Հայ Քաղաքական Կեանքի Մենակը Կամ` «Մեղաւոր Է Դաշնակցութիւն»

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉԵԱՆ

Հերթական ընտրութիւններն են անկախ Հայաստանի պատմութեան մէջ, եւ ինչպէս բոլոր ընտրութիւններից առաջ, սկսուել է Դաշնակցութեան դէմ հակաքարոզչութիւնը… Քաղաքական պայքարի տեսակէտից գուցէ տարօրինակ բան չկայ, ցաւալին այն է, որ Դաշնակցութեանը մերժելու մտասեւեռումը մղում է նսեմացնել մեր ազգային արժէքները, ոչ հեռաւոր անցեալի պատմութիւնն ու հերոսական էջերը` վերջին 100 տարուայ ազգային ձեռքբերումները, առանց որոնց, որպէս ազգային-պետական հաւաքականութիւն, այսօր չէինք լինի: Քանի որ անհնար է զատել Դաշնակցութիւնը ազգ-հայրենիք-պետութիւն գաղափարից, սկսում են կռիւ մղել այդ գաղափարի դէմ: Ցաւալիօրէն մեր պատմութեան ընթացքում յաճախ են այդպէս վարուել, երբ միմեանց մերժելու, նեղ խմբային շահերն առաջ մղելու մոլուցքով տարուած` մերժել են մեծագոյն գաղափարները, արհամարհուել է ազգային շահը: Նաեւ սա է պատճառ դարձել, որ կորցրել ենք պետականութիւնը, յետոյ` աղէտ աղէտի յետեւից… Դաշնակցութիւնը ծնուել է շտկելու համար հայոց ողբերգութեան հետեւանքները: Ոտնատակ տրուած գաղափարը դարձրել է դրօշ ու ծրագիր, դռնէ դուռ ընկած` համոզել է ոտքի կանգնել, ուղղել կորացած մէջքը, սպաննել մեր մէջ նստած ստրուկին, յեղափոխուել, փրկել` ազգ, հայրենիք, արժանապատուութիւն: Դաշնակցութիւնը մեր քուն մտած ազգային ոգու արթնացումն է եղել…

Դաշնակցութեան երդուեալները այսօր էլ ջանում են, որ ազգային գաղափարը մտնի ամէն հայի հոգու մէջ, որ նա` լինի սփիւռքում, թէ հայրենիքում, իրեն զգայ լիարժէք հայ, տէրն իր երկրի, պատմութեան ու մշակոյթի… Եւ վերջապէս` տէրը հզօր ապագայի: Դաշնակցութեան այս գործի, մօտեցման ու գաղափարի դէմ կռուելն անհնար է ու անմիտ (դա նոյնն է, թէ մերժես ազգն ու հայրենիքը, հայ ու հայութիւն, թէեւ մեր ճանապարհին դրա փորձն էլ եղաւ):

Հիմա ինչ, 100 տարին մէկ պարտադի՞ր է նոյն սխալը գործել… Հնարաւոր չէ՞ քաղաքական ճանապարհ հարթել առանց ազգային արժէքների ու գաղափարների հետ հակադրուելու, աղմկելու, թէ էլի՛ «մեղաւոր է Դաշնակցութիւնը»: Փորձում են համոզել այն ժողովրդին, ում համար ստեղծուել ու ապրում է Դաշնակցութիւնը, նրան, ով որ իբրեւ փրկութեան փարոս ու ազատութեան ճիչ ծնել է Դաշնակցութեանը… Ու երանի թէ այդ երկունքը հայ ժողովրդի կեանքում շուտ եղած լիներ…

Պէտք է հասկանալ, որ Դաշնակցութիւնը նախ գաղափար է, յետոյ` դրա վրայ յենուած կազմակերպական մարմին ու ուժ: Նա իր ծննդեան օրից փորձել է գաղափարը տեղ հասցնել, առաջնորդել դէպի ազատ ու անկախ հայրենիք, դէպի պայծառ գալիք ( մի բանում անվերապահ յաղթել է. հիմա այդ գաղափարներից խօսում են բոլորը):

