Կրթութիւնը Պետական Շինարարութեան Հիմքն Է

A girl in school.

ԼԵՒՈՆ ՄԿՐՏՉԵԱՆ

Վերջին շրջանում անհիմն, շանթաժային որակումների «ջերմ» մթնոլորտում երբեմն առկայծում են կրթութեան հիմնահարցերին վերաբերող որոշ գնահատումներ, եւ անընդհատ փորձ է կատարւում իմ` կրթութեան եւ գիտութեան նախարար պաշտօնավարելու տարիների վերաբերեալ վարկաբեկիչ, պիտակաւորող «արժեւորումների» գործելաոճ կիրառել: Ըստ այդմ, հարկ եմ համարում ներկայացնել իմ պաշտօնավարման տարիների ընթացքում արձանագրուած արդիւնքների մի մասը:

Պաշտօնավարման տարիներ` 1998թ. ապրիլ-1999 թ. յունիս

Պաշտօնը ստանձնել եմ խիստ բարդ իրավիճակում: Խորհրդային կրթական համակարգի փլուզումից յետոյ թերֆինանսաւորման, արժեհամակարգերի փոփոխութեան պայմաններում իմ նախորդներին թէեւ յաջողուել էր փրկել կրթական հաստատութենական կառոյցները կազմաքանդումից, բայց կուտակուած էին մնում հսկայական հիմնախնդիրներ: Մասնաւորապէս`

– Կրթութեան ոլորտը չունէր կարգաւորող օրէնսդրութիւն, բացակայում էր կրթութեան մասին մայր օրէնքը:

– Չէր ձեւաւորուել անկախ պետականութեանը յարիր հանրակրթական համակարգը: Դպրոցներում չկային դասագրքեր (իւրաքանչիւր դասարանում յաճախ կարելի էր գտնել տուեալ առարկայից երկու-երեք հնամաշ դասագիրք): Ուսուցիչները ստանում էին աներեւակայելի ցածր աշխատավարձ: Դպրոցներից հեռացել էր տղամարդ ուսուցիչների մի ստուար զանգուած:

– Բուհական եւ գիտութեան համակարգերը գտնւում էին խիստ ծանր նիւթատեխնիկական վիճակում:

Իրավիճակը հաշուի առնելով` դեռեւս նախորդ նախարարի ժամանակ բանակցութիւններ էին սկսուել Համաշխարհային դրամատան հետ` կրթական բարեփոխումներին ուղղուած վարկային ծրագիր ձեւաւորելու համար:

Մէկ տարի երկու ամիս լարուած աշխատանքի շնորհիւ կարողացանք`

– Համատեղ եւ համախորհուրդ աշխատանքով ընդունել Հայաստանի կրթութեան օրէնքը, որը գործում է առ այսօր,

– Համաշխարհային դրամատան հետ ստորագրուած վարկային արտօնեալ համաձայնագրով սկսուեց ազգային կրթահամակարգի ձեւաւորումը:

Փոխուեց դպրոցների կառավարման համակարգը, դրանք դարձան ինքնուրոյն իրաւաբանական անձ, մշակուեց դպրոցների` խորհուրդներով կառավարման մոտելը, սկսուեց ըստ աշակերտի ֆինանսաւորումը եւ դպրոցների ինքնավարութեան ֆինանսական բաղադրիչի արմատաւորման ծրագիրը.

– Խնդիր դրուեց իւրաքանչիւր տարի բարձրացնել երկրի ՀՆԱ-ում կրթութեան տեսակարար կշիռը (2%֊-ից 2008թ-ին այն հասաւ 3.1%-ի):

– Մշակուեցին հանրակրթական առարկայական չափորոշիչները եւ դպրոցական համակարգը սկսեց ապահովուել անհրաժեշտ դասագրքերով: Վարկային միջոցների վերադարձելիութիւնն ապահովելու համար ձեւաւորուեց դասագրքերի շրջանառու հիմնադրամը, որի շնորհիւ կարճ ժամանակում իւրաքանչիւր դպրոց կարողացաւ ձեւաւորել սեփական դասագրքային ֆոնտը: Ծրագիրն օրինակելի համարուեց Համաշխարհային դրամատան կողմից եւ ներդրուեց բազմաթիւ երկրներում.

