«Վրաստանում Փոխւում Են Կառավարութիւնները, Սակայն Հայ Համայնքի Քաղաքական, Կրօնական, Լեզուական, Մշակութային Իրաւունքները Մնում Են Գրեթէ Անփոփոխ», Կը Յայտնէ Արտակ Գաբրիէլեան

Ստորեւ, յապաւումով, լոյս կ՛ընծայենք հարցազրոյց մը, կատարուած Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւններու խորհուրդի նախագահ Արտակ Գաբրիէլեանի հետ:
Հարցազրոյցը կատարուած է Ա-Ինֆոյի կողմէ, կիզակէտ ունենալով Սեպտեմբեր 30-ին, Ախալքալաքի հայաբնակ Գումբուրդօ գիւղի Սուրբ Համբարձման եկեղեցւոյ խաչքարի տեղափոխման առթիւ, ստեղծուած պայթուցիկ կացութիւնը, տարածաշրջանէն ներս:

Հ.- Շատերը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս Գումբուրդոյում եկեղեցու խնդրի ու դրա շուրջ վէճի մասին իմացան Սեպտեմբեր 30-ին այդ գիւղում տեղի ունեցած միջադէպից յետոյ: Խնդրում եմ ներկայացրէք խնդրի պատմութիւնը, ինչո՞ւ է այն արդիական ու ո՞րն է չլուծելու պատճառը:

Պ.- Խնդիրը միշտ արդիական է եղել` հետխորհրդային ժամանակաշրջանից սկսած: Այն աւելի մեծ կարեւորութիւն ստացաւ, երբ բացուեց Վրաց ուղղափառ եկեղեցւոյ Գումբուրդոյի թեմը: Վրաց հոգեւորականները 2000-2001 թուականներուն այցելում էին գիւղ: Անյայտ պատճառներով եկեղեցւոյ քարերի հայկական արձանագրութիւններն էին ոչնչացւում, որոշները փոխարինուել են այլ քարերով: Ժամանակին Գումբուրդոյի ու Ազմանա գիւղերի մէջտեղում կար յուշաքար, որ եւս անյայտ պատճառներով այդտեղից անհետացաւ: Դա այդ գիւղերի սահմանային գիծն էր խորհրդանշում: Ազմանայում ժամանակին ապրել են թուրքեր, իսկ այդ քարի վրայ եւս կային հայկական գրութիւններ: Գնալով Գումբուրդրոյի խնդիրը խորացաւ, երբ վրաց հոգեւորականները սկսեցին այցելել այդ եկեղեցին: Առանց գիւղացիներին տեղեակ պահելու պեղումներ էին կատարում, տարածքից քարեր էին կորչում: Տեղի բնակիչները ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել է խնդիրը, այդ ընդվզումը միշտ կար:
Ժամանակին գիւղում կար հոգեւորական, որը ժողովրդին մօտ էր պահում եկեղեցուն, հետեւում էր եկեղեցուն եւ հաւատացեալ ժողովրդին մղում եկեղեցի: Այժմ չգիտեմ` ինչ պատճառով հոգեւորական չի զբաղւում այդ խնդրով: Երբ 2016-ին սկսեցին պեղումներ կատարել, մէկ տարի անց մօտաւորապէս 45 պարկ մարդկանց ոսկորներ յայտնաբերուեցին: Գիւղի բնակիչները պնդեցին, որ ոսկորները վերաթաղուեն հէնց եկեղեցու տարածքում: Հետաքրքրական է, որ մասունքների գանգերի վրայ ծակեր կային` կարծես կրակոցի տեղէր լինէին:
Սա ուսումնասիրուած չէ, չեմ կարող յստակ բան ասել, սակայն գիւղացիներն ասում են, որ 1918-ին, երբ թուրքերը ներխուժել են, Գումբուրդոն ինքնապաշտպանութիւն է իրականացրել, եկեղեցու բակում գնդակահարել են տեղի բնակիչներին: Եղել է նաեւ աւանդոյթ, որ երբ փոքր երեխայ է մահացել (իսկ այն ժամանակ մահացութիւնը մանուկների շրջանում շատ է եղել), նրան թաղել են եկեղեցու տարածքում: Գիւղացիների տեւական պայքարից յետոյ ոսկորները վերաթաղուեցին եկեղեցւոյ բակում: Այնուհետեւ տեղի բնակիչները հանգանակութիւն կազմակերպեցին` խաչքարի գումարի համար: Ինչ որ մէկը չի ֆինանսաւորել, գիւղացիներն են մասնակցել դրան ու գումար հանգանակել:

Հ.- Խօսքն այն խաչքարի մասին է, որի տեղադրման շուրջ Սեպտեմբեր 30-ին Գումբուրդոյում տեղի ունեցան բախումներ իրաւապահների ու գիւղացիների միջե՞ւ:
Պ.- Այո՛, ճիշտն ասած, նախնական պայմանաւորուածութիւն կար, որ այն պէտք է տեղադրուի Հոկտեմբերի 21-ին նախատեսուած ընտրութիւններից յետոյ: Չնայած վրացական կողմը պնդում էր, որ խաչքարը պէտք է տեղադրուի եկեղեցւոյ բակից դուրս` յարակից տարածքում: Կարծես կազմակերպիչները համաձայնել էին այն մտքի յետոյ, որ տեղադրումը պէտք է տեղի ունենայ Հոկտեմբեր 21-ից յետոյ, սակայն չգիտես ինչպէս ստացուեց, որ Սեպտեմբեր 30-ին որոշում կայացուեց խաչքարը տեղափոխել եկեղեցւոյ բակ: Խօսքը միայն տեղափոխման մասին էր, ոչ տեղադրման, ինչը շատ, այդ թւում` հայաստանեան լրատուամիջոցնէր խառնում էին: Շատերը գրում էին, որ մարդիկ ցանկացել են տեղադրել խաչքարը: Իսկ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ երբ, ըստ տեղեկութիւնների, ոստիկանութեան եւ յատուկ ծառայութիւնների որոշ ներկայացուցիչներ իրենց լաւ չեն պահել: Սա 100%-ոց ճշմարտութիւն չէ, ասում եմ` համաձայն տարածուած լուրերի:

Հ.- Որոշ վերլուծաբաններ պայմանաւորուածից աւելի շուտ խաչքարի եկեղեցւոյ բակ տեղափոխելու հետեւում տեսնում են քաղաքական պատճառները` կապուած յառաջիկայ ընտրութիւնների հետ: Կիսո՞ւմ էք այս կարծիքը:

Պ.- Քաղաքական բնագաւառը Սեպտեմբեր 30-ի դէպքերում կարելի է տեսնել: Այդ ընթացքում որոշ ուժեր կը փորձէին օգտագործել առիթը` ընտրութիւններից առաջ որոշակի քաղաքական շահաբաժին հաւաքելու համար: Չէի ասի, որ այն նախապէս, յատուկ հէնց այդ նպատակով էր կազմակերպուած: Իհարկէ, նախընտրական շրջան է, քաղաքական պահեր կարող են լինել: Միանշանակ ինչ-որ ուժեր կը փորձեն առիթն օգտագործել:

Հ.- Գումբուրդոյի եկեղեցւոյ շուրջ վէճը առանձին հա՞րց է, թէ՞ այն պէտք է դիտարկել Վրաստանում հայկական պատմա-մշակութեան ժառանագութեան պահպանման ու պատկանելիութեան հարցերի կողմէն դիտուած, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում: Ի՞նչ քաղաքականութեան հետ մենք գործ ունենք այստեղ:

Պ.- Նախ` աւելի շատ վրացական կողմը պէտք է հասկանայ, որ խնդիրների բաձրաձայնումն ընդդէմ Վրաստանի չէ: Խնդիրների բարձրացումն ու լուծումներ առաջարկելը` յանուն Վրաստանի է: Յանուն Վրաստանի կայուն ու խաղաղ զարգացման: Վրաստանի այս իշխանութիւնները եւս Սահակաշուիլիի ժամանակշրջանից ժառանգեցին յայտնի մօտեցումները` անուանելով մարդկանց անջատողականներ եւ այլն: Յատկապէս վերջին օրերին ամէն ինչ գրեցին այդ մասին: Իրականում խնդիրները բարձրաձայնողներն այսօր իսկապէս Վրաստանի հայրենասէր մարդիկ են: Գումբուրդոյի եկեղեցին ու ընդհանրապէս Վրաստանում հայկական պատմա-մշակութեան ժառանագութիւնը մեր հարցերի, պահանջների օրակարգի մի մասն է: Մի շարք խնդիրներ կան, եւ դրանք բոլորն ունեն քաղաքական պատճառներ: Բացառութիւններ չկան: Կրթական, ընկերային-տնտեսական ու մշակութային խնդիրներում ակնյայտ երեւում է քաղաքական պատճառ: Բոլոր առումներով:

Հ.- Ձեր նշած խնդրիների չլուծման պատճառը ո՞րն է: Վրացական իշխանութիւնների քաղաքական կամքի բացակայութի՞ւնն է:

Պ.- Տեսէ՛ք, ինչպէս ասում են` ժողովրդի համբերութեան բաժակը լցուել է: Այսօր իւրաքանչիւր խնդրի բարձրաձայՆում կ՚առաջացնի պայթիւնավտանգ իրավիճակ: Այս եկեղեցու պատմութեան ժամանակ, ես տեսայ, թէ ժողովրդի մօտ ինչ ոգեւորուածութիւն կար: Տեսել էք, հաւանաբար, տեսանիւթերում, երբ վրացի ոստիկանը կանգնեցնում է հայ մարդուն` հարցնում` ինչու չես վրացերէն խօսում, ու այն բանից յետոյ, երբ ստանում է «լեզուն չգիտեմ» պատասխանը, ասում է` գնա մեռի էլի: Կարծես մարդկանց համբերութիւնը հատել է, իրենք ինչ-որ մի կերպ պէտք է արձագանգէին: Թէ արդէն պարզ է. հասարակ ժողովուրդ. շատ շուտ տրւում է գրգռութիւններին ու եղաւ այն, ինչ եղաւ: Այս ամէնի կողքին, ես վրացական կողմի` խնդիրները ոչ միայն չլուծելու, այլեւ խորացնելու քայլերի տրամաբանութիւնը չեմ հասկանում: Գնալով խնդիրները խորանում են, ոչ թէ լուծւում: Այստեղ պէտք է նշել, որ հայկական կողմը, ի նկատի ունեմ Հայաստանը, նոյնպէս իր մեղքի բաժինն ունի: Որոշակի խնդիրներ կան, որ ոչ միայն վրացական կողմից է կախուած: Դրանք համատեղ ջանքերով պէտք է լուծուէն բանակցութիւնների, միջկառավարական յանձնաժողովի նիստերի կամ միջխորհրդարանական խմբերի հանդիպումների ժամանակ:

Հ.- Երբ տեղի ունեցան Գումբուրդոյի դէպքերը Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կապուեց իր վրաստանցի գործընկերոջ հետ: Ջաւախքում հայկական կողմի արձագանգն ինչպէ՞ս ընկալուեց, բաւարարե՞ց այն տեղացիներին:

Պ.- Չեմ կարծում, որ բաւարարեց: Միւս կողմից մարդիկ տեղեակ էլ չեն, որ հայկական կողմն աշխատանք է տարել այս ուղղութեամբ: Իհարկէ, իւրաքանչիւր արձագանգ ու կառուցողական մօտեցում Հայաստանից ողջունելի է:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*