ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ

Սոնա Յակոբեան

 

Երկուշաբթին Հայաստանում սկսուեց նախորդ շաբաթ տեղի ունեցած  «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման շուրջ բարձացուած աղմուկը չհանդարտած։ Ներկայացումը, ըստ հեղինակների, ժամանակակից պարի ու գրականության  միախառնում է  , 1920-ական թուականների ապագայական բանաստեղծութեան՝ Չարենցի, Գևորգ Աբովի, Ազատ Վշտունու ստեղծագործութիւնների փորձառական վերընթերցում:   Շատերի համար սակայն ներկայացման ձեւաչափը անընդունելի էր եւ դեռ փորձի օրերին շատերը հաւաքուել էին եւ բողոքում էին , որ աղջիկները դադարեցնեն այն՝ համեմատելով ներկայացումն անգամ սատանայապաշտութեան հետ։ Ներկայացումը դատապրտեցին նաեւ շատ մշակությային գործիչներ, եղան նաեւ այն որպէս նորարարութիւն խրախուսողներ։ Աւելի ուշ, սակայն, պարզուեց, որ ներկայացումն իրականացնելու համար կրթութեան, գիտութեան, մշակոյթի և սպորտի նախարարությունը երիտասարդներին դրամաշնորհային ծրագրով  2,7 միլիոն դրամ է տրամադրել: Գումարի չափը ևս քննադատութեան արժանացաւ: Ըստ Նախարար Արայիկ Յարութիւնեանի հաւանութեան արժանացած ծրագիրը ներկայացուել է որպէս 1920-ականների հայ հեղինակների գործերի ընթերցանութիւն․ – «Արդիւնքների ժամանակ կը խօսենք այն ժամանակ, երբ որ նրանք, կարգի համաձայն, պայմանագրի համաձայն, կը ներկայացնեն իրենց նիւթական և բովանդակային արդիւնքները, դրանից յետյ արդէն նախարարութիւնը կարող է գնահատականներ տալ»:Այս կամ այն ծրագիրը նիւթապէս օժանդակելու կամ չօժանդալելու մասին որոշումը կայացնում է նախարարի հրամանով կազմավորուած գեղագիտական խորհուրդը:«Դժուար է շատ յստակ չափանիշներ սահմանել մշակութային որևէ նախաձեռնության համար, և մասնագէտները իրենց փորձի, իրենց գիտելիքների, իրենց կարողութիւնների հիման վրայ են եզրակացութիւններ տալիս»,- ասել է  նախարարը: Ըստ նրա ներկայացմանն աջակցելու որոշում են կայացրել Երևանի երաժշտանոցի դասախօս Լիլիթ Երնջակեանը, օփերային երգիչ Լիպարիտ Աւետիսեանը, պալէի մենապարուհի Մարիա Դիւանեանը, երգիչ Գոռ Սուջեանը, նախարարի տեղակալ Արա Խզմալեանը և գերատեսչության մէկ այլ ներկայացուցիչ։ Ավելի ուշ, Գոռ Սուջեանը հերքեց նախարարի ասածը։

*

Ներկայացման մասին ի թիւս շատ գործիչների կարծիք է յայտնել նաեւ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամաւվոր Նայիրա Զոհրապեանը, որ նաեւ մասնագիտությամբ թատերագէտ է։ Նա գրել էր ,-«Երէկ հետևում էի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող, այսպէս կոչուած, «Ֆուտուրիստական պոէզիա»-ի փորձառական ընթերցմանը, բան մը, պարզուեց, ըստ այդ «ներկայացման» գլխաւոր դերակատարներից մէկի, Երևանի «Իմ Քայլը» խմբակցութեան քարտուղար Յասմիկ Խաչունցի` «ֆուտուրիստական պոէզիա»-ի ապագայի ձայնն է անցեալում, որ գալիս է հռչակելու արուեստագէտի ներկայութիւնը»:

*

Հանրապետութեան ընդյատակեայ գնացքի կայարանում տեղի ունեցածը լցրեց Դաշնակցական երիտասարդների համբերութեան բաժակը։ Կառավարութեան դիմաց, Արայիկ Յարութիւնեանի հրաժարական էին պահանջում Հ․Յ․Դ․ Հայաստանի երիտասարդական միութեան անդամները, որոնց միացել են նաև Երեւանի պետական համալսարանի ուսանողներ: Ըստ երիտասարդների նախարարին իրեն լեզուով ասած «տուն ուղարկելու» պատճառը վերջինիս գլխաւորած կառոյցի  կողմից մէկը միւսին յաջորդող ապազգային որոշումներն են։ Առաջինը հայ եկեղեցու պատմութիւն առարկայի դասաւանդման դադարեցումն էր, ապա արդէն սեռական փոքրամասնութիւնների մասին ժապաւէն նկարելու համար դրամական միջոցների տրամադրումը եւ հայագիտական առարկանների դասաւանդումը բուհերում ոչ պարտադիր դարձնելը։ Վերջին որոշման դէմ  Երեւանի Պետական Համալսանի  բանասիրական կեդրոնում  այս շաբաթ դասադուլ էր, որին գործադուլով միացել էին  նաև դասախօսները: Բողոքի մասնակիցները բողոքում են նախաձեռնութեան դէմ, որի համաձայն Հայոց լեզուի և Պատմութեան դասաւանդումը բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում պարտադիր չի լինի:

*

Նախարարը քննադատութիւններին սպառնալիքով է պատասխանել։ Նա նշել է , որ պատրաստւում է այն արկղերը, որորնք նախարարություն էին տարել Դաշնակցական երիտասարդները, լցնել տասնեակ և շատ աւելի քրէական գործերով, որոնք վերաբերում են այս ոլորտին և հետ ուղարկել իրենց։ Յիշեցնեմ, որ  նախարարի իրերը հաւաքելու և հեռանալու նպատակով երիտասարդները նախարարութիւն դատարկ արկղներ էին տարել։ Հարցին, եթէ Արայիկ Յարութիւնեանը տեղեակ է քրէական գործերի մասին, ինչո՞ւ չի հրապարակում դրանք, նախարարն արդարացել է, որ դա իրենց գործառույթը չէ և խնդրել է Դատախազությանն ու Քննչական կոմիտեին տրամադրել քրեական գործերի ցանկեր, որպէսզի իր իրերը հաւաքելու համար բերուած արկղերը լցնի դրանցով ու վերադարձնի։ Ըստ նրա խոսքը Լևոն Մկրտչեանի մասին չէ, այլ նրանց համակարգած համակարգի, ապա  հստակեցրել է սպառնալիքը․ «Մէկ ու կէս տարի անդրադարձ չեմ կատարել իմ նախորդի՝ Լևոն Մկրտչեանի գործունէութեանը՝ մտածելով, որ դա աւելորդ ժամանակ է ինձանից տանում, բայց ձեռնամուխ կը լինեմ դրան»։ Անդրադառնալով հրաժարականի պահանջին, Արայիկ Յարութիւնեանն ասել է. «Ես պատրաստ եմ հրաժարական տալ այն ժամանակ, երբ կարծեմ, որ իմ լիազօրութիւնները բավարար չեմ կատարում ։ Նախ ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարութեանը, որպէսզի տեր կանգնեն իրենց կուսակցութեանը, որովհետև այն անդաստիարակ պահուածքը, որ դրսևորում է Դաշնակցութիւնը, պատիւ չի բերում մեր ամենահին կուսակցութիւններից մէկին։ Աւելի ուշ աշխարհի տարբեր երկրներում գործող Հ․Յ․Դ․ Երիտասարդական և Ուսանողական միութիւնները պատասխանել են նախարարի կոչին։ Նրանք միացել են նախարարի հրաժարականի պահանջին և իրենց զօրակցությունն ու անվերապահ աջակցությունն են յայտնել ուսանողական շարժմանը:Հայաստանի ուսանողական շարժմանն իրենց աջակցությունն են յայտնել Երուսաղէմի, Շուէտի, Պելճիքայի, Ֆրանսայի  երիտասարդական միութիւնները: Ֆրանսայի «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպութիւնն այդ առթիւ  տարածել է նաև յատուկ յայտարարութիւն, որտեղ ասուած է. «Կը զօրակցինք Հ․Ե․Մ․-ին։ Արայիկ Յարութիւնեան, Հ․Հ․ կրթութեան նախարարը կը ցանկանայ հանել հայոց լեզուի եւ պատմութեան պարտադիր ուսուցումը համալսարաններէն: Ան նաեւ կը ցանկանայ հեռացնել հայ եկեղեցուոյ պատմութիւնը դպրոցական կրթական համակարգէն: Ասոնք քայլեր են, որոնք ուղակիօրէն կը հարուածեն մեր ազգային ինքնութեանն ու նկարագրին։ Նոյն նախարարը միլիոնաւոր դրամներ կը տրամադրէ մեր մշակոյթին չհամապատասխանող ձեռնարկներուն, անտեսելով հայկական մշակութային եւ կրթական նախաձեռնութիւնները: Այդ պատճառով, Հ․Ե․Մ․-ը եւ նաեւ ուսանողներ կը պահանջեն Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը:Կ’ուզենք նաեւ շեշտել թէ իշխանութեան փորձերը, Դաշնակցութեան մէջ բաժանարար գիծեր գտնելու ի սկզբանէ ձախողած են։ Դաշնակցութիւնը մէկ եւ միասնական կուսակցութիւն է, Հայաստանով եւ սփիւռքով ։Կ’աջակցինք Հ․Ե․Մ․-ին եւ կը միանանք մեր ընկերներուն՝ պահանջելով նախարարի հրաժարականը։

 

*

 

Վերջին վեց ամսում տարբեր գործերով,արդէն հինգերորդ հարցաքննութեանն է կանչւում  Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն Մարմնի անդամ Արծուիկ Մինասեանը։ Պատճառը՝ Փետրուար 21, 2017-ին իր հրամանով ազատուած  «Զուարթնոց օդերեւութաբանական կեդրոն» ընկերության տնօրէնի բողոքն է, որով վերջինս պնդում է, որ Արծուիկ Մինասեանն ազատել է իրեն  աշխատանքից իր ապօրինի յանձնարարութիւնը չկատարելու պատճառով։ «Իմ բոլոր գործողութիւնները, ինչպէս և Հ․Հ․ գլխաւոր դատախազութեան գրաւոր համաձայնութեամբ փաստաթղթաւորուած է՝ բխել են օրէնքի դրոյթներից և ես աշխատանքից ազատել եմ մի մարդու, ով ոչ միայն ի վիճակի չէր ղեկավարելու ընկերութիւնը, այլև որի պաշտոնավարման շրջանում բազմաթիւ ապօրինություններ են եղել»,-ասել է Արծուիկ Մինասյանը։ Հարցաքննութիւնից ետք, քննչական կոմիտէն պարզաբանել է, որ  քննութեամբ ձեռք բերված տուեալների համաձայն, Արծուիկ Մինասեանը որևէ առնչութիւն չունի առերևույթ իւրացման և փաստաթղթերի կեղծման հետ: Վերոյիշեալ «Զուարթնոց» կեդրոնը ստեղծուել է, երբ Մինասեանը եղել է բնապահպանության նախարար և այդ ընկերութեան ստեղծման, ինչպէս նաև գործունեությանն առնչուող քննութեան համար հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի պարզաբանման համար  Մինասեանը՝ որպէս վկայ է հարցաքննուել։

 

«Որոշակի վախի մթնոլորտ կայ շատ մարդկանց մօտ, որովհետեւ պարզ չէ, թէ ում մօտ կարող են մտնել, ում կարող են ձերբակալել, եթէ սկիզբը դրուած էր փտածութեան դէմ պայքար, հիմա ուրիշ ձեւ է գնում իշխանութիւնը: Ես տեսնում եմ, որ ես ապրում եմ մի երկրում, որը շատ աւելի մօտ է 37 թուին, քան Անկախութեան հռչակմանը: Այս վտանգը բոլորի շեմին է կախուել: Ես կարծում եմ, որ հասարակութիւնը պէտք է դիմադրի եւ բացատրի իշխանութիւններին այդ քայլերի վտանգաւորութիւնը Հայաստանի համար, մենք շատ ենք թուլանալու, հետ ենք գնում»,-  Հանրային խորհրդի շուրջ ստեղծուած իրավիճակը քննարկելու համար հրավիրուած նիստի ժամանակ իր մտահոգութիւնն է յայտնել Վազէն Մանուկեանը: Առիթը խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանին պաշտօնից ազատելու վերաբերեալ պատգամաւոր Արման Բաբաջանեանի՝ վարչապետին ներկայացրած դիմումն  է, ինչպէս նաեւ Ազգային Ժողովի փոխնախագահ Ալէն Սիմոնեանի այն յայտարարութեան, թէ Հանրային խորհուրդն անիմաստ կառոյց է եւ ոչ մի օգուտ չի տվել: Վազգէն Մանուկեանը, անդրադառնալով իր գործունէութեանը, նշել է, որ յեղափոխութիւններին կողմ չէ, բայց նախորդ տարի ստեղծուել էր նոր իրավիճակ, եւ յոյս կար, որ պետությունը ինչ-որ ճանապարհով կը գնայ: Որոշ ժամանակ անց, սակայն, Մանուկեյանի խօսքով, ինքը հիասթափուել է, քանի որ, ըստ նրա, տեղի ունեցող զարգացումները չէին կարող երկիրը տանել ցանկալի ուղղութեամբ:

*

Շաբթուայ ամենանսպասելի հանդիպումը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության կեդրոնական գրասենեակում, տեղի ունեցավ Հայաստանի երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսեանի և Հայաստանի Հանրապետութիւնում Ա․Մ․Ն․ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում դեսպանը հետաքրքրուել է Հանրապետական կուսակցութեան յառաջիկայ ծրագրերով ու գործունէության ուղղութիւններով և հաւաստիացրել,  որ այսուհետեւ նման հանդիպումներ պարբերաբար կը նախաձեռնուեն: Դեսպան Թրեյսիի խնդրանքով Սերժ Սարգսեանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկայ մտահոգությունները, դրանց վերաբերեալ Հ․Հ․Կ․ դիրքորոշումները,  անդրադարձել տնտեսութեան և անվտանգութեան խնդիրներին ու մարտահրաւէրներին, Արցախի հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի ներկայ վիճակին, ինչպէս նաև հայ-ամերիկեան յարաբերութիւնների զարգացման հեռանկարին:

*

Հ․Հ․ վարչապետ Նիկոլ Փաշինեանը բացառում է դաւադրութիւնները Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցի շուրջ: Այս մասին Փաշինյանն այս շաբաթ ասել է «Դիմատետրի »-ի իր էջի ուղիղ եթերում: «Բացառւում են դավադրությունները Ղարաբաղի հարցում, որովհետև Ղարաբաղի հարցն իմ հարցը չէ, խմբի հարց չէ, Ղարաբաղի հարցը համազգային հարց է: Ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ատրպէյճանի ժողովրդի համար: Իմ հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ընդունելի լուծումը և,երբ բանակցային գործընթացում կը ձևակերպուի մի այնպիսի լուծում, որը ես կարող եմ համարել, որ ընդունելի կը լինի հայ ժողովրդի համար, ես այդ լուծման առաջարկը կը ներկայացնեմ մեր ժողովրդին, դրա շուրջ համազգային քննարկում մենք կ՛ունենանք, և որոշումները պէտք է կայացվեն համազգային ձևաչափով»,- ասել է Փաշինեանը: Նա նշել է նաեւ , որ անհրաժեշտութեան դէպքում իր կողմից առաջարկուած լուծման տարբերակը կարող է նաև հանրաքուէի դրուել կամ չդրուել: Նրա խօսքով՝ կան նաև այլ տարբերակներ։

*

Եւ շաբաթուայ ամենաուրախ լուրը։ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ ծննդատնից դուրս են գրուել մէկ ամիս առաջ ծնված երրեակն ու նրանց մայրը` Աննա Վարդանեանը։ Վերջինս տարիներ շարունակ երեխայ չի ունեցել։  Սեպտեմբերին  Երևանի Թումանեան 32 հասցէում գտնուող շէնքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամեայ Արվինն  էլ  «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կեդրոնում  վերջին ստուգումն է անցել; Նրա ապաքինումը բժիշկները հրաշք են համարում։ Յիշեցնեմ , որ փոքրիկի  ծնողները Միացեալ Նահանգներից էին եկել՝ Հայաստանում հանգիստն անցկացնելու համար։ Հենց առաջին օրերին փոքրիկը պատահաբար ընկել էր  իրենց վարձակալած բնակարանի պատուհանից։

 

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*