ՄԵՐԻՄԷՔ ՎԵԼԻԻ ՄԷՋ.- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԸ ՅԱՒԵՐԺԱՑՆՈՂ ՅՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՈՒՄ

Merrimack  Blessing of a Hand  ՀԵՂԻՆԷ ԳԷՈՐԳԵԱՆ

Մերիմէք Վելիի (Մասաչուսէց) Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի կոմիտէի նախաձեռնութեամբ, Մայիսի 10ին, Լօուըլ քաղաքում մեծ հանդիսաւորութեամբ բացուեց “Մօր Ձեռքերը“ անունը կրող աննախադէպ խաչքարյուշարձանը՝ Հայոց Ցեղասպանութեան միլիոն ու կէս նահատակների յիշատակը յաւերժացնող: Այն տեղադրուած է Լօուըլի քաղաքապետարանի մուտքի դիմաց եւ իր գեղեցկութեամբ ու խորհուրդով անտարբեր չի թողնում ոչ ոքի:
Յուշարձանի եւ վրայի արձանագրութեան հեղինակն է հանրաճանաչ նկարիչ՝ Դանիէլ վարուժան Հեճինեանը: Մարդ, ով անցնել է տարիների բովով, իր սեփական ուսերն կրել դժուարութիւններ, պայքարել դէպի բարձունքը տանող ամէն մի աստիճանի վրայ, փորձութիւններ յաղթահարելով եւ պայքարի մէջ աւելի հզօրանալով՝ ի վերջոյ հասել է այն բարձունքին, որը պահանջում էր տաղանդ, անխոնջ աշխատանք, արդար քրտինք, տարիների վաստակ ու բարձրագոյն նպատակին հասնելու ձգտում… Համաշխարհային ճանաչում: Արդեօ՞ք այս է եղել երիտասարդ նկարիչ, Երեւանի Գեղարուեստաթատերական հիմնարկի ուսանող՝ Դանիէլ Վարուժան Հեճինեանի բաղձանքը… Ունենալով լայն մտահորիզոն, վառ երեւակայութիւն, բնատուր շնորհ ու արարելու եռանդ՝ երիտասարդ նկարիչի անհանգիստ սիրտը դեգերեց աշխարհով մէկ՝ ամէնուրեք թողնելով իր անունն ու արուեստի շունչը եւ հանգրուանեց Միացեալ Նահանգներում:
Վարուժանը ծնուել է հայրենիքից հեռու՝ Հալէպում, զաւակն է Ցեղասպանութիւնից մազապուրծ փրկուած ծնողների: Տակաւին անգիտակից, նա՝ մայրական կաթի միջոցով, հաղորդակից դարձաւ մոր ցաւին, որը նաեւ ցաւն էր համայն հայութեան: Պատանի հասակում նա արհաւիրքի պատկերները տեսաւ ծնողների աչքերի մէջ ու լսեց նրանց դողդոջ շուրթերից, որոնք անջնջելի հետք թողեցին ու յետագայում արծարծուեցին նրա կտաւներում:Merrimack  Blessing the Monument
Merrimack  inscriptions on the granite base of the monumentՎարուժանի համար գերագոյն նպատակ դարձաւ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը եւ համատեղելով մշակութային ժառանգութեանը իր հրաշալի տաղանդի հետ, ծառայեցրեց իր արուեստն յանուն խաղաղութեան, ունեցաւ բազմաթիւ անհատական ցուցահանդէսներ բարեգործական նպատակներով արուեստի բազմաթիւ հեղինակաւոր պատկերասրահներում՝ Միացեալ Նահանգներում եւ այլուր:
Վարուժան Հեճինեանը չմերժեց իմ խնդրանքը՝ պատմելու յուշարձանի ստեղծման մասին եւ սիրայօժար պատասխանեց մի քանի հարցերին.

