում է եւ կրկին սկսում ռմբակոծել հայկական դիրքերը:   Ուրֆանեանը հրահանգում է իր զինուորներին հետ քաշուել, բայց նրանցից երկուսը` Անդրանիկ Զոհրապեանն ու Քեարամ Սլոյեանը հրաժարւում են ենթարկուել ու շարունակում են մարտը իրենց հրամանատարի հետ: Յամառ դիմադրութիւնից յետոյ ` հակառակորդին մեծաթիւ վնասներ պատճառելով Արմենակ Ուրֆանեանը զոհւում է,   նրա հետ միասին նաեւ Քեարամ Սլոյեանը : Ոտքի վիրաւորում ստացած Ռոպերթ Ապաճեանը հրամանատարութիւնը վերցնում է իր  ձեռքը եւ պատնէշի վրայից շարունակում մարտը: Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինուորներին ուղղարկում է փամփուշտ բերելու: Այդ ընթացքում հակառակորդին յաջողւում է թափանցել դիրք: Ապաճեանը, կողքին մնացած միակ ծառայակցի` վիրաւորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրապեանին միայնակ դիրքում չթողնելով մի կերպ նահանջում է դէպի դիրքային կացարան: Արիւնահոսութիւնից շուտով մահանում է Զոհրապեանը: Մարտական խորշում դիրքաւորուելով, Ռոպերթ Ապաճեանը մինչեւ վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռուել թշնամու մեծաթիւ ուժերի դէմ` միեւնոյն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ եւ վերջինիս կարեւոր տեղեկութիւններ հաղորդելով դիրքում կատարուող դէպքերի մասին: Նկատելով իրեն մօտեցող թշնամուն` Ապաճեանը վերջին անգամ կապի է դուրս գալիս  եւ ասում ,  որ արդէն հանել է իր մօտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է` հէնց մօտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չյանձնուի: Տեսնելով իրեն մօտեցող հակառակորդին, Ապաճեանը բացուած նռնակը թաքցնում է ափի մէջ եւ ձեռքերը վեր բարձրացնում, իբր յանձնւում է: Թոյլ տալով, որ բաւականաչափ իրեն մօտենան, Ապաճեանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինուորի: Անձնազոհ քայլով Ռոպերթ Ապաճեանը նաեւ փրկում է թիկունքից օգնութեան հասած հայկական ուժերի զինուորներին:  Ռոպերթն այսօր Արցախի ամենաերիտասարդ հերոսն է, նա   չկայ, բայց  նրա ու շատ հերոս տղաների կեանքի գնով մերն է  Մարտակերտի բարձունքը:

*

Ապրիլեան քառօրեայ պատերազմի օրերին կամաւոր առաջնագիծ մեկնողներից էին նաեւ  Հ․Յ․Դ․ Հայաստանի երիտասարդական միութեան անդամ  շատ երիտասարդներ, որոնք արդէն  մէկ շաբաթից աւելի է փողոց են դուրս եկել եւ պահանջում են կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնամարզի նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը: Նրանք անգամ վատ եղանակային պայմաններում գիշերում են նախարարութեան շէնքի մօտ: Աւելին, այս շաբաթ նրանց միացան նաեւ հիւսիսային համալսարանի ուսանողները: Ոստիկաններն էլ  թոյլ չեն տուել նստացուցի մասնակիցներին վառարան տեղադրել: Տեւական վէճից յետոյ, ոստիկանները հեռացել են, վառարանն ալ իրենց հետ տանելով: Երիտասարդները չեն խոչընդոտել, լարուածութիւնը չմեծացնելու համար:

