ՀԱՅՐԵՆԻ ԼՈՒՐԵՐ

Սոնա Յակոբեան

Եօթ երկրների ղեկավարներ այս շաբաթ աշխատանքային այցով Երեւանում էին: Բոլորին  Հայաստան էր բերել բարձրագոյն եւրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Հիւրերից առաջինը ժամանեց Սինկափուրի հանրապետութեան վարչապետը:  Լի  Սիէն Լունի առաջին կանգառը վարչապետի նստավայրն էր: Հանդիպումից յետոյ համատեղ ասուլիսի ժամանակ կողմերը նշեցին ,որ որոշել են սերտացնել Հայաստանի եւ  Սինկափուրի միջեւ   համագործակցութիւնը: Ասուլիսի ժամանակ Սինկափուրի  վարչապետը նշեց, որ Հայաստան է եկել  իր երկրի եւ Եւրասիական տնտեսական միութեան միջեւ ազատ առեւտրի գօտու համաձայնագիր ստորագրելու համար: «Հայաստանը շատ առումներով խթան է հանդիսացել, որ ստորագրուի այդ համաձայնագիրը: Այն կը նուազեցնի առեւտրի սակագնային խոչընդոտները: Այս պահի դրութեամբ` Հայաստանի եւ Սինկափուրի միջեւ շրջանառութեան ծաւալը փոքր է: Մասամբ դա պատմական պատճառ ունի, որովհետեւ նախկինում մեծ շփում չենք ունեցել: Ես յուսով եմ, որ երբ ծաւալներն աւելանան, կապերը կը շատանան, եւ դա մեզ հնարաւորութիւն կը տայ աւելին անել միասին»,- ընդգծել է Սինկափուրի վարչապետը: Ըստ Նիկոլ Փաշինեանի էլ այդ  համաձայանգիրը նոր հնարաւորութիւններ ու պայմաններ է ստեղծելու գործարարութեան համար: «Նմանօրինակ այցերը միջոց են փոխադարձ մեր ներդրողների ուշադրութիւնը հրաւիրել Սինկափուրում եւ Հայաստանում գործունէութիւն ծաւալելու վրայ: Կարծում եմ, որ Հայաստանը շատ բան ունի առաջարկելու Սինկափուրին, եւ Սինկափուրն էլ շատ բան ունի առաջարկելու Հայաստանին: Արտահանման մեծ հնարաւորութիւններ կան: Մենք ամէն ինչ անում ենք ուշադրութիւն հրաւիրելու համար, մենք չենք կարող գործարարին  պարտադրել ներդրում անել ինչ-որ տեղ, մենք կարող ենք անել առաւելագոյնը, որ ներդրումները լինեն ձեռնտու»,- նշել է Փաշինեանը: Փաշինեանի հետ հանդիպումից բացի , Սինկափուրի վարչապետը հանդիպել է նաեւ նախագահ Արմէն Սարգսեանի ու Ամենայն Հայոց  Կաթողիկոս Գարեգին Բ․-ի հետ:Սինկափուրի վարչապետը հաւանաբար շատ է սիրել Հայաստանը:  Նա իր անձնական կայքէջում Հայաստանից տարբեր լուսանկարներ է տեղադրել ու  գրել , որ  եղանակն այդ օրերին արեւային է եղել եւ նա մի քանի անգամ առիթ է ունեցել հիանալ պիպլիական Արարատի գեղեցկութեամբ:

*

Այս շաբաթ Հայաստանում էր նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին : Նա եւս Հայաստան էր ժամանել էր եւրասիական բարձրագոյն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինեանը նշել է, որ  Հայաստանի եւ Իրանի միջեւ յարաբերութիւնները բարեկամական են եղել եւ շարունակում են այդպէս մնալ: Ըստ նրա  Իրանի հետ Հայաստանրի յարաբերութիւնները պէտք է հնարաւորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցութիւններից, Փաշինեանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հաւասարակշռուած դիրքորոշումը Արցախի հակամարտութեան կարգաւորման հարցում: Ռոհանին էլ իր հերթին շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան համար: Նա նշել է , որ Իրանը պատրաստ է Հայաստանի կառավարութեան հետ շարունակել աշխատանքները` նոր ծրագրեր մշակելու եւ կեանքի կոչելու նպատակով, ընդլայնել գազ` էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծաւալները: Հասան Ռոհանիի խօսքով` իրանական կողմը հետաքրքրուած է Հայաստանի հետ համագործակցութեամբ նաեւ տրանսպորտային ենթակառուցուածքների ոլորտում, այդ թւում` մեր երկրում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրաւուելու գործում:

*

Տնտեսական համագործակցութիւնից բացի, փոքր-ինչ այլ օրակարգով է անցել Երեւանում Հայաստանի վարչապետի եւ Պելառուսիոյ նախագահի հանդիպումը: Փաշինեան –  Լուքաշենքօ հանդիպման ընթացքում Պելառուսիոյ նախագահն արդարացել է , ասելով․ «Դուք իմ շատ լաւ ընկերն էք, եւ Ատրպէյճանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լաւ ընկեր է: Եւ ի՞նչ կարող եմ ես անել` ես շատ լաւ եմ վերաբերւում եւ՛ Հայաստանին, եւ՛ Ատրպէյճանին, եւ՛ տեղւոյն ղեկավարութեանը դեռ այն ժամանակներից, երբ դեռ Հայտար Ալիեւն էր այնտեղ նախագահ, մենք նրա հետ ենք սկսել աշխատել: Ձեզ հետ նոյնպէս լաւ յարաբերութիւններ ունենք: Դուք մի անհանգստացէք, որ մենք որեւէ մէկի հետ բարեկամութիւն կ’անենք` ընդդէմ Հայաստանի: Բացարձակապէս ոչ: Եկէք Պելառուսիա, ցոյց տուէք` ինչ է ձեզ պէտք, մենք պատրաստ ենք աշխատել` ի շահ Հայաստանի: Հաւատացէ՛ք, դրանք այդպիսի յարաբերութիւններ են»:

Իսկ պաշտօնական հանդիպումներից յետոյ նախագահների ժամանակը բաւականին հետաքրքիր է անցել Հայաստանում:   Նրանք այցելել են «Թումօ» ստեղծարար կեդրոն, քոնեաք խմել  եւ զրուցել: Ի դէպ քոնեաքի մասին Հայաստանում 2019 թուականի Յունուար – Յուլիսին քոնեաքի արտադրութիւնն աճել է 46.3%-ով: Պաշտօնական վիճակագրութեան համաձայն` այս տարուայ եօթ ամիսներին հանրապետութիւնում արտադրուել է 21 մլն 300 հազար լիթր քոնեաք, իսկ 2018թ-ին նոյն ժամանակահատուածում` 14 մլն 554.9 հազ. լիթր:

*

Այս ժողովի ամենասպասուած հանդիպումը կատարուեց: Եւրասիական բարձրագոյն խորհրդի նիստից յետոյ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հանդիպում է ունեցել նաեւ  Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինի հետ: Զրոյցի ընթացքում Ռուսաստանի նախագահը նշել է, որ  գոհ է  Երեւանում կայացած գագաթաժողովի արդիւնքներից : «Դրանք իսկապէս լաւն են եւ երրորդ կողմի երկրների հետ կապերի զարգացման տեսանկիւնից, եւ, որ, աւելի կարեւոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, հակառակը, կազմակերպութեան շրջանակում մասնակից պետութիւնների միջեւ բոլոր համաձայնութիւնները ձեռք են բերուել: Դուք այն մարդն էք, ով ներդրել է առաւելագոյն ջանքեր` նման արդիւնաւէտ աշխատանքի համար: Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհաւորել, այլ նաեւ շնորհակալութիւն յայտնել»,- նշել է  Փութինը: Ի դէպ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները շարունակել են  զրոյցը նաեւ օդակայանում : Իր դիմատետրեան էջում, Փաշինեանը գրել է , որ օդակայանում Ռուսաստանի նախագահի հետ ունեցած մանրամասն զրոյցը նոր խթան կը տայ հայ-ռուսական յարաբերութիւններին:

Մինչ այդ  Երեւանում  հանդիպել են նաեւ  Վլատիմիր Փութինն ու Ռոպերթ Քոչարեանի կողակից՝ Պելլա Քոչարեանը: Թէեւ հանդիպմսն մանրամասները չեն հրապարակուել, բայց մամուլում լուրեր են շրջանառւում, որ հանդիպման օրակարգում Ռոպերթ Քոչարեանի կալանքի հարցն է եղել:  Ի դէպ այս շաբաթ Քոչարեանն  այցելել է Իզմիրլեան բժշկական կեդրոն  բժշկական հերթական զննման համար:

*

Կրքերը չեն հանդարտւում Ազգային Ժողովում:  Այստեղ էլ այս շաբաթ Բարգաւաճ Հայաստան խմբակցութեան ղեկավար Գագիկ Ծառուկեանը յայտարարել է, որ  իրենց  խմբակցութիւնը  չի մասնակցի Սահմանադրական դատարանի նախագահին պաշտօնից զրկելու Ազգային ժողովի քուէարկութեան։ Ծառուկեանը նշել է , որ Ազգային ժողովը չպէտք է որոշի` Հրայր Թովմասեանը մնալու է, թէ հեռանալու է: Ըստ նրա իրենք նախորդ գումարման ժամանակ Հրայր Թովմասեանի դէմ են քուէարկել, իսկ այս փուլում  ներկայացուած հիմնաւորումները շատ թոյլ են, հիմնական դրոյթները թերի են, կայ ժամկէտների խախտում: Աւելին ըստ Ծառուկեանի Ազգային ժողովի որոշումը չի, որ Հրայր Թովմասեանը պէտք է մնայ կամ հեռանայ, որոշողը Սահմանադրական դատարանն է:

*

Հալա՜լ է քեզ,

Սասո՛ւն, պարի՜…

Պարի՜,

Դու դեռ երա՜զ ունես կատարելու,

Վրէ՜ժ ունես պատմութիւնից դեռ հանելու.

Պարի՜,

Գազպան դեռ քո ձեռքի՜ն է կարօտում,

Սասնայ հողը վար ու հերկի՜ է կարօտում.

Պարի՜,

Մինչեւ ողջ հայերին դու ամբարե՛ս,

Եւ այս պարը

ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ Լանջի՜ն ՊԱՐԵՍ.

Քաղաքականութիւնից կտրուկ անցում մշակոյթին: – Այս շաբաթ լրացաւ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գէորգ Էմինի 100-ամեակը: Այս առիթով Էմինի ժառանգները իրենց մտահոգութիւնն են յայտնել: «Պետութիւնը, մասնաւորապէս կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնն ոչինչ չի նախաձեռնել նուիրուած Գէորգ Էմինի 100-ամեակին»,-  նշել է Գէորգ Էմինի թոռը` գրականագէտ Գէորգ Էմինտերեանը:

*

Շաբաթուայ ամենաուրախ վիճակագրութիւնը: Սեպտեմբերին Էրեբունի բժշկական կենտրոնում 472 նորածին մանկան ճիչ է լսուել: Այստեղ մէկ ամսուայ ընթացքում ծնուել է 233 աղջիկ եւ  239 տղայ երեխայ:

*

Եւ վերջում: Շաբաթուայ  սկզբին մի քանի ընտանեկան լուսանկար էլ վարչապետի տիկին Աննա Յակոբեանը հրապարակեց: Նա իր դիմատետրեան էջում տեղադրել էր Փաշինեանի լուսանկարը` բազմոցին քնած, ակնարկելով թէ կողակիցը շատ է աշխատում եւ գերյոգնած է:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*