Իսկ այդ ճանապարհին ինչ չստացուէր, մեղաւոր էր Դաշնակցութիւնը: Մեղաւոր էր, որ յաճախ մենակ էր, ինքն էր ու իր մաշուած հագուստով հայդուկը, անվերարկու պաշտօնեան, իր չափից շատ ժողովրդավար վարչապետն ու անվերապահ հաւատը մեծ գաղափարին, որի հետ վերջում էլի մենակ էր մնալու: Մենակ, թափառական, բայց` ոչ մի օր գաղափարին չդաւաճանող ու անտէր չթողնող, քանզի գիտէր, որ դա է իր առաքելութիւնը, գիտէր, որ երբ դաւել ենք մեր ազգային գաղափարաբանութեանը, ստրկացել ենք, լքել ազգ ու հայրենիք, դարձել օտարամոլ, կտակել Անին Բիւզանդիային… Մինչեւ այն ժամ, երբ նորից մէկը գոռացել է` «Մահ կամ ազատութիւն… Եղաւ թէ՛ մահ, թէ՛ ազատութիւն, թէ՛ 1915 եւ թէ 1918… 15-թիւ եղաւ, որովհետեւ ազգովի չորդեգրեցինք զէնքի գաղափարը ու բանակ չդարձանք…18 թիւ եղաւ, որովհետեւ էլ փախուստի տեղ չկար, «Մահ կամ ազատութիւն» կարգախօսի անբեկանելիութեանը չհաւատալու իրաւունք չկար… Կային Արամ ու Դրօ, կամաւոր երդուեալների մի քաջարի բանակ… Դաշնակցութիւնն այդ ժամանակ մենակ չէր, ազգը նրա կողքին էր… Յետոյ` մեծ շահեր, փոքր ժողովուրդ, անտէր մնացած Սեւրի պայմանգիր, հային խաբող թուրք ռուս ու եւրոպացի, քարոզչութեան գերի հայ պոլշեւիկ, ու եղաւ պետականութեան կորուստ… տարագիր Դաշնակցութիւն, գերուած հայրենիք, մահ ու անազատութիւն… Կար ժողովուրդ, բայց` ոչ ազգ, ու կար մի վախ, որի մտրակող կարգախօսն էր` «մեղաւոր է Դաշնակցութիւն»…

Դաշնակցութեան «մեղքը» խորհրդային կարգերի վերացման հետ չսրբուեց… Դաշնակցութեանը մեղաւոր էր պիտակաւորուելու նաեւ նորանկախ Հայաստանում, որովհետեւ չէր կարող անձերին կուռք ընդունել` ստորադասելով իր գաղափարական սկզբունքայնութիւնը, չէր կարող անտեսել քաղաքական փորձն ու իմաստնութիւնը, աչք փակել ապազգային դիրքորոշումների ու գործերի վրայ: Դաշնակցութիւնը, անկախ Հայաստանի գրեթէ 30-ամեայ պատմութեան մէջ, ոչ մի օր չի դադարել լինել ազգային ու գաղափարական, պետականամէտ ու պետակաշէն կուսակցութիւն: Թէեւ որդեգրած ծրագրերի իրագործումը ամբողջովին դեռ չի յաջողել… Չի յաջողել, որովհետեւ մանր ու մեծ խաբեբաները բազում ձեւերով մոլորեցրել են ժողովրդին` շեղել նրա ուշադրութիւնը:

Ազգային մտածողութիւնը սպաննելու համար, 70 տարի, համայնավար քարոզիչները զբաղուած էին Դաշնակցութեան խարազանմամբ: Դաշնակցականները ազգի <թշնամիներ էին>, երբ նոյն ժամանակ «ազգի թշնամիները» հայրենիքից դուրս ազգի հայրենազուրկ բեկորները փրկում էին ուծացումից, նրա հոգում վառ էին պահում երկիր վերադառնալու հաւատն ու հայրենիք ունենալու հպարտութիւնը: Այս մեծ գործի մէջ խրուած Դաշնակցութիւնը համոզուած էր. «Կաշառւում են պատմաբանները, պատմութիւնը` երբեք»: Կարեւորը գործն էր, ազգային ճեմարան ու մշակութային միութիւն հիմնելը, նուիրումը ազգին, եռագոյնը ծոցում տաք պահելը… Կարեւորը հային հայ պահելն էր: Առաքելութիւն, որ այսօր էլ Դաշնակցութեան համար չի աւարտուել…

