Քարերի Եւ Գորգերի Ներդաշնակ Խաղը Տիգրանակերտում

Յասմիկ Յակոբեան
‹‹Ապառաժ››

Լուսանկարներ՝ Լուսինէ Թեւոսեանի

Վերջերս, Արցախի մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբոսաշրջութեան նախարարութեան ‹‹Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն›› եւ ‹‹Ղարաբաղ քարփեթ›› նախաձեռնությամբ Արցախի Տիգրանակերտ ամրոցում տեղի է ունեցել ‹‹Վիշապների խաղը›› խորագրով ձեռագործ գորգերի եւ կարպետների ցուցադրութիւն:
Միջոցառմանը ներկայ են եղել Արցախի մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանը, փոխնախարար Մելանիա Բալայեանը, Հ․Յ․Դ․ Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամ Սերգէյ Շահվերտեանը, տարբեր երկրների պատուիրակութեան անդամներ, զբօսաշրջիկներ, հիւրեր։
Ողջոյնի խօսքով հանդէս է եկել Լեռնիկ Յովհաննիսեանը եւ նշել, որ այս ցուցադրութիւնը մեկնարկային է եւ շարունակական բնոյթ է կրելու:
Միջոցառմանը զեկուցումներով հանդէս են եկել նաեւ գորգագործութեան բնագաւառում յայտնի մշակութային արժէքների փորձագիտական կեդրոնի գլխաւոր մասնագէտ Աշխունջ Պօղոսեանը, Հայոց ազգագրութեան թանգարանի գիտական գծով փոխտնօրէն Սվետլանա Պօղոսեանը, ‹‹Մուրատեան›› ապրանքանիշի հիմնադիր, ազգագրագէտ Տաթեւ Մուրատեանը։
‹‹Այս ամէնի շարքում ցանկանում եմ առանձնայատուկ ընդգծել հիասքանչ գորգերը, որոնք նախկինում ձեռքով տնային պայմաններում են գործել: Այս գորգերի գունային եւ բովանդակութեան ներդաշնակութիւնը հէքեաթային տրամադրութիւն են ստեղծում այցելուների մօտ եւ իւրայատուկ ներգործում նրանց վրայ։ Անկեղծ ասած՝ մեր սպասելիքներն այս առումով արդարացուել են՝ ամրոցի գեղեցիկ եւ ջերմ մթնոլորտի շնորհիւ: Վիշապների խաղը գրաւել է բոլոր այցելուներին, որի խօսուն վկայութիւնն են ներկաների գոհունակութիւնն ու ոգեւորութիւնը››, ասել է փոխնախարար Մելանիա Բալայեան։
‹‹Ղարաբաղ քարփեթ››-ի տնօրէն Սեւակ Խաչատրեանն ասել է, որ այս տարիների ընթացքում բազմաթիւ ցուցադրութիւններ են կազմակերպել Արցախից դուրս՝ նպատակ ունենալով հանրահռչակել հայկական գորգարուեստը, իսկ այս ձեւաչափով առաջին անգամ են Արցախում կազմակերպում գորգերի ցուցադրութիւն։
ՑուցադրութԵանը ներկայացՈՒել են հարիւրից աւել գորգեր եւ 30 ձեռագործ կարպետներ։
‹‹Գորգերի ցուցադրութիւնը Տիգրանակերտում կազմակերպելու նպատակներից մէկն է նաեւ ամրոցն իր պատմական արժէքով եւ դրական առումով հանրահռչակելը։ Քարերի եւ գորգերի միաձուլումը ներդաշնակութիւն են ստեղծում››,- ասել է Խաչատրեան։

Ցուցադրութեան ներկայ Հարաւային Օսեթիոյ աշխատանքի եւ ծառայութեան պետ Նոննա Մկրտչեանի խօսքով՝ առաջին անգամ է այցելել Արցախ: Նա յաւելել է, որ անչափ տպաւորուել է ցուցադրութեանը ներկայացուած գորգերի իւրօրինակ գրաւչութեամբ:
‹‹Այս շքեղ գորգերն ու ու աւանդական երգն ու պարը իսկական տօնի են վերածել միջոցառումը››,- հաւելել է Մկրտչեան։
Ցուցահանդէսին զուգահեռ աշխատարաններում գորգասէր հասարակութիւնը վարպետների ուսուցմամբ սովորել է գորգագործութեան հմտութիւններ:
Ցուցադրութիւնն ընդմիջուել է ‹‹Մենք ենք, մեր սարերը›› երգի-պարի պետական համոյթի ազգային երաժշտութեամբ։

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*