ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ ՆՇՈՒԵՑ ՔԱՂԱՔԻ ՕՐԸ

Ստեփանակերտում Սեպտեմբեր 28-ին համաժողովրդական տօնախմբութիւն էր: Ստեփանակերտցիները հերթական անգամ նշեցին սիրելի քաղաքի օրը: Առաւօտից մայրաքաղաքի զինանշանով ու դրօշներով, գոյնզգոյն փուչիկներով զարդարուած աւտոմեքենաները զուարթ երաժշտութեան ուղեկցութեամբ յայտնուելով փողոցներում, քաղաքապետարանի անունից ծաղիկներ եւ յուշանուէրներ էին բաժանում անցորդներին Ստեփանակերտի օրուայ կապակցութեամբ, շռայլօրէն շնորհաւորանքներ յղում միմեանց:

Տօնակատարութեան մասնակիցները (ստեփանակերտցիներ, հանրապետութեան տարբեր շրջաններից եկած բնակիչներ, արտերկրից ժամանած հիւրեր), Ս. Շահումեանի անուան պուրակ էին շտապում ընբոշխելու օրուայ տօնական միջոցառումների յագեցած ծրագիրը: Տարեցներն անգամ սովորականից կենսախինդ էին, ուրախ: Եկել էին հպարտանալու հարազատ ծննդավայրի ձեռքբերումներով, սերնդակիցների, երիտասարների հետ կիսելու քաղաքի ծննդեան օրուայ հետ կապուած վաղեմի յիշողութիւնները: Նրանց շարքերում են եւ պատուաւոր քաղաքացու կոչման արժանացած ստեփանակերտցիներ, որոնք յարգանք ու հեղինակութիւն են վայելում Արցախում, եւ իրենց արժանի ներդրումն ունեն քաղաքի  կառուցման ու նրա դիմանկարի կերտման, երկրի զարգացման ու բարգաւաճման գործում: Այսօր նրանք վստահութեամբ հերթափոխը յանձնում են երիտասարդներին` համոզուած լինելով, որ աւանդոյթների եւ արժէքների պահպանումը գտնւում է յուսալի ձեռքերում…

Տարուէ տարի նոր հեռանկարներ են բացւում քաղաքի զարգացման համար: Այդ տեսակէտից բաւականին արգասաբեր է մայրաքաղաքներ Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ սկզբնաւորուած համագործակցութիւնը, որ շարունակ ընդլայնում է իր շրջանակները: Ստեփանակերտը վարչական ու տնտեսական կեդրոն լինելուց բացի նաեւ արցախահայութեան գիտական ու մշակութային, համայն հայութեան միաւորման ու ոգեշնչման կարեւորագոյն կեդրոններից մէկն է հանդիսանում, որն իրեն է ձգում մեծ թուով զբօսաշրջիկների` աշխարհի ամենատարբեր ծայրերից:

Աւանդոյթի համաձայն, քաղաքի օրուան նուիրուած հանդիսաւոր արարողութեան մեկնարկը տրուել է Ս. Շահումեանի անունը կրող օղակաձեւ պուրակում, ուր քաղաքապետարանի մշակոյթի տան փողային նուագախումբն էր զուարթ տօնական երաժշտութիւն հնչեցնում:

Ժամը 11-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլեանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեանը, պաշտօնատար այլ անձինք. Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Յարութիւնեանի գլխաւորած պատուիրակութեան անդամները` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրէն Գրիգորեանի ուղեկցութեամբ, որպէս յարգանքի տուրք, ծաղիկներ խոնարհեցին Ստեփան Շահումեանի յուշարձանին եւ խնկարկեցին նրա յիշատակը: Այստեղ էր նաեւ Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետ Դաւիթ Սարգսեանը:

Պուրակի ընդարձակ տարածքում ստեփանակերտցիներին եւ մայրաքաղաք ժամանած հիւրերին էին ներկայացուել Արցախի նկարիչների, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կեդրոնի, Շուշիի Խաչատրեանի անուան հումանիտար քոլեջի եւ մայրաքաղաքի Հ. Գիւրջեանի անուան արուեստի դպրոցի սաների ստեղծագործութիւնները: Կազմակերպուել էր նաեւ արցախեան հին գորգերի եւ կարպետների, յուշանուէրների ցուցահանդէս-վաճառք: Եւ, բնականաբար, ներկայացուող գործերն այնքան հետաքրքիր էին` ձեւի եւ բովանդակութեան, գեղագիտական ընկալումների առումով, ուշագրաւ, որ տօնակատարութեան մասնակիցներից շատերը գնումներ կատարեցին եւ առանց յուշանուէրների չլքեցին իւրայատուկ տօնավաճառը: Արուեստի սիրահարներին անակնկալ էր մատուցել եւ հանրապետութեան վաստակաւոր նկարիչ Հովիկ Գասպարեանը, ում «Իմ

Ստեփանակերտը» խորագրով ստեղծագործութիւնների անհատական ցուցահանդէսը բացուել էր քաղաքի պատկերասրահում:

Անցորդների ուշադրութիւնից չվրիպեց եւ երիտասարդների  միասնական շուրջպարը` պուրակի երգող շատրուանների հարեւանութեամբ հրապարակում մասնակից դարձնելով Արցախ այցելած զբօսաշրջիկներին: Մարզամշակութային միջոցառումների յագեցած ծրագիրը շարժեց տոնի մասնակիցների հետաքրքրութիւնը: Այստեղ մարզական իրենց կարողութիւններն էին ցուցադրում շախմատի, ծանրաձողի մարզաձեւի սիրահարները, պատանի ճիւտոիստներն ու բռնցքամարտիկները:  Նրանց կողքին աշխոյժ հանդէս էին բացել ազգային երգուպարի սիրահարները, իսկ հարեւանութեամբ ասֆալտի վրայ փոքրիկները ներկայացրել էին իրենց պատկերացումներն ու երեւակայութիւնները` միահիւսելով աշնան թաւշեայ գոյներն ու բոյրերը:

Քաղաքապետարանը,  նպատակ ունենալով ընդլայնել միջոցառումների շրջանակները, համերգներ եւ մարզական մրցումներ էր կազմակերպել ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլեւ ծայրամասային թաղամասերում` փորձելով աւանդական տոնին մասնակից անել առաւել մեծ թուով ստեփանակերտցիների: Ուշադրութիւնից դուրս չէին մնացել նաեւ հասարակական  կազմակերպութիւններն ու կառոյցները: Քաղաքապետարանի անունից, հանրապետական ծննդատանը ծաղիկների հետ արժէքաւոր նուէրներ են բաժանել նորածին փոքրիկների մայրերին: Յիշարժան տօնին չեն անտեսուել եւ ամուսնացող նորապսակ զոյգերը` հարսանեկան հանդէսին ստանալով նուէրներ եւ բարեմաղթանքներ:

«Մայրաքաղաքի բնակչութիւնն իր արժանի տեղն ունի արցախահայութեան նորօրեայ պետականութեան կերտման ու անկախութեան ամրապնդման գործում,- լրագրողների հետ ունեցած ճեպազրոյցի ժամանակ  նշեց գործող քաղաքապետ Սուրէն Գրիգորեանը: – Ստեփանակերտը մեր պետականութեան դէմքն ու այցեքարտն է եւ, համոզուած եմ, որ սերունդներն այսուհետ աւելի կարժեւօրէն  ու շատ կը սիրեն իրենց մայրաքաղաքը, անձնապէս կը նպաստեն նրա կառուցմանն ու բարեկարգմանը, զարգացման ծրագրերի իրագործմանը, կ’անեն հնարաւորը, որպէսզի վերածնուող Ստեփանակերտը լինի աւելի գեղեցիկ , հրապուրիչ եւ ներդաշնակ»,- ասաց նա:

Քաղաքի օրուան նուիրուած հանդիսութիւնները եզրափակուել են մշակոյթի եւ երիտասարդական պալատում կայացած տօնական համերգով եւ Ստեփանակերտի մասին պատրաստուած փաստավաւերագրականի ցուցադրմամբ:

Ստեփանակերտի Քաղաքապետարանի Մամուլի Ծառայութիւն

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*