Հ. Ինչպէ՞ս ներգրաւուեցիք այս ծրագրում:
Պ. Մերիմէք Վելիի Հայոց Եղեռնի յուշարձանի կոմիտէի կողմից ինձ առաջարկուեց նախագծել Հայոց Ցեղասպանութեան յուշարձանը, որը պէտք է տեղադրուէր Մասաչուսէց նահանգի Լօուըլ քաղաքի քաղաքապետարանի դիմաց՝ գլխաւոր մուտքի աջ կողմում: Ինձ համար գերագոյն պատիւ էր նախագծել այս յուշարձանը, քանի որ իմ ծնողները մազապուրծ ազատուել էին ցեղասպանութիւնից եւ ես մեծացել էի այդ ենթագիտակցութեամբ: Յանձնաժողովից խնդրեցի՝ ինձ ազատութիւն տալ նախագծելու յուշարձանների մի քանի տարբերակներ եւ ընտրել դրանցից մէկը պայմանով, որ այն փոփոխութիւնների չի ենթարկուի:Merrimack A Mother's Hands Monument, Back

Հ. Ինչպիսի՞ն եղաւ նախաձեռնող կոմիտէի պատասխանը:
Պ. Թէեւ յանձնաժողովը մեծահոգաբար համաձայնուել էր իմ պայմանի հետ, բայց յուշարձանի չափը եւ ձեւը որոշուելու էր քաղաքապետարանի կողմից: Ամիսներ անց, յանձնաժողովին ներկայացրի մի քանի տարբերակներ: Միաձայն ընտրուեց “Մօր Ձեռքերը“՝ ներկայացուած նկարագրութեան հետ միասին, որը պիտի փորագրուէր յուշարձանի վրայ:

Հ. Ասացէք, խնդրեմ, ի՞նչ է փորագրուած յուշարձանի պատուանդանի վրայ:
Պ. Յուշարձանի վրայ գրուած է “Ի Յիշատակ 19151923 Հայոց Ցեղասպանութեան զոհերի“: Մօր ձեռքերն հանգոյց առ հանգոյց հիւսել են իր ժողովրդի պատմութիւնը: Նրբագեղ ձեռագործը՝ ներառուած այս խաչքարի մէջ, խորհրդանշում է հայոց ժառանգութեան գեղեցկութիւնը, հնագոյն մշակոյթը, որ ապրում է յաւերժ, ճիշտ այնպէս, ինչպէս քսաներորդ դարի առաջին ցեղասպանութիւնը, որը դաջուած է հայ ժողովրդի յիշողութեան մէջ: Այս ծաղկող խաչքարը մշտապէս յիշեցնելու է, որ աւելի քան 1,5 միլիոն հայերի ցեղասպանութեանը Օսմանեան կայսրութեան տարածքում երբեք չի մոռացուի եւ չնայած ոճրագործութեան ցաւին եւ սարսափին՝ հայ ժողովուրդը՝ հանգոյց առ հանգոյց, ամէնուր շարունակում է հիւսել իր յոյսերն ու երազանքները, ծաղկում է ու բարգաւաճում աշխարհի չորս ծագերում:

Հ. Ի՞նչն է ձեզ ոգեշնչել այս յուշարձանը ստեղծելիս:
Պ. Յուշարձանը ստեղծելիս՝ իմ ոգեշնչման աղբիւրը մօրս ձեռքերն էին, որոնք անընդհատ հիւսում էին… Որպէս բնորդ հանդէս եկան քրոջս՝ Լենայի ձեռքերը: 1921թին մայրս վերապրեց ցեղասպանութիւնը՝ անցնելով սուրիական Տէր Զօրի անապատը, Օսմանեան բռնի տեղահանութեան հրամանով: Նա ընդամէնը տաս տարեկան էր, երբ տեսաւ արհաւիրքն իր մանկական աչքերով ու զգաց արեան բոյրը, սարսափն ու դաժանութիւնն իր նորաբողբոջ զգայարաններով: Նրա հայրը եւ հօրեղբայրները սպանուել էին, մայրն ու քոյրը մահացել անապատում: Նա իր ողջ կեանքում կրեց ահասարսուռ, անմոռանալի պատկերներն ու փոխանցեց իր զաւակներին՝ թախծոտ երգերի, կարօտագին հոգոցների, ակամայ արցունքների միջոցով: Մեր մայրերը երազների ջուլհակներ են, նրանք հիւսել են մեր մշակոյթը, իսկ աւելի ուշ՝ գործել են դրօշն անկախ Հայաստանի:Merrimack A Mother's Hands Monument, Front

