ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ Սա սրտերի հինգանկիւն է Եւ փռուած է Աշխարհագիր մի խժդժուած տարածքում, Որ սրբազան հայրենիք է եղել սուրբ, Բայց պղծուել է զաւակների սուրբ արեամբ, Զաւակաթափ, հայրենաթափ, հայաթափ. Այժմ ժահում է մի ողջ ազգի Ցեղասպանութեամբ անթաղ Դիակների, դիակների նեխութեամբ… Հինգթեւանի մի ոգի է սրտաչափ, Բռունցքաչափ, Որ ճեղքել է Դաւակցութեան լռութիւնը ապերախտ, Մխրճուել է երկնի սիրտը, Քամելու մի ճիթ արցունք, Ի դիմաց այն յորդ ու հեղեղ արիւնի, Որ թափուեց ու մկրտեց հողն հայրենի Հայրերի ու մայրերի ալ արիւնով, Որդիների ու դուստրերի արիւնով, Եւ մի ամբողջ սերնդի տաք արիւնով, Որ չողջունեց արեւին իր ծնունդով: Լիզպոնի հինգակոտոր հուր աստղունք, Որ պայթիւնն է Հինգապատիկ նոյն սրտի Ու սրտերի, Մեր սրտերի, Ամբողջական մի ազգութեան սրտերի Մէկ սիրտ դառած հինգ սրտի…...