Փետրուարեան  Ապստամբութիւնը…Մայիսեան Անկախութեան Հետքերով

ՀԱՅՐԵՆԻՔ

Խմբագրական

Հազիւ երկուքուկէս տարուան պատմութիւն ունեցող Հայաստանի Ա. անկախութեան (1918-1920) յաջորդող անքակտելի իրադարձութիւններէն մէկն է Փետրուարեան ապստամբութիւնը, որուն մասին ալ հաւանաբար շատ մելան պիտի հոսի, յատկապէս յառաջիկայ Մայիսին, անկախութեան հարիւրամեակին առթիւ կազմակերպուելիք զանազան գիտաժողովներու ընթացքին:

Փետրուար 13, 1921-ին սկիզբ առած հակախորհրդային շարժումը հայոց պատմութեան էջերուն մէջ կը յիշուի իբրեւ Փետրուար 18-ի ապստամբութիւն, որ պարզ ու մեկին պոռթկումն էր հողին կառչած հայորդիին, որ հերոսաբար եւ ամէն գնով կը պայքարէր ու կ՚ապստամբէր անարդարութեան, բռնակալութեան եւ անիրաւութեան դէմ:

Անհանդուրժելի կացութիւն մը ստեղծուած էր համայնավար Հայաստանի մէջ, մանաւանդ երբ Դեկտեմբեր 2, 1920-ին, այդ օրերու բոլշեւիկ յեղափոխական իշխանութեան եւ Հայաստանի կառավարութեան միջեւ կնքուած էր ութ կէտերէ բաղկացած համաձայնագիր մը, որուն հիմամբ Հայաստան կ՚ընդունէր խորհրդային կարգերու հաստատումը։ Հիմնական հասկացողութիւնն ու համոզումն էր, սակայն, որ ան պիտի պահէր ներքին անկախութիւնը, գոհացում պիտի տրուէին հողային անոր կարգ մը իրաւունքներուն, իսկ հայկական բանակի հրամանատարական կազմն ու առաջին անկախութեան մեծ դերակատարութիւն ունեցած Հ. Յ. Դաշնակցութեան անդամները պիտի չհալածուէին եւ պատասխանատուութեան պիտի չկանչուէին՝ իրենց նախորդ գործերուն համար։

Նոյնիսկ նշուած էր նաեւ, թէ խորհրդային կառավարութիւնը միջոցներ ձեռք պիտի առնէր ամէն գնով թիկունք կանգնելու Հայաստանի ապահովութեան պաշտպանութեան:

Սակայն, այդ հաստատումները միայն թուղթի վրայ արձանագրուած խոստումներ էին, եւ ընդհակառակը՝ հայ բոլշեւիկները օտար ու թշնամի բանակի վայրագութեամբ վարուեցան իրենց սեփական երկրին ու ժողովուրդին հետ։

Քանի մը տարի առաջ Սարդարապատի, Ղարաքիլիսէի ու Բաշ Ապարանի մէջ մինչեւ վերջին փամփուշտ պայքարած բազմաթիւ հայորդիներ այս անգամ որոշած էին զէնք վերցնել իրենց երկրին մէջ:

Ապստամբութեան օրերուն, Երեւանի բանտերուն մէջ սպանդ կատարուեցաւ, սակայն հայորդին անյոյս չմնաց ու պայքարեցաւ։ Այսպէս, ծայրայեղ համայնավարները փոխարինուեցան համեմատաբար աւելի ազգային ջիղերու տէր տարրերով, գլխաւորութեամբ Ալեքսանտր Միասնիկեանի:

Դէպքերը միայն մայրաքաղաք Երեւանի մէջ տեղի չէին ունենար, այլ Հայաստանն ու հայորդին ամէնուրեք զօրակոչի ենթարկուած էին: Եւ այս հողին կառչած մնալու եւ յանուն ազգային անվտանգութեան պայքարելու միեւնոյն ոճն է, որ շարունակուեցաւ տարիներ ետք, Խորհրդային Միութեան փլուզումի օրերուն, երբ միեւնոյն հաւատքով Արցախը կարելի ելաւ վերագրաւել, որու ազատագրական շարժման ազդանշանն ալ տրուած էր Փետրուար (1988) ամսուան ընթացքին:

Ի դէպ, պատմութիւնն ալ կը փաստէ, որ այդ միեւնոյն յամառութեամբ հայորդին պայքարած էր դարեր առաջ… 450-451-ին, անգամ մը եւս Փետրուար ամսուն, եւ այդ ալ՝ Աւարայրի մէջ:

Վերադառնալով Փետրուարեան ապստամբութեան, ան կը դառնար պատմականօրէն առաջին ըմբոստութիւնը պոլշեւիկեան բռնատիրութեան դէմ։

1 Comment

  1. Ասում են պատմությունը կրկնվում է։ Մեր հայորդիները յամառութեամբ պայքարած էին դարեր առաջ… 450-451-ին, Աւարայրի մէջ արտաքին և ներքին թշնամու դեմ : Հետո Սարդարապատում միաբան ազգը իր վերջին փամփուշտով հաղթահարել էր իր վայրագ մեծ քանակով թշնամուն։
    Փետրուար 18, 1921-ին Հայ Ժողովուրդը Դաշնակցական հայի գլխավորությամբ կ՝պայքարեր ու կ՝ապստամբեր Բոլշևիկների անարդարության, բռնակալութեան եւ անիրաւութեան դէմ:
    Միեւնոյն հաւատքով Փետրվար 1988-ից սկսած Հայ Ժողովուրդի Ազատամարտիկները կարողացան Արցախը ազդագրել թշնամուց։
    Անկեղծորեն ասած այս վերջին ազադագրական պայքարներում Հ. Յ. Դաշնակցությունը մեծ դերակատարում է ունեցել որը գնահատելի է։
    Բայց հիմա ամեն ինչ փոխվել է ?
    Հայրենիքում անարդարությունը, բռնակալությունը, թալանը և անիրավությունը իր գագաթնակետին է հասել: ժողովուրդի մեծ մասը աղքատության մեջ է։ Ղեկավարությունը պատրաստվում է իր դիրքը ամրապնդել և երկիրը դեպի միապետության կարգերի հասցնել։ Դեռ ավելին Ղեկավարությունը Արցախի նվիրյալ Ազատամարտիկներին (մեր թշնամուն սարսափ պատճառողներին ) բանտի խցիկներում է պահում որ Արցախի թշնամին կարողանա հեշտությամբ և ազատորեն մեր Ղեկավարների անտարբեր աչկի տակ շաբաթական մեզանից մի զոհ խլել:
    Հիմա էլ ցավոք սրտի (և զարմանալիորեն) Հ. Յ. Դաշնակցությունը լուռ ու մունջ մոռանալով Քրիստոփորների, Սերոբների, Չավուշների Մանուկյաների և Նժդեհնեռի փառազարդ անցյալը, Իր գաղափարին և գործողությանը Սովետի գոյն տալով “Դաշինքը” է կնքում խթան հանդիսանալով այս անխիղճ, գող, թալանչի ավազակախմբի գործողություններին ի վնաս հայ ժողովուրդին , և նույն իսկ հենց Հ. Յ. Դաշնակցությանը, հետզհետե կորցնելով հայ ժողովուրդի վստահությունը թէ Հայրենիքում և թէ Սփյուռքում ?

    Մենք Վստահ ենք որ սկզբունքով տոգորված Քրիստոփորները, Սերոբները, Մանուկյաները և Նժդեհները եթէ ողջ լինեին այս տեսակի ” ամօթալի դաշինքը ՛ չէին ողջունելու, Ինչպես այժմ Սփյուռքում որոշ մեր խոհեմ Հ․Հ Դաշնակցական ընկերները դա չեն գնահատում ։

Leave a Reply

Your email address will not be published.


*