ՓԱՆԹՈՒՐԱՆԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ ԿԱՄ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ»

p12-13 GreyWolves_TurkeyԳՐԻԳՈՐ Ա. ԳՐԻԳՈՐԵԱՆ

Աշոտ Աւագեանի աշխատութեամբ, 2013 թուին, Երեւանում լոյս տեսաւ հետաքրքրական մի գիրք՝ «Փանթուրանական Երազանք» կամ «Գորշ Գայլեր» անուամբ:

Գրքի կազմի վրայ նկարուած է, բարձրունքի վրայ կանգնած ոռնացող մի գորշ գայլ, նոյնպէս՝ Գարեգին Նժդեհի, թեւաւոր խօսքը՝ «ՄԻՆՉ ՀԱՅԸ ԻՐ ՑԵՂԻ ՄԷՋ ՄԱՐԴԿՈՒԹԻՒն, ԹՈՒՐՔՆ ԻՐ ՀՈԳՈՒՄ՝ ԳԱՅԼՈՒԹԻՒՆ Է ՄՇԱԿՈՒՄ»: Հեղինակը իր շնորհակալութիւնն է յայտնում ,Յանուն Հայրենի» հասարակական կազմակերպութեան, ի դէմս նախագահ՝ Ներսէս Ներսիսեանի, գրքի հրատարակման աշխատանքին աջակցելու համար:

Գիրքը պարունակում է, 153 էջ, որի վերջին էջում տրուած է, օգտագործուած աղբիւրների և գրականութեան ճոխ ցանկ, շուրջ 38 անուններ, գրքեր, հայ և օտար լրատուական միջոցներից քաղուած տեղեկութիւններ, որոշ ճանաչուած պատմաբանների կարծիքներ:

Հ.Հ.Գ. Ա.Ա. Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, պրոֆեսոր՝ Ռուբէն Սաֆրաստեանը, ,Գորշ Գայլերի» մասին գրել է՝ «Գորշ Գայլերը» գործում են աննկատ, յաճախ տարբեր մշակութային եւ սպորտային կազմակերպութիւնների անուան տակ, այդ իսկ պատճառով նրանց մասին լրատուութիւնը բաւականին պակաս է, երբեմն էլ անհասանելի»:

Ներկայ աշխատութիւնը գրուած է աւելի փաստերի վրայ հիմնուած նիւթերից, գրեթէ առանց մեկնաբանութիւնների:

Գիրքը լայն պատկերացում է տալիս, պանթիւրքիստական ծայրայեղ ազգայնամոլ կազմակերպութեան եւ նրա ուղղութեան մասին»:

Ուշագրաւ է, գրքի խմբագիր՝ Զոհրապ Մուղդուսեանի խօսքը: Մուղդուսեանը գրում է՝ ,Մեր օրերում Հայաստանի Հանրապետութեան դէմ թշնամաբար տրամադրուած թրքական երկու հարեւան պետութիւնների ահագնացող ազգայնական տրամադրութիւնները, որոնք յաճախ պետական մակարդակի են հասնում, յատկապէս Ատրպէյճան կոչուած արհեստածին երկրում լրջօրէն վտանգ են հայ ժողովրդի համար եւ դրա դէմը առնելու համար յարկ է միատեղ հայութեան ամբողջ ներուժը:p12-13

«Ճիշդ գործողութիւններ Ձեռնարկելու համար, հարկաւոր է մանրակրկիտ ուսումնասիրել թրքական պետութիւնների ներսում տեղի ունեցող զարգացումները, այդ թւում թրքական «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ» ազգայնական շարժման գործողութիւնների ձեւերն ու ուղղութիւնները, նրանց որդեգրած թիրախները, որոնցից գլխաւորը այսօր էլ հայութիւնն է եւ Հայաստանի ներկայ հանրապետութիւնը» նշուած է գրքում»։

Գիրքը բաժանուած է 11 գլուխների, յատկապէս պիտի անդրադառնամ աւելի այն մասերին, որոնք կապւում են հայութեան եւ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻՆ»:

Գրքում նշուած է՝ «որպէս պահանջատէր եւ վտանգի մատնուած ժողովուրդ հարկ է քաջատեղեակ լինել թրքական ազգայնամոլական կառոյցների եւ դրանց գործելակերպի մասին»:

Այս առումով արժանի է ուշադրութիւն դարձնել՝ Ա.Շ.Կ. (Ազգայնական Շարժում Կուսակցութիւն) MHP Millyetci Hareket Partisi) նկատմամբ, որը գործում է Թուրքիայում եւ Թուրքիայից դուրս՝ ինչպէս թրքալեզու հանրապետութիւններում, այնպէս էլ Եւրոպայում յատկապէս՝ Հոլանտիայում, Պէլճիքայում, Գերմանիայում, իսլամական ու Արաբական մի շարք երկրներում, Ա.Մ.Ն.-ում եւ բոլոր այն երկրներում ուր կան թրքական համայնքներ:

Գիրքը անդրադառնում է նաեւ, Թուրքիայում կուսակցութիւնների մէջ տեղի ունեցող ընտրապայքարների շուրջ:

Թուրքիայի 81 վիլայէթներից 62-ում Ա.Զ.Կ.-ն (Արդարութիւն եւ Զարգացում Կուսակցութիւն) իշխող իսլամամէտ կուսակցութիւնը գրաւում էր առաջին տեղը: Ա.Զ.Կ.-ն չափաւոր պահպանողական է, կողմ շուկայական տնտեսավարման եւ Եւրոմիութիւն մտնելուն, նշուած է գրքում:

Ա.Զ.Կ.-ի քաղաքական գլխաւոր մրցակիցը՝ Հանրապետական ժողովրդական կուսակցութիւնն է (Հ.Ժ.Կ.), որը տարիների ընթացքում ձեռք է բերել համակիրների իր կայուն թիմը, սակայն ըստ գրքի, ի տարբերութիւն Ա.Զ.Կ.-ի այն չունի սոցիալական կողմնորոշման հեղինակութիւն:

2009-ի Մարտի 29-ին Թուրքիայում անցկացուած տեղական ինքնավարութեան մարմինների ընտրութիւններում ներկայացուած էին 19 կուսակցութիւններ ու մի շարք անկախ թեկնածուներ: Իրենց դիրքերն աւելի էին ամրապնդել ժողովրդահանրապետական կուսակցութիւնն ու ,Ազգայնական» շարժումը, այսինքը ,Գորշ Գայլերը»: Հետաքրքրական է, որ 2009-ի Մարտ 29-ի Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում ,ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ» ցուցակում երկու հայ կար՝ Լեւոն Աքչա եւ Խեչօ Քէշիշ, որոնցից Լեւոն Աքչան յաղթեց եւ ընտրուեց Մերսին նահանգի համայնքներից մէկի քաղաքապետարանի խորհրդի անդամ:

2002 թուի իսլամամետ եւ ազգայնական կուսակցութիւնները ընդհանուր առմամբ հասան իրենց ընտրազանգուածի աջակցութեան գագաթնակէտին, հաւաքելով մօտ 53% որը ամենաբարձր ցուցանիշն էր թրքական քաղաքական պատմութեան մէջ:

Թուրքիայում քաղաքական նախապատուութեան կարեւորագոյն չափանիշներից է կրօնական պատկանելիութիւնը: Կրօնական տարրի աքտիվացման դէպքում նկատում ենք իսլամիստական կուսակցութիւններին ցուցաբերուող աջակցութեան աճ. հակառակ դէպքում աճ է ապրում ձախերի վարկանիշը:

Ազգայնական տրամադրութիւնների բարձրացումը բերում է աջերի յաղթանակին:

Ալեւիները յաճախ նախապատուութիւնը տալիս են Հ.Ժ.Կ.-ին (Հանրապետական Ժողովրդական Կուսակցութիւն):

1999 թուականի Ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում, Ա.Շ.Կ.-ն (Ազգայնական Շարժում Կուսակցութիւն¤, դարձաւ Թուրքիայի 2-րդ կուսակցութիւնը, ստանալով 129 պատգամաւորական աթոռ:

Գրքի հեղինակը նշում է՝ ,Հաշուի առնելով Ա.Շ.Կ.-ի գործունէութեան կարեւորութիւնը եւ ներկայացրած վտանգը մեզ համար, հարկ ենք համարում մանրամասն ներկայացնել այդ կուսակցութիւնն ու նրա գործունէութիւնը»:

Մենք մեր հերթին, օգտուելով գրքի պարունակութիւնից, ստորեւ համառօտ մօտեցումով պիտի փոխանցենք որոշ տեղեկութիւններ, այդ կուսակցութեան մասին:

Ժամանակակից Թուրքիայի քաղաքական կեանքում իր ուրոյն տեղն ունի ,Ազգայնական Շարժում Կուսակցութիւնը» (Ա.Շ.Կ. Milliyetci Hereket Partisi (MHP):

Հասարակական լայն շրջանակներին յայտնի որպէս՝ ,Գորշ Գայլեր» (Bozkurt) անուամբ:

Վերջին տասնամեակների ընթացքում պանթուրքիստական գաղափարախօսութիւն սերմանող Ա.Շ.Կ.-ի գործունէութիւնը մեզանում անհրաժեշտ ուշադրութեան չի արժանացել, ուստի փորձ է արւում վերլուծել եւ ներկայացնել, Ա.Շ.Կ.-ի կազմակերպչական կառոյցը, գործունէութեան հիմնական ուղղութիւնները եւ առանձնացնել նրա անցած կարեւորագոյն փուլերը, ինչը հնարաւորութիւն կը տայ աւելի պարզ պատկերացնել «Գորշ Գայլերի» գործելակերպի եւ նպատակադրուածութեան մասին:

Ըստ գրքում նշուած կարծիքի, «Գորշ Գայլերի» կազմակերպչական ուժն են կազմում ոչ միայն կուսակցական սփռուած ցանցերը այլ ազգայնական պանթուրքականների ծայրայեղական կազմակերպութիւնները, կամ ինչպէս նրանց կոչում են Թուրքիայում՝ «Գաղափարապաշտների օջախները» (ULKU OCAKLARI), որոնք պաշտօնապէս չմտնելով Ա.Շ.Կ.-ի կազմի մէջ, այնուամենայնիւ ենթարկւում են նրա ղեկավարութեանը:

«Գորշ Գայլեր» անուանման առնչութեամբ, գրքում հետեւեալ բացատրութիւնն է տրուած՝ ,Գորշ Գայլը» բերնեբերան անցած թրքական էպոս է (Դիւցազնավէպ):

Գորշ գայլը թուրքերի համար նոյնն է, ինչ ռուսների համար արջը, իտալացիների համար Հռոմի գայլը, ամերիկացիների համար արծիւը, պարսիկների համար վագրը (պարսիկների համար վագրը չէ այլ առիւծն է Գ.Գ.)»:

«Ամէն մի ազգի համար կարեւոր խորհուրդ ունի իր իսկ ստեղծած ժողովրդական դիւցազներգութիւնը: Հայերի համար դա ,Սասնա ծռերն» են, հրեաներինը՝ Մովսէսի «հնգամատեան»ը, իսկ թուրքերինը ,Գորշ Գայլը»: Ինչպէս ազգն է, այնպէս էլ իր ,էպոսն» է:

Ա.Շ.Կ.-ի գաղափարախօսութեան աւելի ծանօթանալու համար հեղինակը բերում է «Գորշ Գայլերի» հիմնի, քայլերգի, եւ ,Գաղափարապաշտների» երդման բովանդակութիւնները:p12-13 Grey_Wolves_TURKEY

Փոխանցում եմ միայն՝ Գորշ գայլերի համառօտագրուած հիմնը եւ քայլերգը:

ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ ՀԻՄՆԸ

(Թուրքերէնից տողացի թարգմանութիւնը՝

Աշոտ Աւագեանի, փոխանցում եմ յապաւումներով):

Գորշ գայլերով, գորշ գայլերով,

Թուրքն է զօրանում գորշ գայլերով

Ձեռքում դրօշակ, երկնքում դրօշ,

Իրաւունքն է ամբողջանում գորշ գայլերով:

Ստրուկը քեզնից, մեռնելը մեզնից

Երդուել ենք մենք այս երկրին,

Մեր խօսքից յետդարձ չկայ,

Մեր երկրի մէջ միութիւն կայ,

Մեզ գորշ գայլ են անուանում

Վախ չկայ մեր աչքերում:

ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ ՔԱՅԼԵՐԳԸ

(Թուրքերէնից տողացի թարգմանութիւնը,

Ա. Աւագեանի, յապաւումով):

Լեռան, երկնքի, տէրերի աչքը Թուրանի վրայ,

Քայլէք գորշ գայլեր թշնամու վրայ:

Առաջ, առաջ, երբեք կանգ մի առէք,

,Կարմիր շներին» ժամանակ մի տուէք:

(Կարմիր շներ՝ նկատի ունեն կոմունիստներին:)

Ըստ գրքում տրուած բացատրութեան՝ Փանթուրանական ծրագրերը նախկինում իրականացնում էին երիտթրքական պարագլուխներից՝ Էնուէրը, դոքտոր. Նազըմը եւ նրանց խումբը Աֆղանիստանում, յետոյ Մուսթաֆա Քէմալ Աթթաթուրքը, Զիա Գյոքալփը, Ռաուֆ բէյը Թուրքիայում:

Գրքի հեղինակ՝ Աշոտ Աւագեանը, Զիա Գյոքալպի (1876- 1924) մասին հետեւեալ բացատրութիւնն է տալիս: ,Սոցիօլօգ, գրող, բանաստեղծ. շատ վերլուծաբաններ, համարում են որ նրա գաղափարները հանգեցրին Հայոց Ցեղասպանութեանը: Գյուքալփը համարւում է թուրք ազգայնականութեան հայրը»։

Սոյն գրքում նշուած է, որ թրքագէտ՝ Ռուբէն Մելքոնեանը իր ,Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմութեան» գրքում, նշում է որ Թուրքիայի վարչապետ, հետագայում նախագահ Իսմէթ Ինոնիւն 1925 թուականին Անգարայում ,Թրքական օջախների համագումարի» իր ելոյթի ժամանակ յայտարարել է՝ ,Մենք բացայատ ազգայնամոլներ ենք, մենք ցանկացած գնով պէտք է թրքացնենք նրանց, ովքեր ապրում են մեր հայրենիքում»:

Ա.Շ.Կ.-ի (Ազգայնական Շարժում Կուսակցութիւն) հիմնադիրն էր Ալփարսլան Թուրքէշը:

Թուրքէշը ծնուել է 1917 թուականին Կիպրոսում, դեռ երիտասարդ տարիքում հրապուրուել է պանթուրքիստան գաղափարներով:

Պանթուրքիստների կարծիքով, պէտք էր մի նոր եւ մեծ կայսրութիւն ստեղծել բոլոր թրքախօս ժողովուրդների համար:

«Գորշ Գայլերը» Մայիսի 3-ը, նշում են որպէս պանթուրքիզմի տօն, մեծ Թուրանի գաղափարի օր:

Ըստ գրքի, մեծ թւով ԳՈՐՇ Գայլեր, խօսում են նոյնիսկ Օսմանեան կայսրութեան վերականգնման մասին, որը սփռւում էր, Վիէննայից մինչեւ Չինական պարիսպը:

Ըստ Ա. Թուրքէշի, բոլոր սպիտակ ժողովուրդները առաջացել են թուրքերից, ուստի Թուրքիան իրաւունք ունի ստեղծելու իր կայսրութիւնը:

Թուրքէշի կարծիքով անհրաժեշտ է թրքացնել արաբական հողերը, սաղմի մէջ ճնշել արթնացող ազգայնականութիւնը արաբ երիտասարդութեան մէջ:

Գրքում նշուած է նաեւ, որ թրքական պետականութեան հարուածները ուղղւում են հայ ժողովրդի դէմ բուն Թուրքիայում, նրանից դուրս՝ Լիբանանում, Սուրիայում, Իրանում եւայլուր: Նշուած է նաեւ որ ,Գորշ Գայլերի» շարժումը խրախուսւում է Ա.Մ.Ն.-ի եւ Արեւմտագերմանական շրջանակների կողմից:

Գորշ գայլերը նշել են նաեւ ,ԵՐԱՆԻ ԹԷ ՕՍՄԱՆՑԻՆԵՐԸ ԴԷՊԻ ԱՐԵՒՄՈՒՏՔ ԿԱՏԱՐԱԾ ԻՐԵՆՑ ԱՐՇԱՒԻ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱՆՆ ԷԼ ԳՐԱՒԱԾ ԼԻՆԷԻՆ»: Ըստ գրքում նշուած տուեալների, 1970-ական թուականներին ահաբեկչութիւնը դարձաւ «Գորշ Գայլերի» գործունէութեան բաղկացուցիչ մասը: Գտնուելով իշխանութեան հովանու տակ, ահաբեկիչ ,Գորշ Գայլերին» յաջողւում էր խոյս տալ քրէական պատասխանատուութիւնից:

1970-ական թթ. վերջերին թրքական բանակում մեծ թւով, ,Գորշ Գայլեր» յատնուեցին:

Գրքում ի բաց առեալ ,Գորշ Գայլերի» մասին տրուած տեղեկութիւնների եւ նրանց գործունէութեան եւ քաղաքական ըմբռնումների առնչութեամբ տրուած բացատրութիւնների, գրքի հեղինակը անդրադարձել է նաեւ Թուրքիայում գործօն տարբեր կուսակցութիւնների, մտայնութիւնների, անհատ ղեկավարների եւ այլ խնդիրների շուրջ:

Թուրքիայի հանրապետութեան ստեղծման առաջին երկու տասնամեակներին, Քեմալականները ճնշում էին իրենց հայեացքներին ոչ համահունչ մտքեր արտայատող բոլոր ուժերին: Այս շրջանում պանթուրքիզմի գաղափարների կրողները իրենց հայեացքները փորձում էին տարածել միայն որոշակի հրապարակախօսական եւ գրական ստեղծագործութիւնների միջոցով: Անցեալ դարի 70-ական թուականների կէսերից սկսում է աջ ծայրայեղական ազգայնական եւ Ա.Շ.Կ.-ի (Ազգայնական Շարժում Կուսակցութիւն) ղեկավարմամբ գործող ֆաշիստական ուժերի սերտաճում:

Ա.Շ.Կ.-ի մարզական ճամբարներում պատրաստութեան անցան ,Գորշ Գայլերի» երիտասարդ զինուած ջոկատները, որոնք կազմում էին ,կոմանդոսների» հիմնական կորիզները, որոնք իսկական պատերազմ սկսեցին Թուրքիայի խոշոր ձախերի եւ բոլոր նրանց դէմ, ովքեր համաձայն չէին իրենց գաղափարներին:

Ըստ սոյն գրքում տրուած տեղեկութեան, ,Գորշ Գայլերն» էին իրականացրել 1981 Մայիսին Հռոմի Պապ Պօղոս երկրորդի դէմ կատարուած մահափորձը:

Ինչպէս գրքում նշուած է, ,Ա.Շ.Կ.-ն ամբողջ Եւրոպայի ,Գորշ Գայլերի» մայր կուսակցութիւնն է, իրենց ղեկավարներին անուանում են ,Բաբաներ»: Փորձում են մտնել տեղական պետական մարմինների մէջ, այդ թւում նաեւ ոստիկանութեան, իրենց մարդկանց օգնելու, հասարակական դիրք գրաւելու համար:

,Ա.Շ.Կ.»ի պաշտօնաթերթերից է, ,0rtadogu»ը հիմնուած 1972-ին:

Այդ թերթի զանազան նիւթերի մէջ յաճախ հանդիպում ենք Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին նիւթերի, որտեղ յօդուածագիրները խեղաթիւրելով պատմութիւնը, վարկաբեկում են հայ ժողովրդին առնչուող ամէն ինչ:

Գրքում նշուած է՝ Պոլսահայ պատմաբան հրապարակագիր՝ Լեւոն Փանոս Դաբաղեանը (ծնուած 1933-ին), ընդգծուած ,Գորշ Գայլ» է եւ Ա. Թյորքէշի ցանկութեամբ տարիներ շարունակ յօդուածներ է գրել ,Ortadocue»-ի համար: Ա. Թյուրքեշը, Փանթուրական այն ղեկավարներից է, որ իր կարծիքով բոլոր սպիտակ ժողովուրդները առաջացել են թուրքերից, ուստի թուրքիան իրաւունք ունի ստեղծելու իր կայսրութիւնը:

Էնվէրի կողմից, առաջին համաշխարհային պատերազմի նախօրեակին ստեղծուած կազմակերպութիւնը եւս կոչւում էր ,Գորշ Գայլեր»: Այժմ Գորշ Գայլեր են կոչւում Ա.Շ.Կ.-ի բոլոր անդամները: ,Գորշ Գայլերի» տեսակէտը արաբների նկատմամբ մի քիչ կարծր է:

Գորշ Գայլերը պայքարում են հայերի, ալեւիների, քրտերի, հրեաների դէմ, նշուած է գրքում:

«Կիսառազմանակացած այս կառոյցը, գործունէութիւն էր ծաւալում՝ թուրք, քիւրտ եւ այլախոհ տարրերի դէմ, նոյնպէս Թուրքիայի հայերի եւ սփիւռքահայութեան, մասնաւորապէս ԱՍԱԼԱ-ի դէմ 1975-85 թուականներին:

Գորշ գայլերի կիրառած թրքացման քաղաքականութեան սպառնալիքի տակ, Թուրքիայի հայութիւնը ստիպուած իրեն ներկայացնում էր իբրեւ ,Քրիստոնեայ թուրք»:

Հակահայ գործողութիւններ կատարող, ,Գորշ գայլերը» հպարտութեամբ ասում էին՝ «մենք պետական պարտականութիւն էինք կատարում»:

Գրքում նշուած է՝ Եւրոպայի թրքական ֆէդէրացիան, այն օղակն է որ իրար է կապում եւրոպայի տարբեր երկրների թուրք Ֆեդերացիաները, (Գերմանիա, Աւստրիա, Շուեդիա, Դանիա, Հոլանտիա եւ Ֆրանսիա): Բացի Եւրոպայից, կան նաեւ, Ֆետերացիայի անդամ կազմակերպութիւններ, Գանատայում, Ա.Մ.Ն.-ում, Արաբական երկրներում, Եգիպտոսում եւ Աւստրալիայում:

Ըստ ,Գորշ Գայլերի» ամէն մի թուրք պէտք է պարծենայ իր ազգութեամբ, որովհետեւ թուրք ժողովուրդը աշխարհի ամէնից բարձր ժողովուրդն է, նրանց պապերը եկել են Անատոլիա հեռաւոր Արեւելքից, առաջնորդուելով Գորշ Գայլերով:

Վերոյիշեալ տողերի մէջ պարզօրէն բնորոշւում է՝ «Գորշ Գայլերի» ծայրայեղ ազգայնամոլական մտածելակերպ:

ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ ԵՒ ՀԱՅԵՐԸ

Այս առնչութեամբ, գրքում գրուած է՝ ,Շատ լարուած է Գորշ գայլերի յարաբերութիւնը հայերի հետ: Այդ է վկայում 1994 թուականի վերջերին, ,Ուլկյու օջախլարը»ի կողմից Ստամբուլում տարածած թռուցիկը ուղղուած հայ բնակչութեան, որի բովանդակութիւնը մօտաւորապէս հետեւեալն էր: ,Դուք ձրիակերներ, որ այս երկրի քաղաքացի էք կարծում, դուք եւ մնացած բոլոր հայերդ, դարեր շարունակ շահագործել էք մեր երկիրը: Այսքանից յետոյ դուք դեռ չէք սովորել ձեր դասը: Դուք տակաւին շարունակում էք վարուել այնպէս ինչպէս անցեալում: Օսմանցիների ժամանակից սկսած դուք մեզ շահագործել էք ու արեան հեղեղներ հոսեցրել. այդ բոլորի դիմաց մենք թուրքերս ձեզ հետ միշտ մեր հանրայայտ բարիացակամութեամբ ենք վերաբերուել: Այո այս բոլորի դիմաց մինչեւ հիմա աչք ենք փակել, սակայն դուք արդէն չափն ու սահմանը անցել էք եւ մեր համբերութեան բաժակը լցուել է: Իսկ թէ ինչ է պատահել, հիմա մենք ձեզ կը բացատրենք: Ղարաբաղում, Լաչինում, Շուշիում, Զանգելանում եւ շատ ուրիշ վայրերում, որոնց անունը չենք տալիս: Դուք հազարներով սպաննել էք մեր թուրք եղբայրներին եւ միասին նստում էք մի սեղանի շուրջ, կարծես թէ ոչինչ չի պատահել, իսկ միաժամանակ օգնում էք մեր բնաջնջմանը:

Այսպէս դուք վարուել էք շատ երկար ժամանակ, բայց այժմ դրան վերջ պիտի դրուի: Այն ժամանակները երբ կարելի էր թուրք անուան եւ ինքնութեան հետ խաղալ անցել են:

Անցեալի եւ ներկայի բոլոր բաց մնացած հաշիւները մենք ձեզ հետ մաքրելու ենք:

Թուրքիան պատկանում է միայն թուրքերին, դա ձեր ականջներին օղ արէք, եթէ չէք ուզում որ ձեզ քշենք, թափենք Երեւան, լաւ կանէք որ հնարաւորին շուտ կորչէք հեռանաք այստեղից, քանզի այսպէս ինչպէս մեր յարգելի վարչապետն է ասել ,այս գործը մենք, ինչ կերպ էլ լինի, գլուխ կը բերենք, կարեւոր չէ ինչ ձեւով: Սա մեր վերջին զգուշացումն է: Թուրքիան պատկանում է միայն թուրքերին եւ ոչ թէ ձեզ նման իժերին: Չհամաձակուէք մոռանալ դա»:

Վերոյիշեալ յերիւրանքներով, սուտերով եւ սպառնալիքներով լեցուն շրջաբերականը, ինքնին դրսեւորում է ,Գորշ Գայլերի» բացարձակ ատելավառ թշնամանքը հայ ժողովրդի հանդէպ:

Կարծում եմ ընթերցողը բաւականաչափ, ծանօթացաւ, ,Թուրք Գորշ Գայլերի» մտածելակերպի եւ վայրագ զգացումների մասին, հանդէպ հայ ժողովրդի, եւ այլ փոքրամասնութիւնների, նոյն իսկ որոշ հարեւան երկրների ինչպէս, ԻՐԱՆԻ, որի մասին, ըստ գրքի՝ ,Գորշ Գայլերը» արտայայտուել են՝ ,ԵՐԱՆԻ ԹԷ ՕՍՄԱՆՑԻՆԵՐԸ ԴԷՊԻ ԱՐԵՒՄՈՒՏՔ ԿԱՏԱՐԱԾ ԻՐԵՆՑ ԱՐՇԱՒԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ, ԻՐԱՆՆ ԷԼ ԳՐԱՒԱԾ ԼԻՆԷԻՆ»:

Գիրքը պարունակում է աւելի լայն տեղեկութիւններ, ինչպէս՝ թրքական պետական կառոյցների մօտեցումը կրօնափոխ հայերի նկատմամբ, կամ Հրանդ Տինքը եւ ,Գորշ գայլերը» ժամանակակից պանատրպէյճանական շարժումը եւ այլ նիւթեր:

Ինչպէս վերեւում նշեցի, հնարաւոր չէ, բոլոր նիւթերի մասին գրել:

Գրքի վերջում՝ հեղինակը երկու տարբեր գլուխների մէջ՝ ,Վերջաբանի փոխարէն» եւ ,յետագրութիւն» վերնագրութիւններով, մի շարք յաւելումներ եւ լուսաբանութիւններ է կատարել:

Ստորեւ որոշ համառօտ քաղուածքներ այդ գլուխներից:

,Ա.Շ.Կ.-ն բուռն կերպով քննադատում է՝ ,Հայաստան – Թուրքիա սահմանի բացման գաղափարը:

2010 թուի Ապրիլի 29-ին, Մեծ Եղեռնի 95 ամեայ տարելիցի առիթով, Պոլսում զոհերի յիշատակին նուիրուած ոգեկոչումներ եղան: ,Գորշ Գայլերը» սպառնացին սպաննել ոգեկոչողներին:

Հետաքրքրական է որ Թուրքիայի իշխող ,Արդարութիւն եւ Զարգացում» կուսակցութիւնը (AKP) բազմիցս յայտարարել է, որ ,դէմ է ազգայնութեան, եւ վարչապետ Էրտողանը, բացայայտ քննադատել է եւ նոյն իսկ Ֆաշիստական է համարել, Թուրքիայի հանրապետութեան այն քաղաքականութիւնը, որի հետևանքով փոքրամասնութիւնները հեռացան երկրից: Սրան զուգահեռ որոշ թուրք ղեկավարների արտայայտութիւնները շարունակում են մնալ մտահոգիչ: Օրինակ պաշտպանութեան նախարար՝ ,Վէջդի Գիւնուլի» 2008թ. Նոյեմբերին Պրուքսէլում արուած յայտարարութիւնը՝ ,Եթէ այսօր էգէեան ծովի աւազանում, Յոյները եւ Թուրքիայի շատ վայրերում Հայերը շարունակէին ապրել՝ արդեօք մենք կարող էինք նոյն ազգային պետութիւնը լինել»:

Հանրապետական Թուրքիայի իշխանութիւնները՝ ,Լոզանի» պայմանագրում սահմանուած իրաւունքները, բնութագրում են ոչ թէ որպէս ազգային, այլ կրօնական փոքրամասնութեան իրաւունքներ:

Հիւանդագին ազգայնամոլական բնորոշ դրսեւորումներից էր, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ի շքախմբի դէմ յարձակման փորձը (2006 -ի Յունուար ամսին) ինչպէս նշուած է գրքում:

Արդար լինելու համար, պէտք է նշել նաեւ որ թուրք պատմաբանների մէջ կան արդարամիտ անհատներ՝ ինչպէս պատմաբան՝ Թ. Աքչամը, որ ժամանակակից Թուրքիայում գոյութիւն ունեցող ազգայնամոլական տրամադրութիւնները, համարում է միաժամանակ Ֆաշիստական եւ 20-րդ դարի սկզբին Հայոց Ցեղասպանութիւնը» իրագործած՝ ,Միութիւն եւ Առաջադիմութիւն» կուսակցութեան կողմից, Երիտ-թուրքերի դաւանած համաթրանական արժէքային համակարգի շարունակութիւնը:

2012 թ, Փետրուարի 26-ին, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, Խոջալուի դէպքերի 20-ամեակի առնչութեամբ, թուրքերն ու ազերիները միասնական ցոյց կազմակերպեցին: Ըստ թրքական լրատուամիջոցների եւ վերցուած լուսանկարների, մասնակիցները ցուցադրել են խիստ հակահայկական բովանդակութեամբ պաստառներ, ինչպէս՝ ,Վերջ Հայկական ստերին», ,Բոլորդ հայ էք, բոլորդ վիժուացք էք», ,Այսօր Թաքսիմ, Վաղը Երեւան»։

