Ոչ Եւս Է Անտոնինա Մահարին 

ԵՐԵՒԱՆ (“Փանորամա”)․- 94 տարեկանին իր մահկանացուն կնքեց լիթուանացի արձակագիր եւ Հայաստանի Գրողներու Միութեան անդամ Անտոնինա Մահարին՝ նշանաւոր արձակագիր ու բանաստեղծ Գուրգէն Մահարիի (1903-1969) կինը։
Անտոնինա Մահարին չորս տարի հիւանդ էր, իսկ վերջին տասը օրերուն անգիտակից վիճակի մէջ էր։ Ան առանձին կը բնակէր՝ Արաբկիր համայնքի շէնքերէն մէկուն մէջ, բնակարանային շատ համեստ պայմաններով։
«Երազում եմ նստել ու գրել, բայց ցուրտ է, ձեռքերս սառում են: Հիմա գրում եմ իմ մտքում: Ամառը եկէք, կը տեսնէք` ինչ ջերմ է այստեղ, արեւը մտնում է սենեակ, տաքացնում»,- ըսած էր տիկին Մահարին: Ան Մահարիի հետ ծանօթացած էր Սիպիրեան երկրորդ աքսորի տարիներուն, ծանրօրէն հիւանդ գրագէտը խնամած ու մահէ փրկած։ Այնուհետեւ, ամուսնացած էին եւ, Ստալինի մահէն ետք, աքսորէն ազատած ու Երեւան հաստատուած էին։  Անտոնինա Մահարի «Իմ ոդիսականը» խորագրով յուշեր գրած է Գուրգէն Մահարիի մասին։

«Շատ դժբախտ մարդ էր Մահարին եւ այդ պատճառով էլ նրան սիրում էի ու վերջ։ Լսէք, նա ինձ հարազատ մարդ է, դժուար ժամանակները եղել ենք միասին: Ինչպիսին ձեր սէրն է` սիրեցինք, գնացինք անկողին, այդպէս չէր: Դա միանգամայն այլ սէր էր, ես ցանկանում էի նրան փրկել, նա մահանում էր, ցանկանում էի նրան դուրս բերել գերեզմանից: Դուք դա չէք հասկանայ, դա միանգամայն այլ սէր էր: Շատ թանկագին մարդ էր, նրա հետ երջանիկ էի ու դրա համար նրա հետ էի», – կը շեշտէր Անտոնինա Մահարին։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*