ՄԱ­ՀԱԶԴ.- ՆՈՐԱՅՐ ՊԱՀԼԱՒՈՒՆԻ

0 0
Read Time:7 Minute, 49 Second

Արե­րել­եան Ա.Մ.Ն.-ի ‘‘Շի­րակ­եան’‘ Կեդ­րո­նա­կան Կո­մի­տէ­ու­թիւնը կը գու­ժէ մա­հը, վաս­տա­կա­ւոր

 

ԸՆԿԵՐ` ՆՈՐԱՅՐ ՊԱՀԼԱՒՈՒՆԻի

որ տե­ղի ու­նե­ցաւ Մա­յիս 3, 2011-ին Ուա­շինկ­թը­նի մէջ: Թաղ­ման արա­րո­ղու­թիւնը պի­տի կա­տար­ուի Ուա­թըր­թաու­նի (Մա­սա­չու­սէց) Սուրբ Ստե­փա­նոս եկե­ղեց­ւոյ մէջ, Չորեքշաբթի, Մայիս 11, 2011 առաւօտեան ժա­մը 10:00-ին, որ­մէ ետք, մար­մի­նը պի­տի փո­խադր­ուի Մաունթ Օպըր­նի գե­րեզ­մա­նա­տուն:

 

ՑԱ­ՒԱԿ­ՑԱ­ԳԻՐ

 

Ուա­շինկ­թը­նի ‘‘Սե­պուհ’‘ Կո­մի­տէ­ու­թիւնը, կը գու­ժէ մա­հը, իր շրջա­նի ըն­կեր­նե­րէն`

ՆՈՐԱՅՐ ՊԱՀԼԱՒՈՒՆԻի

Նոր պա­տա­հե­ցաւ Մա­յիս 3, 2011-ին, յետ եր­կա­րա­տեւ հիւան­դու­թեան:

 

***

‘‘Հայ­րե­նիք’‘ կը գու­ժէ մա­հը, եր­կար տա­րի­նե­րու յօդ­ուա­ծա­գիր եւ հրա­պա­րա­գիր`

ՆՈՐԱՅՐ ՊԱՀԼԱՒՈՒՆԻի

որ տե­ղի ու­նե­ցաւ Մա­յիս 3, 2011-ին Ուա­շինկ­թը­նի մէջ:

 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Նորայրը ծնուել է 1924 թուի Յունուար 27-ին, Սամարքանտում, երբ հայրը՝ Եղիշէ Պահլաւունին, Չեկայի յամառ հետապնդումներից խուսափելու համար ընտանիքով (կնոջ եւ երկու դուստրերի հետ ապաստանել էր այնտեղ՝ իր աներոջ՝ Ղուկաս Մալենցեանի մօտ, որը բարձրաստիճան պաշտօնեայ էր Թուրքիստանում գիւղատնտեսութեան նախարարութիւնում եւ ղեկավարն էր ամբողջ Թուրքիստանի բամպակի արտադրութեան գործի։

Երբ Եղիշէ Պահլաւունին ապահովում է, որ կինը եւ նորածին զաւակը կատարելապէս առողջ են, անցնում է Հիւսիսային Ռուսաստան եւ մի իրական ոդիսականով, խուսափելով Չեկայի ճանկերից, վերջապէս իրեն հասցնում է Թաւրիզ։ Նրա ապահով տեղ հասնելուց յետոյ տիկ. Նուարդ Պահլաւունին երեք զաւակներով մեկնում է Երեւան, իր մօր՝ տիկ. Շուշանիկ Մալենցեանի մօտ եւ շուրջ մէկ տարի Երեւանում աշխատելուց յետոյ վիճակագրական բաժնում, փրոֆ. Քէչիքէզեանի մօտ, ծանօթութիւնների միջոցով եւ յատկապէս օրուայ իշխանաւոր Ալեքսանդր Միասնիկեանի օժանդակութեամբ եւ նրա կարգադրութեամբ արտօնութիւն է ստանում Պարսկաստան մեկնելու։

