Մենք Եւ Մեր Հարեւանները

«Վէմ»
Խմբագրական

Հարաւային Կովկասում ու նրա շուրջն առկայ փխրուն իրողութիւնների փլուզման հեռանկարը` որպէս պատմական անհրաժեշտութիւն, յամառօրէն բախում է տարածաշրջանի դարպասները` պահանջելով հունաւորել ապագայի սաղմնաւորման ու հասունացման տարերային ընթացքը:

Որովհետեւ ցարական Ռուսաստանի կազմում Անդրկովկասի, իսկ մեզ համար Այսրկովկասի վերածուած եւ ապա «Հարաւային Կովկաս» անունը ստացած մեր տարածաշրջանի ժողովուրդների պատմական յիշողութիւնը մինչ օրս չունի ապագային միտուած որեւէ ընդհանուր տեսլական, իսկ նրանցից իւրաքանչիւրի քաղաքական ձգտումները արմատապէս հակասում են երեք հարեւան տէրութիւններից գոնէ մէկի շահերին: Հարաւային Կովկասը դարերի ընթացքում մայրցամաքային կայսրութիւնների առաջխաղացման հետեւանքով սեղմուած այն միջուկն է, որի բաղկացուցիչներից իւրաքանչիւրը խնդիրներ ունի ոչ միայն ներսի, այլեւ դրսի հետ. Հայաստանի պարագայում` Հայկական պահանջատիրութիւնը, Վրաստանի պարագայում` Հիւսիսային Կովկասի ժողովուրդների էթնոկրօնական համերաշխութիւնը Ռուսաստանի դէմ ուղղելու ցանկութիւնը, իսկ Ազրպէյճանի պարագայում` Իրանի թուրքախօս ազերիներին համաթուրանական ծրագրերի մէջ ներառելու ձգտումը:

Նման եռանդամ միջուկի եւ նրա շուրջը պատմականօրէն ձեւաւորուած նոյնպէս եռանդամ թաղանթի համաշխարհային իրողութիւններին համարկուելու հնարաւորութիւնը գտնւում է քաղաքակրթական հոգեհարազատութեան հենքի վրայ աւելի խոշոր ընդհանրութիւնների ձեւաւորման համատեքստում: Այդ պատճառով ներկայումս վճռորոշ նշանակութիւն է ձեռք բերել տարածաշրջանի քաղաքակրթական դիմագծի յստակեցման հրամայականը, ուստի նախ հարկ է պարզել, թէ պատմականօրէն ինչպիսի քաղաքակրթական տարածք է եղել Հարաւային Կովկասը:

Ակնյայտ է, որ անտիկ շրջանից մեզ հասած յունահռոմէական աղբիւրների ու դրանք ամրագրած համապատասխան քարտէսների մէջ Կովկասեան լեռնաշղթայից մինչեւ Եփրատ գետն ընկած ընդարձակ երկիրը կրել է ընդամէնը մէկ անուանում` Արմենիա: Աւելի ուշ` վրաց Բագրատունիների թագաւորութեան հզօրացման շրջանում, ձեւաւորուած վրացական աւանդոյթը հիմնուել է ներկայիս Հիւսիսային ու Հարաւային Կովկասները որպէս մէկ ամբողջութեան ընկալող «Կովկաս» հասկացութեան վրայ: Համաձայն վրաց պատմահայր Լէոնտի Մրովելիի, նրա ժողովուրդների նախահայրերը եղել են հարազատ եղբայրներ, որոնցից աւագը` Գաոսը (Հայկը), որի «նմանը ո՛չ մարմնով, ո՛չ հզօրութեամբ ու քաջութեամբ չի եղել ո՛չ ջրհեղեղից առաջ եւ ո՛չ էլ դրանից յետոյ», տարածքների կէսը պահել է իրեն, իսկ միւսները բաժանել է իր եօթ եղբայրներին` աւագութեամբ երկրորդ Քարթլոսին եւ այլոց: Ուրեմն անգամ Վրաստանի հզօրացման դարաշրջանի (11-12 դդ.) վրաց պատմական աւանդոյթը սկզբունքօրէն չի հակասում հայկականին, այլ սեփական կովկասեան պրիսմակով է դիտարկում նոյն իրողութիւնը: Միայն աւելի ուշ` ստալինեան շրջանի վրաց պատմաշինարարութիւնը եւ դրան գումարուած` նորակազմ ազրպէյճանական ժողովրդի սելճուկեան յաւակնութիւններն են աղճատել տարածաշրջանի ժողովուրդների պատմական յիշողութիւնը:

Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի մինչեւ 20-րդ դարի սկզբները մեր հարեւանները չէին հասցրել անգամ ձեւաւորուել որպէս միասնական ժողովուրդներ, ուստիեւ Ռուսաստանից ժամանակաւորապէս առանձնացած Հարաւային Կովկասում 1918-1920-ական թուականներին ապրում էր ընդամէնը մէկ ժողովուրդ, որի բոլոր ներկայացուցիչներն իրենց բնորոշում էին միեւնոյն էնդոէթնոնիմի ու միեւնոյն էքզոէթնոնիմի միջոցով: Հայոց ցեղասպանութեան արդիւնքում նեղլիկ Անդրկովկասում պատսպարուած հայերն էին միայն, որ ունէին սեփական ինքնութեան յստակ ընկալումը, մինչդեռ մեր զոյգ հարեւանների էթնիկ դիմագիծը դեռեւս ամբողջացման ու կայացման հանգրուանում էր:

Ուրեմն պետականօրէն ինքնակազմակերպուելու դարաշրջանում անգամ մեր հարեւանների տարածքային յաւակնութիւնները զուտ հիպոթետիկ բնոյթ ունէին, քանի որ դեռեւս պարզ չէր, թէ ովքեր են իրենք` որպէս մէկ ամբողջութիւն: Վրացիների յաւակնութիւնները հիմնւում էին նախկին վրացական թագաւորութեան սահմաններում ապրող քարթուելների շուրջը ցեղակից իմերեթցիներին, սուաններին, մեգրելներին, աբխազներին եւ հաւատակից յոյներին, հայերին եւ այլ էթնիկ խմբերին միաձուլելու նպատակադրումի վրայ: Իսկ Ազրպէյճանի պարագայում բացակայում էր անգամ էթնիկ ընդհանրութեան ընկալումը, եւ առկայ էր սոսկ իսլամական ընդհանուր հաւատի հիմքի վրայ թուրքական ու տեղաբնիկ շիա եւ սիւննի դաւանանքի մահմետական ժողովուրդներին ու ցեղերին համախմբելու եւ միասնական ազգի վերածելու ձգտումը:

Այս երկու նախագծերը իրականութիւն դարձան 1920-1930-ական թուականներին խորհրդային վարչակարգի կողմից խրախուսուած զանգուածային ձուլումների միջոցով համապատասխան ժողովրդագրական քարտէսի ու էթնիկ ինքնագիտակցութեան ձեւաւորմամբ: Դա էր պատճառը, որ 1926 թուականի խորհրդային մարդահամարով արձանագրուեց «դեմոգրաֆիա» գիտութեան պատմութեան մէջ չտեսնուած մի երեւոյթ` բարձր ծնելիութեամբ ամենեւին էլ աչքի չընկնող վրացական էթնոսի կրկնապատկումը 10 տարուայ ընթացքում` 1916 թուականի 821.720-ը` 1926 թուականին 1 միլիոն 788.186-ի վերածուելու միջոցով: Նոյն կերպ եւ գրեթէ նոյն համամասնութիւններով ստալին-բերիայական վարչակարգը 1930-ականներին ձեւաւորեց նաեւ ազրպէյճանցի ժողովրդին, որը կլանելով իր սահմաններում ապրող մահմետականների մեծ մասին` ազգակազմաւորման վերջնական փուլը մտաւ միայն 1970-ական թուականներին` Հայտար Ալիեւի իշխանութեան օրօք:

Ուստի պատահական չէ, որ հէնց ստալին-բերիայական վարչակարգն էլ հէնց 1930-ականներին կազմակերպեց վրաց ազգին ու «ազրպէյճանցի» անուամբ կնքուած ժողովրդին իրենց էթնիկ յիշողութեան հետ որեւէ կապ չունեցող` իրանական մշակութային կոթողներով «պարգեւատրելու արարողութիւնները»: Անձամբ Ստալինի ցուցումով վերջնականապէս վրացականացուեց հնդկական «Ռամայանայի» սիւժետային կրկնութիւն պարսկական «Վագրենաւորը» հերոսական ասքը, որը ժամանակին սոսկ թարգմանուել էր վրացերէնի, իսկ Ատրպատականի առասպելական հերոս Բաբեկի մասին պատումներն ու պարսիկ բանաստեղծ Նիզամիի ստեղծագործութիւնը նուիրուեցին միւս «եղբայրական ժողովրդին»: Դա հնարաւորութիւն տուեց հնդեւրոպացիների (արիացիների) հնագոյն հաւատալիքների ու միթրայական ծիսակարգի խտացում հայկական «Սասնայ ծռեր» էպոսի գաղափարական բովանդակութիւնը իջեցնել հարեւանների մշակութագողութիւնների ժամանակային սանդղակին` այն մատուցելով սոսկ իբրեւ արաբական լծի դէմ պայքարի արտայայտութիւն:

Պատճառն ակնյայտ է. հետագայում միայն «Հարաւային Կովկաս» անունը ստացած տարածաշրջանում ո՛չ անտիկ շրջանում եւ ո՛չ էլ միջնադարում հայկականից բացի` մշակոյթի քաղաքակրթական ձեւերին հասնող այլ բարձրարժէք կոթողներ չէին ստեղծուել: Նոյնն էր վիճակը նաեւ ճարտարապետութեան բնագաւառում, որտեղ միակ բացառութիւնը վրացական եկեղեցաշինութիւնն էր հայկական եւ քաղկեդոնական ոճի ընդօրինակումներով:

Սակայն քաղաքակրթական ձեւերի մէջ ամփոփուած high culture-ը` իբրեւ տուեալ տարածքը որոշակի հանրոյթին պատկանելու ապացոյց, մեր հարեւանների կողմից փաստօրէն չի ստեղծուել անգամ նոր ու նորագոյն ժամանակներում: Վրացական բարձրարժէք էթնիկ երաժշտութիւնը կամ ազրպէյճանաթուրքական մուղամը դեռեւս չեն վկայում high culture-ի գոյութեան մասին: Դրանք քաղաքակրթական բարձր ձեւերի մէջ են ամփոփուել փայլուն երաժիշտների մի ամբողջ փաղանգի կողմից, որոնց վրացական հատուածը` հայկական, իսկ ազրպէյճանական հատուածը` հիւսիսկովկասեան, իրանական ու մասամբ էլ հրէական արմատներ ունի: Ռուսականացած եւ ապա վրացիների մէջ ձուլուած Վրաստանի հայերի` Պալեան-Պալիեւ-Պալիաշվիլիի, Մարջանեան-Մարջանով-Մարջանիշվիլիի, Սարաջեան-Սարաջեւ-Սարաջիշվիլիի, Մուրադեան-Մուրադով-Մուրադելիի, ինչպէս նաեւ` ռուսականացած եւ ապա հետագայում արհեստականօրէն «ազրպէյճանականացուած» տաղստանցի Ուզէիր Հաճիպեկովի (այժմ` Հաճիպէյլի), ապշերոնեան թաթ-իրանցի Կարա Կարաեւի կամ էլ լեզգու եւ հրեայի խառնուրդ, տաղանդաւոր երգիչ Մուսլիմ Մագոմաեւի եւ բազմաթիւ այլ օտարազգիների բարձր արուեստը նոյնքան է վրացական կամ ազրպէյճանական, որքան` հայկական, իրանական, հիւսիսկովկասեան կամ հրէական:

Մեր հարեւանների համար է՛լ աւելի տխուր պատկեր է ներկայացնում նոր ու նորագոյն շրջանի նրանց «ճարտարապետութիւնը», որն աւելի շուտ ոչ թէ վրացիների կամ ազրպէյճանցիների, այլ Վրաստանի ու Ազրպէյճանի ներկայ տարածքներում ապրած հայերի, ռուսների, յոյների, գերմանացիների ու հրեաների մշակութային ժառանգութիւնն է:

Նոյնպիսի փաստեր կարելի է բերել բարձր արուեստի այլ բնագաւառների մասին` հասկանալու համար մեր հարեւանների մօտ հայկական հնագոյն ու միջնադարեան քաղաքակրթութեան հանդէպ պատմականօրէն ձեւաւորուած անլիարժէքութեան բարդոյթի պատճառները: Ինտերնացիոնալիզմ քարոզող ԽՍՀՄ-ի գոյութեան պայմաններում անգամ նման երեւոյթը վրացիների ու ազրպէյճանցիների մշակութային ինքնութեան անբաժանելի մասն էր դարձել: Պարզապէս Ազրպէյճանում այն համընդհանուր (թոթալ) բնոյթ ունէր, իսկ Վրաստանում դրսեւորւում էր հայկական մշակութային ժառանգութեան իւրացման տեսքով:

Նման իրողութիւնների առկայութեան պայմաններում տեղի ունեցած ԽՍՀՄ փլուզումը համընկաւ մեր հարեւան «փոքր կայսրութիւնների» իրականացրած ազգային փոքրամասնութիւնների զանգուածային ձուլման ու դուրսմղման քաղաքականութեան եզրափակիչ հանգրուանին, ինչը վերջիններիս «մնացորդացին» կանգնեցրեց կեանքի ու մահուան երկընտրանքի առջեւ: Արդիւնքում` ինքնորոշուելու հնարաւորութիւն ստացան աբխազները, օսերն ու Արցախի հայութիւնը, բայց Արեւմուտք-Ռուսաստան դիմակայութեան պատճառով նրանց վերապահուեց սոսկ տէ ֆաքթօ անկախութիւն` անորոշ ժամանակով յետաձգելով վերջնական կարգավիճակի հարցը:

Այսպէս շարունակուեց մինչեւ 2008 թուականի ռուս-վրացական պատերազմը, որի արդիւնքում Աբխազիայի ու Հարաւային Օսիայի ինքնորոշման գործընթացը փոխակերպուեց Ռուսաստանի կողմից փաստացի կլանման: Ու քանի որ դրանից յետոյ Արցախը մնաց տարածաշրջանի շուրջ շարունակուող մրցակցութեան թիրախում, հէնց 2008 թուականից էլ ռուսական քաղաքականութեան մէջ առարկայացաւ այս անգամ Հայաստանը թուլացնելով` Ազրպէյճանին աստիճանաբար իր կողմը գրաւելու ռազմավարութիւնը: Դրա քողարկուած արտայայտութիւնն էր մօտ 300 հազար «հայ հայրենակիցներ» ընդունելու ձեռնարկը եւ նրանց հնարաւոր վերաբնակեցման գօտին` Արցախի ազատագրուած 5 շրջանները Ազրպէյճանին յանձնելու Քազանեան փորձը: Հայկական գործօնի այս «համաձայնեցուած թուլացման» եւ Ազրպէյճանին զինելու քաղաքականութեան բարձրակէտը 2016 թուականի ապրիլն էր, որը պէտք է ապահովէր Ռուսաստանի երկրորդ թռիչքը դէպի հարաւ` Լեռնային Ղարաբաղ եւ նրա շուրջը: Մեր զինուորականութեան ինքնաբուխ դիմադրութիւնը չէ միայն, որ կասեցրեց այդ ծրագրի իրականացումը, այլեւ Իրանի` ուղղակի ու Միացեալ Նահանգների միջնորդաւորուած հակազդեցութիւնը:

Դա է պատճառը, որ այդ պատերազմից յետոյ Ռուսաստանն այդպէս էլ չի կարողանում ընտրութիւն կատարել «հնազանդ» Հայաստանի ու «անհնազանդ» Ազրպէյճանի միջեւ, իսկ միաժամանակ երկուսին էլ վերահսկելու համար անհրաժեշտ է այնքան թուլացնել նրանց, որ չէզոքացուեն անկախ կեցութեան բոլոր հնարաւորութիւնները: Պատճառն այն է, որ խորհրդային շրջանից ժառանգութիւն մնացած մոսկովեան հնամաշ «կայսերական ճօճանակի» տատանումները բախուել են յետխորհրդային իրողութիւններին բնորոշ ընդհանուր ու տարածաշրջանային արգելապատնէշներին:

Ուստի պատահական չէ, որ 2016 թուականի ապրիլեան պատերազմից ընդամէնը մի քանի ամիս անց, Հայաստանին հզօր հրթիռային համալիրների տրամադրման փաստի 2016 թ. սեպտեմբեր 21-եան լուսարձակումով, Մոսկուան ժամանակաւորապէս կասեցրեց մեծ պատերազմ սանձազերծելու Ազրպէյճանի փորձերը: Արդիւնքում, փխրուն ռազմական հակակշիռների վրայ հիմնուած, հայ-ազրպէյճանական «փոխադարձ պատանդառման» յետխորհրդային համակարգը սկսեց ի յայտ բերել վերջին քառորդ դարի ընթացքում մեր տարածաշրջանում Ռուսաստանի իրականացրած ուժային քաղաքականութեան ճգնաժամը, ինչն է՛լ աւելի խորացաւ Եւրասիականութեան տոքթրինի անհեռանկարայնութեան գիտակցման եւ ներկայ 2017 թուականին հէնց իր` Ռուսաստանի քաղաքակրթական խորը փակուղում յայտնուելու փաստի լուսարձակման արդիւնքում:

Ներկայ տարեսկզբից Ռուսաստանն ինքն է քայլեր ձեռնարկում Արեւմուտքի հետ համարկման նոր ուղիներ փնտռելու ուղղութեամբ, իսկ վերջինս նրա առջեւ արդէն հասցրել է բացել իր «Համպուրկեան նաւահանգիստը»: Ուստի վաղ թէ ուշ Մոսկուան նոյնպէս պէտք է մտածի մեր երկրամասը այն ընդհանուր քաղաքակրթական տարածութեան մասը դարձնելու մասին, որին նաեւ ինքն է ձգտում: Քանզի Ռուսաստանի ներկայիս արեւմտեան թրենտը, թէեւ հարկադիր, բայց միանգամայն գիտակցուած ընտրութիւն է` Պետրոս Մեծի ժամանակներից այդ երկրին բնորոշ արեւմտականացման հերթական պարբերաշրջանի սկիզբ:

Ուրեմն ներկայ պատմական պահը ուշագրաւ ռազմավարական մեկնակէտ է մեր տարածաշրջանում ժամանակին ձեւաւորուած միակ քաղաքակրթութեան` Հայաստանի ու նրա շարունակութիւնը հանդիսացող հայկական սփիւռքի համար: Որովհետեւ, ընդհանուր արժէքային ընտրութեան վրայ հիմնուած, ընդհանուր երկխօսութեան սկզբնաւորման հեռանկարը մեր տարածաշրջանի քաղաքակրթական դիմագծի յստակեցման իր առաջին իսկ փորձերի համատեքստում ոչ միայն չի կարող շրջանցել Հայաստանը, այլեւ հէնց նրան է դիտարկելու որպէս յենման կէտ:

Պատճառն ակնյայտ է. միայն Վրաստանով հնարաւոր չէ արեւմտեան դիմագիծ հաղորդել Հարաւային Կովկասին, իսկ միայն Ազրպէյճանով` դարձնել իսլամական աշխարհի մի մասը, բայց միայն Հայաստանով է հնարաւոր այն համարկել Արեւմուտք-Ռուսաստան ընդհանուր ռազմավարական շահերի եւ աւելի հեռանկարային` քաղաքակրթական ձգտումների համատեքստում: Ուստի կասկած չունենք, որ ռուս-ամերիկեան ընդհանուր երկխօսութեան սկզբնաւորման մասին վկայող առաջին իսկ ազդանշանները լուրջ անհանգստութիւն եւ խոր տագնապ են առաջացնելու (եթէ արդէն չեն առաջացրել) մեր հարեւանների շրջանում: Վրաստանի համար դա նշանակում է Արեւմուտքի հետ երկարատեւ տնտեսաքաղաքական դիմակայութեան արդիւնքում Ռուսաստանի փլուզման մասին իր երազանքի խորտակում, իսկ Ազրպէյճանի համար` Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարներին նոր Լենինի ու նոր Աթաթուրքի դերերը վերապահելու խաբկանքի լուսարձակում:

Այդ պատճառով առաջիկայ ամիսների ընթացքում, մինչեւ 2018 թուականի մարտին Ռուսաստանում սպասուող նախագահական ընտրութիւնները եւ դրանց արդիւնքներով պայմանաւորուած` նրա քաղաքակրթական ընտրութեան վերջնական յստակեցումը, մեր հարեւաններն ու նրանց արտասահմանեան հովանաւորները փորձելու են «ձուկ որսալ» արդէն իսկ եռացող` «Հարաւային Կովկաս» կոչուող կաթսայում: Ու քանի որ Հայաստանն ինքը որպէս պետութիւն դեռեւս տարուբերւում է օլիգարխիկ համակարգի ապամոնթաժման եւ ազգ-բանակ գաղափարի վրայ հիմնուած` պետականութեան նոր բնորդի ձեւաւորման ցանկութեան ու հնարաւորութեան սահմանագծին, 2017-ի երկրորդ կէսին եւ 2018-ի սկզբներին մեր ֆիզիքական գոյութիւնը պաշտպանելու միջոցով ազգային ինքնութիւնը վերագտնելու առաջադրանքի լուծումը նորից յայտնուելու է 19-20 տարեկան հայ զինուորի վտիտ ուսերին…

Հազարամեակների մեր քաղաքակրթութեան, նրա անցեալի ու ներկայի բազում գանձերի, մեր յոյսերի ու երազանքների իրականացման եւ անգամ մեր լինելիութեան գրաւականը դեռեւս ռազմաքաղաքական դաշտում գտնուող դաժան մրցակցութեան մէջ յաղթելու խնդիրն է: Դա տարածաշրջանի քաղաքակրթական դիմագծի յստակեցման նախնական հանգրուանին բնորոշ` մակընթացութիւնների ու տեղատուութիւնների հակամէտ ալիքներին դիմակայելու եւ յուսատու նաւահանգիստ դուրս գալու միակ ուղին է: Տարածաշրջանի քաղաքակրթական դիմագծի յստակեցման անխուսափելիութիւնն այն թոյլ ու տարտամ լոյսի շողն է, որը մեզ այսօր աւետում է Հայաստանի նոր վերելքի իրական հնարաւորութեան առկայութեան մասին` ամրապնդելով մօտալուտ փորձութիւններին դիմակայելու մեր հաւաքական կամքը:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*