Արցախի Անկախութեան 28-ամեակին Առթիւ Հ․Յ․Դ․ Հայաստանի Գերագոյն Մարմնի Շնորհաւորական Ուղերձը

Քսանութ տարի առաջ` 1991 թուականի Սեպտեմբերի 2-ին, ատրպէյճանական զինուժի չդադարող յարձակումների եւ հրետակոծութիւնների ներքոյ Ստեփանակերտում տեղի ունեցաւ պատգամաւորների մարզային եւ Շահումեանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը:

Պատմական այդ նստաշրջանը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերթական հանգրուանի եզրափակումն էր եւ, միեւնոյն ժամանակ, որակապէս ու բովանդակութեամբ նոր փուլի սկիզբը: Նստաշրջանն ընդունեց “Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին” հռչակագիրը` այդպիսով ի լուր աշխարհի ազդարարելով հայկական երկրորդ պետականութեան ծնունդը:
Լ․Ղ․Հ․ անկախութեան հռչակագիրը ոչ միայն եկաւ հաստատելու, որ Լ․Ղ․Հ․ հայ բնակչութիւնը չի հանդուրժում իր մարդկային եւ ազգային արժանապատուութեան նկատմամբ որեւէ ոտնահարում, այլեւ իր քաղաքական իրաւունքների տէրն է եւ ունի կամք ու վճռականութիւն` իրացնելու դրանք: Առջեւում Հայոց երկրորդ պետականութեան ձեւաւորման դժուար, բայց համոզուած եւ աննահանջ քայլերն էին:

Նոյն թուականի Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքուէն` մասնակիցների 99%-ի վճռական համոզումով, հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը: Հանրաքուէին հետեւած խորհրդարանական ընտրութիւններում ընտրուեց Լ․Ղ․Հ․ խորհրդարանը, որն էլ կազմեց առաջին կառավարութիւնը:

Արցախի Հանրապետութիւնն այսօր քսանութ տարեկան է․ յամառ պետականաշինութեան, նուիրումի, զոհաբերութիւնների, ձեռքբերումների, շարունակուող պայքարի ու կերտումի քսանութ տարիներ:

Անկախութիւնն ու ինքնիշխանութիւնն անսակարկելի արժէքներ են: Որքան էլ թանկ լինի այդ գինը, նահանջ չկայ. սա է մեր սրբազան սահմանները պահող հայ զինուորի համոզումն ու ուխտը, սա ամբողջ հայ ժողովրդի համոզումն է, մեզ` համայն հայութեանը միացնող անքննելի գաղափարը:

Արցախը շարունակելու է մնալ մեր համահայկական օրակարգերի առաջնահերթութիւնը, մեր համազգային նուիրումի ճակատը` ամրագրելու նրա զարգացումն ու արդար դատը:

Շնորհաւոր Արցախի եւ համայն հայութեան տոնը, հայկական երկրորդ պետականութեան անկախութեան տոնը:

Հ․Յ․Դ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

Սեպտեմբեր 2, 2019

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*