Մեկնումից առաջ Նորայրի տատիկը տիկ. Նուարդին խնդրում է գոնէ աւագ աղջկան՝ Սանդիկին իր մօտ թողնել, որը դպրոցական տարիքում էր, որպէսզի նա իր խնամքի տակ շարունակի կրթութիւնը։ Այդպէս էլ դասաւորւում է, եւ տիկ. Նուարդը Ջուլֆայի երկաթուղով վերջապէս մեծ նեղութիւններ կրելով հասնում է Թաւրիզ եւ միանում ամուսնուն… 1925 թուին նա հրաւիրւում է պաշտօնավարելու Թաւրիզի գիմնազիայում հռչակաւոր Ռուդոլֆի տեսչութեան օրօք, որպէս բարձր դասարանների ռուսերէնի վարժուհի։ Կեանքի դասաւորման բերումով 1926-ին տիկ. Նուարդն ու Եղիշէ Պահլաւունին հրաւիրւում են Ռէշտ, դասաւանդելու համար ռուսերէն եւ մարզանք հասարակական նշանաւոր գործիչ եւ Հայաստանի Հանրապետութեան ֆինանսների նախարար Համբարձում Տէրտէրեանի տեսչութեան օրօք։ Ռէշտում նրանք մնում են մինչեւ 1929 թիւը, երբ Ատրպատականի բարեխնամ առաջնորդ Ներսէս Արքեպիսկոպոս Մելիքթանգեանի հրաւէրով տիկ. Նուարդը մեկնում է Թաւրիզի թեմական դպրոց՝ պաշտօնավարելու համար որպէս ռուսերէնի դասատու։ Մայրը Նորայրին առաջին հերթին, երբ նա հազիւ հինգ տարեկան էր, յանձնում է տիկին Շուշանիկ Խանազատի «Ղազարոս Աղայեանի» մանկապարտեզին, ուր Նորայրը յատուկ գուրգուրանքի է արժանանում տիկին Շուշանիկի կողմից։ Մանկապարտէզում պաշտօնավարում էին Կովկասից եկած, տիկ. Նուարդին եւ Ե. Պահլաւունուն մտերիմ անձինք։

Ապա երկու տարի յետոյ Նորայրը յաճախում է Թաւրիզի «Արամեան» գիմնազիան։

Նորայրը «Արամեան» դպրոցի չորրորդ բաժանմունքում էր, երբ Իրանի քաղաքական անցուդարձերի եւ քեմալական Թուրքիայի հետ սերտ կապեր հաստատելուց յետոյ, փակւում են հայոց բոլոր դպրոցները, մայրը անձամբ ստանձնում է նրա կրթութիւնը եւ բացի իրենից, այդ թուականներին Նորայրի հետ հայագիտական առարկաներ է պարապում, Անդրէ Տէր Օհանեանը, որը նոյնպէս պաշտօնաւարում էր Թեմական դպրոցում։ Աւելի ուշ Նորայրի հետ պարապել են Հայկակ Կոսոյեանը եւ Երուանդ Հայրապետեանը։

1934 թուականին Պահլաւունիների դուստր Սեդայի վաղաժամ մահուանից յետոյ, ընտանիքով տեղափոխւում են Համադան, ուր դարձեալ տեսուչն էր Համբարձում Տէրտէրեանը եւ մինչեւ 1936 մնում են այնտեղ եւ այնուհետեւ, երբ տիկին Նուարդը հրաւիրւում է որպէս տեսչուհի Բրուջերդի հայոց դպրոց, տեղափոխւում են այնտեղ Նորայրի եւ 1930-ին Թաւրիզում ծնուած իր քրոջ՝ Ռուբինայի հետ, որն արդէն եօթ տարեկան էր։

Հային վիճակուած թափառական կեանքի հարկադրանքի տակ Պիւտճէից 1938 թւականին վերջապէս հաստատւում են Թեհրանում։

