Ե՞րբ Կը ծփայ Եւ Մեզ Կը Կանչի Սեւանը


ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆԵԱՆ

Յատուկ «Հայրենիք»-ին
Լուսանկարները` հեղինակի

 

Ծ․Խ․- Ամուլսարի ոսկիի հանքին շահագործումը ցայսօր կր շարունակէ մտահոգել հայորդին։ Յատկապէս բնութեան պաշտպան միջավայրն է, որ կը հնչեցնէ ահազանգը շեշտելով, թէ միայն բարձունք մը չէ, որ պիտի ազդուի այս հանքէն, այլ բոլոր տարածաշրջան մը, ներառեալ մերձակայ գետերն ու Սեւանայ լիճը, որուն ապտականաչ գոյնին մասին հետզհետէ աւելի կը խօսուի։
Այս շաբթուայ թիւին մէջ, մանրամասնութեամբ եւ մասնագիտութեամբ կը ներկայացնենք Սեւանի ներկայ իրավիճակը, յատուկ «Հայրենիք»-ին համար պատրաստուած լրագրող՝ Գալուստ Նանեանի կողմէ, որուն ոսպնեակին կը պատկանին նաեւ իւրայատուկ լուսանկարները։

Սեւանը ո՛չ միայն մեր, այլեւ համաշխարհային բնական ժառանգութիւն է, որի արժէքը, ցաւօք, դեռ այդպէս էլ չենք հասկանում…
Այն Հայաստանի ամենաթանկ պաշարներից է, որն առաջիկայ տասնամեակներում էլ աւելի կʼարժեւորուի, իսկ բնութիւնից մեզ հասած պարգեւը, մասնագէտների կարծիքով, պէտք է պահպանել, միւս կողմից` խելամտօրէն օգտագործել:

Սա է միայն մեր պարտքը…

Վաղուց յայտնի վերլուծութիւն կայ, որ ապագայում երրորդ համաշխարհային պատերազմի սկսման պատճառ կը դառնայ քաղցրահամ ջուրը:
Հայկական լեռնաշխարհի` քաղցրահամ ջրի մեծ պաշարներ ունեցող (33 միլիար խմ) միակ լիճը` Սեւանը, ապագայում տարածաշրջանի միակ կենարար աղբիւրն է լինելու եւ կարող է խմելու ջրով ապահովել ո՛չ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի երկրների բնակչութեանը:
Սեւանի գլխին սեւ ամպեր կուտակուեցին դեռ հարիւր տարի առաջ, երբ ակադեմիկոս Եղիազարովը ներկայացրեց Սեւանի ջրային աւազանի կրճատման նախագիծը, լիճը դրուեց երկրի տնտեսութեան զոհասեղանին, ինչի հետեւանքով Սեւանի մակարդակն իջաւ աւելի քան 19 մեթրով:
Արդէն 2000-ական թուականներին Հայաստանի իշխանութիւններն իրենց առաջնահերթ խնդիրը դարձրեցին Սեւանի «վերածնունդ»-ը, եւ այն 6 մեթրով բարձրացնելու հարցը դրուեց: Սակայն սկզբնական շրջանում կառավարութիւնը դեռ չէր կանխատեսել, որ այս գործընթացը կը յանգեցնի տարաբնոյթ խնդիրների:
Սեւանի մակարդակի բարձրացումը եւ յարակից կանաչ տարածքների ջրածածկ լինելն անհանգստացրեց բնապահպաններին: Ըստ նրանց` ափամերձ տարածքներն անյապաղ չմաքրելու դէպքում լճի ճահճացումն անխուսափելի է: Լճի մակարդակի իջեցման հետեւանքով ջրից ազատուած տարածքներում ժամանակին հիմնուել էին անտառներ: Բնապահպաններն ահազանգում էին, որ լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ծառերը կը յայտնուեն ջրի տակ, եւ դրանց փտման հետեւանքով կը զգացուի թթուածնի պակաս, որը բացասաբար կʼանդրադառնայ լճի բուսական եւ կենդանական օրկանիզմների կենսագործունէութեան վրայ: Ընդհանուր առմամբ, լճի մակարդակի 6 մեթր բարձրացման եւ լճի հայելին 1903 նիշին հասցնելու դէպքում ջրի տակ էին մնալու մօտ 3300 հեկտար անտառապատ տարածքներ:
Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան որոշումներով` Սեւանայ լճի տարածքների մաքրման խնդիրը դրուեց գերակայ խնդիրների շարքում, եւ տարբեր տարիների միլիոնաւոր դրամներ ծախսուեցին լճի առափեայ տարածքները մաքրելու եւ ջրի համար տեղ բացելու նպատակով, սակայն որոշ մասնագէտներ բացասական կարծիք են յայտնել այդ տարածքների մաքրման գործընթացին վերաբերեալ եւ զգուշացրել, որ կարեւոր է ո՛չ միայն Սեւանայ լճի մակարդակի բարձրացումը, այլեւ ջրի որակի լաւացումը:

Մաքուր Սեւան

Որոշ մասնագէտներ արդէն մէկ տասնամեակ է տարբեր ամպիոններից ահազանգում են, որ եթէ շուտափոյթ չկարողանանք Սեւանի աւազանից վերացնել կոյուղացումը, այսինքն` ջրի աղտոտումը կեղտաջրերով, ապա կարող ենք մեծ վնաս տալ Սեւանայ լճին` որպէս խմելու ջրի պաշարի: Իշխանութիւններն էլ յոյսով սպասում են, որ աւազանում ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցի կատարելագործման արդիւնքում կը վերականգնուի լճի կենսաբանական համակարգը: Սակայն փաստ է, որ Սեւանայ լճի աւազանում ստեղծուած կեղտաջրերը մաքրման չեն կարող ենթարկուել, քանի որ ոչ պատշաճ շահագործման հետեւանքով շարքից դուրս են եկել կենսաբանական մաքրման կայանները: Իսկ հոսքաջրերը, լաւագոյն դէպքում, անցնում են միայն մեքանիքական մաքրում:
Ըստ Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի ջրակենսաբանութեան եւ ձկնաբանութեան հիմնարկին` հիմնականում աղտոտուած են Գաւառագէտը, Մասրիկը, Վարդենիկը, իսկ համեմատաբար մաքուր են Արփա, Լիճք եւ Ծակքար գետերը:
Մաքրման կայանների խնդիրն այսօր լուրջ է, որի նկատմամբ պետական մօտեցում պէտք է ցուցաբերուի. վերջին 15 տարիներին, թէեւ իշխանութիւնները տնտեսվարող կառոյցներին պարտաւորեցրեցին տեղադրել մաքրման կայաններ եւ մաքրել իրենց մօտ արտադրուած կոյուղաջրերը, ապա նոր ուղղել լիճ, դա այդպէս էլ իրականութիւն չդարձաւ:
Այսօր ոչ մի պետական կառոյց չի տիրապետում տուեալների, թէ անկախութեան տարիներին ինչ չափով են աղտոտուել Սեւանի ջրերը: Սակայն պարզ է, որ ներկայումս Սեւանայ լճի ջուրը հեռու է մաքուր համարուելուց, ինչին մեծապէս նպաստել է մարդկային գործօնը` յանգեցնելով լճի կենսաբանական վիճակի վատթարացման:
Դեռեւս 10 տարի առաջ հասարակական հատուածի մի կառոյց դրամաշնորհով որոշակի ուսումնասիրութիւն էր իրականացրել Գեղարքունիքի մարզում եւ պատկեր ստացել, թէ ինչ չափով է աղտոտւում Սեւանը։ Այսպէս` միայն մակերեւութային հոսքաջրերի միջոցով, 2006-2007 թթ. տուեալներով, Սեւանայ լիճ է ներկրուել տարեկան 4000 թոննա գոմաղբ, 80 թոննա ֆոսֆաթներ, 290 թոննա նիթրաթներ եւ աւելի քան 115 թոննա նաւթամթերք, որի արդիւնքում Սեւանայ լճի աւազանում առաջացել է 11 միլիոն խմ կեղտաջուր։ Այսօր հաշուարկները փոքր-ինչ փոփոխուել են՝ Սեւան են լցւում էլ աւելի շատ կեղտաջրեր, համեստ հաշուարկների համաձայն` մօտ 14 միլիոն խմ, քանի որ վերջին 12 տարիներին մենք աւելի ենք «ծանրաբեռնել» Սեւանը սպասարկման կառոյցներով, հիւրատներով եւ հիւրանոցներով, էլ չեմ ասում` այլ ազդեցութիւնները, որոնք ուսումնասիրութեան կարիք ունեն:
Սեւանայ լիճ թափուող գետերն ու գետակները 28 են, որոնք տարեկան, միջին հաշուարկով, լիճ են տեղափոխում 750-780 միլիոն խորանարդ մեթր ջուր (2006 թ. տուեալներով): Բնական կոյուղագծեր այսօր չունեն Վարդենիս, Մարտունի, Գաւառ քաղաքներն ու Վարդենիկ (Հայաստանի ամենամեծ) գիւղը, որտեղից կեղտաջրերը գնում են դէպի Սեւանայ լիճ։ Այստեղ նոյնպէս հաշուարկները փոփոխուել են` Սեւան է տեղափոխւում վերը նշուած թուից աւելի քիչ ջուր։
Սեւանայ լիճ են թափւում ո՛չ միայն Գաւառի, այլեւ ամբողջ Գեղարքունիքի մարզի գրեթէ բոլոր բնակավայրերի կոյուղաջրերը, անասնագոմերի կեղտաջրերը: Ըստ այս տարածաշրջանի բնակիչների` արդէն 30 տարի է` Գաւառագետ են թափւում կեղտաջրերը, որոնցով, ի դէպ, գիւղացիները ոռոգում են նաեւ իրենց հողամասերը։ Այդ բնակավայրերի կոյուղագծերի կառուցման անհրաժեշտութեան մասին խօսւում է 22 տարուց աւելի, դա հնարաւորութիւն կը տայ հնարաւորինս քիչ աղտոտել Սեւանի աւազանը: Ի դէպ, ըստ բնապահպանների, Սեւանի աղտոտուածութիւնն աւելանում է յատկապէս գարնան եւ աշնան ամիսներին, երբ գետերն են թափւում ոչ միայն կոմունալ-կենցաղային, անասնապահական համալիրների հոսքաջրերը, այլեւ անձրեւաջրերը, որոնք, հողերը լուանալով, դաշտերից իրենց հետ բերում են տարբեր տեսակի թունաբերներ։ Այդ ընթացքում գետերում աւելանում է բորակածինի եւ ֆոսֆորի միացութիւնների քանակութիւնը։
«Օրկանական թունաւոր նիւթերը եւ թունաբերները մի կողմից ազդում են լճում ապրող կենդանիների եւ բոյսերի գործառնութեան օրինաչափութիւնների վրայ, միւս կողմից արագացնում են այն բոլոր գործընթացները, որոնք բերում են լճի ծերացման», յայտնում են Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի ջրակենսաբանութեան եւ ձկնաբանութեան հիմնարկից։
Օրկանական նիւթերի եւ կենսածին տարրերի աւելացման հետեւանքով լճում նուազում է թթուածնի քանակութիւնը, ինչի հետեւանքով ամբողջովին խախտւում է լճի կենսաբանական համակարգը եւ տեղի է ունենում լճի ճահճացում։
Եւ այսօր մենք ունենք այս վիճակը. Սեւանն արդէն ահազանգում է երկրորդ տարին անընդմէջ եւ կանաչին տալիս` յիշեցնելով մի մեծ ճահճուտ…

