«ԵՒՐՈԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԵՐՔԻՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ ԹՐՔԱՑԵԼ Է» ԿԸ ՅԱՅՏՆԷ ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ

Ստորեւ, յապաւումով լոյս կ’ընծայենք հետաքրքրական զրոյց մը, կատարուած »Երկիր« թերթի աշխատակից Գէորգ Դարբինեանի կողմէ, Հ.Յ.Դ. Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, Հ.Հ. Ազգային Ժողովի արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովի նախագահ եւ Եւրոխորհուրդի Հայաստանի պատուիրակութեան անդամ Արմէն Ռուստամեանի հետ, նիւթ ունենալով արտաքին քաղաքականութեան ոլորտն ու Արցախի հարցով ենթայանձնաժողովի յետագայ աշխատանքներին չմասնակցելու հնարաւորութիւնները:

 

Հ. Հայթրքական հաշտեցման եւ Արցախի հակամարտութեան կարգաւորման գործընթացների հետ կապուած՝ Երեւանից կոշտ յայտարարություններ են հնչում: Կարելի՞ է դա արտաքին քաղաքական ընթացքի փոփոխութիւն համարել:

Պ.Ուղեգծի փոփոխութեան մասին խօսելը դեռ վաղ է: Իրական փոփոխութինը ենթադրում է ետ կանչել ստորագրութիւնները արձանագրութիւններից՝ ազատուելով հայթրքական արձանագրութիւնների ստորագրման հետեւանքով առաջացած իրավիճակից: Բայց միւս կողմից՝ չի կարելի չնկատել կատարուող վերանայումները: Իշխանութիւնը վերջապէս տեսաւ, որ Թուրքիոյ հետ կապուած սին յոյսեր էին փայփայում, որ ռազմավարական նպատակադրումների մասով այդ երկիրը չի փոխել իր մօտեցումները: Սխալ էր նաեւ Թուրքիոյ եւ Ատրպէյճանի միջեւ տարբերութիւններ փնտռելը: Նրանց մօտիկ գործակցութիւնը, օր օրի ապացուցում է իր անքակտելիութիւնը:

 

Հ.Նախագահ Սարգսեան վերջերս առաջին անգամ յայտարարեց արձանագրութիւններից ստորագրութիւնը ետ վերցնելու հնարաւորութեան մասին: Դա ինչոր բան փոխո՞ւմ է:

Պ.Դրանք մարտավարական քայլեր են: Ի հարկէ, վաղուց էր հասունացել այդպիսի յայտարարութիւն անելու պահը: Բայց այն մնալու է մարտավարական հարթութիւնում, քանի դեռ դուրս չենք եկել այս անհեթեթ վիճակից, երբ թելադրողը, ուզենք թե չուզենք, շարունակում է մնալ Թուրքիան: Որպէսզի դա թոյլ չտանք, պէտք է օր առաջ ձերբազատուել արձանագրութիւններից: ԵւրոԽորհրդում Թուրքիոյ նախագահը եւ արտաքին գործոց նախարարը վերջերս բացայայտօրէն ասացին, որ արձանագրութիւններով իրենք սահմանների բացումից զատ  հետապնդել են նաեւ Եւրոպայի եւ Ասիոյ միջեւ առկայ պատը՝ Հարաւային Կովկասը, կամուրջի վերածելու նպատակ: Ստացւում է, թէ արձանագրութիւնների վաւերացման կասեցումը բխում էր դրանից: Անգամ կասեցումն են փորձում օգտագործել: 

 

Հ.Իսկ ինչպէ՞ս էք գնահատում իրավիճակը Արցախի հակամարտութեան կարգաւորման գործընթացում ԵԱՀԿ Ասթանայի գագաթաժողովից յետոյ:

