«Մեր Պատկերացրած Երկիրը Էսօր Չկայ…»

 

Մարինէ Մարտիրոսեան

«Հետք»

Մեսրոպեան Ուղղագրութեան վերածեց՝ Յարութիւն Մըսրլեան

 2 Մարտ 2018

 

«Էն վախտ (ժամանակ – ՅՄ) ուրիշ էր, աւելի շատ էր մաքրութիւնը, պարզութիւնըԻրականում  կարօտում եմ էդ տարիները: Մեր կռուած տղերքի մէջ մնացել ա էդ մաքրութիւնը: Չգիտեմ՝ ինչի՞ց  ա , որ փոխուել  ա »,  Ուջանցի ազատամարտիկ Գրիգոր Ազատեանն այս խօսքերից  յետոյ հոգոց է հանում: Շատ բան է փոխուել Հայաստանում: Անկախութեան այդ  հասկացութիւնը որ ունէին, փոխուել է. իրենք երազում էին անկախ երկրի մասին, բայց ունեցանք հակառակը: Սա ասւում է ոչ թէ ցուցադրական պաթետիզմով (յուզիչ վիճակով – ՅՄ), այլ դառնութեամբ:

Գրիգոր Ազատեանը Սասունցի է: Ասում է,  մայրական պապը՝ Աբրահամ Ղազարեանը, 14 տարեկանում եղել է Անդրանիկի զինուորը, հետախոյզը: «Ռանչպարների Կանչ»-ի մէջ մի դրուագ կայ, երբ Անդրանիկն ասում է՝ կանչէք պստիկ Աբոյին, թող գնայ Ռազվդեկի: Պապս համ (թէ՛ – ՅՄ) քրտերէն է իմացել, համ թուրքերէն. փոքր է եղել, միշտ ուղարկել են Ռազվեդկայի», ասում է նա:

Երբ Ղարաբաղեան շարժումը սկսուեց, Գրիգոր Ազատեանը  22  տարեկան էր:  Սկզբից  ընկերներով միացել էին Երեւանի Ազատութեան հրապարակում տեղի ունեցող ցոյցերին, ապա, ասում է, հասկացել էին, որ միտինգով (ժողովով- ՅՄ) հարց չի լուծւում: Ուջանցի 13  տղաներով կամաւորագրուել էին:  Լայնամաստաբ  գործողութիւնները  դեռեւս  չէին սկսուել, դիրքային փոխհրաձգութիւն էր: Հիմնականում,   Հայաստանի սահմանամերձ գիւղերում էին լինում՝ Արարատի մարզում, Մեղրիում, Սիւնիքի Կոռնիձոր, Տաւուշի Ոսկեպար գիւղերում:

1889 թ. Դեկտեմբերի 7-ին,  Կոռնիձորում  առաջին մարդկային կորուստն ունեցան. զոհուեց  Ուջանցի Նորիկ Յարութիւնեանը:  «Շատ ծանր տարանք…վրէժխնդրութիւնն աւելի շատացաւ՝  յատկապէս  Ուջանցի  տղերքի մօտ», – սա աւելցուց , յետոյ՝  լռում է:  Պատերազմի մասին պատմութիւններում ազատամարտիկներն աւելի շատ լռում են, եւ այդ լռութիւնը մեծ տարածութեան  է նման, որտեղ  ոչ մի ածական չի սոսնձւում:  Յաճախ նրանք դա  դադարներին ծխախոտ են հանում, սկսում ծխել:

Յետոյ սկսում ենք խօսել մարտական գործողութիւններից: Հրամանատար Գեղազնիկ Միքայէլեանի (Ջաւուշ) զոհուելուց յետոյ Ուջանցիներով մտան Յատուկ Գունդ:  Ղարաբաղում Գրիգոր Ազատեանի մասնակցութեամբ առաջինը  գործողութիւնը եղաւ Շուշիի ազատագրումը:

Ազատամարտիկը յիշում է, որ գործողութեան չորս ուղղութիւններից  արեւելեան՝  Շոշ գիւղի ուղղութեամբ էին շարժւում: Քաղաքն ազատագրելուց յետոյ մի տուն էին տեսել, դարպասին փամփուշտով գրել «Ուջան»  ու մտածում էին, որ կը գան տէր կը կանգնեն այդ տանը: «Մի ամիս յետոյ Աղդամի ու Ասկերանի  մէջտեղում  պոստերն  (դիրքերն – ՅՄ) էինք պահում «Դեաւոլի» ջոկատի հետ, սմենափոխ արեցինք,  ասինք՝ գնանք Շուշուա տունը տեսնենք: Տան ներսում մօտ  30  հոգի նստած քէֆ էին անում : Շուշուա Վաչօն էր, մօտեցաւ մեզ , թէ՝ ինչով կարող ենք  օգտակար լինել:  Նայիրին  ասաց՝  էս եկել էք մեր տուն, չէք էլ սեւանում, եանի (այսինքն – ՅՄ) առանց  տանտիրոջ եկել նստել էք.  Վաչօն ասաց՝  Ուջանը  դո՞ւ ես, Նայիրին էլ թէ՝  չէ՛ , ես Ուջանը  չե՛մ, էս լրիւ Ուջանն ա: Եկաւ փաթաթուեց, ասաց՝  ախպէր, տունս գրադով խփեցին, եկայ տեսայ էս տունը, ասի, տեսնեմ էդ Ուջանը երբ կը գայ.  յետոյ ասի՝ մինչեւ գայ, մնամ էստեղ: Մենք էլ ասինք՝ ի՞նչ տարբերութիւն, մենք ենք մնալո՞ւ, թէ՞ դու»:

Շուշիի  ազատագրումից  յետոյ Գրիգոր Ազատեանը մասնակցել է Քարվաճարի ազատագրմանը, Մարտակերտի, Հորադիզի, Ջաբրայիլի մարտերին:

Հրադադարի մասին իմացել է  երբ Ստեփանակերտում էր:  Ասում է՝  գիւղեր  կային որ մտնում էին, տեսնում էին դատարկ, քանի որ հակառակորդը փախել էր: Համոզուած է՝ եթէ հրադադարը չլինէր, հայկական կողմի  առաջխաղացումն աւելի մեծ էր լինելու:  Այն ժամանակ մտածում էին, որ յաջորդն Արեւմտեան Հայաստանն են ազատագրելու: Քիչ անց աւելացնում է, թէ հրադադարը գուցէ  քաղաքական որոշում է եղել, որին  չեն խառնւում, իրենք զինուոր են:

«Մեր պատկերացրած երկիրը էսօր չկայ:  Մենք պատկերացնում էինք, որ յաղթանակից յետոյ երկիրը հզօրանալու է, մարդկային ռեսուրսը  (աղբիւրը –  ՅՄ) շատանալու է, ժողովուրդը լաւ է ապրելու: Մտածում էինք, որ փոխուելու ա մեր կեանքը: Անկախութիւնը մեծ հասկացութիւն ա, մտածում էինք՝ անկախ ենք լինելու, մե՛նք ենք լինելու մեր երկրի տէրը: Էսօր, կարելի ա ասել  ոչ,  մենք չենք երկրի տէրը, ռուսն ա »- ասում է Գրիգոր Ազատեանը:

Հայաստանի ներկայ վիճակի պատճառն  էլ, զրուցակցիս կարծիքով, ռուսների քաղաքականութիւնն է:  «Հայաստանը հարցեր լուծող մահակ է դարձել ռուսների համար: Հայաստանով կարողանում է Թուրքիայի, Ազրպէյճանի, Վրաստանի հետ հարցեր լուծել: Էդպէս  չի՞»:

Գրիգոր Ազատեանն ասում է , թէ Ղարաբաղեան հարցը լուծելու ճանապարհը կրկին պատերազմն է: Խաղաղ ապրելու հեռանկարը բանակցութիւններով հնարաւոր չէ: Ատրպէյճանի սպառազինուելու մասին էլ  ասում է. «Էն վախտ (ժամանակ – ՅՄ) էլ ունէր: Էն վախտ ինքը տանկ (հրասայլ – ՅՄ) ունէր, մենք բան չունէինք, աւտօմատով տանկի դէմն էինք, բայց կարողացանք տանկն էլ, տեխնիկան էլ վերցնենք, եւ  իրենց զէնքը օգտագործենք իրենց դէմ»:  Յաւելում է , «թէ պատերազմում հեշտ բան չկայ: Մարդ սպաննելն է ամենասարսափելին՝ անկախ ազգութիւնից, բայց եթէ կռիւ է, կամ քեզ պիտի խփեն, կամ դու պիտի խփես: Այդ ամենը, սակայն, տարիներ յետոյ հոգեբանօրէն անդրադառնում է կռուած տղերքի վրայ: «Փառք Աստծու, էսօր ամեն ինչ էլ ունենք, շաքարից բռնած…», – ծիծաղելով ասում է նա:

Զրոյցի վերջում պատերազմի ժամանակ հումորային (զուարթ – ՅՄ) իրավիճակներից մէկն է յիշում. «Մի անգամ Կոռնիձորում էինք, Աշտարակցի տաքսու վարորդ էր եկել շարժմանը մասնակցելու:   Նստած կարտ (թուղթ – ՅՄ)էինք խաղում, մէկ էլ ջեբից  (գրպանէն – ՅՄ) կալոդներով փող հանեց: Ասինք՝ կալոդներով  փող ինչի՞ ես բերել. ասաց՝ ադա, պլեն  (փորձանքը – ՅՄ)ընկնել կայ, ազատուել կայ: Մէկ էլ թուրքերը սկսեցին կրակել, ասաց՝ ադա, էստեղ մարդ էլ կը սպաննեն»: Ծիծաղում  ենք: Ծխախոտի  տուփից նոր ծխախոտ է վերցնում:

Գրիգոր Ազատեանը փոխգնդապետի կոչում ունի, ՊՆ Կենտրոնական զինուորական հիւանդանոցի  (հիւանդանոցի – ՅՄ) պետի տեղակալն է: Յետոյ եմ իմանուն, որ մինչ այդ, որոշ ժամանակ, աշխատանք չունենալու պատճառով տաքսի էր քշում, ինքը  չի նշում դա:

Գնահատուած լինելու խնդիրը կռուած տղերքը չունեն: Նրանք արել են այն, ինչ պիտի անէին. ու կ՛անեն էլի նոյնը, եթէ պէտք լինի: «Չկասկածէ՛ք», եզրափակում է Գրիգոր Ազատեանը:

 

«ՀԵՏՔ»

Մարտ  28, 2016

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*