*

Շաբթուայ սպառնալիքը․․․․․․հայագիտական առարկաների ուսուցման անհրաժեշտութեան վերաբերեալ  Արայիկ Յարութիւնեանի ու մի շարք դասախօսների, ակադեմիկոսների հանդիպումը հէնց սպառնալիքով էլ աւարտուել է:  Համընդհանուր դժգոհութեանը չդիմանալով , նախարարը հանդիպումը վերածել է քաղաքական բանավէճի: Պատասխանելով  Երեւանի պետական համալսարանի  հայոց լեզուի ամպիոնի պատասխանատու Ռիթա Սաղաթէլեանի դիտարկմանը, թէ նախարարը շատ է ակնարկում , որ իրենց ոլորտում կաշառակերութիւն կայ, բայց  ունի՞ արդեօք  կաշառակերութեան դէպքի որեւէ փաստ, Արայիկ  Յարութիւնեանը մոռացել է , որ ինքը կրթութեան ոլորտի գլխաւոր պատասխանատուն է: «Ձեր եղբօր տղայի կուսակցութիւնը անպայման կը ստանայ այդ արկղերով քրէական գործերը` հիմա մենք հարցումը արել ենք եւ կը ստանանք պատասխանները», պատասխանել է Արայիկ  Յարութիւնեանը: Յիշեցնեմ, որ Ռիթա  Սաղաթէլեանը Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ  Իշխան Սաղաթէլեանի հօրաքոյրն է:  Իսկ արկղերը, որոնք նա ամենասկզբում խոստացել էր լցնել կրթութեան ոլորտի քրէական գործերն ու ուղղարկելու դաշնակցականներին», յետոյ արդէն յայտարարել, որ խօսքը չի վերաբերում կրթութեան նախկին նախարար Լեւոն Մկրտչեանին, այլ ընդհանրապէս կրթական համակարգին, նախարարութիւն են տարել ցուցարար երիտասադները, պահանջելով , որ Արայիկ Յարութիւնեանը դրանք լցնի իր իրերով եւ հեռանայ նախարարութիւնից:

*

Չուշացաւ նաեւ Իշխան Սաղաթէլեանի պատասխանը: «Դաշնակցութիւնը հօրաքրոջս եղբօր տղայի կուսակցութիւնը չէ,Դաշնակցութիւնը Նիկոլ Աղբալեանի (յուսով եմ` ծանօթ ես), Յովհաննէս Թումանեանի, Սողոմոն Թէհլիրեանի, Թաթուլ Կրպէյեանի կուսակցութիւնն է: Դու այդպէս էլ չհասկացար ընտանեկան, քաղաքական, կուսակցական եւ անձնական յարաբերութիւնների տարբերութիւնը»,- յայտարել է Սաղաթէլեանը: Նա ակնարկել է , թէ  երբ  չորս ամիս նոյն կառավարութիւնում էին աշխատում  պաշտօնական եւ ոչ պաշտօնական մթնոլորտում ինչո՞ւ մէկ անգամ Յարութիւնեանը չի համարձակուել  իր կամ  Հ․Յ․Դ․ գործընկերների երեսին ասել, թէ` նախկինում ձեր ընկերները թաղուած են եղել կոռուպցիա-ի մէջ, արկղերը լիքն են քրէական գործերով:  «․․․Ցաւօք, ոչ թէ իմ աչքերին նայելով, այլ պատկառելի լսարանի առջեւ, որտեղ դու միշտ լարուած ես` հասկանալի պատճառով, դու վիրաւորեցիր կնոջը, դասախօսին, իմ անունը չտալով` մեղադրեցիր իմ կուսակցութեանը: Նա անկուսակցական կին է, համալսարանի դասախօս, քեզ պէս հարիւրաւոր երիտասարդների է դասաւանդել, թերեւս մի քանիսն էլ քեզ պէս ամբարտաւան են եղել: Դրա համար էլ այսօր դասախօսական բարձունքից չկոպտեց քեզ պահուածքիդ համար: Բայց ես դասախօս չեմ, քաղաքական գործիչ եմ, ներկայացնում եմ 129 տարուայ կենսագրութիւն ունեցող համահայկական կուսակցութիւն․․․»,- պատասխանել է Սաղաթէլեանը:

*

Շաբթուայ երկրորդ կէսին հայաստանեան եւ ինչո՞ւ չէ միջազգային լրահոսը գրաւեցին Հսայաստանի երրորդ նախագահն ու ներկայիս վարչապետը իրենց պարզաբանումներով ու ելոյթներով: «Ով , ում  եւ ինչպէս է հանդիպել» պարզւում է այս հարցերը կարեւոր են Սերժ Սարգսեանի ու Նիկոլ Փաշինեանի համար : Այս շաբաթ յայտարարութիւն տարածեց  Հ․Հ․ երրորրդ նախագահ Սերժ Սարգսեանի գրասենեակը ` պնդելով, որ վերջինս Նիկոլ Փաշինեանի հետ  երբեւէ որեւէ շփում չի ունեցել: «Հայաստանի  երրորդ նախագահի գրասենեակը պաշտօնապէս յայտարարում է, որ Սերժ Սարգսեանը ո՛չ պաշտօնավարման ժամանակաշրջանում, ո՛չ պաշտօնաթողութիւնից յետոյ եւ ո՛չ էլ որեւէ այլ ժամանակահատուածում ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել յիշեալ անձնաւորութեան հետ, բացառութեամբ 2018 թուականի Ապրիլ 22-ին «Արմինիա Մարիոթ» հիւրանոցում հրապարակային եւ ընդամէնը մի քանի րոպէ տեւած հանդիպման»,-ասւում է յայտարարութեան մէջ:

Ետ չմնաց նաեւ Փաշինեանը, ռուսական լրատուամիջոցների հետ հանդիպման ընթացքում` հարցին  արդեօք Փաշինեանը բարեկամական յարաբերութիւններ ունի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն  Տէր Պետրոսեանի հետ, ում հետ նրանք մի ժամանակ նոյն քաղաքական ճամբարում են եղել, Փաշինեանի պատասխանը երկար ու մանրակրկիտ է եղել : Ըստ նրա իր եւ Լեւոն Տէր Պետրոսեանի քաղաքական կապերը քանդուել են  2012 թուականին։ Դրանից յետոյ ինքը սկսել է  իր քաղաքական նախաձեռնութիւնը, եւ փաստացի ո՛չ գաղափարական, ո՛չ կազմակերպչական եւ ո՛չ էլ քաղաքական կապ չունի Տէր Պետրոսեանի հետ: Իր` Հ․Հ․ վարչապետ ընտրուելուց յետոյ, Տէր Պետրոսեանն ինքն էլ  ցանկացել  հանդիպել: «Նա ինձ փոխանցեց որոշ տեղեկութիւններ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերեալ, բայց ես արդէն այն ժամանակ ասացի (չեմ յիշում, երբ է տեղի ունեցել այդ հանդիպումը, գուցէ` Յունիսի վերջին, ես ճշգրիտ չեմ յիշում), բայց գործնականում բոլոր այն տեղեկութիւնները, որոնք պարոն Տէր Պետրոսեանը ինձ փոխանցեց, ես արդէն գիտէի, եւ այն ժամանակ էլ ես ասացի, որ նա ինձ համար ոչ մի նոր բան չասաց: Այսինքն` ես այդ ժամանակ արդէն վարչապետ էի, եւ տրամաբանական է, որ իմ առաջին քայլերից մէկն այն էր, որ խնդրեցի տրամադրել ինձ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերեալ ողջ տեղեկատուութիւնը: Այսինքն` ես արդէն ծանօթ էի այս տեղեկատուութեանը»,- եզրափակել է  Փաշինեանը:

*

Մէկ տարի ու մի քանի ամիս անց  պահպանած լռութիւնից յետոյ այս ամիս ակտիւացաւ նաեւ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ  Սարգսեանը:  Նա այս շաբաթ ելոյթ է ունեցել Զաղրէպում ` Եւրոպական Ժողովրդական կուսակցութեան համագումարին: Ըստ Սերժ Սարգսեանի  ինքը 2018-ի Ապրիլին , առանց արիւն թափելու հեռացաւ , որպէսզի հայ ժողովուրդը աւելի լաւ պետութիւն կառուցի, բայց այսօր իր համար աւելի հնչեղ են դառնում  այն մարդկանց ձայները, ովքեր իրեն մեղադրում են իշխանութիւնը պոպուլիստների զիջելու մէջ: Ըստ նրա յեղափոխութեան անուան տակ եկածները վերջին մէկ ու կէս տարուայ ընթացքում երկրի արտաքին եւ ներքին օրակարգերում որեւէ յեղափոխական բԵկում  չեն մտցրել: Աւելին նրանց վարած քաղաքականութիւնը  խաթարում է սահմադրութեան հիմքերը, երկրում տիրում է ատելութեան , անհանդուրժողականութեան մթնոլորտ: Սերժ Սարգսեանը խոստովանել  է, որ Հայաստանում կատարուածի մէջ կար նաեւ իր մեղքը:   Նա նաեւ նշել, որ Արցախեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցային ներկայիս փուլն իր մօտ մտահոգութիւնն է առաջացնում:

*

Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, բայց եթէ անհրաժեշտ լինի Հայաստանի վարչապետը ոչ միայն կը հասնի Հռոմ , այլ ՆԱԵՒ Վենետիկի նկուղները` այնտեղ թաքնուած ապօրինի հարստացողներին բռնելու եւ արդարադատութեան ձեռքը յանձնելու համար: «Իտալիայում այսօր թաքնուած են բոլոր ամենայայտնի կոռուպցիոներները ([Խմբ․- զեղծարարները) եւ որեւէ մէկը յոյս չունենայ, թէ դուրս է պրծնելու , Հայաստանի արդարադատութեան ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ` Վատիկանի որ  նկուղներերում են թաքնուած, վզներից բռնելու ենք, հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները, եւ գողացուած վերջին կոպեկը պէտք է վերադարձնեն ժողովրդին: Մենք քարոզում ենք սԷր, ես ինքս, ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսն էր սԷր քարոզում, բայց երբ որ եկաւ ժամանակը, նա մտաւ տաճարի տարածք եւ շուռ տուեց սեղանները` ասելով, որ այս սրբութեան տաճարը դուք դարձրել էք առեւտրի եւ դալալութեան միջավայր»,- ասել է Փաշինեանը: Յիշեցնեմ որ , նա այս շաբաթ ելոյթ է ունեցել  Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում:  Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում , նրան դիմել  է մի կին , նշելով , որ ինքը մտահոգուած է ներկայիս կառավարութեան վարած քաղաքականութեամբ եւ թէ վարչապետը պէտք է հրաժարական ներկայացնի: «Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդի վստահութիւնը, իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահութիւնը, որեւէ մէկին չեմ թողնի, որ ակնարկի դրա մասին»,- պատասխանել  է Փաշինեանը:

Ստի ոտքը կարճ է, յատկապէս , երբ սուտը գալիս է մեր թշնսմի հարեւան երկրից: Միլանում  նոյն հանդիպման ընթացքում  Փաշինեանին հարց է տուել մի  ատրպէյճանցի պլոկըր` ակնարկելով, թէ հայերի պատճառով ինքը զրկուած է իր ծննդավայր Ղարաբաղ գնալուց: Փաշինեանն, ի հարկէ , հիմնաւոր պատասխանով ապացուցել է հակառակը, բայց աւելի ուշ մամուլում հրապարակումներ յայտնուեցին , որտեղ նոյն պլոկըրը Պաքւում  յատուկ ծառայութեան աշխատակիցների շարքում էր:

*

Եւ շաբաթուայ ամենացաւալի լուրը, որը հազարաւոր մարդկանց աչքեր լցրեց արցունքներով: Այս շաբաթ հողին յանձնեցին 77-ամեայ տատիկին ու նրա 4 թոռնիկներին : Նրանք մահացել էին Նոր- Հաճընի իրենց բնակարանում կազի արտահոսքից: Երեխաների մայրը, ուր ազգութեամբ Ուքրայինայէն է մի քանի տարի առաջ լքել է նրանց , հայրն էլ աշխատել է Ռուսաստանում :  Երեխաներն ապրում էին իրենց տատիկի հետ:  Նրանք ըստ հարեւանների համեստ եւ աշխատասէր են եղել :

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*