Սպասուած զօրաշարժը եղաւ 1988-ին: Հայաստանում հնչեց ազատութեան շեփորն ու նորից հայոց արեւի տակ շողարձակեց եռագոյնը: Նորից մեր հայրենիք, նորից առիւծ ու արծիւ, նորից միացում ու նորից մի հարց` ո՞ւր է Դաշնակցութիւնը: Իսկ Դաշնակցութիւնն արդէն վերադարձել էր… Վերադարձել էր սկզբում որպէս գաղափար ու նպատակ, իսկ յետոյ` որպէս կամք եւ կենդանի գործ: Մենք այդ ժամանակ դաշնակցական էինք ու դա օգնեց անկախութեան հռչակման ու յաղթանակ կերտելու գործում… Որպէս կազմակերպուած, կարգապահ ուժ եւ զինեալ պայքարի փորձառութիւն ունեցող կառոյց` Դաշնակցութիւնը անգերազանցելի էր մարտի դաշտում: Պետական ու քաղաքական կեանքի կայացման, ճիշդ որոշումների ընդունման մէջ նոյնպէս մեծ էր նրա դերը, գիտելիքն ու հմտութիւնը… Կամաց-կամաց ազգային գաղափարներին ու արժէքներին իշխանութիւնները հակադրեցին նեղ անձնական ու խմբային շահերը… Դաշնակցութիւնը չէր ընդունում կենդրոնաձիգ կառավարումը (ի սկզբանէ առաջարկում էր խորհրդարանական մոտել): Կուռքեր ստեղծելը համարում էր վտանգաւոր` առաջնային պէտք էր լինէր գաղափարը, ազնիւ կառավարումը` յենուած յստակ ազգային ուղեգծի վրայ… Սկսուեց անհաշտ պայքար, պայքար` գաղափարների ու արժէքների, ազգային շահի ու կուսակցականութեան միջեւ: Ընդդիմադիր Դաշնակցութեան դէմ ծաւալուեց անհաշտ պայքար, քանզի նա համարձակուել էր լինել այլընտրանք, ձեւաւորել հակադիր բեւեռ, իսկ նորընծայ կուռքերը, որոնք հասցրել էին զգալ իշխանութեան համը, չէին կարող չվախենալ դրանից:

Քաղաքական կեանքից դուրս մղելու համար 94-ի դեկտեմբերին բազմակուսակցական եւ ժողովրդավարական հռչակուած անկախ Հայաստանում կասեցուեց ազգային կուսակցութեան գործունէութիւնը:

քաղաքական դաշտն ամլանում էր, որի հետեւանքները առաւել ծանր էին լինելու: Իշխանութիւնն ամբողջովին իր ձեռքում կեդրոնացրած ուժը չկարողացաւ երկիրը տանել զարգացման ճանապարհով, փոխարէնը` վաստակեց անվստահութեան ու հակակրանք, ինչը ծանր դրսեւորում ստացաւ 1996թ.-ի նախագահական ընտրութիւններից յետոյ: Երկիրը կանգնած էր քաղաքացիական առճակատման շեմին:

1996թ. նախագահական ընտրութիւններից յետոյ տեղի ունեցած յայտնի դէպքերից յետոյ Հայաստանի քաղաքական կեանքն առողջացնել հնարաւոր չեղաւ: Քաղաքական աճպարարութիւնը դարձաւ վարքագիծ: Հետագայ համապետական ընտրութիւնների ժամանակ, փրկչի դիմակ հագած նորայայտ կուսակցութիւներն ու մի գիշերում կուսակցութիւն փոխած գործիչները հետեւողական շարունակեցին մոլորեցնել ժողովրդին: Չզգացուեց բարեգործի դիմակ հագած իմաստուն շաղակրատողների պակաս, ծաղկեց ընտրողների ձայների առեւտուրը: Հասարակութեան մէկ հատուածը որդեգրեց կրաւորական դիրքորոշում…

Անկախ ամէն ինչից` Դաշնակցութիւնը մնաց քաղաքականպէս գործօն քաղաքական պայքարի մէջ բիրտ ուժին, փողին ու քաղաքական ամբոխավարութեանը հակադրեց արդար ու ծրագրային-գաղափարական ընտրապայքար: Փակուղուց դուրս գալու եւ արդիւնաւէտ կառավարում իրականացնելու ուղիներից մէկը Դաշնակցութիւնը համարում էր անցումը խորհրդարանական կառավարման: Դժուարութեամբ, բայց յաջողուեց օրուայ իշխանութիւններին մղել գնալու այդ ճանապարհով` սկզբունքային պայքարը պսակուեց յաջողութեամբ:

Դաշնակցութեան ցանած սերմերը երբեմն ուշ, բայց միշտ պտուղներ են տուել: Բազում գաղափարներ, սկզբունքներ, օրէնքներ ու բազմապիսի ծրագրեր, որոնք կեանքի են կոչուել անցնող տարիներին, տուել են ու դեռ պիտի տան ցանկալի արդիւնք: Շատ յաճախ, առաջին հայեացքից դրանք տեսանելի չեն եղել կամ չեն ընկալուել խորութեամբ:

Ազգային-պետական արժէքների ու աւանդոյթների ամրապնդման գործում անգնահատելի ներդրում է ունեցել Դաշնակցութիւնը: Նա դարձել է երկրի կայունութիւնը ապահովող ուժերից մէկը: Երբեք կշեռքի նժարին պետութեան անվտանգութեան հարցը չի դրել, երբեք չի գնացել ամբոխվարական սին խոստումներով ժողովրդին հաճոյանալու ու շահաբաժին կորզելու ճանապարհով` քաջ գիտակցելով, որ մի օր գալու է հաշուետուութեան ժամը:

Սթափ լինելու դէպքում կ՛արձանագրէինք, որ Դաշնակցութեան թեկնածուները գիտելիքով ու անցած ճանապարհով միշտ տարբերուել են մրցակիցներից: Բայց մենք ե՞րբ ենք այդ արժանիքները հաշուի առնելով ընտրութիւն կատարել… Չենք արել, դրա համար Դաշնակցութիւնը մենակ է մնացել, յետոյ մեր աչքին դարձել մեղաւոր… Մեզ մի օր հարց տուինք` ինչո՞ւ դաշնակցական ոեւէ հրամանատար ու կռուած տղայ, յետոյ չդարձաւ օլիկարխ ու ինքնակոչ զօրավար, չյոխորտաց, թէ ես կռուել եմ, դու` չէ… Ինձ կարելի է ամէն ինչ, քեզ` ոչինչ. ինձ պիտի ընտրես պատգամաւոր… Բայց այդ անգաղափար ջրոտբերաններն աւելի շատ քուէ են հաւաքել, քան` մտաւորական որեւէ դաշնակցական: Կարեւոր չէ, թէ ինչո՛ւ եւ ի՛նչ դրդապատճառներով ենք ուրիշին ընտրել` կարեւորն այն է, որ նրանց, որոնք կարող էին գալ ու մեր կեանքը փոխել, չենք օգնել ու չենք վստահել անհրաժեշտ քուէով…

Բայց երկիրը բարեփոխելու Դաշնակցութեան ձգտումը երբեք չի մարել: Նպատակին հասնելու ուղիներից մէկն էլ Դաշնակցութիւնը դիտարկել է քոալիսիոն համագործակցութեամբ, իշխանութեան որոշակի բեռ ուսերին վերցնելու միջոցը: Ի դէպ, ՀՀ պատմութեան մէջ առաջին քոալիսիոն համագործակցութեան սկզբունքը որդեգրողը հէնց Դաշնակցութիւնն է եղել: ՀՅԴ-ն 1918-20թթ. լինելով իշխող կուսակցութիւն` երկու անգամ քոալիսիոն կառավարութիւն է կազմել խորհրդարանական այլ ուժերի հետ: Մեղադրել ՀՅԴ-ին իշխանութեան հետ համագործակցելու համար արդար չէ… Մանաւանդ որ քոալիսիոն գործընկերութիւնը երբեք չի կաշկանդել նրան: ՀՅԴ-ն շարունակել է մնալ ինքնուրոյն եւ հաւատարիմ իր ազգային ուղեգծին:

Դաշնակցութիւնը հայ քաղաքական կեանքի մենակն է, որովհետեւ մտածողութեամբ մէկ քայլ առաջ է, մեծ գաղափարների տէր ու կրող է, անտրտունջ ու հաւատաւոր է, չկոտրուող է, հողի ցաւով տառապող ու կռուող է… Դաշնակցութիւնը հիմա էլ մենակ է, որովհետեւ նոյնն է ասում, ինչ 1990-ականների սկզբին. անձերին մի՛ դարձրէք կուռք ու մի՛ օժտէք անվերահսկելի իշխանութեամբ:

Յ. Գ.- քաղաքական պայքարում Դաշնակցութեան պարտութիւնը ցանկացողները պէտք է հասկանան, որ ՀՅԴ-ն վաղուց յաղթել է, եւ իր դէմ կռիւ տուողն անգամ այդ յաղթանակի արդիւնքն է: Դաշնակցութեան երազանքը անկախ պետականութեան գոյութիւնն է եղել, Խատիսեանի բառերով ասած` ստեղծել «տուն, բոյն, ուր կը կռուի ժողովրդական միտքը»: ՀՀ ու ազատ Արցախի գոյութիւնն աներկբայ իրողութիւններ են, հայ մանուկը յաճախում է ազգային դպրոց, ծածանում է եռագոյնը ու երգում է ազգային երգեր: Անկախութեան ամրապնդումը, հզօր բանակը, ազգային երազանքներին հաւատարմութիւնը բոլորի մտածողութեան մէջ ամրագրուած է: Դա Դաշնակցութեան յաղթանակն է. նա արդէն յաղթել է… Եւ բնաւ կարեւոր չէ, թէ, օրինակ, ջահերով երթն առաջինն ո՞վ է կազմակերպել. կարեւորը երթի յարատեւութիւնն է…

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*