Շնորհիւ իր կարող ուսուցիչների եւ յատկապէս մօր դաստիարակութեան, արդէն օժտուած լինելով ազգային նկարագրով, Նորայրը նետւում է միութենական եւ հասարակական աշխատանքի մէջ, միաժամանակ գրական փորձեր կատարելով։ Միաժամանակ մէկ տարի մասնաւոր ուսուցչուհու մօտ (օր. Ռոզիկ Մուդոյեանի) սովորելով պարսկերէն, չնայած արդէն մի քիչ մեծ տարիքում մտնում է Թեհրանի «Սէփէհր» տարրական դպրոցը եւ երկու տարի յետոյ մրցանակով աւարտելով տարրականը, անմիջապէս անցնում է Ամերիկեան «Ալպորզ» քոլէճը։

Քոլէճն աւարտելուց յետոյ, երբ պատրաստւում է մեկնել Պէյրութի համալսարան եւ նոյնպէս ընդունւել էր Պոսթընի համալսարանի հիւմանիտար հասարակագիտական գիտութիւնների ճիւղը, դժբախտաբար ընտանեկան պայմանների բերումով ստիպուած է լինում անկատար թողնել այդ ցանկութիւնը, որովհետեւ մայրը ծանր աշխատանքից հիւծուած էր ու խնամքի կարօտ եւ հօր գործերն էլ ընթանում էին անյաջող։ Հետեւաբար վաղ տարիքում Նորայրը ստիպուած է լինում նետուել կեանքի պայքարի մէջ, ապահովելու համար թէ՛ մօր խնամքը եւ թէ՛ ընտանիքի ապրուստը։ Ծանր օրեր են յաջորդում միմեանց, սակայն տոկունութեամբ Նորայրը նախ աշխատում է բեռնափոխադրման UKCC հաստատութեան մէջ, որպէս հաշուապահ, ապա շուրջ երկու տարի մեկնում է Ղազուին Քէօրօղլեանների ալիւրի գործարան, որպէս տնօրէն, ապա չորս տարի Թեհրանի Անգլիական բանկ՝ որպէս հաշուապահ, Աղապապեանների «Տարիուշ ֆիլմի» վարիչ եւ վերջապէս անցնում է Իրանի նաւթային ընկերութեան Թեհրանի կեդրոնական հաստատութիւնում նախ որպէս հաշուապահ եւ ապա հաշուեքննիչ, շուրջ 10 տարի եւ ապա Արտաքին յարաբերութիւնների գերատեսչութեան վիճակագրական եւ արտաքին յարաբերութիւնների տեղեկատուական պատասխանատու, որը տեւում է եւս 20 տարի, մինչեւ 1979 թւականը։ Նորայրը պատկանում է իր սերնդի այն հաւաքականութեան, որ վաղ պատանեկութեան տարիքից նետուել են միութենական աշխատանքների մէջ եւ այդ սերունդն էր, որ հիմք դրեց մի քանի միութիւնների եւ ապա մէկտեղելով այդ միութիւնները, հիմնեցին «Հայ պատանեկան միութիւնը», որը վերածուեց Հայ երիտասարդական միութեան եւ հետագային արդէն հսկայ կազմակերպութեան։ Այդ միութիւնն է, որ գաղութի մշակութային աշխուժութեան առանցքը հանդիսացաւ։

Յուլիս 4, 1944 թուականից առաջ, երբ հիմնուեց Հայ պատանեկան միութիւնը, Նորայրը 1942-ին եղել է հիմնադիր անդամ Իրանի հայկական մշակութային միութեան (չշփոթել այս միութիւնը ձախակողմեան «Մշակոյթ» միութեան հետ)։ Նորայրը եղել է մի քանի անգամ «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան անդամ, քննիչ մարմնի անդամ, նախագահ եւ միութեան կենտր. վարչութեան քարտուղար-փոխնախագահ եւ նախագահ։

Եղել է հիմնադիր անդամ հայ գրողների ընկերակցութեան։ Թեհրանի թեմի պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի, մի քանի նստաշրջանում դիւանների անդամ, միջթեմական ժողովների ներկայացուցիչ, պատգամաւոր 1963-ից մինչեւ 1978 թիւը շարունակաբար Թեհրանի թեմի ներկայացուցիչ Կիլիկեան Կաթողիկոսութեան Ազգային ժողովի, երկու անգամ ընտրուել է համանախագահ վարելու համար այդ ժողովները՝ նախ 1972-ին եւ ապա 1977-ին, առաջին անգամ Վահէ Սէթեանի եւ երկրորդ անգամ Խաչիկ Պապիկեանի հետ։

