ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ

 

Սոնա Յակոբեան

Շաբթուայ Հայաստանում ամենաշատ հնչած կոչն էր․- «Արայիկ, գնա՛ տուն»։

Այս կոչով նախորդ շաբաթուանից կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնամարզի նախարար Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը պահանջող  Հ․Յ․Դ․ Հայաստանի երիտասարդական միութեան անդամների սկսած շարժմանը միացան նաեւ շատ ուսանողներ ու անգամ դասախօսներ: Ցուցարարները նաեւ նստացոյց են անում: Ամփոփելով  եօթնօրեայ բողոքները, Հ․Յ․Դ․ Հ․Ե․Մ․-ի վարչութեան անդամ Քրիստինէ Վարդանեանը կորով դիմել է  Ազգային ժողովի` «Լուսաւոր Հայաստան» եւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւններին, որպէսզի նրանք անվստահութիւն յայտնեն նախարար Արայիկ Յարութիւնեանին` օրէնքով սահմանուած ընթացակարգերի համաձայն: «Արայիկ Յարութիւնեանը տապալել է օրէնքով իր պարտականութիւնները: Շատ հայրենակիցներ միացել են մեր պահանջին, հանրութիւնը միասնական է այս գործում:  Սակայն հանրութեան այդ տրամադրութիւնները, կարծես, չեն փոխանցւում Ազգային Ժողովի պատգամաւորներին, ովքեր պէտք է կոչուած լինէին արտայայտելու ժողովրդի տրամադրութիւնները, դրա համար են ստացել, ուստի յղում անելով Հ․Հ․ Սահմանադրութեան յօդուածներին` դիմում ենք «Լուսաւոր Հայաստան» եւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւններին, գործօն քայլեր ձեռնարկել այս հարցը օրէնքով լուծելու եւ օրէնքով ընձեռուած ընթացակարգով, պարոն Արայիկ Յարութիւնեանին անվստահութիւն յայտնելու»,-  յայտնել են ցուցարարները։

*

Այս շաբթուայ ընթացքում բուհերում եւ նախարարութեան մօտ բողոքող երիտասարդներին  սատարող հրապարակային կոչեր են արել  նաեւ մի շարք արուեստի գործիչներ եւս: Դերասան, բեմադրիչ, Հ․Հ․ արուեստի վաստակաւոր գործիչ Վիգէն Ստեփանեանը  նշել է , որ ինքն էլ միանում է ուսանողների բողոքին:   Վերջինս պնդում է, որ  չի պատրաստւում նստել սառը քարին, դա երիտասարդներինն է, բայց, որպէս հայ, Երեւանի բնակիչ, չի  կարող հասկանալ այս  նախարարութեան քայլերը: «Ինձ համար անհասկանալի եւ անընդունելի է: Դրա փոխարէն թող զբաղուեն, թէ ինչերԷ՞ն է խօսում այսօր պատկերասփիւռը. կան ալիքներ, որ, երբ միացնում ես, ուզում ես հասկանալ, թէ  ինչերԷ՞ն է. ոնց են աղաւաղում մեր մայրենին: Դա շատ աւելի կարեւոր հարց է, որ օրէնքի հարթակի վրայ պէտք է լուծուի, որպէսզի արգիլուի գործածել այդ լեզուն: Դրա փոխարէն չգիտեմ` ինչով են զբաղուած»,- կառավարութեան շէնքի առջեւ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցոյցի ժամանակ ասել է  նա: Անդրադառնալով երիտասարդների բողոքի հանգուցալուծման հնարաւորութեանը` Վիգէն Ստեփանեանը նշեց` ամենեւին չի էլ զարմանում, որ Նիկոլ Փաշինեանը երէկ յայտարարել էր, թէ հպարտանում է Արայիկ Յարութիւնեանով եւ նրա կողքին է: «Ես հպարտ եմ, որ մենք ունենք նման ազնիւ երիտասարդութիւն, ուղղակի, ցաւօք, եթէ Արայիկ Յարութիւնեանը մեկնի, ո՞վ է գալու:  Այս շաբաթ բողոքի ցոյց  էր կազմակերպել նաեւ Երեւանի պետական համալսրանի ուսանողական խորհուրդը , հայ բանասիրութեան հիմնարկի ուսանողները էլ դասադուլ են արել: Այս շաբաթ  Երեւանի պետական համալսարանում տեղի է ունեցել նաեւ հայագիտական ամպիոնների նիստ, որի ընթացքում դասախօսական կազմն ընդամէն 3 դէմ ձայնով որոշել է մէկօրեայ նախազգուշական գործադուլ անցկացնել եւ միանալ ուսանողական շարժմանը: Գործադուլին միացել էին Հայ բանասիրութեան ամպիոնից մօտ յիսուն դասախօս, եւ որ նրանք այդ քայլին գնացել են ի պաշտպանութիւն իրենց ուսանողների, եւ սա որեւէ քաղաքական դրդապատճառ չունի:

*

Արայիկ Յարութիւնեանի գործունէութիւնը վաղուց արդէն առաջացնում է հայ հասարակութեան զգալի մասի տարակուսանքը, եւ ընդամէնը թեթեւ կայծ էր պէտք, որպէսզի այն վերածուէր բացայայտ հանրային բողոքի,- իր Դիմագրքի էջում էլ  գրել է  «Ազգային Օրակարգ» կուսակցութեան խորհրդի անդամ  Աւետիք  Չալապեանը: Նա նշել է , որ Մինչեւ «գեր-նախարար» դառնալը, Արայիկ Յարութիւնեանը Երեւանի Պետական Համալսարանի շարքային դասախօս էր (ենթադրաբար, գիտական ասպարէզում աւելիին դեռ չէր հասցրել, 40 տարեկանում նա ընդամէնը վեց գիտական յօդուածի հեղինակ է): Ըստ Չալապեանի՝ Արայիկ Յարութիւնեանի օրօք փաստացի լուծարուել է Կրթութեան ազգային հիմնարկը` առանց յստակ հիմնաւորման, թէ ով եւ ինչպէս է այսուհետեւ զբաղուելու կրթական ծրագրերի փորձաքննութեամբ, կասեցուել է կրթական գերազանցութեան ազգային ծրագիրը, որ հնարաւորութիւն էր տալիս Հայաստանի աւագ դպրոցների կրթական ծրագրերը մի քանի տարուայ ընթացքում մօտեցնել համաշխարհային լաւագոյն չափանիշներին :  Նա փորձում է բուհերից հանել հայոց լեզու եւ պատմութիւն առարկանների պարտադիր դասաւանդումը, նրա նախաձեռնութեամբ լուծարուեց մշակոյթին նախարարութիւնը: Փոխարէնը ըստ  Չալապեանի`Արայիկ Յարութիւնեանի անձնական վարձատրութիւնը մէկ ու կէս տարում պաշտօնապէս աճել է մօտ տաս անգամ, նա դարձել է ամբողջ համակարգի ճակատագիրը տնօրինող ղեկավար` շրջանցելով բազմաթիւ միջանկեալ մակարդակները: Նոյն ժամանակում, իր ղեկավարած համակարգում վարձատրութիւնները աճել են առաւելագոյնը տաս տոկոսով (այն էլ ոչ ամէնուրեք), ուսուցիչները Հայաստանում շարունակում են մնալ առաւել ցած վարձատրուող մասնագիտական խմբերից մէկը, նրանց միջին աշխատավարձը հանրապետութեան միջին աշխատավարձից առնուազն երկու անգամ ցած է, եւ էական փոփոխութիւն չի նախատեսւում նաեւ 2020-ի պիտճէով:

*

Արցախի մասին․․․․ Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարար Սերգէյ Լաւրովի կարծիքով, առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհնար կը լինի ձեւակերպել որեւէ համաձայնութիւն` կապուած հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնների հետ: Այս մասին Լաւրովը յայտարարեց Երեւանում Նոյեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով բանակցային գործընթացում Արցախի ներկայացուած չլինելու մասին հարցին: «Աւելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողութիւնները, Լեռնային Ղարաբաղը բանակցութիւնների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նալագահներից մէկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պէտք է ներկայացնի Երեւանը: Ցանկացած դէպքում մենք, որպէս համանախագահներ, կարող ենք միայն յաւելել, որ գործընթացն ընթացել է ընդհանուր համաձայնութեամբ: Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչութեան անհնար կը լինի ձեւակերպել որեւէ համաձայնութիւն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի»,- ասել է Լաւրովը:

 

 

 