Ի նկատի ունենալով թուրքերի կողմից դրսեւորած, վերոյիշեալ մտածելակերպը, եւ գործողութիւնները, գրքի հեղինակը, նշում է ,Ներկայ Թուրքիան չի հրաժարուել իր ծաւալապաշտական նկրտումներից, միաժամանակ աւելացնում է՝ ,Թուրքը՝ ազգային, կրօնական, պատմական, քաղաքակրթական տեսակէտից երբեք հոմագէն (համածին – միատարր) չի եղել:

Այն տարբեր ժողովրդներից, տարբեր դաւանանքներից, տարբեր քաղաքակրթութիւններից կազմուած մի կոնգլոմերատ է, (համախմբութիւն) որն էլ հէնց ժամանակին դարձաւ ,Օսմանեան» կայսրութեան անկման պատճառներից մէկը։ Գրքի վերջում, հեղինակը ,Յետագրութիւն» գլխի տակ, որոշ խորհրդածութիւններ է կատարում:

«Եթէ Ստամբուլը ,Թուրանիզմի» գլուխն է», նշում է պրն. Աւագեանը, ապա թող Թեհրանը կամ հայկական մի բնակավայր, դառնայ ,արիական» ցեղերի եղբայրութեան գլուխը:

Եթէ ուժ է թրքական միութիւնը, նոյնքան ուժ է եւ թւով եւ որակով՝ հայ, պարսիկ, քիւրտ եւ արիական այլ ժողովուրդների միութիւնը:

Եթէ մեծ է թրքական աշխարհը, մի քանի անգամ աւելի մեծ է ,Արիական» աշխարհը: Եթէ ստեղծւում է թուրք օճախ ապա պէտք է ստեղծել եւ ,Արիական» օճախ:

Պրն. Աշոտ Աւագեանը, կարեւոր է համարում, արեական ազգերի և ցեղերի համագործակցութիւնը, որպէս հակազդող ուժ թուրանիզմի դէմ:

Այս կապակցութեամբ նշում է մի շարք երկրների անուններ՝ ինչպէս, Իրանի, Հայաստանի, Քրտերի, Գերմանիայի, Իտալիայի, Յունաստանի եւ այլ երկրների անուններ:

Ինչպէս գիտենք ներկայ դարում, ցեղային հիմունքներով տարուած, պայքարի գաղափարը, հնացած եւ մերժուած տեսութիւն է համարւում:

Ֆաշիստական Գերմանիան, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ, ցեղային մոլուցքով տարուած՝ պատմութեան մէջ հրէշային յիշատակներ թողեց:

Հակառակ այս բոլոր դժուարութիւնների եւ խոչնդոտների Մայր Հայրենիքը եւ համայն հայ ժողովուրդը, չի կարող անտարբեր մնալ եւ սպասել, թէ մեր հակառակորդները, ինչ են տնօրինում մեզ համար։

Ինչպէս գրքի խմբագիր՝ Պրն. Զոհրապ Մուղդուսեանն է եզրակացնում՝ ,ՀԱՐԿ Է ՄԻԱՒՈՐԵԼ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ԱՄԲՈՂՋ ՆԵՐՈՒԺԸ», պայքարելու, բոլոր դժուարութինների դէմ:

Մեր առաջնահերթ տեսլականը պէտք է լինի, համայն հայութեան ամբողջական երուժի կենտրոնացումը, Հայաստանի եւ Արցախի միացումը եւ Հայաստանի պետական կառոյցի եւ բանակի զօրացումը:

Գրութիւնս վերջացնում եմ, մեծն՝ ,ՐԱՖՖՈՒ» ոգեշունչ խօսքերով:

«ՕՏԱՐԻ ՕԳՆՈՒԹԻՒՆԻՑ ՄԵԶ ՇԱՀ ՉԿԱՅ: ԴԺԲԱԽՏ Է ԱՅՆ ԱԶԳԸ ԵՒ ԴԺԲԱԽՏ ԿԸ ՄՆԱՅ, ՈՐ ՕՏԱՐԻ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԿԱՐՕՏ ԼԻՆԻ:

ՈՉ ՈՔ ԻՐ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ ՄԵԶ ՉԻ ՕԳՆԻ ՆԱ ՊԷՏՔ Է ՏԱՍԸ ԲԱՆ ԱՌՆԻ ՄԵԶԱՆԻՑ, ՈՐ ՄԻ ԲԱՆ ՏԱՅ:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*