1977-ի գումարուած ազգային ժողովն էր, որ Գարեգին Արքեպիսկոպոս Սարգսեանին ընտրեց Աթոռակից կաթողիկոս։

Վաղ տարիքից Նորայրն անցել է Հ.Յ. Դաշնակցութեան շարքերը եւ ունեցել է պատասխանատու հանգամանքներ։

Եղել է Հայ Դատի յանձնաժողովի անդամ եւ հրատարակչական աշխատանքի մասնակից հայերէն, պարսկերէն եւ անգլիերէն լեզուներով։ Նրա, Հրայր Խալաթեանի, Ռոստոմ Ստեփանեանի, Բաղդիկ Մինասեանի եւ այլոց մասնակցութեամբ լոյս են տեսել շուրջ 14 գրքոյկներ, որոնք ամփոփուել են «Արմէնոլոժի» ընդհանուր վերնագրի տակ։

1960-ին հիմնել եւ վարիչ խմբագիրն է եղել «Ալիք» ամսագրի եւ կարճ ժամանակում կարողացել է ամսագրի աշխատակցութիւնն ապահովել, բացի իրանահայ մտաւորականներից, նաեւ արտասահմանից նշանաւոր դէմքեր Ս. Վրացեանի, Կարօ Սասունու, Մուշեղ Իշխանի, Եդուարդ Պօյաճեանի եւ այլոց։ Պայմանների հարկադրանքով «Ալիք» ամսագրի 36-րդ համարը հրատարակելուց յետոյ այն դադարել է։

1959 թուին «Արարատ» կազմակերպութեան իր նախագահութեան օրով էր, որ «Արարատ» միութիւնը հրաւիրեց Պէյրութի համազգային թատերախումբը, Ժորժ Սարգսեանի ղեկավարութեամբ։ Թատերախումբը 15 գիշեր անընդմէջ Արարատի բեմում բեմադրեց պիէսներ, որոնք արտակարգ խանդավառութիւն ստեղծեցին Թեհրանում՝ ամեն օր լեփ-լեցուն սրահով, եւ այդպիսով սերտ կապ հաստատուեց երկու հայահօծ գաղութների միջեւ։

Նոյն տարում փոխանակուեցին նաեւ մարզական խմբեր։

Եղել է անդամ կանոնագիրների մշակման յանձնախմբերի եւ Իրանահայ համագումարների ատենադպիր։

Նա հրաւիրւել է նախ Իրանի զանազան համայնքներում եւ ապա այլեւայլ գաղութներում դասախօսելու եւ կազմակերպչական աշխատանքներ տանելու նպատակով։ Եղել է կուսակցական դատական մարմինների անդամ։

12 տարի դասաւանդել եւ դասախօսել է Թեհրանի թեմի դպրոցների ուսուցիչ-ուսուցչուհիների վերապատրաստման դասընթացներին։ Ժամանակի Հ.Յ.Դ. Բիւրոյի յանձնարարութեամբ 1976-ին երկամսեայ առաքելութեամբ Ապրիլից Յունիս մեկնել է Հարաւային Ամերիկա, որպես Բիւրոյի լիազօր Հայ Դատի գծով քարոզչական աշխատանք տանելու, վերահասու լինելու կուսակցական աշխատանքներին եւ սեմինարներ կազմակերպելու ու բանախօսութիւններ ունենալու նպատակով։

Իր առաքելութիւնը յաջող կերպով աւարտելուց յետոյ, որի մասին բազմաթիւ տեղեկագրեր են ուղարկուել Բիւրոյին, Հարաւային Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի կողմից եւ որոնց պատճէները Բիւրոյի արխիւում են – վերադարձել է Պարսկաստան եւ Յուլիս 1 1976-ից ստանձնել է «Ալիք» օրաթերթի պատասխանատու խմբագրի պաշտօնը Կ.Կ.-ի հրաւէրով, փոխարինելու համար հրաժարուած խմբագիր Անդրէ Տ. Օհանեանին։

