ԽԵՂՈՒԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ.- ԽՐՃԻԹՈՒՄ ԱՊՐՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆ ԾԵՐԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՅՈՅՍԸ

????????????????????????????????????

Արմինէ Նարինեան
«Ապառաժ»

26 տարի է անցել Պաքւում ատրպէյճանցիների կողմից իրականացուած հայերի ջարդերից: 1990-ի Յունուարի 13-19-ը տեղի ունեցած վայրագութիւնների ու կոտորածների ականատեսները մինչ օրս չեն կարողանում իրենց յիշողութիւնից ջնջել կատարուածը: Պաքուի կոտորածներից փրկուածներն այսօր էլ չեն վերագտել խաղաղ, ապահով ու անվախ ապրելու բանաձեւը, իսկ կատարուածի մեղաւորները շարունակում են անպատիժ մնալ:
Չլուծուած խնդիրների շարքում են Պաքուից Արցախ բռնագաղթածների ընկերային-հոգեբանական, ընկերային-մշակութային ու ընկերային-տնտեսական հարցերը: Հազարաւոր փախստականներ առ այսօր ապրում են ծանր ընկերային պայմաններում ու մեկուսացուած` հասարակութիւնից: 26 տարի անց շատերն այլեւս յոյս չունեն, որ իրենց կեանքում դրական փոփոխութիւններ հնարաւոր են:
81-ամեայ Եւգենեան եւ 82-ամեայ Բենիկ Գրիգորեանները Պաքուի ջարդերից մազապուրծ հասել են Արցախ` յոյսով, որ այստեղ կը կարողանան նորից օճախ ստեղծել: Որոշ ժամանակ բարեկամների տներում մնալուց յետոյ նրանց մի խրճիթ յատկացրին Արցախի Իւանեան համայնքում, որտեղ էլ առ այսօր ապրում են: DSC_0147
Ե՛ւ Եւգենեան, ե՛ւ Բենիկը երկու անգամ են ամուսնացել: Առաջին ամուսնութիւնից Եւգենեան որդի ունէր, որ նրա հետ Պաքւում էր ապրում, իսկ Բենիկ Գրիգորեանը` երեք որդի: Բենիկի` առաջին ամուսնութիւնից ծնուած որդիները, նախքան Արցախեան պատերազմը, տեղափոխուել են Ռուսաստանի Ռոստով քաղաք: Ինչպէս ասում է` փոքր տղան մի օր դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել:
Եւգենեայի որդին` Հրանդը, Պաքուի ջարդերի ժամանակ անյայտ կորել է:
Եւգենեան Պաքուի ջարդերի մասին դժուարութեամբ է խօսում` մերթընդմերթ կանգ առնելով, մի կերպ զսպելով արցունքները:
«Ձմեռ էր: Ուժեղ քամի եւ ձիւն էր ամէնուր: Գիշերուայ կէսին ատրպէյճանցիները սկսեցին վառել հայերի տները: Երբ իրարանցումը սկսուեց, գիշերը փախայ, գնացի Ազգային անվտանգութեան գրասենեակ: Այնտեղ մարդ չկար: Ինձ մի ռուս տղայ մօտեցաւ եւ խորհուրդ տուեց ոստիկանութիւն գնալ, այնտեղ գիշերել, որպէսզի ինձ չսպանեն: Հետեւեցի նրա խորհրդին: Երբ մտայ ոստիկանութեան շէնք, մի սարսափելի տեսարան բացուեց աչքիս առաջ: Ամէնուր վիրաւոր հայեր էին, ամէն տեղ` արիւն: Առաւօտեան զանգեցի հարեւաններիս, նրանք ինձ տեղեկացրին, որ որդիս` Հրանդը, եկել էր տուն եւ ինձ էր փնտռում: Այդ օրուանից որդուս չեմ տեսել, նրա մասին արդէն 26 տարի է` որեւէ տեղեկութիւն չունեմ»,- պատմում է տիկին Եւգենեան: DSC_0144
«1990-ականներից առ այսօր այստեղ եմ ապրում, ամէն ինչ սկսեցինք զերոյից` ոչինչ չկարողանալով մեզ հետ բերել: Ապրում ենք այս անմարդկային պայմաններում` բոլորի կողմից մոռացուած: Մենք եւ մեզ նմանները ոչ մէկին պէտք չեն: Այս երկար տարիների ընթացքում որեւէ մէկը, բացի Կարմիր խաչի միջազգային կոմիտէի Արցախեան գրասենեակի աշխատողներից, չի հետաքրքրուել, թէ ինչպէս ենք ապրում, ողջ ենք, թէ` մեռած»,- շարունակում է նա:
Բենիկ Գրիգորեանն ասում է` յոյս ունէին, թէ իրենց դժբախտութիւնները պատերազմից յետոյ կը վերջանան, կը կարողանան ոտքի կանգնել, կը վերադարձնեն անյայտ կորած որդիներին, ընտանիքը կը վերամիաւորուի: a
Բենիկի ու Եւգենեայի ամուսնութիւնից դուստր ծնուեց, բայց նա էլ դառը ճակատագիր ունեցաւ: Պատերազմի տարիներին դուստրն ամուսնացաւ, երկու որդի ունեցաւ: Նրա մօտ շուտով քաղցկեղ յայտնաբերեցին, իսկ ամուսինն էլ լքեց ընտանիքը: Դստեր բուժման համար ամէն ինչ վաճառեցին, վաճառեցին նաեւ դստեր բնակարանը, սակայն նրա կեանքը չյաջողուեց փրկել: Երիտասարդ մայրը մահացաւ` երկու որդիների խնամքը թողնելով արդէն ծեր հօր եւ մօր ուսերին: DSC_0168

Այսօր թոռներն արդէն մեծացել են, մէկը զինծառայող է, միւսն էլ մի քանի օր առաջ է վերադարձել բանակից: Պապ ու տատին այսօր միայն մէկ բան է մտահոգում, որ իրենց թոռների ապագան (չնայած մանկութիւն չեն ունեցել) գոնէ արժանապատիւ լինի, գոնէ սեփական անկիւն ունենան :
«Տարիների հետ մեռնում է յոյսը, որ մեր որդիները կը վերադառնան: Դրա հետ մէկտեղ մեռնում է նաեւ հաւատը, որ հնարաւոր է գոնէ վերջին օրերս ապրեմ արժանավայել, ոչ թէ այս պայմաններում: Ամէն օր Աստծուն խնդրում եմ, որ թոռներս գոնէ ապահով ապագայ ունենան».- ասում է տիկին Եւգենիան:
Եւգենեա եւ Բենիկ Գրիգորեանների մասին բազմիցս անդրադարձել են Արցախեան լրատուամիջոցները, նրանց կացութեան մասին տեղեակ է նաեւ Իւանեան համայնքի ղեկավարութիւնը, սակայն որեւէ արձագանգ չի եղել:
Իւանեանն ազատագրելուց տարիներ յետոյ շատերն են այնտեղ տուն կամ բնակարան գնել ցած գներով, սակայն քիչերն են այսօր ապրում այնտեղ: Խրճիթում ապրողների հարեւանութեամբ աչքի են զարնում մի քանի դատարկ առանձնատներ, որոնց տեսքից երեւում է, որ տարիներ շարունակ անխնամ, մոռացուած ու լքուած են տէրերի կողմից: Ակամայից զուգահեռներ ես տանում առանձնատան եւ խրճիթի միջեւ ու չես կարողանում գտնել հարցականների եզրը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*