Արուս Տատիկը

Գրեց՝  Վահէ Սարգսեան *

Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց՝  Յարութիւն Մըսրլեան

Սեպտեմբեր  26, 2018

 

«Ի՞նչ ես խօսում, բա Աշոտիս աղջկայ օժիտի բուրդն ո՞վ  է պատրաստելու», սա Ջաւախքի N գիւղում միայնակ ապրող Արուս տատիկի զայրացկոտ պատասխանն էր բոլորի այն հարցին, թէ ինչպէս եւ ինչու է նա միայնակ այդքան ոչխար եւ այլ անասուններ պահում:

Մի քանի տարի էր, ինչ տատիկը կորցրել էր իր սիրելի ամուսնուն՝գիւղի երկարամեայ ռանչպար Անդրանիկ պապիկին, որին գիւղում բոլորը ճանաչում էին որպէս Անդօ պապի: Ամուսին, որին հաւատարմօրէն սիրել ու նուիրուել էր իր ողջ կեանքի ընթացքում, իսկ ծերութեան օրերին նրանք պարզապէս անփոխարինելի ընկերներ էին դարձել միմիանց համար: Երեւի այդ, կամ մէկ այլ՝ մեզ համար դեռեւս չբացայայտուած պատճառով էր, որ Արուս տատիկին վերջին շրջանում յաճախ կարելի էր տեսնել ջրակալած աչքերով, իսկ երբեմն-երբեմն՝ ամուսնու պատկերի առջեւ երկար նստած՝ լուռ ու մտահոգ:

Որդիները՝ Աշոտն ու նրանից կրտսերը՝ Արշակը, վաղուց է, ինչ նրա մօտ չեն, եւ  Արուս տատիկի գերագոյն նպատակն է, որ ամուսնացած տեսնի իր կրտսեր որդուն: Իսկ աւագ տղայի  ընտանիքի անդամների համար նա աշխատում է գիշեր ու ցերեկ: Ծեր կնոջ հոգու մէջ դեռ սաւառնում են իր փայփայած որդիների կերպարները, որոնք մանկութիւնից մինչ պատանեկութեան վազվզել են իր շուրջը: Նրա պարզ ու մաքուր սիրտը դեռ ընդունակ չէր ընկալելու այն դառը ճշմարտութիւնը, որ որդիները վաղուց արդէն օտարացել են իրենից, որ նրանց այլեւս հետաքրքիր չէ իր տքնաջան քրտինքով պատրաստուած պահածոներն ու մթերքները,  բուրդն ու գուլպաները:

Հօր յուղարկաւորման  ժամանակ էր, որ վերջին անգամ հայրենի գիւղ էին այցելել որդիները: Եկան, մի քանի օր մնալուց յետոյ՝ մեկնեցին: Մօր տխուր աչքերը երկար հետեւեցին նրանց, մինչեւ որ հեռւում այլեւս չէր նշմարւում հեռացող  աւտոմեքենան (ինքնաշարժը – ՅՄ): նա այդ օրուանից դեռ թաքուն  յոյսեր էր փայփայում, որ Արշակը ականջ կը դնի իր թախանձանքներին ու կ’ամուսնանայ , որ Աշոտը մի օր իր հետ գիւղ կը բերի իր դստերն ու տղային, որոնց ինքը տեսել է միայն ծնուելու ժամանակ:

«Տիսնիս  իսի  գուլպաները, Լուսինէիս հագովը կըլլին, թէ՞ մեծըցած կելլի շան աղջիկը», -իր համար մտմտում էր  Արուս տատիկը, երբ պարապ ժամանակ գործում էր գուլպաներ: Իսկ հիմնական ժամանակ նա կա՛մ լինում էր դաշտում՝ հողագործական աշխատանքների մէջ, կա՛մ՝ գոմում անասուններին խնամելիս: Նրան պարապ տեսնել հնարաւոր չէր:

Եթէ Արուս տատիկն իմանար, որ Արշակն արդէն մի քանի տարի է, ինչ ամուսնացել էր մի ռուս աղջկայ հետ, իսկ աւագ որդու՝ Աշոտի աղջիկը Մոսկուայի սրճարաններից մէկում  աշխատելիս իրեն նուիրել էր անբարոյ կեանքին, ապա այդպէս քրտնաջան դարձեա՞լ կ’աշխատէր՝  դժուար էր ասել: Աւելի ճիշտ՝ դժուար էր պատկերացնել այն պահը, երբ այդ ամենի մասին կը լսէր նա: Բայց: չգիտեր: Չգիտեր եւ շարունակում էր օրնիբուն աշխատել:

«Վաչօ  ջան, իմ արտս եփ տի քաղես կոմբայնովդ, ախր գարիս  պարպել է, էս տարիա  հաւերս շատցուցի, կուզեմ քիչմ հաւկիթ ժողվեմ, Աշոտիս աղջկանը  մէ ժիլետմ առնեմ, կսեն դը Մոսկուա ցուրտ է…»՝  Արուս տատիկը պարզ ու միամիտ, սակայն սրտի ամենանուիրական մասից դուրս եկող բառեր, որոնք կարելի էր լսել նրա բերանից մշտապէս, ամեն մի առիթով: Այդ խօսքերի բովանդակութիւնն ու հասցէատէրերն անփոփոխ էին, փոխւում էին միայն օրերը, ամիսները, տարին…Իսկ ծեր կնոջ ուժերը կամաց-կամաց սպառւում էին, իղձերը՝ մնում անկատար:

Հարեւան Վարսոյի տղաները նրան տարան իրենց մօտ՝ Ռուսաստան, Արուս տատիկը տխրեց մի փոքր. շատ էր կապուած նրա հետ, միասին կիսում էին իրենց վշտերը, խօսում տղաներից ու թոռներից: Թաքուն մի հարց արթնացաւ ծեր կնոջ մէջ. բա իր տղաները երբ են տէր կանգնելու իրեն…Սակայն հարցի պատասխանը շուտով գտնուեց. Վարսոն չդիմանալով Մոսկուայի պայմաններին, շուտով մահացաւ: Արուս տատիկի համար պարզուեց, որ իրենք հայրենի գիւղից ու տնից հեռու՝ օտար ափերւմ,  երկար կեանք չունեն. «Խե՜ղճ Վարսոն, գնաց, կորաւ, գոնէ գերեզման ունենար, գնայի հետը մի քիչ «խօսէի», սիրտս թեթեւնար, մէկը չկայ՝ սիրտս բանամ», տխուր միտք էր անում Արուս տատին: «Չէ՛, ես իմ տնից  ոչ մի տեղ չեմ գնայ, ես իմ ամուսնու օջախի ծուխը չեմ հանգցնի, ես իմ շեմից դուրս կգամ միայն դագաղիս մէջ պառկած, եթէ յանկարծ իմ տղաքս  ա զոռեն  (ստիպեն-ՅՄ), մէկէ չեմ  էրթա…», եզրափակում էր իր մտմտուքներն Արուս տատին այսպիսի եզրակացութեամբ:

Քչքչքչ… Ջաւախքի արհեստական ջրամբարներից մի քանի օր է, ինչ ջուր են բաց թողնում՝ կարտոֆիլի (գետնախնձորի – ՅՄ) դաշտերի ոռոգման նպատակով: Սակաւաջուր գիւղերում այդ օրերին գիւղացիների միջեւ պատահում են նաեւ լեզուակռիւներ, որոնք երբեմն թեժանալով՝ կարող են հասնել մինչեւ ծեծկռտուքի: Սակայն վերջին շրջանում այս ամենն այլեւս կորցրել են իրենց նախկին «ուժգնութիւնը». Գիւղերում մարդկանց հետ՝ հողամշակների թիւն էլ է պակասել…