Յատկապէս Հայ Դատի քարոզչական աշխատանքների գծով 1976 թուի Մայիս 21-ին Մոնթէվիտէոյում, իր գլխաւորութեամբ եւ Կ.Կ.-ի ներկայացուցիչ Յովսէփ Օղուլեանի եւ Կ.Կ.-ի կազմի այլ անդամներից բաղկացած մի պատուիրակութեամբ կարեւոր հանդիպում է ունեցել Ուրուկուայի Արտաքին Գործոց նախարար Խուան-Քարլոս Պլանկոյի հետ։

Նորայրի խմբագրութեան պարտականութիւնը տեւել է մինչեւ 1978 թւի Հոկտ. 20-ը, երբ նա հրաժարուել է այդ պաշտօնից, որովհետեւ կնոջ՝ Լիդայի հետ, որ Ամերիկեան դեսպանատան պաշտօնեայ էր 25 տարուայ վաստակով, որոշել էին մեկնել Ամերիկա՝ Պոսթըն, ուր արդէն համալսարանում ուսանում էին իրենց զաւակներ Սեդան եւ Արմէնը՝ նրանց միանալու համար։

Նրանք իրենց այդ ծրագիրը իրագործեցին 1979 թւի Հոկտեմբերին, երբ Նորայրը նաւթային ընկերութեան 31 տարուայ պաշտօնավարութիւնից յետոյ իր առաջարկով վաղաժամ հանգստի կոչուելուց եւ անհրաժեշտ տնօրինութիւններն անելուց յետոյ, Լիդայի հետ մեկնեցին Պոսթըն։ Ժիրայր Ղարիպեանի հետ միասին հիմնեցին Պոսթընի անկախ ռատիօժամը, որն առաջին իսկ օրուանից, շնորհիւ լուրջ ծրագրաւորման, մեծ ընդառաջում եւ ժողովրդականութիւն վայելեց։

Մէկ տարի յետոյ Լոս Անճելըսում, Հայ կրթական հիմնարկութեան վարիչ Բիւզանդ Կռանեանի հրաժարման բերումով Նորայրը կրթականի վարչութեան կողմից հրաւիրուեց ստանձնելու Վարիչի նրա պաշտօնը, որը նոյնպէս տեւեց հազիւ ութ ամիս։ Նորայրը Պոսթընից հեռանալու բերումով ռատիոյի գործն ամբողջովին փոխանցեց Ժիրայրին։

Լոս Անճելըսի կրթական հաստատութեան իր պաշտօնից յետոյ Նորայրը հրաւիրուեց 1982-ին Ուաշինկթըն՝ «Ամերիկայի ձայն», որպէս միջազգային հաղորդավար եւ հայկական բաժնի խմբագիր, որը տեւեց մինչեւ 2009 թուականը, իր կամաւոր հրաժարումը, 77 տարեկանում նուիրուելու համար իր անձնական նախասիրութիւններին եւ ուսումնասիրութիւններին։

Նորայրը Թեհրանի թեմի Թեմական խորհրդի, նաեւ ժամանակի Հ.Յ.Դ. Կ.Կ.-ի որոշումով գործադիր քարտուղարն է հանդիսացել եւ համադրողը Իրանի Մոհամմատ Ռէզա Շահի գահակալութեան եւ նոյնպէս Իրանի 2500ամեակի տօնակատարութիւնների, հայկական բոլոր ձեռնարկների, որը վարել է ամենայն յաջողութեամբ եւ արժանացել բարձր գնահատանքների։

Իսկ Փահլաւի տոհմի գահակալութեան յիսնամեակի առթիւ Իրանի արքայ Մոհամէտ Ռէզա Փահլաւիի հրահանգով որպէս «Ալիք» օրաթերթի խմբագիր պարգեւատրուել է յիսնամեակի յատուկ շքանշանով։

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %
Previous post ՆՇՄԱՐ.- ՈՒՍԱՄԱ ՊԸՆ ԼԱՏԷՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ` ՕՊԱՄԱՅԻ… ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՆ
Next post ‘‘ՄԱՄԼՈՅ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՕՐ’‘ՈՒԱՆ ՆՇՈՒՄ` ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Social profiles