Hairenik Weekly Newspaper

Խրիմեան Հայրիկի Խօսքն Ու Շունչը Պոսթընում

Ամալիա Իսայեան
Հայաստանի Լրագրողների Միութեան,
Ռուսաստանի Գրողների Միութեան
Մոսկուայի Քաղաքային կազմակերպութան,
Ա.Մ.Ն. Հայ Գրողների Միութեան անդամ

Ապրիլի 8-ին Պոսթընի Հայ Կաթողիկէ Սուրբ Խաչ Եկեղեցուոյ ՝՝Նշան եւ Մարգրիտ Աթանեզեան՝՝ սրահում օդը ողողուած էր գարնանային արեւով ու Խրիմեան Հայրիկի լուսաւոր շնչով․․․
Պոսթընի Հայկական Անկախ ձայնասփիւռի կայանը Եւգինէ Զարիֆեան-Ղարիպեանի գլխաւորութեամբ, կազմակերպել էր Մենաթատրոն, որը նուիրված էր Խրիմեան Հայրիկի 110- ամեակին։ Իսկ հաւաքուած գումարի մի մասը Հրանդ Մարգարեանի կողմից, պէտք է նուիրաբերուի Արցախի վիրաւոր զինուորներին օգնութիւն ցուցաբերելու համար։
Մենաթատրոնի հեղինակ, մենակատար եւ բեմադրիչը՝ Նիւ Եորքից ժամանած դոկտոր, գիտնական, փրոֆէսոր, թատերագիր, բանաստեղծ, թարգմանիչ, դերասան, հռետոր․․․Հրանդ Մարգարեանն էր, որ իր փայլուն կատարմամբ մարմնաւորեց Մկրտիչ Խրիմեանի մանուկ ու հսկայ, հեզ ու վիթխարի կերպարը։
Ահա եւ նա՝փայտէ հասարակ, առանց որեւէ զարդարանքների գաւազանով, Կաթողիկոսի իր սեւ հագուկապով, ճերմակ երկար մորուքով, մանկան պէս հեզ ու բարի հայացքով դանդաղ, ծանրաքայլ բեմ բարձրացաւ։
Հետադարձ հայեացք ձգելով 1907 թուականին, ան վարպետօրէն ներկայացրեց իր (Մկրտիչ Խրիմեանի) եւ հայ ժողովրդի համար ծանր ու ողբերգական ժամանակաշրջանը։
Ան, որ դեռ պատանի տարիքում կորցրել էր իր հօրը, եւ չէր հասցրել ճանաչել նրան, հետագայում դարձաւ Հայոց Հայր, 1892 թուականին 72 տարեկան հասակում, 72 քուէով միաձայն ընտրուելով Ամենայն Հայոց Կաթողիկոս։
Հմուտ դերասանն իր իւրօրինակ խաղով կարողացաւ ունկնդիրներին յուզել ու ոգեշնչել Մկրտիչ Խրիմեանի ապրած ու գործած նշանաբանով, որն է․ “Հաւատալ խօսքի ուժին, հաւատալ մտքի անյաղթելի ազդեցութեան”:


Այդ հրաշալի դերասանն ու մտածողը Խրիմեանի կերպարով մէկ անգամ եւս հնչեցրեց նրա յայտնի թղթէ եւ երկաթէ շերեփների համեմատութիւնը։ Մէկ անգամ եւս ընդգծեց, որ պէտք է զենք ու հզոր բանակ ունենալ թշնամուն յաղթելու համար։ Չէ որ թղթերով ու իր աղաչանքներով Խրիմեանը չկարողացավ շարժել հզոր երկրների գութը, որպէսզի օգնեն Հայաստանին՝ իր ինքնութիւնը, անկախութիւնը պահպանելու։
Այլ խօսքերով՝ հողին տեր է նա, ով զենքով է կանգնած այդ հողին։
Մեկ անգամ եւս յիշեցրեց հայ ազգի միասնական լինելու կարեւորագոյն գաղափարն ու խնդիրը, որով եւ որով միայն կարող ենք ուժեղ ու անյաղթ լինել։
Հրանտ Մարգարեանը այդ եւ միւս պատգամները սիրով փոխանցեց Պոսթընի հայկական Թանգարանի տնօրէն Պերճ Չէքիճեանի ուղեկցութեամբ բեմ բարձրացած մատաղ սերնդին։ Ովքեր պէտք է հասկանան, որ իրենք ուժեղ ու չկոտրուող ոգու տեր ազգի՝ Հայկ նահապետի ժառանգներն են։
Այս այժմէական ու արժէքաւոր մենաթատրոնն է, որ մեր սիրելի բարեկամն անցեալ տարի ներկայացրել է Երեւանում, իսկ, այս Մայիս ամսին տանելու է ոգեշնչելու՝ նաեւ Հայաստանի այլ շրջանների ու Արցախի ներկայ եւ ապագայ սերունդներին։ Համոզուած եմ, որ Հայաստանում եւ Արցախում էլ Հրանդ Մարգարեանն իր հրաշալի կատարումով եւ մարդկային բարձր արժանիքներով կնվաճի ունկնդիրների սրտերը։ ․․․Եւ ինչպէս բեմի վրա, այնպես էլ բեմից դուրս ուշադիր եւ հոգատար վերաբերմունք կցուցաբերի իրեն դիմող յուրաքանչյուր հանդիսատեսին, մարդուն, քանի որ նա բեմից դուրս էլ է “Խրիմեան Հայրիկ”։
Իսկ թէ ո՞վ է կեանքում Հրանդ Մարգարեանը, եւ ինչպիսի գրական-գեղարուեստական, հասարակական, հայրենանուէր գործունէութիւն է ծաւալել ու ծաւալում է այժմ, շարունակէք ընթերցել ստորեւ տեղադրուած նրա հարուստ կենսագրականից որոշ տեղեկութիւններ։

