ՀԱՅՐԵՆԻՔԷՆ՝ «ՀԱՅՐԵՆԻՔ»-ԻՆ

Սոնա Յակոբեան

Այս շաբթուայ հայրենի լուրերը սկսենք նախորդ շաբաթուայ վերջին Թուրքմենիստանում տեղի ունեցած Անկախ Պպետութիւնների Համագործակցութեան մասնակից երկրների ղեկավարների նիստի ժամանակ Ատրպէյճանի նախագահի ելոյթի ու դրան յաջորդած  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոշտ արձագանգից։ Պարզւում է այդ նիստն այնքան էլ հարթ չի անցել , քանի որ Ատրպէյճանի նախագահը մեղադրել է Հայաստանի նախկին իշխանութիւններին՝  Ֆաշիստներին հերոսացնելու մէջ։ Իսկ  այդ հերոսացումը , ըստ Իլհամ Ալիեւի Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումն է։ Փաշինեանն Ալիեւի ելոյթին կոշտ արձագանգ է տուել , ասելով , թէ Իլհամ Ալիեւի ելոյթում պատմութիւնը խեղաթիւրելու փորձեր կան: «Ցաւոք, Իլհամ Ալիեւի խօսքում մենք այդպիսի փորձեր տեսանք։ Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին՝ ճիշդն ասած, յիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» ժապաւէնը. երբ այնտեղ խոսվում է հինաւուրց ամրոցի աւերակների մասին, եւ հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նոյնպէս ե՞ս եմ աւերել։ Իլհամ Ալիեւի խօսքից այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում, որ ընդհանրապէս այդ պատերազմում Հիթլերը երկրորդական դերակատարութիւն է ունեցել, եւ նացիական շարժման ղեկավարը եղել է Գարեգին Նժդեհը։ Իսկ իրականութիւնն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թրքական  բռնագրաւման դէմ, պայքարում էր հայերի ցեղասպանութեան դէմ, որը կազմակերպել էին թուրքերը»,-ասել է  Նիկոլ Փաշինեանը: Նրա խօսքով, իրականութիւնն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դէպ, ռուսական շատ սպաների հետ 1918  թուականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարեւոր յատուածը հայ-թրքական պատերազմի ժամանակ։ « Եւ ես անտեղի, անհարկի եմ համարում պատմութիւնն աղաւաղելու, բաւական կարեւոր այս նիստի մթնոլորտում որոշակի լարվածություն մտցնելու նպատակով այս ձեւաչափի օգտագործումը»,- իր տեսակէտն այսպէս է հիմնաւորել Փաշինեանը։

*

Ի դէպ նոյն գագաթնաժողովի շրջանակներում  Հ․Հ․ վարչապետ Նիկոլ Փաշինեանն ու Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել են Արցախի հակամարտութեան կարգաւորման ներկայ իրավիճակն ու լարուածութիւնը մեղմելու հնարաւորութիւնները: «Արմենփրես»-ի հետ զրոյցում այս մասին յայտնել է Հ․Հ․ վարչապետի մամուլի խօսնակ Վլատիմիր Կարապետեանը։ «Ճաշի ընթացքում, որը կազմակերպուել էր նախագահող կողմի նախաձեռնութեամբ, Ալիեւն ու Փաշինեանը նստել էին իրար կողքի, քանի որ այբուբենական կարգով էր սահմանուած եւ տեղի է ունեցել մտքերի փոխանակութիւն եւ զրոյց: Այն հիմնականում նուիրուած է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ներկայ իրավիճակին, լարուածութիւնը մեղմելու հնարաւորութիւններին, յառաջիկայ քայլերին»,- ասել է  Կարապետեանը: Ի դէպ զրոյցը տեւել է ժամից աւելի։

*

Արցախեան հակամարտութեան հարցն Աշխապատում չեն քննարկել , բայց Նիկոլ Փաշինեանը նոյն այցի ընթացքում Ռուսաստանի նախագահին Արցախի մասին գիրք է նուիրել, խօսքը Վլատիմիր Քազիմիրովի «Խաղաղութիւն Ղարաբաղին. Ռուսաստանի միջնորդութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործում» գրքի մասին է։ Իսկ Հայաստան վերադառնալուց յետոյ, երկու երկրների ղեկավարները հեռախօսազրոյց էլ  են ունեցել ՝ օրակարգում Սուրիոյ հիւսիսում ստեղծուած իրավիճակի հարցն է եղել։ Անդրադարձ է կատարուել նաեւ տարածաշրջանային նշանակութեան այլ հարցերի։

*

Մինչ Փաշինեանն Ատրպէյճանի նախագահի հետ ոչ պաշտօնական օրակարգով Արցախեան հակամարտութեան հարցն էր քննարկում, Ստեփանակերտում այս շաբաթ հանդիպեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակօ Սաահակեանն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դաւիթ Տօնոյեանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի պաշտպանության նախարար Կարէն Աբրահամեանը, քննարկուել են բանակաշինութեանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետութիւնների համագործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր:  Շաբաթուայ երկրորդ կիսուն էլ Երեւանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի եւ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի հանդիպումը:  Նրանք քննարկել են տարբեր ոլորտներում հայկական երկու պետութինների փոխգործակցութեանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

*

Սկզբում  Երեւանում, յետոյ արդէն Ստեփանակերտում ազերի – արցախեան հակամարտութեան կարգաւորումն ու Արցախի եւ Ատրպէյճանի սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցերը Արցախի նախագահը քննարկել է նաեւ ԵԱՀԿ Մինսքի խումբի համանախագահների հետ։ Հանդիպման ընթացքում Բակօ Սահակեանը վերահաստատել է պաշտօնական Ստեփանակերտի հաւատարմութիունը հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը ԵԱՀԿ Մինսքի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժէք ձեւաչափի վերականգնման եւ հակամարտութեան կարգաւորման բոլոր փուլերին Արցախի մասնակցութեան անհրաժեշտութիւնը:

*

Մինչ  համանախագահները հակամարտութեան խաղաղ կարգաւորման հարցն էին քննարկում Հայաստանում ու Հայաստանից դուրս՝ հակառակորդը շարունակեց հրադադարի վիճակը խախտել առաջնագծում նաեւ այս օրերին։ Հոկտեմբեր 6-ից 12 թուականներին ընկած ժամանակահատուածում հակամարտ զօրքերի շփման գօտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանումն աւելի քան 90 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղութեամբ արձակելով շուրջ 700 կրակոց: Պաշտպանութեան բանակի յառաջապահ զօրամասերը հետեւում են հրադադարի  պահպանմանը եւ շարունակում վստահօրէն իրականացնել։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*