՛՛Փանթուրքիզմի Նախագիծ Չյաջողուեց Անել Ցեղասպանութեան Ժամանակ, Թուրքերը Հիմա Ջաւախքում Անում Են Առանց Պատերազմի՛՛, Կը Յայտնէ Սամցխէ – Ջաւախքի Վերլուծական Կեդրոնի Տնօրէն Էդուարդ Այվազեան

Ստորեւ, յապաւումով, լոյս կ՛ընծայենք հարցազրոյց մը, կատարուած Սամցխէ Ջավախքի վերլուծական կեդրոնի տնօրէն Էդուարդ Այվազեանի հետ, Երեւանի ՛՛Թերթ՛ կայքէջին (զրոյցը կատարեց՝ Անուշ Դաշտենց) կողմէ, կիզակէտ ունենալով Պաքու – Թիֆլիս – Կարս երկաթուղագիծը:

Հ.- Պաքու – Թիֆլիս – Կարս երկաթուղագիծը, ըստ փորձագէտների ոչ միայն Պերլինեան պատ է դարձել Ջաւախքի ու Հայաստանի միջեւ, այլեւ նկատելիօրէն աշխուժացրել է հայաբնակ Ջաւախքում թուրք-Ատրպէյճանական ներկայութիւնը, ինչը սպառնում է մօտակայ տարիներին նաեւ ժողովրդագրական պատկեր փոխել: Համաձա՞յն էք գնահատականների հետ:
Պ.- Պերլինեան պատի առումով` ո՛չ, բայց, այո՛, թուրքերն ու ազերիները գնալով աւելանում են, ձգտում են նրան, որ Ջաւախքը թրքացուի: Սա է հիմնական վտանգը: Հայաստանի հիւսիսային սահմանով Հայաստանի ելքը դէպի արտաքին աշխարհ սա է, գիտէք` մի կողմից Թուրքիան է, միւս կողմից Ատրպէյճանը, Իրանի սահմանին եւս ունենք 10-15 միլիոնանոց թրքական բնակչութիւն, եւ փաստացի, իրենք ուզում են շրջափակման մէջ վերցնել Հայաստանի Հանրապետութիւնը: Սա իրենց քաղաքականութիւնն է. այն, ինչն իրենց չյաջողուեց որպէս փանթուրքիստական ծրագիր իրականացնել Ցեղասպանութեան ժամանակ, հիմա առանց պատերազմի` տնտեսական նախագծերով անում են` իրենց ներկայութիւնն աւելացնել Ջաւախքում: Ու այդպէս միանալով` մի փոքրիկ միջանցք են ստեղծել: Սա, հիմնականում տնտեսական տարածում է:

Հ.- Նաեւ նշւում է, Պաքու – Թիֆլիս – Կարս երկաթուղագծի,կից ենթակառուցուածքներ են ստեղծում, ճաշարաններ, սրճարաններ:
Պ.- Ինչո՞ւ միայն սրճարաններ, նաեւ հասարակաց տներ, իրենց մօտ արգելուած է, եւ, ցաւով եմ նշում, իրենք իրենց վայելքների համար գալիս են մեր շրջան ու իրենց այդ ողջ ՞՞պիզնըս՛՛ը լցրել են մեր մօտ: Ոչ միայն մեր շրջան. Պաթումն էլ վերածուել է մի մեծ միջանցքի, որն իրենց համար ապահովում է կայուն ու օրէցօր աւելացող ներհոսք:

Հ.- Իսկ մարդկանց ուժով ազգերի ժողովրդագրական պատկերը Ձեր հայեացքով` ինչպԷ՞ս է փոխուել, առաջ ի՞նչ յարաբերակցութիւն էր թուրքերի, ազերիների հայերի ու վրացիների, հիմա` ինչ:
Պ.- Օրինակ` Ախալցխայի շրջանում, գիտէք, թուրք մցխեթցիներ կան, մահմետականներ, որոնց Ստալինի ժամանակ աքսորել էին: Յետոյ նրանց մի մասը վերադարձաւ եւ հիմա իրենց ներկայութիւնը Ախալցխայում կազմում է շուրջ հարիւր մարդ: Ասել, թէ շատ մեծ է նրանց թուաքանակը, չի կարելի, բայց նրանք շատ խիտ բնակեցուած են թաղամասերում եւ իրենց անընդհատ Ատրպէյճանից ու Թուրքիայից օգնութիւն է գալիս: Օրինակ` երկու տարի առաջ Թուրքիան նրանց նուիրեց մեղուի փեթակներ, եւ դրանց բոլորի վրայ կարելի էր տեսնել թրքական փոքրիկ դրօշներ: Դա երեւացող մասն է: Իրականում իրենց շատ են օգնում անասնապահութիւնը, հողագործութիւնը զարգացնելու անուան տակ: Թրքական մամուլն էլ կարդալով կը տեսնէք, թէ ինչպէս անընդհատ խրախուսում են վերադառնալ Ախալցխա` խոստանալով ինչպէս ատրպէյճանական, այնպէս էլ թրքական աջակցութիւն: Այսինքն` իրենց նպատակն է, որ Սամցխէ Ջաւախքում անպայման թուրք-ատրպէյճանական ներկայութիւնն աւելանայ:

Հ.- Ո՞րն է իրենց նպատակը` Հայաստանն օղակման մէջ պահելը, թէ նաեւ վրացական հողերը զաւթելը:
Պ.- Իրականում ժամանակները, երբ պատերազմով ինչ-որ բան էին զաւթում, անցել են, հիմա իրականում ամէն ինչ որոշում է տնտեսութեան հզօրութիւնը. իրենք ներդրումներ են անում, տներ կառուցում, մզկիթներ: Այստեղ հիմա բազմաթիւ մզկիթներ են կառուցուել, վերականգնուել եւ իրենց հոգեւոր ներկայութիւնը եւս Ջաւախքում ամրապնդուել է: Խօսքը տեղացի մահմետականների մասին է, որոնք շատ սերտ կապեր ունեն Թուրքիոյ հետ: Միւս կողմը, գիտէք, Պաթումին է: Գիտէք` Ադիգենի շրջանը ընդգրկուած է Ջաւախքում, բայց Ջաւախքի ու Աճարիոյ մէջտեղում, մի փոքրիկ հատուած կայ, որտեղ արդէն իսկ մահմետական բնակչութիւն է: Մնացել են Ախալցխան, Ախալքալաքը եւ Նինոծմինտան եւ, երեւի թէ, այստեղ էլ նպատակը նոյնն է: Շատ մեծ է հաւանականութիւնը, որ այս երկաթգծի կառուցմամբ շատ շուտով նոր ատրպէյճանական ու թուրքեր կ՚աւելանան:

Հ.-Իսկ իրենց հայաբնակ բնակչութեան նկատմամբ յարձակողակա՞ն են: Գիտենք, որ անասուններ են գողանում, նման դէպքերը շատացե՞լ են, հնարաւոր է, որ յատկապէս երկաթագծի կառուցումից յետոյ աւելանան:
Պ.- Անասունների գողութիւնը հիմնականում Ախալքալաքի շրջանում է գրանցւում: Բայց չէի ասի, որ սա կապուած է թրքական ներկայութեան հետ: Աւելի շատ, կարծում եմ, որ սահմանները նորմալ չեն վերահսկւում եւ, դա առաջին դէպքը չէ. մի քանի տարի առաջ եւս ականատես եղանք, թէ ինչպէս Ջաւախքից բազմաթիւ անասուններ էին գողացել, անցկացրել սահմանով Թուրքիա:

Հ.- Իսկ վրացիներն իրենց երկրում ժողովրդագրական (տեմոհրագիք) պատկերի այս փոփոխութեանն ինչպէս են արձագանգում: Վտանգներ տեսնո՞ւմ են:
Պ.- Վրաց հասարակութեան մէջ այդ գիտակցութիւնը նոր-նոր է արթնանում, բայց հիմնականում նրանք շատ խորը չեն գիտակցում: Բայց, այո, կան դժգոհութիւններ, որ անընդհատ թրքական հոսք կայ ու այն աւելանում է:

Հ.-Նշեցիք` Թուրքիան ու Ատրպէյճանը ինչ ծրագրեր են իրականացնում, իսկ Հայաստանի իշխանութիւններից այս առումով ի՞նչ էք ակնկալում: Նախ, ասէք` ինչ է արւում:
Պ.- Մենք մէկ անգամ չէ, որ Հայաստանի իշխանութիւններին կոչ ենք արել` վարել նոյն քաղաքականութիւնը, որը Թուրքիան ու Ատրպէյճանն են ուզում իրականացնել: Մեզ պէտք է տնտեսապէս ամրապնդել այդ շրջանը: Տնտեսապէս ամրապնդելը միակ ճիշտ ճանապարհն է: Այսինքն` մարդիկ իրենց ապահով զգան, աւելի լաւ պայմաններ ունենան, որ չարտագաղթեն: Իսկ հայերի արտագաղթը շատ ահաւոր է լինելու` թէ՛ Հայաստանի, եւ թէ՛ Վրաստանի համար. սխալ է կարծել, որ հայերի տեղը վրացիներն են զբաղեցնելու: Ցաւօք, վրացիները չունեն այն մարդկային աղբիւը, որ Ջաւախքից արտագաղթած հային փոխարինի քրիստոնեայ վրացին: Այս տեղը լրացնելու են մահմետական թուրքերը: Ուստի, սա թէ՛ Հայաստանի, թէ՛ Վրաստանի ազգային անվտանգութեան հարց է: Դրա համար Հայաստանը պէտք է կարողանայ տնտեսական հզօր ծրագրեր իրականացնել Ջաւախքում:

Հ.- Օրինաչա՞փ էք համարում, որ Հայաստանը դուրս մնաց Պաքու – Թիֆլիս – Կարս նախագծից:
Պ.- Գիտէք` Ատրպէյճանն ամէն կերպ ձգտում էր դրան, դա հասկանալի է, բայց միւս կողմից, իրենք աւելի խոցելի են դառնում: Այսինքն` նման դէպքում, եթէ Աստուած մի արասցէ, պատերազմական իրավիճակ լինի Ատրպէյճանի ու Հայաստանի միջեւ, շատ հեշտ Հայաստանը կարող է խոցել թէ՛ Պաքու – Թիֆլիս – Ճէյհանը, թէ՛ այս երկաթագիծը Ատրպէյճանի տարածքում. կրկնում եմ` Ատրպէյճանի, որովհետեւ Վրաստանը բարեկամ ու դաշնակից պետութիւն է:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*