Որտե՞ղ էր այս շաբաթ  Հայաստանի վարչապետը․․․․․ Այս օրերին Նիկոլ Փաշինեանն աշխատանքային այցով Փարիզում էր:  Նա մասնակցել է  խաղաղութեան երկրորդ համաժողովին եւ  «Եունեսքօ»-ի  40-րդ գլխաւոր խորհրդաժողովին: Այս շրջանակներում նա հանդիպել է նաեւ Ֆրանսայի նախագահ Էմանուէլ  Մաքրոնի հետ:  Նիկոլ Փաշինեանը Փարիզի խաղաղութեան երկրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է վարպետաց դաս ձեւաչափով նիւթին քննարկմանը: Այն վարել է «Նիւ Եորք Թայմզ» Եւրոպայի գլխաւոր դիւանագիտական թղթակից Սթիւըն Էլանկերը: Վարչապետին հրաւիրելով ելոյթի` Էլանկեր նշել է, որ Նիկոլ Փաշինեանը հետաքրքիր մարդ է եւ ինքը յատուկ վերաբերմունք ունի նրա հանդէպ, քանի որ նա նախկին լրագրող է, մի քանի անգամ եղել է բանտում, այնուհետեւ դարձել է իր երկրի վարչապետը: «Սա մի շատ արտասովոր ճանապարհ է: Ես Մոսկուայի նախկին թղթակից եմ, եղել եմ ձեր երկրում: Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել այստեղ լինելու համար»,- ասել է Էլանկերը: Այնուհետեւ վարչապետը պատասխանել է քննարկմանը մասնակից, Վարդենիսում ծնուած ազերի պլոկըրի` Լեռնային Ղարաբաղի հետ կապուած Մ․Ա․Կ․-ի բանաձեւերի, Արցախին Ատրպէյճանի կազմում բարձրագոյն ինքնավարութիւն տրամադրելու, հայկական ազգանուններով քաղաքացիների` Ատրպէյճան մուտք գործելու մասին հարցին: «Նախ եւ առաջ Վարդենիսի մասով. եկէք յիշենք ժամանակները, երբ հայերն ապրում էին Ատրպէյճանում, եւ երբ ազերիներն ապրում էին Հայաստանում: Ես շատ լաւ յիշում եմ այդ ժամանակները: Ատրպէյճանի հայերը սպանուեցին Սումկայիթում, յետոյ սպանդը շարունակուեց Պաքւում, դա տարածուեց նաեւ Ղարաբաղում եւ այլն: Հայ չմնաց Ատրպէյճանում, նրանք յաճախ առանց հագուստ վերցնելու էին փախուստի դիմում:Իսկ Հայաստանի ատրպէյճանցիների հետ ի՞նչ եղաւ: Հայկական կառավարութեան որոշմամբ` յատուկ փոխադրակառքեր տրամադրուեցին նրանց, ոստիկանութիւնն էր ուղեկցում, եւ որեւէ ազերի  չվիրաւորուեց այս ողջ գործընթացքում: Այս նկարագրութիւնները շատ ցայտուն վկայութիւնն են հակամարտութեան  ողջ պատկերի: Դուք ձեր հարցում նշեցիք, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնօրէն ճանաչուած է որպէս Ատրպէյճանի մաս. ճիշտ չէ: ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների ստանձնած առաքելութիւնը հէնց դա է. միջնորդել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոնման հարցում: Եւ ինչո՞ւ է Ատրպէյճանը ներգրաւուած այս բանակցութիւնների գործընթացում` որպէս կողմ, եթէ Ղարաբաղն արդէն իսկ միջազգայնօրէն ճանաչուած իր հատուածն է: Դա տարօրինակ չէ՞»,- ասել է Փաշինեանը

*

Շաբթուայ ամենամեծ աղմուկ հանած պարզաբանումը․․․․․ Ազգային Ժողով – կառավարութիւն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինեանն անդրադարձել  է սեռափոխուած ծանրամարտիկ Մել Դալուզեանի մասին ժԱպաւէնի նկարահանման համար պիւտճէից քսան միլիոն դրամ յատկացնելուն: Նա նշել է, որ ժապաւէնի շուրջ բարձրացուած աղմուկը համարում է յաւելեալ քարոզչութիւն, եւ յաւելեց, որ Մել Դալուզեանն իր անձնական պաշտպանութեան ներքոյ է: Նա նշել է տեղեակ չի եղել , որ այդպիսի ժապաւէնի համար դրամական միջոցնԵր տրամադրելու որոշման մասին , բայց իմանալով`  ասում է ,- « Ճիշդ են արել , գոհ եմ եւ հպարտ եմ մշակոյթի նախարարութեամբ, որ այդ որոշումը կայացրել են , կեցցէն»:

*

Շաբթուայ  կալանավայրից դուրս եկածը․․․․ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսէն Բաբայեանը «Վարդաշէն» քրէակատարողական հիմնարկից ազատ է արձակուել: Արսէն Բաբայեանի խափանման միջոց կալանաւորումը փոխուել է անձնական երաշխաւորութեամբ: Յիշեցնենք, որ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսէն Բաբայեանը ձերբակալուել էր Հոկտեմբեր 21-ին` կեղծիք կատարելու կասկածանքով:

*

Շաբթուայ հրաժարականը ․․․․ Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանը յայտնել է խորհրդից դուրս գալու մասին: Հանրային խորհրդի անդամներին ուղղուած նամակում  նա գրել է ․«Նոր իշխանութիւններն ունէին բացառիկ հնարաւորութիւն մեր երկիրը տանել զարգացման ուղղութեամբ, ժողովրդին համախմբել համազգային  խնդիրների շուրջ, նպաստել մեր  քաղաքացիների բարեկեցութեանը` կառուցելով աւելի ժողովրդավար ու աւելի արդիւնաւէտ ազգային պետութիւն: Ցաւօք, իշխանութիւնները գնացին այլ ուղղութեամբ, եւ այսօր մեր երկրում ձեւաւորուել է անվստահութեան եւ ատելութեան աննախադէպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: Եւ սա այն դէպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխուել են` աւելացնելով նոր վտանգներ ու մարտահրաւէրներ մեր անվտանգութեան հարցում, Արցախի հարցում: Այս պայմաններում իշխանութեան նպատակը պէտք է լինէր հասարակութեան մէջ առկայ ճաքերը մեղմելը, համերաշխութեան մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը: Այդ նպատակի իրականացման համար ամենաարդիւնաւէտ գործիքներից մէկը կարող էր լինել հէնց Հանրային խորհուրդը, որի կարեւոր գործառոյթներից մէկը, համաձայն օրէնքի, Կառավարութեան, պետական կառավարման համակարգի մարմինների եւ քաղաքացիական հասարակութեան հիմնարկների միջեւ փոխադարձ վստահութեան, երկխօսութեան եւ գործընկերային յարաբերութիւնների ձեւաւորմանը նպաստելն է: Փոխարէնը իշխանութիւնները շարունակում են քննարկել նախագծեր եւ անել քայլեր, որոնք աւելի ու աւելի են պառակտելու մեր հասարակութիւնը. դա անցումային արդարադատութիւնն է, առանց մեղադրական եզրակացութիւնների գոյքի բռնագանձման օրինագիծը, կրթական ոլորտի փոփոխութիւնները, քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով դատաիրաւական համակարգն օգտագործելը եւ այլն: Հանրային խորհրդի վերջին նիստին ես ձեզ ներկայացրեցի, որ մի քանի անգամ փորձել եմ հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցութեան եզրԵր` թուլացնելու հասարակութեան մէջ առկայ լարուածութիւնը եւ Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իմ կարծիքով, վտանգաւոր են պետութեան համար: Գիտէք նաեւ, որ այդ փորձերն ապարդիւն են անցել: Մեր վերջին նիստից անցել է որոշակի ժամանակ, եւ նորից ոչ մի արձագանգ: Այս պայմաններում իմ յետագայ գործունէութիւնը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ եւ դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդէն գրաւոր տեղեկացրել եմ կառավարութեանը: Կը շարունակեմ պայքարը յանուն մեր պետութեան եւ ժողովրդի շահերի, ինչպէս պայքարել եմ իմ ողջ կեանքի ընթացքում: Վազգէն Մանուկեանը Հանրային խորհուրդը գլխաւորում է 2009-ի Մարտից:

*

Շաբաթուայ ամենաուրախ վիճակագրութիւնը․․․․ Այս տարուայ երկրորդ եւ երրորդ եռամսեակների ընթացքում Հայաստանում ծնուած երեխաների թիւը գերազանցել է անցած տարուայ նոյն ժամանակահատուածում արձանագրուած ցուցանիշը: Եթէ անցած տարուայ այդ ժամանակահատուածում ծնուել էր 18 հազար 258 երեխայ, ապա այս տարուայ երկրորդ եւ երրորդ եռամսեանկների ընթացքում ծնուած երեխաների թիւը կազմել է 18 հազար 493, կամ 235-ով աւելի:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*