Բացման ընթացքին, Մարալ Տէր Թորոսեան ներկայացուց Մարգարեանի կենսագրականը:
Հրանդ Մարգարեանը ծնուել է Պասրա, Իրաքում Հոկտեմբերի 6, 1938-ին։
Շատերի պէս իր ծնողներն էլ են անցել Եղեռնի արհաւիրքի միջով, եւ 1918-ին Վասպուրականից հասել են Իրաք։ Իր նախնական ուսումն ստացել է Մարկիլի հայոց ազգային նախակրթարանի մէջ։ Յաճախել է տեղի պետական միջնակարգը։ 1961-ին․ Պաղտատի Գիտութեան գոլէճն աւարտելուց յետոյ ուսումը շարունակել է Միացեալ Նահանգների Սթիվընս հիմնարկում։ Ստացել է մագիստրոսի եւ դոկտորի վկայականներ տարրաբանութեան մէջ, ինչպէս նաեւ մագիստրոսի վկայական ճարտարուեստի մէջ։ Գիտական ուսմանը զուգահեռ նա յաճախել է նաեւ Նիւ Եորք քաղաքի համապատասխան թատերական ուսումնական հաստատություններ, որտեղ եւ մասնագիտացել է թատերագիտության եւ բեմական արուեստի բնագաւառում։ 1967-ին հիմնադրել է հայ մշակութային միութեան Մասիս թատերախումբը, որը հետագայում վերակոչուեց Համազգային Թատերախումբ: Այդ խմբի ղեկավարն է մինչեւ այսօր։ 2005-ին հիմնադրել է Նիւ Ճըրզիի Համազգայինի պատանեկան թատերախումբը։ Տաս տարի փրոֆէսոր է եղել Նիւ Եորք նահանգի համալսարանի համակարգում, 25 տարի դասաՒանդել է Ա.Մ.Ն. ԱրեւելԵան շրջանի Առաջնորդարանի՝ Սիամանթօ լսարանում, եօթ տարի ի վեր դասախոսել է արեւելյան շրջանի Էջմիածնական թեմի Սուրբ Ներսէս ընծայարանի մէջ,․․․
Հրանդ Մարգարեանի գրական-գեղարվեստական հունձքը շատ հարուստ է, ան ունի 27 հեղինակային թատերախաղեր, 56 բեմադրած թատերախաղեր, 56 դերակատարութիւններ, 162 բեմադրութիւններ, 15 բեմականացումներ, բազմաթիւ թարգմանութիւններ, լսատեսողական ծրագիրներ, խմբագրական գործունէութիւն, 10 հրատարակուած թատերախաղերի, մէկական բանաստեղծութիունների եւ արձակ գրքեր։
Եւ որքան հարուստ է անոր գրական-գեղարուեստական հունձքը, նոյնքան էլ հարուստ են ձեռքբերումները, որոնց արժանացել է իր երկարատեւ ու քրտնաջան աշխատանքով, որոնք են՝
1980-“Մետալ” Համազգայինի Ա.Մ.Ն.-ի եւ Գանատայի շրջանային վարչութիւնների կողմից:
1987-“Սուրբ Մեսրոպ Մաշտոց” շքանշան Գարեգին Բ.-ի, Կաթողիկոս Մեծի Տան Կիլիկիոյ ձեռամբ:
1992-“Սփիւռքահայ լաւագոյն թատերագիր” Հայ Գրողներու Միութեան նախագահ Վահագն Դավթեանի կողմից:
1992- Հայ Գրողներու Միութեան անդամ:
2000- Պատուագիր ՝՝Մշակութային գործունէութեան համար, Նիւ Եորքի Քուինզ շրջանի քաղաքապետ՝ Քլէր Շուլմանի կողմից:
2002-“Ոսկէ մետալ” Հայաստանի մշակոյթի նախարար՝ Ռոլանտ Շառոյեանի կողմից:
2004-“Ճերեճեան թատերական մրցանակ” – Լիբանան:
2008-“Հ.Օ.Մ.-ի Ակնունի” շքանշան Ա.Մ.Ն.-ի Արեւելեան շրջանի Համազգայինի վարչութիւնից:
2008- Համազգայինի Կեդրոնական վարչութեան շքանշան:
2008-“Յակոբ Մեղապարտ”մետալ, Հայաստանի Ազգային գրադարանի տնօրէն՝ Դաւիթ Սարգսեանի կողմից:
2017- “Ֆրիտհոֆ Նանսէն”շքանշան, Ֆելիքս Բաղչինեանի կողմից:
Ինձ մնում է միայն շնորհակալութիւն յայտնել , եւ մաղթել նորանոր յաջողութիւններ մեր պատուարժան հային՝ Հրանդ Մարգարեանին։