Ինքնուրոյն Գոյութեան Աստուածային Իրաւունքը

 

Արտաշէս Շահբազեան

 

2017 թուականին լրանում է պատմական յեղաշրջիչ իրադարձութեան՝ ռուսական պոլշեւիկեան յեղափոխութեան եւ խորհրդային պետութեան հիմնադրման հարիւր տարին: Այս փաստը առիթ դարձաւ, որ դեռեւս մէկ-երկու տարի առաջ Ռուսաստանում քննարկումներ սկսուէին յեղափոխութեան արդիւնքների ու հետեւանքների, ինչպէս նաեւ յետագայում, խորհրդային պատմուճանով վերակենդանացած կայսրութեան քայքայման պատճառների շուրջ: Յայտնի է, որ նախադէպը չունեցած հասարակարգային փոփոխութիւնը հնարաւոր էր դարձել պատմական բնականոն զարգացման հունից Ռուսաստանի շեղուելու, կացութաձեւերի, ու վարչական համակարգի խառնաշփոթի, ներքին ցնցումների հարուցած քաոսի, սովի, եւ պատերազմների հետեւանքով:

Անշուշտ ոչ առանց արտաքին միջամտութեան: Թէեւ յեղափոխական փոթորիկներից քաղաքական պատերազմի հրդեհի մէջ գլորուած երկրի ապագան կանխատեսող քչերն էին ենթադրում, թե պոլշեւիկների իշխանութիւնը երկար կեանք կ՛ունենայ, այնուամենայնիւ ընկերվարութեան դրօշով, պետական մենաշնորհ հաստատած համայնավար ամբողջատիրական համակարգը գոյատեւեց մօտ 7 ու կէս տասնամեակ: Այն ունեցաւ իր բուռն զարգացման շրջանը, ծանր պատերազմից դուրս եկաւ որպէս համաշխարհային երկրորդ տէրութիւն, ձեւաւորելով շուրջը համայնավարական երկրների ճամբարը: Պետութիւնը նոր շնչառութիւն ստացաւ, սակայն յետագայ ընթացքը դանդաղօրէն տարաւ դէպի նոր ճգնաժամ եւ բոլոր ժամանակների հզօրագոյն կայսրութիւնը փլուզուեց սնամէջ փղի նման: Արդէն հետխորհրդային շրջանում սկսեցին գրել, որ անարդիւնաւէտ հիմքի վրայ ձեւաւորուած քաղաքական եւ մանաւանդ տնտեսական համակարգը ճգնաժամի առաջին ազդակներն ստացավ դեռեւս 30-ական թուականներին եւ հէնց այն ժամանակ ծագեց վերակառուցման գաղափարը: Նոյնիսկ ասւում է, որ բարեփոխումների գլուխ պէտք է կանգներ պետութեան երկրորդ մարդը հանդիսացող Բերիան, սակայն երկրորդ աշխարհամարտը առնուազն յետաձգեց այս ծրագրի իրագործումը:

Երկրի իրական վիճակին լաւագոյնս իրազեկ պետական անվտանգութեան կոմիտէի նախագահ (1980-ականներին կարճ ժամանակ նաեւ Խ.Ս.Հ.Մ. Համայնավար կուսակցութեան կեդրոնական կոմիտէի քարտուղար եւ գերագոյն խորհրդի նախագահ) Եուրի Անտրոփովը անցեալ դարի 60-ականներին երկրորդ անգամ մտածում է երկրի ընդհանուր վերակառուցման անհրաժեշտութեան մասին ինչը, արդէն 80 ականներին, փորձեց անել Խ.Ս.Հ.Մ. վերջին առաջնորդ Կորպաչովը: Կայսրութեան վերեւից ծրագրուած հերթական բարեփոխման կիսաժողովրդավարական գործընթացներն էլ հանգեցրին պետութեան կապանքների թուլացմանն ու անջատողական շարժումների պոռթկումին:

