Գլխաւոր Թշնամին

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցութեան օրերս տեղի ունեցած համագումարում այս ուժի ոչ երկրորդական դէմքերը դարձեալ խօսել էին թշնամիների, իրենց պատերազմ յայտարարածների, այլ խօսքով, հակայեղափոխականների եւ նրանց դաւադրութիւնների մասին: Կասկած չկայ, որ այս թեման եւ անցեալի ուրուականների հետ կռիւը լինելու է վերջիններիս գլխաւոր ասելիքն ու գործողութիւնների մղող մտայնութիւնը` մինչեւ իրենց իշխանութեան աւարտը: Իմ կարծիքով, սակայն, Հայաստանի ներկայ իշխանութեան գլխաւոր թշնամին ժամանակն է: Որ ժամանակն իր դէմ է աշխատելու` Ն. Փաշինեանը հրաշալի հասկանում էր դեռ այն պահին, երբ, սահմանադրական կարգի կոպիտ ոտնահարմամբ, խորհրդարանին պարտադրեց ինքնասպանութիւն եւ երկրին` շուտափոյթ ընտրութիւններ: Իրապէս էլ իշխանափոխութիւնից մօտ մէկ տարի անց ոչ միայն Նիկոլ Փաշինեանը, այլեւ թաքսու վարորդները, տնային տնտեսուհիները եւ նորաթուխ ու ջղագար «սփիւռքահայերն» էին հասկանում, որ եթէ նոյն օրերին ընտրութիւններ տեղի ունենային «թաւշեայ», «ոչ բռնի», «ժողովրդավար» «յեղափոխականները» հաւաքելու էին միանգամայն այլ քանակի ձայն` ամենայն հաւանականութեամբ լինելով առաջին տեղում:

Ի դէպ այդ կացութիւնը, հաւանաբար, կը թելադրէր վերջիններիս որդեգրելու մի փոքր այլ վարքագիծ, մասնաւորապէս չանել հերթական ոտնձգութիւնը սահմանադրական կարգի դէմ` կաթուածահարելով երկրի ողջ դատական համակարգի գործունէութիւնը: Բայց խօսքն այս մասին էլ չէ, այլ այն, որ ամենազօր ժամանակը բացայայտում է նոր իշխանութեան անկարողութիւնը` երկրի քաղաքական, տնտեսական, ընկերային առաջընթացի ապահովման հարցերում:

Խնդիրն այն է սակայն, որ շատ բացասական գործընթացներ հիմնարար, միաժամանակ խորքային բնոյթ ունենալով` առայժմ նուազ տեսանելի են բոլորի, մասնաւորապէս Նիկոլ Փաշինեանին կուռք սարքած զանգուածի մի մասի համար:

Հայաստանի քաղաքական, տնտեսական եւ այլ մարզերի մօտակայ հեռանկարի վրայ մեծ ազդեցութիւն են ունենալու այնպիսի երեւոյթներ, ինչպիսիք են` իշխանութիւնների ապակառուցողական ներհասարակական-ներքաղաքական գործելակերպը, արտաքին քաղաքական (այդ թւում` Արցախի հարցում) յստակ կողմնորոշումների եւ հայեցակարգերի բացակայութիւնը, տնտեսական զարգացման ծրագրերի եւ պատկերացումների չգոյութիւնը, կառավարման համակարգի ձեւախեղումը, երկրում հեղինակապետական կոշտ վարչակարգի հաստատման ճիգը եւ, վերջապէս, երկրի ողջ վարչական ու խորհրդարանական քատրային անձեռնհաս ներուժը:

Աւելի առարկայական լինելու համար փաստենք, որ այս նոյն պատճառներով 2019 թուականին կտրուկ պակասել են արտաքին ու տեղական ներդրումները, խորհրդարանը աշխատում է անհրաժեշտ-հնարաւորի ամենացածր արդիւնաւէտութեամբ, հնարաւոր են դրսից ստացուող ապրանքների շօշափելի թանկացումներ, որոնք էլ կարող են տոմինոյի ազդեցութիւն ունենալ ապրանքների ու ծառայութիւնների թանկացումների առումով, պատճառ դառնալով նաեւ ներքին արտադրանքի թանկացմանը եւ որոշ արտադրութիւնների կաթուածահար լինելուն: Ներքին խմորումներն ու արտաքին յարաբերութիւնների անյստակութիւնը կարող են աւելացնել երկրի նկատմամբ կիրառուող ուղղակի եւ անուղղակի ճնշումներն ու բարդացնեն իրավիճակը արցախեան բնագծում:

Կարծում եմ` ասուածը չափազանցութիւն չի համարուի քանի որ այն, ինչի մասին խօսւում է, արդէն իսկ տեսանելի ծիլեր է տուել: Այնուամենայնիւ, սրանք եթէ հիմնականում խորքային գործընթացներ լինելով` ահազանգի առիթ են երեւոյթների ծալքերը տեսնողների համար, ապա ժողովրդի մի մեծ հատուած դրանց ազդեցութիւնն իր մաշկի վրայ թոյլ է զգում եւ հակուած է դեռ սպասելու գեղեցիկ խոստումների իրագործմանը:

Չի կարելի ասել, որ իշխանութիւնը առկայ վիճակը եւ զարգացումների ընթացքը չի տեսնում, բայց հակամիջոցների չձեռնարկմամբ, նա ոչ թէ հակուած է ինքնասպանութեան, այլ պարզապէս չի տեսնում ելքերը, կամ իր սխալ պատկերացումներով գնում է կեղծ թիրախների ետեւից: Կարելի է ի հարկէ ամէն օր մի քանի աղմկոտ դատավարութիւններ կազմակերպել երկրում, կարելի է անընդհատ խօսել նախկինում կատարուած յանցագործութիւնների մասին, կարելի է օրական տասն անգամ ժողովրդի կենացը խմել եւ հաճոյախօսել նրա հասցէին, բայց ակնյայտ է, որ այլեւս չկայ նախկին ոգեւորութիւնը, այս կամ այն նախկին ու ներկայ պաշտօնեային պատժուած տեսնելու կիրքը, եւ մարդիկ աւելի շատ մտահոգւում են, թէ ի՛նչ է լինելու իրենց ու իրենց երկրի բազում հիմնահարցերի հետ:

Մի օր այս մարդիկ իշխանութեանը հարց են ուղղելու. բաւ չէ՞ յետյեղափոխական բարդութիւններով արդարացնել սեփական անճարակութիւնը, «վեթինկների», հաշուեյարդարների անհրաժեշտութեամբ ֆռռացնել մի ողջ ազգի, երբ, այսպէս կոչուած, յեղափոխութեան հետեւանքում ոչ դասակարգային բախում է եղել, ոչ աւերիչ պատերազմ ու բռնութիւններ, ոչ վարչա-իրաւական համակարգերի ու տնտեսական կացութաձեւերի փլուզում:

Ի հարկէ գլխաւոր մտահոգութիւնը մնում են ժողովուրդն ու երկիրը, որոնք կարող են ճակատագրական կորուստներ ունենալ, քանի դեռ երկրի ղեկը այս ու այն կողմ են թափահարում պատասխանատուութեան զգացումից զուրկ փորձարարները:

Իշխանութիւնը լուրջ քննութեան առջեւ է կանգնած եւ եթէ կարծում է, որ դատական համակարգը ճորտացնելով, այլընտրանքային կարծիքի դէմ ընկերային ցանցերի քերծէներին քսի տալով, կեղտոտ փողեր օրինականացնելով` երկրի իրավիճակը բարելաւելու է, ապա խորհուրդ կը տանք յաճախակի նայել ժամացոյցին. գլխաւոր թշնամին ժամանակն է, որին ո՛չ հնարաւոր է վարկաբեկել, ո՛չ ծեփել պատերին, ոչ դատել եւ ո՛չ էլ շրջափակել ու ընթացքը կասեցնել:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*