Արուս տատին եւս առաջիններից էր նետւում առուների մէջ, փորում նոր առուակներ, մինչեւ որ ջուրը կը հասցնէր իր արտը: Մի օր էլ, երբ սովորականի պէս յոգնած  տուն եկաւ եւ ձեռքը խոթեց այն տեղը, որտեղ պահում էր իր դռան բանալին, ձեռքը դողաց, սիրտն սկսեց ուժգին թրթռալ, դէմքի մկանունքն արագ ձգուեց. «եկել են…» այս միտքը վայրկեանապէս  անցաւ նրա մարմնի ողջ երկայնքով: Նա մի քանի անգամ ձեռքը շարժեց՝ կրկին համոզուելու համար, որ բանալին տեղում չէ: Ուրեմն…խեղճ կնոջ դէմքի թախիծը նախկինից աւելի մռայլ դարձաւ՝ երբ յանկարծ նկատեց, որ բանալին այդ օրը վերցրել էր իր հետ…Ուրեմն…Դեռ պէտք է նորից սպասի:

Գիւղի Մոսկուայաբնակ մեծահարուստները վերջին շրջանում վերանորոգել էին եկեղեցին, սակայն նրա դուռը գրեթէ չէր բացւում: Արուս տատիկը յաճախ էր սիրում գնալ այնտեղ, համագիւղացի Բաբգէնին խնդրում էր, որ բացի եկեղեցին, մոմ էր վառում, դողդոջուն հայեացքով նայում էր սրբապատկերներին: Նրա սրտի թաքուն յոյսերն աւելի էին ամրանում, երբ նրանց գումարւում էր աստուածային այս զօրութիւնը: «Ա՜խ Աստուած ջան, ինձի էնքան ուժ ու ղիվըթ (զօրութիւն-ՅՄ) տաս, օր ուրիշին վրայ չծանդրնամ, թէ չէ՝ինձի պէս խեղճ ու կրակին վեվ տի  (ով պիտի- ՅՄ)  պահէ»՝  այս էր խնդրում նա Աստծուց, իսկ մէկ-մէկ էլ, եւ յատկապէս այն ժամանակ, երբ ամուսնուն աւելի յաճախ էր յիշում, աղօթում էր, որ իր մահից յետոյ Աստուած յանկարծ չբաժանի իրենց:

«Արուս, տղաքդ հեչ չեն օգնէ քեզի, որ էդքան չարչրվիս կը». այսպէս՝ յաճախ անկեղծ կարեկցանքով, յաճախ էլ՝ քիչ բամբասանքի ոճով կշտամբում էին նրան գիւղի՝ իր հասակակից կանայք ու ծերերը: «Է, տղաքս ունին, օր օգնեն, ըշտը հազիւ իրենց գլոխը կը պահեն», լինում էր պատասխանը: Այս պատասխանը, սակայն, «դրսի» մարդկանց համար էր: Իրականում, Արուս տատիկի «ներսում», հոգու մի մութ անկիւնում անդեղուած էր մայրական մի մեծ վիրաւորանք, սակայն այդ մասին գիտեր միայն ու միայն ինքը, մայրական հպարտութիւնը նրան երբեք թոյլ չէր տալիս , որ նա այն պատմեր ուրիշներին: Այդ վիրաւորանքը նա այսքան ժամանակ մերթընդմերթ պատմում էր միայն մի տեղ. դա իր սիրասուն ամուսնու պատկերի առջեւն էր, եւ այն էլ ոչ ցերեկը: Արուս տատիկն իր սիրտը բացում էր միմիայն ուշ երեկոյեան, երբ խորասուզւում էր իր մտքերի, ապրումների եւ յոյզերի մէջ: Սակայն արձագանգող չկար նրան: Ամուսինը՝ Անդօ պապը, նրան էր նայում իր ակնթարթ ու լուռ հայեացքով: Եթէ նա կենդանի լիներ, ապա Արուս տատիկի վիճակն այդքան վատ չէր լինի, միասին միմիանց կ’օգնէին, իրարու կը խնամէին, միմիանց անկեղծ զրուցակից կը լինէին…Այս ամենի մասին մտորելով՝Արուս տատիկի սիրտն աւելի ու աւելի էր կծկւում, ձեռքերի դողը՝շատանում:

«Ա՜խ Անդօ, Անդօ, բա սաղ չըլլէիր հիմի , ես ինձի էսքան  մեննակ ու անտէր չէի զգայ…Տար ինձի ինչ կըլլի, տար քովդ՝   ոչ դու մեննակ կըլլիս, ոչա ես», հայեացքը չկտրելով ամուսնու պատկերից՝  մրմնջում էր Արուս տատիկը:

-Ո՞ւր ես գնում հայրիկ:

-Գեղ տի էրթանք:

-Իսկ ի՞նչ նշանակի գեղ:

-«Գեղ»՝ դա մեր գիւղն է:

-Իսկ ի՞նչ է պատահել:

-Տատիկն է հիւանդացել:

Այո, Աշոտն ու Արշակը գիւղի իրենց հարեւանների միջոցով տեղեկացուել էին, որ մայրն արդէն մի քանի ամիս է, ինչ ծանր հիւանդ է, եւ նրան հերթով խնամում ու ուտելիք էին տանում գիւղի կանայք: Ճշտելով, որ մօր հիւանդութիւնը «սովորական» հիւանդութիւն չէ, վերջիններս որոշեցին մեկնել գիւղ:

Աշուն էր, խոր աշուն, ձմրան շունչ էր փչում Ջաւախքում: Ամրան կէսերին քամուելով անկողնուն, Արուս տատիկն այս անգամ չէր կարողացել ցանուած արտերի բերքն իր ձեռքով ամբարել: Այդ գործը նրա փոխարէն կատարել էին հարեւաններն ու գիւղի մօտիկ բարեկամները: Անասունների խնամքը նոյնպէս իրենց վրայ էին վերցրել նոյն մարդիկ, մինչեւ կը տեսնէին, թէ Արուս տատիկի վիճակն ինչպիսին կը լինի: Սակայն վերջինս օր-օրի նուաղում էր:

Նոյեմբերի վերջին օրն էր երբ Աշոտն ու Արշակը հասան հայրենի գիւղ: Ձիւնն արդէն կամաց-կամաց Աբուլի փէշերից իջնում էր ներքեւ: Նրանց գալստեան առթիւ Արուս տատիկի տանն էին հաւաքուել համագիւղացի բարեկամները: Սակայն ծեր կինն այլեւս չէր խօսում: Լուռ հայեացքը  շարունակ ուղղում էր ամուսնու պատկերին ու երկար-երկար նայում: Որդիների գալը նրան յայտնեցին ուրախ ու բարձր ձայներով, սակայն  նա դարձեալ չկարողացաւ իր ապրումներն արտայայտել բարձրաձայն: Միայն կարողացաւ դողդոջուն ձեռքով սեղմել որդիների ձեռքերն ու արտասուել…

Աշոտն ու Արշակը շրջեցին իրենց մանկութեան օջախում: Ամեն ինչ նոյնն էր, կարծես երէկ լիներ, երբ նրանք թողել եւ ընդմիշտ հեռացել էին: Նոյն թոնրատունն էր երբ մի քանի օրը մէկ մայրը տարածում էր լաւաշի անուշահոտ բուրմունքը, նոյն կտուրն էր, որտեղ իրենք երկար ու ձիգ օրեր խաղացել են պահմտոցի, սեղանը, աթոռները, պահարանը, ամանեղէնը, հօր հողագործական գործիգները, բահերն ու եղանները, որոնք մօր ժրաջան աշխատանքի շնորհիւ երբեք չէին ժանգոտել:

Ճռնչալով բացւում է պահարանը մի կողմում իրենց մանկութեան շորերն են, խնամքով ծալուած ու շարուած իրար վրայ, միւս կողմում՝ թոռների ու որդիների համար գորուած գուլպաներն ու բրդեայ վերնաշապիկները: Բացւում է մարագի դուռը. դեռ անցած տարիներից պահուած պահածոների, մուրաբաների ու թթուների մի ողջ շարան, որոնք խնամքով պատրաստուել ու պահուել էին՝  ինչ-որ մէկի համար…Ամեն, ամեն ինչ նոյնն էր մնացել, միայն մօր զուարթ ձայնն ու կենսուրախ ժպիտը չկար…

Աշոտի ու Արշակի գալու յաջորդ օրն էր, վաղ առաւօտեան Արուս տատիկի վիճակն աւելի ծանրացաւ: Նա կրկին հայեացքով, իր մէջ վերջին անգամ ուժ հաւաքելով՝ կանչեց իր մօտ որդիներին: Հաւաքուեցին նաեւ մարդիկ: Հիւանդը ձեռքով նշան արեց  անկողնու տակը, բարձրացրին, մի փոքրիկ թղթապանակ էր այնտեղ, վերցրեցին, դրեցին ձեռքերի մէջ: Նա այն դանդաղ բարձրացրեց, մեկնեց որդիներին: Նրանք վերցրեցին թղթապանակը՝դէմքերին տալով հարցական արտայայտութիւն: «Էդ իր դագաղի ու թաղման ծախսերի փարան է, որ Արուս տատիկը  հաւաքեր կը», նկատելով որդիների հարցական հայեացքները՝ կողքից միջամտեց հարեւանուհին:

Մի քանի րոպէ անց՝ Արուս տատիկն այլեւս կենդանի չէր: Նա մեռաւ՝ այդպէս էլ չտեսնելով իր իղձերի իրականացումը: Մի բան հաստատ մխիթարում էր նրան, որ հեռանալով իր սրբազան օջախից, իր հարեւաններից ու բարեկամներից՝ նա յաւէտ միանալու էր իր սիրելիին, որի պակասը զգացել էր ամեն ժամ:

Որդիները դուրս եկան նրա սենեակից, մտան բակ: Աշոտը բացեց մօր վերջին նուէրը. կլորիկ մի գումար էր, ինչպէս արդէն յուշել էր հարեւանուհին: Նա նայեց իր եղբօրը, եղբայրը՝ իրեն: Երկուսի աչքերին էլ արտասուքներ երեւացին: Նրանք իրենց կեանքում թերեւս առաջին անգամն էր, որ այդքան խորութեամբ հասկացան ամեն ինչ: Հասկացան, բայց արդէն ուշ էր…

 

Վահէ Սարգեան

Javakhkmedia.com

Յունուար 26, 2017

 

____________________________________________________________________________________

* Վահէ Սարգսեան ծնած է Ջաւախք:  2014-ի Մարտին, երբ ան կը փորձէր Երեւանէն Ջաւախք անցնիլ ազգականներ ու բարեկամներ այցելելու, Վրաստանի Իշխանութիւնները Բաւրա – Նինոծմինդայի սահմանագծին վրայ արգիլած են անոր մուտքը դէպի Ջաւախք  եւ դասած  են անոր իբր persona non granta , այսինքն՝ անբաղձալի անձնաւորութիւն Վրաստանի մէջ…:

Կ’արժէ յիշել, որ Վահէ Սարգսեանը յայտնի փորձագէտ եւ Պատմական Գիտութիւններու Թեկնածու է: Ան տարիներ շարունակ զբաղած է  գիտական եւ հետազօտական գործունէութեամբ, որուն թեմաները եղած են Ջաւախքի հիմնախնդիրներն ու հայ-վրացական յարաբերութիւնները: Հրատարակած է բազմաթիւ գիրքեր եւ  ուսումնասիրութիւններ : (Յ.Մ.)

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*