ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ

Սոնա Յակոբեան

Այս շաբաթ Հայաստանեան լրահոսի ամփոփումը սկսենք շաբաթուայ ամենասպասելի բացայայտմամբ։ Պարզւում է կառավարութեան անդամների, առաջին հերթին նախարարների աշխատավարձը բարձրացուել է, այն էլ՝ գաղտնի։ Հանրութիւնը տեղեակ չի եղել այդ որոշման մասին։ «Թաւշեայ  պաշտօնեանները» սակայն, այս ամէնի մէջ որեւէ սխալ չեն տեսնում։ Թէ  ինչո՞ւ է կառավարութիւնը բարձրացրել նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը՝ շրջանցելով պաշտօնատար անձանց վարձատրութեան մասին օրէնքն ու խորհրդարան չներկայացնելով այդ օրէնքում համապատասխան փոփոխութիւն կատարելու նախագիծ, վարչապետից կառավարութեան հետ հարցուպատասխանին պարզաբանում է  խնդրել «Լուսաւոր Հայաստան»-ի ղեկավար Էտմոն Մարուքեանը:  Հարցին պատասխանել է վարչապետը, հակադարձելով , թե առանց խորհրդարանի իմացութեան չեն արել։ Աւելին պետական պիւտճէի նախագծի քննարկման ժամանակ ինքն է մի քանի անգամ յայտարարել, որ պետական համակարգում պարգեւավճարներն անհրաժեշտութիւն են ու հենց պիւտճէում են նախատեսել, որ բոլոր գերատեսչութիւններում աշխատավարձերի 30%-ի չափով պարգեւատրման ֆոնտ ստեղծուի, որն ինչ համամասնութեամբ նպատակայարմար գտնի կառավարութիւնը` կը ծախսի: Վարչապետի խօսքով` պիւտճէն հաստատելով, նաեւ այս որոշմանն է խորհրդարանը հաւանութիւն տուել:

xx

Երբ  աւելի լաւը երեւալու համար, պատրաստ ես անգամ ուրիշների արածը քեզ վերագրել։Այս շաբաթը խորհրդարանում իշխանական պատգամաւոր Արման Պապաճանեանը մի յայտարութիւն արեց , որը շատերն հենց այսպէս էլ որակեցին։ Արման Պապաճանեանի դիմատետրեան էջին գրել է , թէ այս ամառ  մի քանի անգամ այցելել է Վայոց Ձորի սահմանապահ բնակավայրեր։ Այնտեղ, յատկապէս Խնձորուտ գիւղում վթարուած ջրագծի պատճառով բնակիչներն ատամի խնդիր ունեն։  Ըստ Պապաճանեանի իր եւ  տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքների նախարար Սուրէն Պապիկեանի հետ հանդիպումից յետոյ արմատապէս լուծուել է գիւղի ջրագծի հիմնանորոգման հարցը։  Իսկ Արսէն Թորոսեանի հետ որոշել են խնդրին աւելի հիմնաւոր լուծում տալ։ Նախարարութեան եւ Ա.Մ.Ն. «Փարոս»  հիմնադրամի համատեղ աշխատանքի արդիւնքում յաջողուել է շարժական ատամնաբուժարան տեղակայել Վայոց ձորի սահմանապահ եւ սահմանամերձ գիւղերում։ Յառաջիկայում  նախարարի հետ կ՛այցելենք Վայոց ձորի սահմանապահ Խաչիկ գիւղ, կը տանք ծրագրի պաշտօնական մեկնարկը, բայց այսօրուանից այս նոր շարժական ատամնաբուժարանը արդէն Վայոց ձորում է՝ սահմանապահ Խաչիկ գիւղում՝ պատրաստ իր առաքելութեանը»,- գրել է Պապաճանեանը։ Մինչդեռ իրականում պարզւում է, որ ո′չ Ազգային Ժողովի պատգամաւոր Արման Պապաճանեանը, ո′չ Հ.Հ. առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանը, ո′չ էլ Ա.Մ.Ն. «Փարոս» հիմնադրամը շարժական ատամնաբուժարանի ծրագրի հետ որեւէ առնչութիւն չեն ունեցել, Yerkir.am-ի հետ զրոշյցում պարզաբանել է «Հզօր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագրի համակարգող Նայիրա Յարութիւնեանը: Նա փաստել է , որ  Վայոց ձորի թեմի եւ «Սիւնիք-զարգացում»-ի երկարատեւ աշխատանքի շնորհիւ կեանքի է կոչուել «Հզօր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագիրը։  Նայիրա Յարութիւնեանի խօսքով՝ իրենք պատգամաւոր Արման Պապաճանեանի գրառումը համարել են թիւրիմացություն, կապ են հաստատել պատգամաւորի հետ, որից յետոյ Արման Պապաճանեանը գրառումը հեռացրել է իր  դիմատետրի էջից:

xx

Աւելի ուշ, այս շաբաթուայ ընթացքում  հայաստանեան լրահոսում սկսուեց քննարկուել նոյն պատգամաւորի մէկ այլ գրառում։  Այս անգամ Պապաճանեանը գրել էր , որ «Երեւան Կեդրոն» -ում առանձնազրոյց է ունեցել  1999-ի Հոկտեմբեր 27-ին Ազգային Ժողովի վրա զինուած յարձակման պարագլուխ Նայիրի Հունանեանի հետ։  «20 տարուայ մէջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրոյց ունեցայ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նայիրի Հունանեանի հետ: Բազմաթիւ պատասխանների հետ առաջ եկան բազմաթիւ հարցականներ, որոնք պէտք է երկար վերլուծել, հասկանալ, բայց Հոկտեմբերի 27-ի գլխաւոր շահառուները՝ հակայեղափոխական ճամբարներից հանդէս եկող յարձակողական ուժերի պարագլուխները պէտք է միշտ յիշեն՝ Վազգէն Սարգսեանի, Կարէն Դեմիրճեանի, Եուրա Բախշեանի, Ռուբէն Միրոյեանի, Հենրիկ Աբրահամեանի, Արմենակ Արմենակեանի, Լեոնարտ Պետրոսեանի, Միքայէլ Քոթանեանի դաժան սպանութեամբ Հայաստանի պետութեանն ու պետականութեանը այս ահաբեկչական սպանդի հետեւանքով հասցուած վնասը չի ներուելու եւ որեւէ մէկն անպատիժ չի մնալու»,-գրել է Պապաճանեանը։ Յիշեցնենք,  ողբերգական դէպքերի 20-րդ տարելիցի նախօրէին յայտնի դարձաւ, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչութեան գլխաւոր կատարող, ցմահ դատապարտեալ Նայիրի Հունանեանը մէկ ամիս առաջ դիմում է ներկայացրել պայմանական վաղաժամկէտ ազատ արձակման համար։

xx

Այս շաբաթ որոշուեց, որ երկու ամսով կալանաւորուելու է  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսէն Պապայեանը։ Նա մեղադրւում է իշխանութեան իւրացմանն օժանդակելու եւ կեղծիք կատարելու համար: Պապայեանի պաշտպան Լուսինէ Սահակեանը կալանքի որոշումն ապօրինի է համարում:  «Կալանքն ընտրուեց որպէս խափանման միջոց, այլընտրանքային խափանման միջոց գրաւ չկիրառուեց: Ասեմ, որ, բնականաբար, ակնյայտ ապօրինի այն գործելաձեւերը, որոնք որ կատարւում են, մեզ համար հասկանալի էր, որ հերթական անձը պէտք է գտնուէր անազատութեան մէջ, որպէսզի հերթական ճնշումը լինէր Հրայր Թովմասյանի նկատմամբ, դատարանը դա ապահովեց», – յայտարարել է փաստաբանը։ Արսէն Պապայեանին մեղադրանք է առաջադրուել պատգամաւոր Արման Պապաճանեանի հաղորդման հիման վրայ յարուցուած քրէական գործով: Պատգամաւորը հաղորդում է ներկայացրել, որ 2018 թուականին մի խումբ պաշտօնեաներ, այդ թւում՝ Սահմանադրական Դատարանի նախագահ Հրայր Թովմասեանը, օրինախախտումներ կատարած են: Յատուկ քննչական ծառայութիւնն էլ պարզել է, որ Արսէն Պապայեանը, որն այդ ժամանակ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանի հրաժարականի Մարտ 5-ին ստացած դիմումը թուագրել է Մարտ 2-ով: ՀՔԾ-ն պնդում է, որ Ազգային Ժողովի նախագահ Արա Պապլոյեանը մինչեւ Սահմանադրական Դատարանի նախագահի հրաժարականի դիմումը ստանալը ապօրինի ստորագրել է եւ յայտարարել է Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։ Յարութիւնեանի դիմումն էլ է թուագրուած եղել Մարտ 1-ով, սակայն Սահմանադրական Դատարանից ԱզգայինԺողով է հասել Մարտ 5-ին: Խնդիրն այն է, որ եթէ գործընթացը տեղի ունենար Մարտ 5-ից յետոյ, ապա Հրայր Թովմասեանը չէր կարողանալու  Սահմանադրական Դատարանի նախագահ ընտրուել հին Սահմանադրութեամբ, որով պաշտօնավարման ժամկէտը մինչեւ 70 տարեկանն է, կ՛ընտրութէր նոր Սահմանադրութեամբ, ինչը նշանակում էր, որ կը պաշտօնավարէր վեց տարի ժամկէտով:

xx

Նոյն գործի շրջանակներում հարցաքննուել է նաեւ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Պապլոյանը։ Նա որպէս կասկածեալ ներգրաւուել է իշխանութեան դէմ յարուցուած քրէական գործում:Արա Պապլոյեանը չի ընդունում մեղադրանքը եւ ասում է, որ ինքը մեղաւոր է միայն մի հարցում, որ օրէնքի խախտմամբ օժանդակել է Նիկոլ Փաշինեանին իշխանութեան գալ։Ի դէպ հարցաքննութեան օրը Պապլոյեանը բացառիկ վիրահատութիւն էր մասնակցում։  Ըստ նրա հարցաքննութեան կանչուելու պահին նա գտնուել է վիրահատարանում եւ իրականացրել է նախադէպը չունեցող վիրահատութիւն՝ լեարդի փոխպատուաստում ։ Պապլոյեանը պնդել է, որ իր բազմաթիւ պնդումները, թէ հարցը չունի այնպիսի հրատապութիւն, որպէսզի նա թողնի վիրահատարանը եւ ներկայանայ իրաւապահներին, ապարդիւն են անցել։ Երեք ժամ յատուկ քննչականում անցկացնելուց յետոյ նա վերադարձել է եւ շարունակել վիրահատութիւնը:

xx

«Հայոց լեզուն հարուստ լեզու է եւ արժէ, որ մարդ չարչարուի այն սովորելու համար: Ես ջանք եմ թափում եւ կը շարունակեմ այն ուսումնասիրել»

Լորտ Ճոն Պայրըն․

Հասցրեց մեծանուն  Պայրընը  իր ցանկացածի չափով հայերէն սովորել թէ ոչ , պարզ չէ, բայց  Հ.Հ. կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնանմարզի նախարար Արայիկ Յարութիւնեանի կարծիքով  դպրոցից յետոյ, պարտադիր չէ , որ  բուհերում էլ   Հայոց լեզուի, հայ գրականութեան եւ Հայոց Պատմութեան առարկաների ուսուցումը պարտադիր լինի։  Պատասխանելով այս հարցի վերաբերյալ բազմաթիւ քննադատութիւններին  նա նշել է , որ հարցը քննարկւում է: «Դրանք ծրագրից չեն հանւում, խօսքը պարզապէս դրանց պարտադիր ուսուցման բնոյթի մասին է: Ընդհանուր տրամաբանութիւնն այն է, որ մեր աշակերտները 12-ամեայ կրթութեան ժամանակ բաւարար գիտելիք են ստանում ե՛ւ հայոց լեզուից  ե՛ւ հայ գրականութիւնից եւ պատմութիւնից: Եւ, ըստ էութեան, ծրագրերի մեծ մասում դրանց կրկնութիւնը ազդում է մասնագիտական ծրագրի բովանդակութեան եւ որակի վրայ»,-ասել է Յարութիւնեանը: Նա շեշտել է՝ այդ հարցը վաղուց է քննարկուել: Բուհերն իրենց հայեցողութեամբ կարող են այդ առարկաները ներառել ծրագրում: Նախարարը վստահութիւն է յայտնել, որ շատ բուհեր կը ներառեն, սակայն այդ առարկաների դասաւանդումը պարտադիր բնոյթ չի կրի: Յարութիւնեանը շեշտել է ՝ յաճախ մասնագիտական կեդրոններում դժգոհում են, որ ուսանողները շատ աւելի ժամանակ են կորցնում պարտադիր առարկաների վրայ, որոնք անցնում են դպրոցներում եւ մասնագիտականին քիչ ժամանակ է մնում:

xx

Ոչ այս շաբաթ, բայց յառաջիկայում  ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդութեամբ Պրաթիսլավայում  կը հանդիպեն Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարները, որի ընթացքում կողմերը քննարկելու են Արցախեան հակամարտութեան կարգաւորման հեռանկարները: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սլովաքիոյ արտաքին գործոց նախարար Միրոսլավ Լայչակը։ «Ես ակնկալում եմ հիւրընկալել երկու նախարարներին մօտ ժամանակներս Պրաէիսլավայում»,-ասել է Լայչակը: Գործող նախագահի խօսքով, նա բարձր է գնահատում նաև Հայաստանի և Ատրպէյճանի առաջնորդների կողմից գործադրուած ջանքերը՝ հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ։ «Այս տարուայ ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխօսութիւն, ինչպէս նաև երկխօսութիւն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցուել են նաև մտահոգիչ դրուագներ շփման գծում, որոնք յանգեցրեցին մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է»,-ասել է Լայչակը:

xx

Եւ վերջում մի քանի  հրապարակումների մասին, որոնք այս շաբաթ իր դիմատետրեան էջերում տեղադրեց  վարչապետ Փաշինեանը։ Առաջինն աւելի շատ քննադատուեց, նկարում երեւում էր , թէ ինչպէս է վարչապետը հանգստանում։ Երկրոդում էլ վարչապետը ցոյց է տուել , որ զինուորների սննդի ապահովման նոր համակարգը Հայաստանում շարունակում է ընդլայնուել: Դիմատետրի իր էջում Հ.Հ. վարչապետ Նիկոլ Փաշինեանը գրառմանը՝ կից ներկայացրել է նաեւ զօրամասի ճաշարանից տեսանիւթ, որում տեսանելի է, որ զինուորները ճաշում են սննդի տրամադրման նոր կարգով:

xx

Այս շաբաթ շատերի դիմատետրեան եւ առցանցային էջերի վրայ նահապետ Սօս Սարգսեանի անունն էր ու նրա խօսքերը տեղադրուած էին։ Առիթը՝ նրա ծննդեան տարեդարձն էր: Սարգսեան կը դառնար 90 տարեկան։ Այս առիթով ներկայացնում ենք Նահապետի պատգամներից մէկը՝ համայն հայութեանը առանց մեկնաբանութեան՝

«Մեղքը սրա-նրա վրայ բարդելով ջուալը չի կարւում: Ազգովի կը դառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճառ ասող…Ճա՛ռ ասող… Մեր զանգգն ո՞վ է կախելու…

Մեր խօսքը մտածմունքից ծնենք, մեր կողմնորոշումը՝ տանչահար մեր պետութիւնից: Խելօք մի մարդ ասել է՝ քաղաքականութիւնը հնարաւորութեան արուեստ է: Թեթեւամտօրէն չկապկենք սրան-նրան, ուրիշ է մեր ճակատագիրը, այլ են մեր լուծելիք խնդիրները, ծանր է մեր խաչը…Հեշտ ենք կորցնում, դժուար ենք ետ բերում տանուլ տուածը…Կողքից նայողը կ՛ասի՝ հայերը արդէն քանի դար պատրանքներով են ապրում: Պատճառն այն է, որ յաճախ ենք ուրիշի ձեռքին խաղալիք եղել: Մի հինաւուրց ժողովուրդ, փորձուած, ծեծուած մի ժողովուրդ ժամանակն է, որ իր եղած բարեմասնութիւններին գումարի իմաստութիւն:Մեր վիճակը դեռ չի հասել գիտակցութեան մեր խորքերը: …Մեր ապագան բզկտուած, չարչրկուած այս փոքրիկ հողակտորն է, մեր միակ յոյսն է, խնայե՛նք: Խնայենք ինքներս մեզ, խնայենք մերկացած ջղերով այս ժողովրդին… Մտաւորականի համար չի կարող լինել՝ վերեւի-ներքեւի կողմ: Հայրենիքն ամբողջական հասկացողութիւն է:

Իրարհասկացողութեա՛ն ճամբան բռնենք…»:

 

 

 

 

 

 

 

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*