Տեղեկանք – 1930-ական թուականներից սկսած` լճի ջրի անխնայ օգտագործման արդիւնքում (ուժանիւթի արտադրութիւն եւ ոռոգում) խախտուեց լճի կենսաբանական հաւասարակշռութիւնը. Սեւանայ լճի մակարդակը 1933 – 2000 թթ. արդիւնաբերական շահագործման հետեւանքով իջել է 19.6 մեթրով, իսկ ծաւալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատուել է մինչեւ 32.5 մլրդ խմ: (Տեղեկութիւնը վերցուած է «Սեւանայ լճի կենսաբանական համակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրէնքի նախաբանից): Օգտագործուած ջրի 65 տոկոսը ծախսուել է ուժանիւթի արտադրութեան, իսկ 35 տոկոսը` ոռոգման նպատակներով, իսկ լճի յատակից ազատուել է 25 հազար հեկտար տարածք:

Ծանրաբեռնուած Սեւան…

«Մենք Սեւանի ողնաշարը կամաց-կամաց կոտրել ենք, իսկ այսօր դրել ենք քարին ու մուրճով փշրում ենք» (Գալուստ Նանեան):
Այսօր աշխարհի շուրջ 40 երկրներում խմելու ջրի սակաւութեան խնդիր է առաջանում, եւ մօտ 1,8 միլիարդից աւելի մարդ ունի մաքուր ջրի կարիք: Գիտնականների կանխատեսումների համաձայն` արդէն մի քանի տարի յետոյ` 2025-ին, աշխարհի բնակչութեան 2/3-րդը կանգնելու է խմելու ջրի սակաւութեան լրջագոյն խնդրի առջեւ, իսկ մօտ ապագայում էլ աշխարհում խմելու ջուրը կը դառնայ ամենաարժէքաւոր պաշարը:
Երբ 1960-70-ական թուականներին ճարտարապետների նախագծերով եւ շինարարների կողմից կառուցուեցին Սեւանայ լճի հանգստեան տներն ու սրճարանները` «Ախթամար»-ը, «Սպիտակ տուն»-ը եւ այլն, դրանք վեր խոյացան ոչ թէ հէնց Սեւանի ափին, այլ ափից շատ հեռու, մօտաւորապէս հին ճանապարհի մօտ: Կառուցապատողները հաւատում էին, որ օրերից մի օրը Սեւանը կը բարձրանայ, եւ ցամաքը կրկին կʼանցնի ջրի տակ: Փաստօրէն, մեր պապերն աւելի խելացի են եղել ու հեռատես:
«Հիտրոմետ» ծառայութեան պաշտօնական տուեալների համաձայն` ներկայ դրութեամբ Սեւանայ լիճը ծովի մակերեւոյթից գտնւում է 1900 մեթր 75 սմ բարձրութեան վրայ, սակայն վերջին տասնամեակում լճի մակարդակի բարձրացմանը զուգահեռ խնդիր է ծագել` կապուած Սեւանի ափամերձ տարածքների եւ շինութիւնների հետ: Ընդ որում` դեռ սկզբից նշուել էր, որ լճի յարակից տարածքներում կառուցուած շէնք-շինութիւնները պէտք է բարձր լինեն 1908 մեթր նիշից: Հաշուառումը ցոյց տուեց, որ հարիւրաւոր շինութիւններ գտնւում են այդ նիշից ցածր: Հայրենի իշխանութիւնները նիշը եւս մէկ անգամ վերանայեցին եւ ընդունեցին 1904.5 մեթրը, որից բարձր գտնուող շինութիւններն են համարւում օրինական, այսինքն` ջուրը կը բարձրանայ ծովի մակարդակից մինչեւ 1903 մեթր, իսկ 1.5 մեթրը հաշուառուել է ալիքի հարուածի համար:
Հայաստանի բնապահպանութեան (ներկայիս շրջակայ միջավայրի) նախարարութիւնը դեռ ժամանակին Հայաստանի կառավարութեանն էր ներկայացրել առաջարկութիւն. «Սեւանայ լճի մինչեւ 1905 մեթր բացարձակ նիշ գօտում գտնուող բոլոր ինքնակամ շինութիւնները համարել պետական սեփականութիւն եւ կազմաքանդել կառուցապատողի միջոցների հաշուին»: Սակայն այն մնաց թղթի վրայ եւ մինչ օրս իրականութիւն չի դարձել: Իշխանութիւնները նախատեսում են, որ Սեւանը 1903,5 մեթր նիշին կը հասնի 2031 թուականին։ Այդ ժամանակ ջրի տակ անցնի 1697 շինութիւն, որոնցից միայն 481-ն են գրանցուած Հայաստանի «Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէ»ում: Նշուած թուից 263-ը, որոնք պատկանում էին մի ընկերութեան, արդէն իսկ կազմաքանդուել են, իսկ տարածքն անցել ջրի տակ՝ իր հետ բերելով որոշակի խնդիրներ, իսկ 1216-ը անօրինական կերպով են կառուցուել, եւ պետութիւնը չի նախատեսում տրամադրել փոխհատուցում:
Որոշ հաշուարկներ նաեւ փաստում են, որ մինչեւ Սեւանի ջրի` նշաձողին հասնելը ջրի տակ կʼանցնեն նաեւ 806 վարձակալուած հողատարածքներ, որոնցից 107-ը անօրինական են վարձակալուել, ջրածածկ կը լինեն 15 քմ ճանապարհահատուած, 18 քմ ելեկտրահաղորդիչ համակարգեր, 19 քմ կազատարներ ու կայաններ, որոնք անհրաժեշտ է տեղափոխել, որոշներն արդէն տեղափոխուել են, իսկ մեծ աշխատանքը դեռ առջեւում է:

Հանքարդիւնաբերութեան ազդեցութիւնը Սեւանի վրայ


Պաշտօնական վիճակագրութեան համաձայն` Գեղարքունիքի մարզում գործում է մօտ 30 հանքավայր, որոնցից ամենախոշորները եւ լճին վնաս հասցնողները Սոտքի ոսկու եւ Շորժայի դունաքարի հանքավայրերն են:
Սոտքի հանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրն է, որը գտնւում է Սեւանայ լճի աւազանում: Հանքը շահագործւում է բաց եղանակով, եւ քամին փոշին, որը պարունակում է բազմաթիւ թունաւոր նիւթեր եւ ծանր մետաղներ, քշում է լճի ուղղութեամբ: Սոտքի հանքի յարակից տարածքից են սկիզբ առնում Սոտք եւ Մասրիկ գետերը, որոնց ջուրը` թունաւոր նիւթերի եւ ծանր մետաղների խառնուրդով, թափւում է Սեւանայ լիճը:
Յիշեցնենք, որ «Սեւանայ լճի մասին» Հայաստանի օրէնքի 10-րդ յօդուածն արգելում է հանքանիւթի վերամշակման գործունէութիւն Սեւանի աւազանում:

Աղտոտման այլ աղբիւրները եւ ճահճակալումը

Տարիներ առաջ Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի Սեւանայ լճի պահպանութեան փորձագիտական յանձնաժողովի փոխնախագահ` լուսահոգի Ռաֆայէլ Յովհաննիսեանը յայտարարեց, որ Սեւանը, ամէն տարի բարձրանալով, իր հետ նոր խնդիրներ է բերելու, եւ հրապարակեց տուեալներ, որոնց համաձայն` Սեւանի աւազանում առկայ է մօտաւորապէս 5035 խմ մեթր փայտանիւթ, որի չոր կենսազանգուածը 68 թոննա է` 1 հեկտարից: Գիտնականը նաեւ իր մտահոգութիւնը յայտնեց, որ եթէ լուրջ քայլեր չձեռնարկուեն, եւ ջրածածկ տարածքներից այդ կանաչ զանգուածը դուրս չբերուի, ապա Սեւանի ջուրը կը հարստանայ 259 թոննա բորակածինով եւ 23 թոննա ֆոսֆորով: Ըստ նրա հաշուարկների` ծառի արմատներում բորակածինի քանակը 10-ից 12 տոկոս է, ճիւղերում` 10-15 տոկոս, սերմերում` 20-25 տոկոս, տերեւներում` 50-60 տոկոս: Իսկ ֆոսֆորի հետ կապուած ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ ֆոսֆորի մօտ 20- 40 տոկոսը գտնւում է տերեւներում, 20-30 տոկոսը` սերմերում, 15-25 տոկոսը` ճիւղերում: Նաեւ հաշուարկուել էր, թէ որքան բորակածին եւ ֆոսֆոր է լցւում լիճ ջրահաւաք աւազանից, այսպէս` ջրահաւաք աւազանի տնտեսական գործողութիւնից լիճ է թափւում 3000 թոննա բորակածին եւ 191 թոննա ֆոսֆոր:
Լճի ափերը ըստ պատշաճի չեն մաքրուել մինչեւ լճի մակարդակի բարձրանալը, եւ բազմաթիւ ծառեր ու թփեր մնացել են լճի մէջ` իրենց հերթին նպաստելով լճի ճահճացմանը: Ժամանակին Հայաստանի իշխանութիւններին հասարակական կազմակերպութիւններն առաջարկեցին, որպէսզի ափերի մաքրմանը եւ ծառահատումներին մասնակցեն մօտակայ համայնքների բնակիչները, որոնց, որպէս փոխհատուցում, կը տրուէր կտրուած ծառերի փայտը: Սակայն այդ առաջարկը մերժուեց: Փոխարէնը Հայաստանի կառավարութիւնը պետական պիւտճէից մեծ գումարներ յատկացրեց լճի մէջ մնացած բուսականութիւնն ու ծառերը մաքրող սարք ձեռք բերելու համար, որը հետագայում պատշաճօրէն չօգտագործուեց:
Եւ այսօր Սեւանում ստեղծուել է մի վիճակ, որը կարող է յանգեցնել կենսաբանական աղէտի: Առողջացուցիչ եւ կանխարգելիչ միջոցառումների արժէքը դրանք ժամանակին ծրագրելու եւ իրականացնելու մէջ է։Հակառակ դէպքում՝ անգամ աւելի մեծ ծախսերը հետագայում անհամեմատ նուազ արդիւնաւէտ կը լինեն: Սեւանայ լճի առողջապահական վիճակի բարելաւման համար չափազանց կարեւոր է նաեւ աւազանի բնակավայրերի եւ առափեայ տարածքների բարեկարգումը, կանաչապատումը, առողջապահական մաքրման, աղբի հեռացման եւ վնասազերծման ճիշդ կազմակերպումը, ինչպէս նաեւ լողափերի, հանգստի գօտիների ճիշդ տեղաբաշխումը եւ դրանց համապատասխան առողջ վիճակի ապահովումը:
Լճի հետագայ ճահճացումը դանդաղեցնելու նպատակով Սեւանի աւազանում հնարաւորինս պէտք է պակասեցնել հանքային պարարտանիւթերի օգտագործումը գիւղատնտեսական հողահանդակներում եւ այգեգործական տնտեսութիւններում` դրանք փոխարինելով օրկանական ծագման պարարտանիւթերով:
Ու մինչեւ բոլորը` ե՛ւ Հայաստանի իշխանութիւնները, ե՛ւ Հայաստանի քաղաքացիները, չհասկանան Սեւանայ լճի նշանակութիւնն ու կարեւորութիւնը, չգիտակցեն, որ Սեւանն ազգային հարստութիւն է, որ նրա ջրով ենք մենք ապրում, եւ որ պէտք է հոգ տանել նրա մասին ու չկեղտոտել, Սեւանը «չի բուժուի»:

Ձկան կեանքը Սեւանում

Իշխանի վերացման պատճառը Սեւանայ լճի ջրի մակարդակի իջեցումն , որի պատճառով նրա ձուադրավայրերը մնացել են ափին: Սա ձկնաբանների կարծիքն է։ Նրանք նաեւ պնդում են, որ թէեւ Հայաստանի կառավարութիւնը երկար տարիներ որոշակի քանակութեամբ մանրաձկներ է բաց թողել Սեւան, այնուամենայնիւ, այդ գործընթացն արդիւնք չի ունեցել, քանի որ ձկան պահպանութիւնը լճում ապահովուած չէ:
Գիտական ինստիտուտները փաստեր են առաջ քաշում, որ ժամանակին, երբ ձկնիկները բաց են թողնուել Սեւան, հետագայում, սեռահասուն դառնալով, անմիջապէս որսուել են եւ այսօր էլ որսւում են։
Հաշուարկների համաձայն՝ 1983 թուականին Սեւանում եղել է սիգ ձկնատեսակի 10,800 թոննա կենսամաս, որի չափային յարաբերութիւնը եղել է 34 սմ-ից մինչեւ 40 սմ: Սակայն 2005 թուականի ուսումնասիրութիւններով՝ սիգը լճից պակասել է 17.5 անգամ եւ հասել 625 թոննայի, որի չափային յարաբերութիւնը կազմում էր 20-28 սմ: Այլ հաշուարկների համաձայն` 1989-90-ական թուականներին սիգի պաշարները հասել էին 30,000 թոննայի, իսկ այսօր այն, որոշ վերլուծութիւնների համաձայն, հասում է 200-250 թոննայի, որի չափային յարաբերութիւնը կազմում է 15-21 սմ:
Որքան էլ իւրաքանչիւր տարի Հայաստանի շրջակայ միջավայրի նախարարութիւնը ձկնորսի արգելք է դնում, իսկ նախարարը ստորագրում որսի արգելման հրամանագիր, այնուամենայնիւ, թէ Երեւանի, եւ թէ՛ մարզերի շուկաները լեցուն են սիգ ձկնատեսակով, որի մեծ քանակութիւն նկատուեց անցեալ տարուայ վերջին եւ այս տարուած սկզբին` սիգ ձկնատեսակը թոննաներով յայտնուեց փողոցային վաճառակէտերում: Բայց նոյն նախարարութիւնը վերջին մէկ տարում Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի ջրակենսաբանութեան եւ կենդանաբանութեան հիմնարկի հետ չկնքեց ծառայութիւնների մատուցման պայմանագիր լճում ձկնապաշարների հաշուառման նպատակով:

Սեւանը եւ նրա կենսաբազմազանութիւնը

Սեւանայ լճի կառավարման ծրագիրի խիստ անհրաժեշտութիւնն այսօր զգացւում է։ Յիշեցնենք, որ նախկին ծրագրում Սեւանի աւազանում գոյութիւն ունեցող 5 արգելոցների տարածքները փոփոխութեան ենթարկուեցին, եւ ստեղծուեցին 4 արգելոցային տարածքներ` 3514 հեկտար ընդհանուր մակերեսով, այսինքն` կրճատուեց Նորատուսի տեղամասը, որովհետեւ այդ տարածքը կը համարուէր արգելոցային տարածք այն դէպքում, եթէ չլինէր Նորատուս համայնքի գործօնը։ Հայաստանի կառավարութիւնն անգամ այս տարի Սեւան ազգային պարկի որորների կղզու «Նորաշէն» արգելոցի տարածքում մարդաշատ միջոցառում կազմակերպելու համար արգելոցից օտարել էր տարածք, ինչը չողջունուեց բնապահպանների, յատկապէս` թռչնաբանների կողմից, որոնք յայտարարեցին, որ իշխանութիւնները դրանով զրկում են տեղային համարուող հայկական որորներին միակ ձուադրավայրից։ Բացի այդ, վերջերս կազմակերպուած միջոցառման օրերին բարձր ձայների պատճառով հայկական որորները հեռացած են եղել իրենց բնադրավայրից:
Ըստ բուսաբանների` օրինակ, Արդանիշի արգելոցում, որն ընդգրկում է 3640 հեկտար տարածք, կը հանդիպենք անգամ վայրի ցորենի մնացորդների: Իսկ ահա թռչնաբաների հաշուարկներով՝ Սեւանի աւազանում հաշուառուած՝ թռչնաշխարհի 267 տեսակներից 200-ի ներկայացուցիչներին կարող ենք հանդիպել միայն Արդանիշի արգելոցում: Բուսատեսակներից աւազանում եւ դրա պահպանական գօտում հաշուառուած է 1000 տեսակ, որոնցից 200-ը համարւում են դեղաբոյսեր:
Կաթնասուների մասով էլ կարող ենք յստակ նշել, որ տարածքում հանդիպում են Կովկասեան գորշ արջ, նապաստակ, այծեամ, բեզոարեան այծ, մացառախոզ, անգամ`ազնուացեղ եղջերու, որոնք տասնամեակներ առաջ այդ տարածք են անցել Դիլիջանի անտառներից:

Լճի ափերի 60-65 տոկոսը վարձակալուած է

230 քմ․ երկարութիւն ունեցող Սեւանայ լճի ափերի մօտ 60-65 տոկոսը վարձակալուած է։ Սա պաշտօնական տեղեկատուութիւն է, որը նաեւ տեղեկացնում է, որ ներկայումս վարձակալուած տարածքների ընդամէնը կէսն է օգտագործւում:
Սակայն այն հատուածը, որն օգտագործւում է, ըստ պահանջների, պէտք է ունենայ զուգարաններ, հանգստի սենեակներ, բուժկէտ, կանաչ գօտի եւ ազատ տարածքներ, այսինքն՝ իւրաքանչիւր վարձակալուած տարածք առնուազն պէտք է 20 տոկոս տրամադրի կանաչ գօտուն:

Զբօսաշրջութեան ցած ցուցանիշ

Հինգ բալանոց սանդղակով՝ այսօր Սեւանի աւազանի զբօսաշրջութիւնը հաւասարազօր է 2.5-ի։ Զբօսաշրջութեան առումով՝ հիմնականում ծանրաբեռնուած է փոքր Սեւանը, այսինքն՝ հիւսիսարեւելեան ափերը՝ Սեւանից մինչեւ Շորժա ընկած հատուածը, իսկ մնացած ափերի բեռնուածութիւնը խիստ անհամաչափ է:
Այսպէս, ի հարկէ, նաեւ եղել է խորհրդային ժամանակահատուածում, երբ արեւելեան ափին՝ ծովագիւղից մինչեւ Շորժա ընկած հատուածը, կառուցուել են հանգստեան տներ, քանի որ այդ ափը համարւում է ամենալաւ պայմաններ ունեցողը՝ եղանակը, Սեւան քաղաքի հետ համեմատ, 2- 3 աստիճանով բարձր է, իսկ արեւային օրերի քանակը՝ աւելի շատ:
Ըստ տարբեր գնահատականների՝ ափամերձ ճանապարհները եւրոպական չափանիշներով դասւում են 2.5- 3 կարգի ճանապարհների շարքը:

Զբօսաշրջութեան նախադրեալները Սեւանի համար մեծ են…

Սեւանի համար զբօսաշրջութեան նախադրեալները մեծ են, օրինակ՝ այստեղ ամառը սկսւում է աւելի ուշ, իսկ ձմեռը՝ շուտ։ Այս առումով, թէ՛ ամառային, եւ թէ ձմեռային զբօսաշրջութիւն զարգացնելը նպատակայարմար է՛, սակայն պէտք է գործել խելամտօրէն:
Ի դէպ, նախադրեալները առաջին հերթին պայմանաւորուած են բարձր լեռնային լճի, զով ամառների, կլիմայի, բնութեան, գեղատեսիլ վայրերի, պատմամշակութային յուշարձանների եւ մաքուր օդի գործօնով: Որոշ վերլուծութիւնների համաձայն՝ Սեւանի վրայով կարելի է կազմակերպել օդապարիկային զբօսանքներ: Ինչ վերաբերում է ջրային զբօսաշրջութեան կազմակերպմանը, ապա այն ներկայումս որոշ առումով կազմակերպւում է, սակայն կան մասնագէտներ, որոնք դրան հաւանութիւն չեն տալիս, քանի որ կան բնապահպանական խախտումներ։ Բացի այդ, ըստ մասնագէտների, պէտք է շահագործուեն այնպիսի լողամիջոցներ, որոնք լինեն անվտանգ եւ քիչ վնաս հասցնեն բնութեանը: Ներկայ պահին, օրինակ, միայն Սեւանում շահագործւում է մօտ 70 առագաստանաւ:
Զբօսաշրջութեան ոլորտի մասնագէտները նաեւ առաջարկում են սիրողական ձկնորսութեան զարգացումը Սեւանում: Սա, ի հարկէ, ընդունելի տարբերակ է, եթէ հաշուի առնենք այն հանգամանքը, որ Սեւանում ձկնորսութիւնը հասնում է ճգնաժամային վիճակի, իսկ սիրողական ձկնորսութիւնն ընդամէնը կարող է համարուել չարեաց փոքրագոյնը:
Այս տարածաշրջանում հսկայական են հնարաւորութիւնները բնապահպանական զբօսաշրջութեան երթուղիներ մշակելու համար: Ի հարկէ, դրանք ժամանակին նախագծուեցին, սակայն դրանց մեծ մասն այսօր իրականութիւն չի դարձել, շահագործւում է այդ երթուղիների մի մասը, որը գործառնութեան առումով եկամուտներ է բերում:
Եւ ամենակարեւորը` տարածքում պէտք է ստեղծուեն համապատասխա ն տեղեկատուական կենտրոններ, որպէսզի Սեւան այցելող զբօսաշրջիկը համապարփակ տեղեկատուութիւն ստանայ տարածաշրջանի մասին, այլ ոչ թէ Սեւանը դիտարկի որպէս միայն լողալու եւ խորոված անելու վայր:

Սեւանի առատ յուշարձանները

Պատմամշակութային յուշարձանները Սեւանի աւազանում շատ են, օրինակ` լճի ջրբաժանից ներքեւ, այսինքն` ափամերձ տարածքներում հաշւուում է մօտ 2000 եւ աւելի յուշարձան, իսկ ամբողջութեամբ մօտ` 7000 (այդ թւում` խաչքարերը):
Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան կառոյցի տեղեկացմամբ` գրեթէ բոլոր յուշարձանները հասնելու համար կան ճանապարհներ, եւ միայն դժուար անցանելի է Սեւ սարի ժայռափոր ժայռապատկերների տեղամասը: Օրինակ` եթէ յուշարձանները գտնւում են համայնքների շրջագծում, եւ համայնքի ճանապարհը լաւն է, այդ յուշարձանի մուտքը բնական է:
Աւազանի յուշարձաններից յայտնի են Նորատուսի խաչքարերը` մօտ 1000 հատ, եւ Լճաշէնի հանրայայտ դամբարանները։ Գրեթէ բոլոր յուշարձանները անմխիթար վիճակում են, դրանցից լաւ վիճակում են Սեւանի թերակղզու Սեւանավանքը եւ Հայրավանքը, ինչպէս նաեւ մի քանի այլ յուշարձաններ:վ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*