ԱՐՑԱԽ.- ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ ԿԼՈՐ-ՔԱՌԱԿՈՒՍԻ ՇԷՆՔԸ, ԿՐԱԿՈՑՆԵՐԸ… ԵՒ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՐԱԶԱՆՔԸ

12674746_989313787815243_1965383896_o

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
«Ապառաժ»

Այսօր Արցախի սահմանամերձ գիւղերում դեռ կան բազմաթիւ չլուծուած խնդիրներ: Արցախի կառավարութեան ներկայացուցիչներն իրենց ելոյթներում բազմիցս շեշտել են, որ սահմանամերձ գիւղերի խնդիրների լուծումն առաջնահերթութիւն է երկրի կառավարութեան համար, սակայն կան հարցեր, որոնց հետ անհնար է համակերպուել…:
Մարտակերտ շրջանի Թալիշ սահմանամերձ համայնքի մանկապարտէզի շէնքը կառուցուել է 2004 թուականին: Շէնքի կառուցուածքը ո՛չ քառակուսի է, ո՛չ էլ կլոր: Այն իր մէջ ներառում է երկու սենեակ, որոնցից մէկը ծառայում է որպէս դասասենեակ ու խաղասենեակ, իսկ միւսը` որպէս ննջասենեակ: Կայ փոքր խոհանոց, եւ վարիչների համար նախատեսուած սենեակ:
Մանկապարտէզը պահեստ չունի, այդ պատճառով չոր սնունդը եւ օգտագործման անհրաժեշտ պարագաները պահւում են վարիչների սենեակում: 12695188_989342084479080_1129216903_o
Կառուցման օրից ի վեր շէնքն երբեւիցէ չի վերանորոգուել, այդ պատճառով շէնքի ընդհանուր վիճակն անմխիթար է:
Մանկապարտէզի տնօրէն Փիրուզա Քոչարեանն ասում է, որ այսքան տարիների ընթացքում փոխուել են միայն հոսանքի լարերը, այն էլ` երեք տարի առաջ:
«Լարերը փճացել էին, եւ տարբեր հատուածներում պայթուն էր առաջանում: Նամակով դիմել ենք վարչակազմին, եւ էլեկտրաէներգիայի համար նախատեսուող գումարից տնտեսել եւ նոր լարեր ենք գնել: Երեխաները մանկապարտէզ են յաճախում սահմանից հնչող կրակոցների ձայների տակ, սակայն կարծես թէ մի տեսակ չեն վախենում. դա ցաւալի փաստ է, որովհետեւ նրանց մանկութիւնն է խեղաթիւրւում, արդէն սովոր են, որ այդպէս էլ պիտի լինի… Թեւ կայ ապահովութեան եւ անվտանգութեան խնդիր, բայց ծնողները պարտաճանաչօրէն երեխաներին ամէն օր բերում են մանկապարտէզ: Մենք, ճիշտ է, ապահովում ենք նրանց հետաքրքիր առօրեան, բայց… ուզում ենք, որ մեր երեխաները անամպ երկնքի տակ մեծանան…», ասում է Փիրուզա Քոչարեանը: 12499286_989314161148539_1664805056_o2
2016 թուականին Թալիշի մանկապարտէզի ծախսերը հոգալու համար նախատեսւում է 10. 429.700 դրամ, պետական աջակցութիւն, որի մէջ մտնում են մանկապարտէզի բոլոր ծախսերը` տնտեսական, սնունդ, աշխատավարձ:
«Տարուայ կտրուածքով նախատեսուող գումարը չի փոխւում, մենք էլ փորձում ենք նուազագոյնս օգտագործել այն, որպէսզի տնտեսած գումարով կարողանանք ձեռք բերել առաջին օգտագործման եւ պիտանելիութեան պարագաներ` թաս, բաժակներ, թէյնիկ, որոնք ժամանակի ընթացքում ձեռք ենք բերել».- նշում է տնօրէնը:
Ծրագրով նախատեսւում է կառուցել մանկապարտէզի նոր տիպային շէնք, սակայն տնօրէնն ասում է.- «Քանի տարի է` տեսնում ենք միայն նոր շէնքի նկարը, սակայն արդէն յոյս չկայ, որ կառուցած կը տեսնենք…»: 12695313_989432114470077_2006955611_o-1
Մանկապարտէզի յատակը պեթոնից է, որի վրայ փռուած է կովրոլին եւ լինոլէում:
«Լինոլէումն արդէն մաշուել է, եւ երեխաներն ընկնում են, այդ պատճառով միջանցքի հատուածում հանել ենք այն».- նշում է նա:
Մանկապարտէզն ունի նաեւ ջրի խնդիր, սակայն այդ խնդիրը, ցաւօք, ունի նաեւ ամբողջ համայնքը: Ջուրը համայնքում երկու օրը մէկ են տալիս:
«Մանկապարտէզի տանիքում տեղադրուած է ջրի երկաթէ մեծ տարայ, սակայն այդ ջուրը հիմնականում օգտագործւում է սպասք լուալու եւ մաքրութեան համար: Ճաշ պատրաստելու համար աշխատողներս դոյլերով ու մեծ տարաներով ջուր ենք բերում աղբիւրից, ինչ վերաբերում է խմելու ջրին` երեխաներն ամէն մէկն իր հետ տնից շշով ջուր է բերում: Եւ այդպէս ամէն օր», աւելացնում է Փիրուզան:
Տնօրէնը նշում է, որ յատկապէս աշխատանքը դժուարանում է ամրանը:
12696328_989313854481903_1314320396_o
Թալիշի մանկապարտէզ են յաճախում 25 երեխայ` 11 տղայ, 14` աղջիկ իսկ մանկապարտէզում աշխատում է 9 աշխատող:
Մանկապարտէզն ունի նաեւ խաղալիքների խնդիր` եղածը հին է եւ մաշուած: Սա եւս յուզում է տնօրէնին. «Ի վերջոյ, մեր երեխաներն էլ երեխաներ են եւ նրանք էլ, ինչպէս աշխարհի բոլոր մանուկները, ցանկանում են լաւ ու շատ խաղալիքներ ունենալ…: Նախարարութիւնից երբեմն զանգում են, Թալիշից գնում են հասնում Ստեփանակերտ, տեսնում` մէկ կամ լաւագոյն դէպքում` երկու տիկնիկ: Մէկ-երկու խաղալիք բերում ենք եւ պատից կախում, որովhետեւ չգիտենք, թէ ում տանք, ում` չէ. նեղանում են միւսները, սկզբից երեխաներին ասում էինք, որ գնում ենք խաղալիք ստանալու, սակայն հիմա չենք ասում, որովհետեւ նրանց սպասումներն ու իրականութիւնը լրիւ տարբեր են: Մենք չենք ուզում, որ նրանք տխրեն դրա համար», պատմում է տնօրէնը: 12699095_989313767815245_563057799_o
Սեպտեմբերին երբեմն ծնողները գումար են հաւաքում եւ իրենց երեխաների համար «լեգոե-ներ կամ այլ խաղալիքներ գնում` մանկապարտէզի հնացած խաղալիքները թարմացնելու համար:
Հայ Օգնութեան Միութեան Արցախի միաւորը, «Ապահով մանկութիւն սահմանամերձ գիւղերում» խորագիրը կրող ծրագրի շրջանակում, Թալիշի մանկապարտէզին է փոխանցել գորգ, փոշեկուլ եւ Արցախում արտադրուող, Woodpeckers ֆիրմայի փայտէ խաղալիքներ:
Հ.Օ.Մ.-ի Արցախի միաւորի նորընտիր ատենապետուհի Կարինէ Դադայեանը նշել է, որ Հ.Օ.Մ.-ի անմիջական ուշադրութեան ներքոյ է լինելու սահմանամերձ գիւղերի խնդիրների լուծմանը օժանդակելը, եւ կառոյց, իր հնարաւորութիւնների սահմաններում, կանի ամէն ինչ` հզօրացնելու եւ շէնացնելու այս գիւղերը` այդպիսով նաեւ ամրացնելով մեր պետութեան սահմանները:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*