Եւ ահա ռուսական քաղաքագիտական-մտաւորական վերնախաւը, ախտորոշելով պետութեան կործանման պատճառները, մատնանշում է անարդիւնաւէտ տնտեսական կացութաձեւն ու վարչաձեւը, երկրի ինքնամեկուսացուածութիւնը համաշխարհային ընթացքից, Ամերիկայի հետ ռազմական մրցավազքը, ժողովրդավարութեան բացակայութիւնը, կաշառակերութեան երեւոյթները եւ այլ գործօններ: Որ տուեալ գործօնները կարեւոր դերակատարութիւն են ունեցել ժխտելի չէ, սակայն այս քննարկումների հոլովոյթում զգուշօրէն շրջանցւում է ազգային հարցի դերը: Գուցէ եւ ռուսական մետրոպոլիայի դիտակէտից այնպէս է երեւում, թէ այս հարցը «սպառիչ» կերպով ժամանակին լուծել են Լենինն ու Ստալինը, իրականում սակայն վառոդի տակառի պէս երկրի հիմքում եղած այս հարցն էր, որ ցիրուցան արեց «Կաւէ Փղին»:

Պատմութեան ընթացքում պետութիւններն ապրում են իրենց հզօրութեան ու թուլութեան շրջափուլերը, սակայն տարբեր է պարագան միատարր եւ բազմացեղային տէրութիւնների պարագայում:

Քաղաքագիտական ճշմարտութիւն է, որ միատարր կամ ազգային պետութիւնները, որքան էլ որ թուլանան, մի օր կրկին հաւաքւում են սեփական ինքնութեան միջուկի շուրջ: Բազմազգ պետութիւնների կամ փոքր ու մեծ կայսրութիւնների թուլանալու պարագայում անջատողական տրամադրութիւնները ստեղծում են կեդրոնախոյս հզօր շարժում ինչն էլ, ի վերջոյ, վերածւում է բոլոր կայսրութիւնների քայքայման հիւանդութեան: Յաճախ, ինչպէս խորհրդային միութեան դէպքում, դժուար ընկալելի է մնում, թէ նման հզօր տէրութիւնները ինչպէս են այդքան հեշտութեամբ մասերի բաժանւում, բայց այս դէպքերում թերագնահատւում է հէնց ամենահզօր աշխոյժ ներուժը՝ ազգային հարցը:

Ի դէպ, անցեալ դարի 90-ականների Ելցինեան քաոսային Ռուսաստանում յանկարծ ի յայտ եկաւ «ազգայնական շարժում», որն ուղղուած էր հրեաների եւ երկրի ազգային այլ փոքրամասնութիւնների դէմ: Սա միայն մէկ բան կարող էր նշանակել, որ այդ շարժումը ռուսական արմատներ չունի եւ հրահրուած է ինչ-որ ուժերի կողմից: Այլապէս տիրապետող ժողովրդի կողմից ազգային հարցի սրումը նոյնն է, թէ կտրել այն ճիւղը, որի վրայ նստած ես: Եւ պատահական չէ, որ այդ շարժումը մարեց իրական ազգայնական Փութինի նախագահ դառնալով:

Վերադառնանք բուն ասելիքին:

Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ, պահի քաղաքական հաշուարկով պայմանաւորուած, մի քանի անգամ փոփոխուեցին Խ.Ս.Հ.Մ.-ի արժեւորման երանգները: Ներկայումս ականատես ենք Ռուսաստանի հանրային-քաղաքագիտական շրջանակներում տեղի ունեցող մտքերի այն խմորումներին, երբ փորձ է արւում երկրորդական նշանակութիւն հաղորդել Լենին-Ստալինի, նրանց թիմակիցների ու ժառանգորդների բացասական վարքին, դրանք հակակշռելով իրականացուած «մեծ» իրագործումներով: Նոյն տրամաբանութեամբ մեղմացւում են Ստալինեան եւ այլ բռնութիւնների գնահատականները, մարդկային ազատութիւնները խեղդած եւ ժողովուրդների բանտ ծառայած ամբողջատիրական կառոյցի իրական բնոյթը: Պատմութեան նմանօրինակ գնահատումները ի հարկէ պայմանաւորուած են Փութինեան Ռուսաստանի նոր վերելքի նախանշաններով, որ գուցէ եւ որոշ մեծապետական գլուխներում արթնացնում է անցեալի վերակենդանացման անուրջներ: Նոր Ռուսաստանի նախագահ Փութինը առիթների դէպքում չի թաքցնում իր ցաւը Խորհրդային Միութեան փլուզման առիթով, միաժամանակ նա նաեւ հետեւյալ մտքի հեղինակն է. «Ով չի ցաւում Խորհրդային Միութեան կործանման համար նա սիրտ չունի, ով կարծում է թէ Խորհրդային Միութիւնը կարող է վերականգնուել նա գլուխ չունի»:

Իրականում ռուսները ուշացումով հասկացան, որ ժամանակակից եւ, այսպէս ասած, քաղաքակիրթ գաղութատիրութիւնը չի նշանակում բոլորի շուրջ բոլորը պատել սեփական ցանկապատով: Սրանով հանդերձ, ի մտի ունենանք , որ ինչպէս Պիզմարքն է ասել. «Քաղաքականութիւնը հնարաւորի արուեստն է»:

Ռուսական դիտանկիւնից Խորհրդային երեւոյթը գնահատելը բնականաբար ունի իր բացատրութիւնը, որն ի հարկէ շատ էլ չի համապատասխանում, եթէ չասենք հակասում է մնացած 14 նախկին խորհրդային հանրապետութիւնների եւ դեռ դրանից էլ դուրս , նախկին համայնավարական ճամբարի երկրների գնահատականին:

Միութեան փլուզումից յետոյ Ռուսաստանի հետ սերտ յարաբերութիւններ վերահաստատելու դրօշակակիրները եղան Պելոռուսն ու Ղազախստանը: Առաջինի դէպքում նոյնիսկ տեսակէտներ կային, թե Պելոռուսը կարող է պարզապէս միանալ Ռուսաստանին, քանի որ պատմականօրէն սա նոյն ժողովուրդն է եթէ չհաշուենք թաթարների կողմից նրանց տրուած «սպիտակ ռուս» անուանումը: Ինչ վերաբերում է երկրորդին, ապա այս երկրի անփոփոխ նախագահ եւ ըստ էութեան Ղազախական պետութեան հիմնադիր նախագահ Նազարպաեւը հենց եղաւ Եւրասիական Միութեան գաղափարի հեղինակը՝ դեռեւս անցած դարի իննիսունականների կէսին: Սրանով հանդերձ երկու «ռուսամէտ» նախագահները նոյն Ե.Ա.Տ.Մ.-ի ստեղծման նախօրեակին զգուշացրեցին, որ իրենց պատկերացրած միութիւնը պէտք է ունենայ տնտեսական բովանդակութիւն, իսկ եթէ այնտեղ սկսի գերակշռել քաղաքական բաղադրիչը, իրենք կը հրաժարուեն այդ միութիւնից: Վերն ասուածից բխող յարակից հարցերի ու մանրամասների մէջ չխորանալով հասնենք եզրակացութեանը.-

ա/ Իր բոլոր արդիւնքներով հանդերձ, որ ենթակայ ժողովուրդների համար ունեցաւ Խորհրդային Միութիւնը, այն ռուսական նոր գաղութատիրութիւնն էր, որտեղ ճնշուած էին ազատութիւնները, եւ յատկապէս ազգային ինքնուրոյնութիւնը: Հայկական հարցի նկատմամբ ռուսական քաղաքականութիւնը կործանարար եղաւ մասնաւորապէս հայերիս համար,

բ/Որեւէ ժողովրդի բնականոն, ինքնատիպ ու ինքնուրոյն զարգացման հիմնական պայմանը անկախութիւնն է,

գ/Որեւէ փաստարկ չի կարող հակակշռել ինքնուրոյն կեանքի ու զարգացման ժողովուրդների ձգտումին եւ գերադասուել ինքնուրոյն գոյութեան Աստուածային իրաւունքից:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*