Հ. Ինչպիսի՞ զգացումներ համակեցին ձեզ, երբ ձեր մի քանի նախագծերից կոմիտէն ընտրեց “Մօր Ձեռքերը“:
Պ. Յուզուեցի, երբ յանձնաժողովը միաձայն ընտրեց “Մօր ձեռքերը“, բայց միեւնոյն ժամանակ մտահոգուած էի, թէ արդեօ՞ք Լօուըլ քաղաքը կը համաձայնի այս յուշարձանը կանգնեցնել քաղաքապետարանի դիմաց, որի աջ կողմում բարձրանալու էր դրօշակիր ձողը, ուր ամէն տարի բազմազան էթնիք խմբեր բարձրացնում են իրենց ազգային դրօշները՝ նշելու իրենց ժառանգութիւնը:

Հ. Ինչպէ՞ս արձագանգեց Լօուըլ քաղաքի աւագանին ձեր նախագծին:Merrimack Presented to Daniel Varoujan Hejinian In Appreciation For His Design Of The Merrimack Valley Armenian Genocide Monument by, Committee chairman Armen Jeknavorian and Ara Jeknavorian
Պ. Ապրիլ 11, 2012ին, յանձնաժողովը հանդիպեց Լօուըլի աւագանու հետ: Երբ մեր յանձնաժողովի նախագահը ներկայացրեց նախագիծը՝ քար լռութիւն տիրեց սենեակում: Ես՝ խախտելով լռութիւնը, հանդարտ ու համոզիչ բացատրեցի մօր հիւսող ձեռքերի խորհուրդը՝ կապելով այն քաղաքի տեքստիլ պատմութեան հետ, նշելով նաեւ յուշարձանի զարդարման եւ քաղաքապետարանի շէնքի զարդաքանդակային նմանութիւնը: Կոմիտէն ակնկալում էր լսել քաղաքապետարանի որոշումը մի քանի ամսից, բայց ի զարմանս, աւագանին հաւանութիւն տուեց յաջորդ օրը եւ իմ նախագիծն ընդունուեց առանց որեւէ փոփոխութեան:

Հ. Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակն յաւերժացնող բազմաթիւ յուշարձաններ են կառուցուել, ինչո՞վ է առանձնայատուկ այս յուշարձանը:
Պ. Աշխարհի 42 երկրներում կան գրեթէ 230 յուշարձաններ՝ յաւերժացնող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը, սակայն մեծ մասամբ գտնւում են հայկական եկեղեցիների կամ կազմակերպութիւններին պատկանող տարածքների մէջ: Այս յուշարձանն առանձնայատուկ է նրանով, որ առաջինն է սփիւռքում՝ տեղադրուած քաղաքին պատկանող հասարակական տարածքի վրայ՝ կառավարական շէնքի առջեւ: Այս յուշարձանը յատուկ նաեւ նրանով, որ ստեծուած է պրոնզի եւ կրանիթի համադրութեամբ, քարը խորհրդանշում է մարմինը “հայրենիք“, իսկ պրոնզը՝ հոգին “սփիւռք“: Հիւսող մայրական ձեռքերը քանդակուել են կաւից, ապա անցնել կրակի միջոցով, այրուել, հալուել, այնուհետեւ ձուլուել պրոնզից, ճիշտ այնպէս, ինչպէս հայ ժողովուրդը, որի եկեղեցիներն այրուել են, տները աւերուել եւ նոյնիսկ այսօր սուրիական Տէր Զօր անապատի աւազներում կարելի է գտնել հայերի ոսկորները: Եւ չնայած Ցեղասպանութեան ցաւին ու սարսափին հայ ժողովուրդը հանգոյց առ հանգոյց ձուլել է իր յոյսերն ու երազանքները:

Հ. Ի՞նչ կ’ուզենաք աւելացնել յուշարձանի մասին:
Պ. Մօրս հիւսուածքներից անաւարտ վարդերի մի փունջ թաղուած են արձանի հիմքում, որոնք սնում են ծաղկող խաչքարը եւ միաւորում յուշարձանի բոլոր մասնիկները, դա խորհրդանշական է այն առումով, որ ես որպէս արուեստագէտ յուշարձանը ստեղծելիս ոգեշնչուել եմ մօրս ձեռքերով՝ տեսնելով, թէ ինչպէս է հասարակ թելը դառնում արուեստի գործ նրա ձեռքերում:Merrimack about 400 attendees
Եւ դարձեալ մայրը կծիկ է քանդում իր խորշոմած ու նուրբ ձեռքերով՝ տարիների նման սահուն, կեանքի նման կարճ, թելի պէս երկար, կծիկ, որի մէջ կծկուած է մի ողջ ազգի պատմութիւն: Մայրական նուրբ մատները լուռ ու անբարբառ հիւսում են իրենց յիշողութիւնը, մատին փաթաթուող դերձանի լեզուով պատմում են իրենց անմոռանալի պատմութիւնն ու չխունացող յուշերը, որոնք արցունքներ են դառնում, լուանում ձեռագործը, եւ այն տնքում է չհանդարտուող ցաւի ծանրութիւնից: Շարունակւում է գործուածքը ու երկարում է այն՝ գլխահակ կանանց, աղջիկների ու մանուկների անվերջանալի շարասեան նման, ովքեր անջուր, սովալլուկ, շարժուող խլեակների պէս նօսրանում են եւ կորչում անապատի բիրտ աւազներում:
Մօր ձեռքերով ոգեշնչուած, նրբաթել ծաղիկներով գործուած, չցամաքօղ մայրական արցունքներով թրջուած, արեան բոսոր կարմիրով սնուած ու մայրաշունչ աղօթքներով օրհնուած‘ աննախադէպ այս պրոնզաձոյլ խաչքարյուշարձանը շնչում է բիւրաւոր տառապեալ մայրերի շնչով, որտեղ ապրում են հայ մայրերի ստեղծագործ մատները, որոնք մինչ վերջին շունչը գուրգուրեցին իրենց տանջահար որդիներին, աղջկական ջահել ձեռքերով ու դողդոջուն մատներով փակեցին իրենց հարազատների սառած աչքերը:Merrimack Valley Armenian Genocide Monument Committee with Lowell Mayor Rodney Elliott, Sheriff Peter Koutoujian and Artst Daniel Varoujan Hejinian (1)
Մեր մայրերը հանգոյց առ հանգոյց հիւսել են իրենց երազանքներն ու յոյսերը՝ հայրենիքի հող ու ջրի կարօտը սրտերում, ասեղնագործել այն խաչքարերի նման՝ թողնելով մեզ որպէս պատգամ, հեռացել՝ անմեղ հարազատների ողբն ու դաժան կտտանքների պատկերներն աչքերում եւ ցասումից պոռթկացող ճիչը իրենց ատամների մէջ սեղմած: Մեր սիրասուն մեծ մայրերից մնացել են մեզ իրենց ասեղնագործ խաչքարերը, որոնցում դաջուած են միլիոն ու կէս նահատակների սեւեռուն հայեացքները՝ պահանջելով ճանաչում եւ արդարութիւն: Լօուըլ քաղաքի քաղաքապետարանի մուտքի մօտ բարձրացող յուշարձանը երկու տարուայ անխոնջ ու նուիրուած աշխատանքի արդիւնքն է Մերիմէք Վելիի Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի յանձնախմբի նախաձեռնութեան եւ Վարուժանի ստեղծագործ հանճարի: Նրանք միաձուլուեցին այնպէս, ինչպէս պրոնզն ու կրանիթը՝ դառնալով “Մօր Ձեռքերը“, ի տես համայն աշխարհի, յարգանքի տուրք մատուցելով բոլոր մայրերին, յաւերժացնելով Հայոց Ցեղասպանութեան միլիոն ու կէս զոհերի յիշատակը:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*