Հ.Յ.Դ. Բիւրոյի Յայտարարութիւնը

Ամիսներ շարունակ Դաշնակցութիւնն ահազանգում էր, որ երկրում սերմանուող ու խրախուսուող քաղաքական անհանդուրժողականութիւնն անխուսափելիօրէն հանգեցնելու է պառակտումների ու ատելութեան։ Ցաւոք, դա այլևս իրողութիւն է։ Ժողովրդի տարբեր յատուածներին իրար դէմ լարելու, հասարակութիւնը «սևերի» ու «սպիտակների», իւրայինների ու թշնամիների բաժանելու իշխանութիւնների քաղաքականութիւնն արդէն գործնական դրսեւորումներ է ստանում։ 

Հ.Յ.Դ. Բիւրոյի բազմամեայ ներկայացուցիչ, Արցախեան ազատամարտի կազմակերպիչներից Հրանդ Մարգարեանն իր մանկահասակ թոռների հետ Ազատութեան հրապարակում զբոսնելիս յարձակման է ենթարկուել մոլագար ամբոխի կողմից։

Անհանդուրժողականութեան ու թշնամանք տարածելու իշխանութեան անպատասխանատու, ագրեսիւ  կոչերն ու ատելութեան խօսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։ Փողոցային խուժանն արդէն իշխանութիւնների կարգախօսները դարձրել է իր վարքի կանոն։

Ազգային ու մարդկային նկարագիր չունեցող հանրային տականքը գլուխ է բարձրացրել եւ փորձում է իր կամքն ու ստոր արժեքները պարտադրել։ Ամիսներ շարունակ լրատուամիջոցներով ու հանրային հարթակներում Դաշնակցութեան առանձին գործիչների ու կուսակցութեան դէմ իրականացուել է կազմակերպուած, ուղղորդուած ու հովանաւորուող հակաքարոզչութիւն, սերմանուել է թշնամանք ու ատելութիւն։

Հրանդ Մարգարեանին ու Դաշնակցութեանն ուղղուած անբարոյ յայտարարութիւնները, սպառնալիքներն ու ամբոխի յարձակումը մենք գնահատում ենք որպէս յստակ ուղղորդուած գործողութիւն և ստոր քայլ Դաշնակցութեան համահայկական ողջ ընտանիքի դէմ։ Յանուն հասարակական համերաշխութեան շատ դէպքերում ենք լռել։ Թերևս մեր լռութիւնն ու համարժէք քայլերով չպատասխանելը ոմանց մօտ ստեղծել է անպատիժ մնալու թոյր մտայնութիւն։ Այլևս չենք յանդուրժելու, քանզի հայ մարդուն ոչ վայել վարքագծով ագրեսիւ  փողոցային խուժանը հասարակութիւն չէ։

Պահանջում ենք երկրի իշխանութիւններից և իրավապահ մարմիններից ամենակարճ ժամկէտում գնահատական տալ կատարուածին, օրէնքի ողջ խստութեամբ պատժել մեղաւորներին և ընդմիշտ վերջ տալ նման գործելաոճին։

Հ.Յ.Դ. Բիւրօ
19 Մայիս, 2019

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*