ԸՆԿԵՐՆԵ՞Ր, ԹԷ՞ ԵՂԲԱՅՐՆԵՐ

0 0
Read Time:6 Minute, 14 Second

vahan  ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

 

 

Յիշու՞մ էք խորհրդային ժամանակների հին անեկդոտը. մի երեւանցի (թիֆլիսցի, վարշաւացի, փրակացի, ռիկացի` կախուած այն բանից, թէ որտեղ են պատմում) տղայ մօտենում է հօրը եւ հարցնում. “Հայրի՛կ, պատմութեան ուսուցիչն ասում է, որ ռուսները մեր եղբայրներն են: Իսկ ռուսաց լեզուի ուսուցիչն ասում է, որ նրանք մեր ընկերներն են: Հիմա նրանք մեր ի՞նչն են` եղբայրները՞, թէ՞ ընկերները: Հայրը մի պահ մտածում է եւ պատասխանում. “Նրանք մեր եղբայրներն են, տղա՛ս, եղբայրները, քանի որ ընկերներին կարող ենք ինքներս ընտրել“:

Դուք ձեզ երբեւէ հարցրե՞լ էք, թէ Ռուսաստանում ինչու են այդքան խանդով վերաբերւում մեր փոքր եւ պաշարներով ոչ հարուստ երկրի քաղաքական այն ուղեգծին, որը մեր որոշ պաշտօնեաներ վերամբարձօրէն կոչել են “Հայաստանի եւրոպական ընտրութիւն“: Փորձե՞նք միասին խորհել:

Կովկասեան լեռնաշղթայից դէպի հիւսիս, նաեւ դէպի հարաւ առ այսօր գոյութիւն ունի պաշտօնեաների մի տեսակ` երբեմն բաւական բարձրաստիճան, որն իր պրոլետարական պարզութեամբ համոզուած է, որ եւրոպական համարկման գործընթացը Հայաստանին անխուսափելիօրէն կը տանի դէպի հակառուսաստանեան նախագծեր կամ պլոքներ, օրինակ ՕԹԱՆ, եւ Արարատ սրբազան լերան ստորոտից հրթիռները կը նշանառեն Մայր Ռուսաստանը: Ի հարկէ, դա յիմարութիւն է եւ միամտութիւն. նախ` Ռուսաստանին վաղուց են թիրախ դարձրել Արարատ սրբազան լերան ստորոտից, որը նա (Ռուսաստանը) այդքան ապաշնորհ ու անհեռատես ձեւով յանձնեց Մուսթաֆա Քեմալին: Եւ թուրքերի զաւթած Արեւմտեան Հայաստանից Մոսկուա հրթիռներն աւելի ուշ չեն հասնի, քան մեր հանրապետութեան տարածքից: Նոյնիսկ Վրաստանի տարածքը, որն աւելի մօտ է Մոսկուային, ինչպէս տեսնում էք, ՕԹԱՆ-ին պէտք չեկաւ, մինչդեռ յիշէք, թէ ինչպէ՜ս էին վրացիներին այնտեղ կանչում…

Երկրորդ` Հայաստանը պարզ, ոչ երկիմաստ եւ բազմիցս յայտարարել է, որ մտադիր չէ Ռուսաստանի հետ դադարեցնել իր դաշնակցային յարաբերութիւնները, հեռանալ անվտանգութեան ռուսական ուղեծրից եւ երկարաժամկէտ հեռանկարում նման նպատակ չի ունենալու: Այս դէպքում նման դիրքորոշման պատճառներն անգամ կարեւոր չեն, եւ ես մտադիր չեմ դրանք վերլուծել, բայց այդ ուղեգծի ամրութիւնը ոչ մէկի կասկածը չի առաջացնում` ո՛չ մեր երկրում, ո՛չ էլ նրա սահմաններից դուրս, այդ թւում` Ռուսաստանում, քանի որ հէնց այդ ուղեգիծն է այս պահին առաւելագոյնս համապատասխանում այն խնդիրների լուծմանը, որոնք ապահովում են մեր երկրի ազգային անվտանգութեան ռազմական բաղկացուցիչը:

Հայաստանից Ռուսաստանի դժգոհութեան եւս մէկ պատճառ տնտեսագէտներն են բուռն քննարկում: Խօսքն այն վնասի մասին է, որ Հարաւային Կովկասում ռուսական տնտեսական շահերին իբրեւ կարող է հասցնել Հայաստանի ու Եւրոպական Միութեան միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու մասին պայմանագիրը: Դա եւս յիմարութիւն եւ միամտութիւն է: Չէ՞ որ այն ամէնը, ինչ Ռուսաստանն ունի Հայաստանում` արտադրութիւն, ծառայութիւններ, ենթակառուցուածքներ, նոյնպէս դառնում է այդ պայմանագրի մի մասը եւ ազատ մուտք ստանում դէպի եւրոպական շուկաներ: Աւելին` ռուսական պիզնըսը կարող է առանց ներդրումային մեծ ծախսերի Հայաստանը հեշտութեամբ հեղեղել համատեղ ձեռնարկութիւններով` պարզապէս աշխուժացնելով արդէն գոյութիւն ունեցողները, որոնց ապրանքները նոյնպէս կը ստանան բոլոր այն առաւելութիւնները, որոնք նախատեսուած են խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գօտու մասին պայմանագրով: Ընդ որում` ակնյայտ է, որ այդ դէպքում հայ-ռուսական յարաբերութիւնները միանգամայն այլ մակարդակ կը ստանան: Համարեա բացառապէս բարձրաստիճան ղեկավարութեան մակարդակով հաստատուած ռազմավարական ամբողջական գործընկերութիւնը, որը հասարակութիւնն ընկալում է որպէս ծանր ժառանգութիւն, որը վաղուց վերածուել է ընդամէնը կերուխումային զրոյցների եւ կենացների թեմայի, կը դառնայ իրական համագործակցութիւն` միջին ու փոքր պիզնըսի, որոշակի մարդկանց եւ ընկերային խմբերի մակարդակով:

Ի հարկէ, ես ամենեւին մտադիր չեմ Ռուսաստանին բացատրել, թէ որոնք են նրա ազգային եւ տնտեսական շահերը, ինչով, ցաւօք, արդէն երեք հարիւր տարի է` զբաղուած է հայկական քաղաքական միտքը: Ես պարզապէս ուզում եմ հասկանալ, թէ ինչու են նրանք “ոչ“ ասում այս ակնյայտ շահերին, որոնցում բացակայում են անգամ քողարկուած ռիսքերը: Գուցէ ռուսների պատմական դառը փո՞րձն է պատճառը: Քանի-քանի ռուս զինուոր է զոհուել Պլեւնայի մերձակայքում` յանուն սլաւոն եղբայրների ազատութեան, իսկ թրքական եաթաղանից ազատագրուած “եղբայրական“ Պուլկարիան երկու համաշխարհային պատերազմներում կռուել է Ռուսաստանի դէմ` նրա թշնամիների կողմից: Ռումանիան նոյնպէս աւելի լաւ չի վարուել:

Հնարաւոր է, որ ռուսական իշխող վերնախաւի զգուշաւորութիւնը եւ Հայաստանի ինքնուրոյնութեան որեւէ նշան կուրօրէն չընդունելը ոչ միայն տուրք է կայսերական աւանդոյթներին, նաեւ արդիւնքն այն բանի, որ Արեւելեան հարեւանութեան, ապա` գործընկերութեան ամբողջ եւրոպական քաղաքականութիւնը միանգամայն անհեռատեսօրէն հիմնւում էր հակառուսական ընդգծուած կողմնորոշումով պետութիւններին (Վրաստանը` Սահակաշուիլիի, Ուքրանիան` Եուշչենքոյի օրօք) Եւրոպական Միութեան ուղեծրում առաջնահերթօրէն ներգրաւելու վրայ: Երբ ակնյայտ դարձաւ, որ այդ երկրների կեղծ արեւմտականացումը թատերականացուած բնոյթ ունի, ներքաղաքական գործընթացները եւ արեւմտեան աջակցութեան հարցում կրած հիասթափութիւնն այդ երկրների վերնախաւերին ստիպեցին շտկումներ մտցնել արտաքին քաղաքական ուղեգծում, ինչից յետոյ Հայաստանը, որն այս բոլոր տարիներին ոչ մի կերպ չէր յաւակնում Արեւելեան գործընկերութեան քաղաքականութեան մէջ էական դերակատարման եւ անշտապ, առանց աղմուկի ու բարձրագոչ յայտարարութիւնների կէտ առ կէտ իրականացնում էր Ընկերակցութեան պայմանագրի պահանջները, յանկարծ յայտնուեց եւրոպական համարկման գործընթացի յառաջապահի դիրքերում: Հասկանալի է, որ ռուսական անվստահութեան իներցիան անմիջապէս տարածուեց նաեւ մեր երկրի վրայ` ստուերելով առկայ փոխյարաբերութիւնների միանգամայն այլ բնոյթը:

Ռուսաստանում, կարծես, այլեւս ունակ չեն հասկանալու, որ ռուսական շահերին սպառնում է ոչ թէ իր հարեւանների եւրոպական համարկումն ինքնին, այլ այն, թէ ինչպէս են նրանք (հարեւանները) պատրաստւում դա օգտագործել: Ոմանց համար Եւրոպայի հետ ընկերակցական յարաբերութիւնները Ռուսաստանի քիթը տրորելու եւ իրենց մանր պատուախնդրութիւնը բաւարարելու միջոց են: Միւսների համար դա միջոց է դառնալ աւելի ուժեղ` միաժամանակ մնալով Ռուսաստանի ընկերն ու դաշնակիցը: Հայաստանը ընտրել է երկրորդ ճանապարհը: Սակայն Ռուսաստանում որոշ մարդկանց, կարծես, պէտք չեն ընկերներ, այն էլ` ուժեղ եւ ինքնուրոյն: Այնտեղ նախընտրում են ճորտերին, ովքեր սեփական շահեր չունեն, եւ որոնց կարելի է առքուվաճառքի առարկայ դարձնել: Ռուսաստանեան քաղաքական որոշ գործիչների յարձակողական-սպառնալի կամ լկտի-վերամբարձ թոնը (“հայերդ առանց մեզ ի՞նչ էք անելու“ ոճով) դժուար թէ Հայաստանի քաղաքական ուղեգծի կշռադատուած վերլուծութեան կամ էլ ռուսական երկարաժամկէտ շահերի տեսանկիւնից դրա լուրջ գնահատման արդիւնքը լինի:

Ըստ այդմ` ես մի կասկած ունեմ` գուցէ Ռուսաստանի քաղաքական շրջանակներին զայրացնում են այն արտայայտութիւնները, որոնցով ուղեկցում է եւրոպական համարկման ամբողջ գործընթացը: Ուշադրութիւն դարձրէք, որ եւրոպական համարկման զանազան փուլերի համաթեքսթում Հայաստանում ոչ ոք երբեւէ չի յիշատակել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի ու համագործակցութեան թուլացման անհրաժեշտութեան մասին: Ընդհակառակը` “իրար լրացնող քաղաքականութեան“ ժամանակներից ի վեր Ռուսաստանի առաջնայնութիւնը մեր երկրի արտաքին քաղաքականութեան մէջ ընդգծել են գրեթէ բոլոր քաղաքական պատասխանատու ուժերը: Եւրոպական Միութեան հետ ազատ առեւտրի հարցը, չնայած իր կարեւորութեանը, նոյնպէս առաջնահերթ չէ մեր հասարակութեան քաղաքական եւ նոյնիսկ տնտեսական օրակարգում: Նոյնը վերաբերում է հայկական օրէնսդրութիւնը եւրոպականին համապատասխանեցնելուն: Այսինքն` անկախ այն բանից, թէ ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում, եւրոպական համարկման առնչուող հասարակական քննարկումների հիմնական թեման դուրս չի գալիս “եւրոպական արժէքների“ տարատեսակ մեկնաբանութիւնների շրջանակներից` Հայաստանին մշակութագաղափարական հարազատ միջավայր վերադարձնելու ճանապարհների, ընդհանուր պատմական արմատների եւ նման այլ բաների մասին բանավէճերից:

Միթէ՞ հէնց սա է զայրացնում Ռուսաստանին: Միթէ՞ այսօրուայ Ռուսաստանն ինքն իրեն եւրոպական երկիր չի ընկալում: Միթէ՞ ռուսական մշակոյթն ամբողջութեամբ համաեւրոպական քրիստոնէական արժէքների վրայ չէ խարսխուած: Մենք` հայերս, այդ երկիրն ընկալում ենք հէնց այդպիսին: Ռուսաստանի հետ մեր դարաւոր մտերմութիւնը մենք ընկալում ենք որպէս արժէքաւոր երեւոյթ, որն ուղղակի կախում չունի շօշափելի շահերից: Այդ իտէալիզմի, ինչպէս եւ մեր գոյութեան համար մենք միշտ ստիպուած ենք եղել բարձր գին վճարել: Մեզ, ի տարբերութիւն պուլկարացիների, ռուս եղբայրները թուրքական եաթաղանից չեն փրկել, իսկ մեր տարածքները նուիրել են ուրիշներին` յանուն այսրոպէական շահերի (որոնք, ի դէպ, այդպէս էլ չեն ստացել):

Վերջին տարիների Ռուսաստանի ամենեւին էլ ոչ դաշնակցային վարքագծի երկար ցանկը ես հիմա չեմ պատրաստւում թուարկել, այն մեր մամուլում անընդհատ արծարծւում է: Բայց ես չեմ կարողանում հասկանալ եւ ընդունել, երբ մեզ կանգնեցնում են փակուղային` “կամ, կամ“ ընտրութեան առջեւ: Յանուն արդարութեան նշեմ, որ առաջինը բացայայտօրէն նման ոճով մեզ հետ սկսեցին խօսել ոչ թէ ռուսաստանցի, այլ եւրոպական գործընկերները: Բայց ով էլ մեզ նման փակուղու մէջ դնի` եւրոպացիները, թէ` ռուսները, մեզ համար անընդունելի է: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը Եւրոպական Միութեան հետ գործընկերութեան հետ համատեղելու մեր ձգտումը կարող է ինչ-որ մէկին ռէալ փոլիթիքից հեռու վիպապաշտական տեսութիւն, քաղաքական պատրանք թուալ: Բայց մեր երկրում եւ մեր երկրի շուրջ տիրող բարդագոյն իրավիճակը ոչ սովորական լուծումներ է պահանջում: Նայէք ձեր շուրջը: Հին մոտելները Մերձաւոր Արեւելքում չեն գործում: Սառը պատերազմի ժամանակների նաւթալինահոտ, դեղնած բաղադրատոմսերը, որոնք պահպանուել են, տանում են դէպի ճահճացում: Մենք սեփական երկրում ու աշխարհում փնտռում ենք արժանավայել գոյատեւման ու զարգացման մե՛ր մոտելը:

Առայժմ դժուարութեամբ է ստացւում: Հարեւանների հարցում բախտներս չի բերել: Իշխանութիւնների հարցում` նոյնպէս: Բայց մենք կը գտնենք այդ մոտելը, մի՛ կասկածէք, ով էլ որ փորձի մեզ վախեցնել ու շանթաժի ենթարկել:

 

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ԽՈՒՌՆԵՐԱՄ ԸՄԲՈՍՏՈՒԹԻՒՆ…ՀԱՐԻՒՐ ԴՐԱՄ
Next post ՇՐՋԱՆԱՒԱՐՏ ՍՊԱՆԵՐ ՄԻԱՑԱՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles