Արժէքների Պատերազմ

ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍԵԱՆ
Հ.Յ.Դ. հանրային կապերի գրասենեակի
պատասխանատու

Հայաստանեան գործընթացները աչքի են ընկնում ո՛չ միայն աղմկայարոյց բացայայտումներով, կալանաւորումներով, դատավարութիւններով, ազատ արձակումներով, հարկային վարչարարութեան աշխուժացմամբ, հակափտածութեան եւ մենաշնորհների դէմ պայքարով, նոր ընտրութիւնների սպասումներով եւ քաղաքական ուժերի վերադասաւորումներով, այլեւ արժէքների բախմամբ: Ժողովրդական արդար ընդվզումը շարժել է նաեւ հայ հանրութեան արժէքային դաշտը, որի մի հատուածը սնւում է ոչ ազգային միջավայրից եւ ուղղուած է սպասարկելու համաշխարհայնացման եւ միջազգային տարբեր ուժերի շահերը` հարուածելով հայ աւանդական արժէքային համակարգին ու ազգային շահերին: Սխալուած չենք լինի ասելու, որ Հայաստանում նոր թափ է ստացել ԱՐԺԷՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ:

Պատնէշների մի կողմում հայ ազգային, պահպանողական ուժերն ու անհատներն են` ազգային շահերի, արժէքների եւ աւանդոյթների պահպանութեան դրօշակով, միւս կողմում այդ արժէքների դէմ ոտնձգութիւններ անողները` ազգային եկեղեցու, աւանդական ընտանիքի եւ առողջ սեռային յարաբերութիւնների դէմ դրօշակ բարձրացրած փոքրամասնութիւնները, հայրենիքի եւ նրա ժառանգութեան, ազատագրական պայքարի ոգու դէմ մարտնչողները` հողայանձնման դրօշակով, ազգային նկարագրից զուրկ, բացառապէս քաղաքացիական հասարակութեան ջատագովները` աշխարհաքաղաքացիութեան դրօշակով: Այս շարքին կարելի է աւելացնել նաեւ ազգային նոր քաղքենիութեան որոշ ներկայացուցիչների, որոնց արժէքներն ու հայրենիքը սեփական քսակն է եւ նրանք միշտ այն կողմում են, որտեղ իրենց քսակն աւելի ապահով է: Պայքարի մեթոտներն էլ հետաքրքիր են. ազգային շահերի պաշտպանութեան անուան տակ քողարկուած, իրական արժէքների արժեզրկման մեթոտներով ու իրական օրակարգերը կեղծ օրակարգերով շղարշելու մոլուցքով տարուած մետիա-վլվլուկները «պարտիզանական» յարձակումներ են գործում ազգային գաղափարների, համակարգերի ու գործիչների վրայ: Օրինակ, կատաղած փոքրաթիւ եւ «արդարամիտ» հոգեւորականներն ու նրանց ձայնակցողները գրաւում են վեհարանն ու ուղիղ-կերուխում սարքում, զինւում քարերով ու փակում կաթողիկոսի ճանապարհը: Շահարկելով ներեկեղեցական ինչ-ինչ խնդիրներ, փորձում են արդարացնել իրականում բուն եկեղեցու դէմ ուղղուած ոտնձգութիւնները:

Առաւել մեծ աղմուկ են սկսել բարձրացնել սեռական փոքրամասնութիւնները` մայրաքաղաքից իրենց պայքարը տեղափոխելով անտառային գօտի` Շուռնուխ` աշխարհագրական ընդլայնուածութեան պատրանք ստեղծելու համար: Հասկանալի է, որ մի դրամաշնորհ արդէն ունեն, երկրորդի համար, հաւանաբար, շարժում ու բախում էր պէտք:

Արամի եւ Արամի արձանի դէմ պայքարը այս շարքից են` «տեղը յարմար չէ», «բազմաթիւ խախտումներ կան», «այլ յուշարձանի վրայ է կառուցուած, պէտք է տեղափոխել», «գեղագիտական ճաշակներիս յարմար չէ»… եւ այսպէս ամիսներ շարունակ փորձ էր արւում խանգարել արձանի տեղադրումն ու հեղինակազրկել Հայոց Հանրապետութեան հիմնադիր Արամին եւ Դաշնակցութեանը:

Առաւել վտանգաւոր է ազատագրուած տարածքների թեման: Որ ՀԱՔ-ն ու նրա լեգէոնականները հողատուութեան ջատագովներ են, հանրայայտ փաստ է: Եւ տարօրինակ չէ, որ Նոր Հայաստանում այս անմտութիւնն ու զառանցանքը կրկին մէջտեղ ելաւ: Արցախում խժդժութիւններ հրահրողներն էլ իրենց նոր դրօշը բարձրացրին` «Նոր Արցախ»-ի յոյսով, փորձելով տատանել մեր փխրուն մակոյկը, առանց գիտակցելու, որ ամէն ինչի նորը չէ, որ լաւ է ու ճիշդ, ամէն նորը չէ, որ բխում է հայոց ազգային շահերից ու նպատակներից:

Որ Հայաստանում ազատ խօսքի նկատմամբ անհանդուրժողականութիւն կայ, արդէն ակնյայտ է բոլորին: Որ որոշ ներքին եւ արտաքին ուժեր ցանկանում են պառակտել հայ հանրութեանը, դա էլ է ակնյայտ: Սփիւռքի եւ Հայաստանի մէջ սեպ խրողներն էլ քիչ չեն: Տխմարութիւնը հասել է այնտեղ, որ կոչեր են հնչում յեղափոխութիւն սկսել սփիւռքում, ասել է թէ տապալել տարիներով ձեւաւորուած ազգային եւ համազգային հաստատութիւններն ու համակարգերը եւ դրանք փոխարինել «գեղեցիկ փաթեթաւորուած» անորոշութիւններով: Ազգային արժէքներ դաւանողները անուանարկւում են որպէս յետամնացներ` ամէն ինչի մէջ «նոր» բառը աւելացնելով: Մնում է նոր այբուբեն ստեղծելու կոչեր էլ հնչեն:

Պէտք է նորից ու նորից կրկնել` Հայաստանը մէկն է` թէ՛ հին, թէ՛ նոր, եւ ազգային համերաշխութիւնը, ազգային արժէքներն ու ազգային շահը հեռու պէտք է պահել ամէն մի գունաւորումից: «Գունաւոր յեղափոխութիւնները» չեն սկսւում եւ աւարտւում միայն փողոցներում եւ յեղափոխութիւնների միջոցով: «Գունաւոր յեղափոխութիւնները» սերմանւում են նախ հասարակութեան գիտակցութեան մէջ, սպաննում սեփական «ես»-ը եւ պարտադրում կեղծ օրակարգեր ու արժէքներ: Հեռո՞ւ է, արդեօք «Գունաւոր յեղափոխութիւնը», թէ այն խորանում է Հայաստանում` համաժողովրդական շարժմանը զուգահեռ, գուցէ գիտակցուած եւ անգիտակից, գուցէ քողարկուած ու դանդաղ: Բայց, որ մեր համազգային կառոյցները, աւանդական արժէքներն ու ազգային շահերը թիրախ են դարձել, փաստ է:

Նոր Հայաստանը ազգային Հայաստանն է` խարսխուած մեր ազգային-պետական շահերի վրայ, նրա կեդրոնում ազատ, արդարամիտ ու աշխատասէր հայ մարդն է, որի յաւերժական ընթացքն է, որ պիտի ապահովուի:

Նոր Հայաստանը համերաշխ Հայաստանն է, որտեղ չկայ շահագործում, անարդարութիւն եւ ազատ մտքի դէմ մարտնչողների անդէմ բանակ:

Նոր Հայաստանը գոյութիւն չունի առանց Արցախի ու սփիւռքի եւ նրանց շահերի գեր-գիտակցմամբ, յանուն այդ շահերի պաշտպանութեան պատրաստ, անձնազոհ հայորդիների ու հայոց բանակի:

Նոր Հայաստանը բարեկեցութիւն ապահովող տնտեսութիւնն է, պետական արդիւնաւէտ միջամտութիւններով` հայ մարդու աշխատանքի համար պարարտ հող ապահովող իշխանութիւնը, եւ ոչ թէ աղքատ ու արտագաղթող հայն ու դրան նպաստող միջակ պաշտօնեան:

Այս արժէքների վրայ է, որ պէտք է գործի Նոր Հայաստանի նոր իշխանութիւնը` ազգային համերաշխութեան հիման վրայ ձեւաւորուելիք ապագայ կառավարութիւնը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*