– Ձեւաւորուեց կրթութեան ազգային հաստատութիւնը, որը սկսեց զբաղուել ռազմավարական լուծումների մշակմամբ:

– Դպրոցներում վերականգնուեցին ռազմագիտութիւն, ազգային դիմագծի ձեւաւորման համար կարեւոր առարկաներ, ինչը խիստ անհրաժեշտ էր ազգային կրթական համակարգի ձեւաւորման համար:

– Կտրուկ բարձրացաւ ուսուցիչների աշխատավարձը, ձեւակերպուեցին դրոյքների, դասարանների խտութեան չափորոշիչները:

– Գիտութեան մէջ ֆինանսաւորման աւանդական ձեւաչափի հետ զարգացաւ թեմատիկ ֆինանսաւորման առաջադէմ ձեւը. բարձրագոյն կրթութեան մէջ սկսուեցին հիմնախնդիրների գոյքագրման եւ եւրոպական մասնագիտական կրթութեան չափանիշներին նախապատրաստելու աշխատանքները:

Պաշտօնավարման տարիներ` 2001թ. նոյեմբեր- 2003թ. յունիս

Շարունակելով նախարար Է. Ղազարեանի բովանդակային փոփոխութիւնների քաղաքականութիւնը` մշակուեց ազգային կրթակարգը, որն իր տեսակի մէջ առաջինն էր տարածաշրջանում: Վրաստանը միայն տարիներ անց իրականացրեց նման ծրագիր: Ծրագիրն ուղղուած էր հանրակրթական դպրոցների որակի բարձրացմանը եւ հաւասար հնարաւորութիւնների ստեղծմանը մեծ ու փոքր, քաղաքային եւ մարզային դպրոցների համար: Հիմնական շեշտադրում էր կատարուած ազգային դաստիարակութեան համար անհրաժեշտ առարկայախմբերի առկայութեանը, ներմուծուած էր քաղաքացիական եւ իրաւական կրթութեան առարկայախումբը:

Գործադրուեց ուսուցիչների պարտադիր վերապատրաստման համալիր ծրագիրը:

– Վերականգնուեցին շատ նախնական եւ միջին մասնագիտական կրթական հաստատութիւններ:

– Project Harmony կազմակերպութեան հայկական ներկայացուցչութեան հետ սկսուել էր փորձնական ծրագիր` շուրջ 150 դպրոց համակարգիչներով աշխատելու եւ ցանցային կապով կապելու ուղղութեամբ: Այդ հիմքով բանակցութիւններ սկսուեցին Համաշխարհային դրամատան հետ ապագայ վարկային ծրագրի շուրջ, որի ժամանակ մշակուեց եւ իրականացուեց Հայաստանի հանրակրթական դպրոցների համալիր համակարգչայնացման եւ ցանցի ձեւաւորման մեծ նախաձեռնութիւնը:

– Հիմնուեց Կրթական արհեստագիտութիւնների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ), եւ սկսուեց դպրոցները համակարգիչներով ապահովելու ծրագրի իրագործումը: Վարկային ծրագիրն իրականացուեց յաջորդ նախարար Ս. Երիցեանի պաշտօնավարման ընթացքում եւ արձանագրեց լուրջ արդիւնքներ:

– Այս շրջանում էր, որ կրթական համակարգը պահպանման տրամաբանութիւնից անցում կատարեց զարգացման եւ եւրոպական կրթական համակարգում ներառուելու` յաւակնոտ խնդրի կատարմանը:

– Հայաստանում սկսուեցին աշխատանքներ բարձրագոյն կրթական համակարգը եւրոպական չափորոշիչներին մօտեցնելու եւ եւրոպական մասնագիտական կրթական դաշտի մէջ ընդգրկուելու ուղղութեամբ: Մենք պիլոտային մակարդակով մաս կազմեցինք համաեւրոպական մի քանի ծրագրերի:

Պաշտօնավարման տարիներ` 2006թ. մայիս – 2008թ. յունիս

– Երկրում իրականացուել էր երկրորդ վարկային ծրագրի մեծ մասը: Ընդունուել էին կրթական մի շարք ոլորտներ կանոնակարգող օրէնքներ: Մենք մաս էինք կազմել Պոլոնիայի համաեւրոպական գործընթացին, ներդրուել էր բարձրագոյն կրթութեան եռաստիճան համակարգը:

– Հիմնական նպատակ էր դարձել երկիրը նախապատրաստել կրթական որակի նոր չափանիշների ընդունմանը եւ կրթական արդիւնքների ճանաչմանը միջազգային մակարդակով:

– Աւարտուեց բուհական ընդունելութեան քննութիւնները նախարարութիւնից անկախ իրականացնելու ծրագիրը: Գիտելիքների թեստաւորման կենտրոնը սկսեց լիարժէք աշխատել: Հետագայում այս կենտրոնը տեղափոխուեց վարչապետի աշխատակազմ:

– Ձեւաւորուեց կրթութեան որակի ապահովման անկախ կենտրոնը, որն իր հետեւողական աշխատանքի շնորհիւ այսօր լիարժէք ճանաչուած է ամենահեղինակաւոր միջազգային կառոյցների կողմից:

– Մշակուեց որակաւորումների ազգային շրջանակը, ինչը հնարաւոր դարձրեց Հայաստանի կրթութեան որակի ճանաչումը միջազգային մակարդակով:

– Լիարժէք սկսեց աշխատել կրթական վիճակագրութեան համակարգը Հայաստանում եւ այն ստացաւ բարձր գնահատական մեր միջազգային գործընկերների կողմից:

– Սկսուեցին աշխատանքներ Հայաստանում աւագ դպրոցների ձեւաւորման ուղղութեամբ: Աւագ դպրոցների ցանցը պէտք էր ապահովէր քրետիթային համակարգի լիարժէք ներդրումը կրթական համակարգում եւ դիւրացնէր հանրակրթութիւն – պաքալաւրիաթ անցումը: Ծրագրի համար ընտրուեց փորձնական դպրոցների խումբ: Քաղաքականութեան իմպլեմենտացիան սկսուեց 2008թ.-ից յետոյ:

Պաշտօնավարման տարիներ` 2016թ. փետրուար- 2018թ. ապրիլ

Պաշտօնավարման այս շրջանում կրթագիտական համակարգի առջեւ ծառացած էին որակապէս այլ հիմնահարցեր: Նոր` ժամանակակից աշխարհին բնորոշ կրթակարգի կառուցումը, համալսարանական կրթութեան որակի, միջազգային վարկանիշային ցանկերում ներառուելու հրամայականը, գիտութիւն, կրթութիւն եւ աշխատաշուկայ գործնական եւ կիրառելի մոտելի ձեւաւորումը կարեւոր նպատակներ էին եւ շարունակում են մնալ նաեւ այսօր: Կատարուել էր մեծ աշխատանք: Հայաստանում էր գումարուել եւրոպական բարձրագոյն կրթութեան համակարգի ամենահեղինակաւոր համագումարներից մէկը: Ընթացք էր տրուած «Հորիզոն-2020» գիտական խոշորագոյն ծրագրին անդամակցելու գործընթացին: Սկսուել էր բարձրագոյն կրթութեան նոր օրէնքի մշակման աշխատանքը: Սկսուել էր աւագ դպրոցների վերանորոգման համալիր ծրագիրը, ընտրուել էին համապատասխան դպրոցները:

– Մշակուեց կրթութեան նոր ռազմավարութիւնը, սկսուեց նոր կրթակարգի ձեւաւորումը:

– Մշակուեցին փոքր դպրոցների կառավարման, հեռավար կրթութեան ներդրման ծրագրեր:

– Աւարտուեց դպրոցական ելեկտրոնային գրադարանի ձեւաւորումը:

– Տարածքային կառավարման նախարարութեան հետ մշակուեց դպրոցների ֆինանսաւորման նոր կարգը:

– Մեծ յաջողութիւն էր Հայաստանի միջնակարգ կրթութեան աւարտական վկայականների միջազգային ճանաչումը, այդ թւում` մի շարք առաջաւոր եւրոպական երկրների կողմից:

– Մշակուեց ընդունելութեան քննութիւնների գործող համակարգի բարելաւման ծրագիրը, որի հիմքում ընկած է ուսանողի` տարուայ ընթացքում մէկից աւելի անգամ քննութիւն յանձնելու փորձ կատարելու եւ քննական արդիւնքներից յետոյ բուհը ընտրելու իրաւունքը:

– Մշակուեց հանրակրթութեան ապաքաղաքական ինքնավար կառավարման մոտելը, որով արմատապէս բարեփոխուելու էր դպրոցական խորհուրդների աշխատանքը:

– Մշակուեց առաջին դասարանների ելեկտրոնային ընդունելութեան ծրագիրը:

– Ուսուցիչների ընկերային վիճակի արմատական բարելաւման եւ վերապատրաստումների որակական նոր չափանիշների ներդրման համար ֆինանսական աջակցութեան պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց մեր եւրոպական գործընկերների հետ:

– Բնագիտական առարկաների նոր չափանիշների կիրառման եւ կրթութեան ազգային հիմնարկութեան բարեփոխման համար, ինչպէս նաեւ Հայաստանի մարզերից մէկում հանրակրթական քլաստերի ձեւաւորման նպատակով պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց Եւրամիութեան հետ 2018թ.-ի կէսերից սկսել յստակ ազգային ծրագիր, որը մանրամասնօրէն մշակուեց եւ հաստատուեց համատեղ ջանքերով:

– ՌԴ գործընկերների հետ աշխատանքի արդիւնքում «Դպրոցական սնունդ» ծրագիրը մեծ ֆինանսաւորում ստացաւ:

– Մշակուեց «Ուսուցիչ» ծրագիրը, որը հնարաւորութիւն կը տայ լաւագոյն ուսուցիչներին իրենց գիտելիքները հաստատելու ճանապարհով ստանալ մինչեւ 300.000 հայաստանեան դրամ աշխատավարձ:

– Մշակուեց բարձրագոյն կրթութեան մասին օրէնքի նախագիծը եւ բարձրագոյն կրթութեան համալիր բարեփոխումների ծրագիրը: Ընդառաջելով մեր խնդրանքին` Համաշխարհային դրամատունը, իր միջոցների հաշուին, բարձրագոյն կրթութեան օրէնքի մշակման համակարգի կառավարման նոր մոտելի ձեւաւորման համար ներգրաւեց աշխարհի լաւագոյն մասնագէտներից կազմուած աշխատանքային խումբ: Բարձրագոյն կրթութեան մասին օրէնքի նախագծում ներառուեցին խիստ կարեւոր սկզբունքներ: Մասնաւորապէս` ուսանողների կրթութեան ձեւը եւ տեւողութիւնը ընտրելու իրաւունքի մեծացում, ազատ տեղաշարժի եւ ֆինանսաւորման արդի համակարգերի ներդրում, հեռակայ ուսուցման վերափոխում, հայոց լեզուի պարտադիր քննութեան նորմի ամրագրում, մասնագիտական եւ ծրագրային հաւատարմագրման համակարգի ներդրում եւ այլն:

– Գիտութեան եւ բարձրագոյն կրթութեան բնագաւառում սկսուեցին մշակումները երկու գիտակրթական քլաստերների ձեւաւորման ուղղութեամբ (բնագիտական եւ հայագիտական), երբ մագիստրանտը հնարաւորութիւն էր ունենալու իր քրետիթները հաւաքելու բարձրագոյն կրթական հաստատութիւնում, գիտական հիմնարկում եւ պիզնեսը ներկայացնող հաստատութիւնում` իր կրթավճարի շրջանակներում: Նաեւ նախատեսւում էր, կառավարութեան յատուկ որոշմամբ, բնագիտական եւ հայագիտական որոշ մասնագիտութիւնների համար կրթութիւնը դարձնել անվճար: Կատարուած էին անհրաժեշտ ֆինանսական հաշուարկներ:

– Գիտութեան բնագաւառում Հայաստանը լիարժէք անդամութեան կարգավիճակով անդամակցեց «Հորիզոն 2020» ծրագրին: Այս տարի ունեցանք ֆինանսաւորման առաջին կարեւոր արդիւնքները:

Այս ծրագրերից շատերը ներկայումս իրագործման փուլում են

Վերջում մի կարեւոր եզրայանգում` կրթական բարեփոխումների յաջողութեան գրաւականը աշխատանքների շարունակականութեան մէջ է: Շարունակականութիւն, որն ընդունակ է յենուելու նախկին դրական փորձի վրայ եւ առաջարկելու նոր` առաւել կատարելագործուած զարգացման մակարդակ:

Յ. Գ. Այնուհանդերձ, եթէ կրթութեան շուրջ ներկայումս նկատուող բանավէճը տեղափոխուի բովանդակային դաշտ, կը ցանկանայի կատարել մի շարք հարցադրումներ, որոնք էութեան մէջ ռազմավարական են, եւ սրանց պատասխաններից է կախուած կրթական քաղաքականութեան ուղղութիւնը: Բնականաբար հարցադրումները կատարւում են` իմ աշխարհընկալումից ելնելով:

Ի՞նչ է կրթութիւնը եւ ի՞նչ դեր ունի այն քաղաքակրթութեան համակարգում: Արդեօք կրթութիւնը միայն գիտելի՞ք է, թէ՞ գիտելիք է` գումարած շատ կարեւոր մէկ այլ արժէք, որը կարող ենք, օրինակ, անուանել դաստիարակութիւն:
Ի՞նչ է կրթական համակարգը եւ ի՞նչ դերակատարում ունի պետականաշինութեան մէջ:
Ի՞նչ զէնք է կրթութիւնը եւ ի՞նչ նշանակութիւն ունի ազգային շահի ու նպատակի իրականացման տեսանկիւնից: Գտնո՞ւմ ենք արդեօք, որ մեծ ազգերի ռազմավարութեան մէջ կրթութիւնն ունի յարձակողական եւ ծաւալապաշտական դերակատարում, իսկ փոքր ազգերի համար կրթութիւնը ունի մեծ պաշտպանողական գործառոյթ վերջիններիս լինելիութեան ապահովման ճանապարհին:
Կա՞յ արդեօք համաշխարհային կրթական համակարգ, թէ՞ մշակուած են ընդամէնը համակեցութեան կանոններ եւ փոխադարձ ճանաչելիութեան փոխզիջումային քաղաքակրթական չափորոշիչներ: Ինչպիսի՞ համաշխարհային մրցակցութիւն է գնում աշխարհում կրթական գերտէրութիւնների միջեւ, եւ ինչպիսի՞ խնդիրների առջեւ է կանգնում փոքր երկրների ազգային կրթական համակարգը:
Ինչպէ՞ս պահել ինքնութիւնը եւ ետ չմնալ համաշխարհային առաջընթացից: Հայաստանում առկայ կրթական հաւասարակշռութեան բազմաւեկտոր համակարգն ի՞նչ զարգացման հեռանկարներ ունի:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*