Պ. Յարաբերական անդորր է: Այստեղ էլ Հայաստանը համոզուեց, որ հայթրքական գործընթացը չի տարանջատւում Արցախի հիմնահարցից: Այդ վիճակը հանգեցրել էր նրան, որ Ատրպէյճանն աւելի ու աւելի հաւակնոտ պահանջներ է առաջ քաշում: Հայաստանը ստիպուած էր գնալ  դիրքրոշման կոշտացման: Սա, ի հարկէ, դրական միտում է: Հիմա մենք այն կետում ենք, որից այն կողմ այլեւս տեղ չկայ: Բայց այդ ընթացքում մենք կորուստներ ունեցանք: Մասնաւորապէս, ազգը կանգնել էր պառակտման եզրին: Երկրորդ՝ հրապարակուեցին մատրիտեան սկզբունքները, եւ բանակցային գործընթացը մտաւ հրապարակային փուլ, պարզ դարձաւ, որ  հիմնական հաստատումները բխում են Ատրպէյճանի եւ Թուրքիոյ շահերից:

 

Հ. Պարոն Ռուստամեան, առայսօր Եւրոխորհրդում հայկական պատուիրակութիւններն անընդհատ եղել են պաշտպանուողի, ազերիթրքական նախաձեռնութիւններին դիմակայողի դերում: Ո՞րն է դրա գլխաւոր պատճառը, ինչո՞ւ չի յաջողւում աւելի նախաձեռնող ու գործունեայ լինել:

Պ. Երկու հիմնական խնդիր կայ: Առաջինը մեր այն  դիրքորոշումն էր, թէ քանի որ յաղթող ենք, նախաձեռնող լինելու խնդիր չունենք: Առաջնորդուել ենք այն մօտեցմամբ, թէ մենք մեր հարցը լուծել ենք, ինչ ուզում են թող խօսեն: Երկրորդ՝ մենք ասում էինք, թէ կայ միայն մէկ ձեւաչափ՝ Մինսքի խումբը, եւ մնացած ձեւաչափերից պէտք է խուսափել: Դա մարտավարութիւն էր ենթադրում: Մինչդեռ մենք խուսափում էինք շատ նախնական ձեւով. որպէսզի այլ ձեւաչափերով քննարկումներ չլինեն, մենք ինքներս պէտք է խուսափենք դրանցից: Դա բերեց թոյլ կեցուածքի: Չմշակուեց հայեցակարգ: Այսինքն չյստակեցրինք՝ խուսափում ենք, ի՞նչ ասելով: 2005 թուականին, Եւրոխորհուրդի յայտնի 1416 չարափաստիկ բանաձեւի ընդունումից յետոյ, մենք լսումներ անցկացրինք եւ ասացինք, որ հրապարակային դաշտում հայեցակարգային մօտեցումներով առաջնորդուելու խնդիր կայ: Մենք տը ժիւրէ չենք ճանաչել Արցախի Հանրապետութիւնը՝ տուրք տալով միջազգային հանրութեան ցանկութիւններին: Մինչդեռ պէտք է խնդիր դնէինք, որ Արցախի Հանրապետութիւնը Ատրպէյճանին իրաւահաւահասար կարգավիճակով ներկայանար միջազգային հանրութեանը: Դա նշանակում է, որ չպէտք է մեզ վրայ վերցնէինք Արցախի կենսական շահերին առնչուող հարցերը: Բայց մենք անընդհատ հակառակ քայլերն ենք անում: 1416 բանաձեւի իմաստը դա է: Այնտեղ  ամրագրւում է, որ Եւրոխորհուրդի անդամ մի պետութիւնը անդամ միւս պետութեան տարածքը չի կարող գրաւել: Հայաստանն այդ բանաձեւով ստանձնեց պարտաւորութիւններ, որովհետեւ մենք էինք Եւրոխորհուրդի անդամ: Եւ Ատրպէյճանը հենց սա է լիուլի օգտագործում:  Եթէ մենք այժմ  գործենք նոյն սխալները, կրկին բարդացնելու ենք մեր վիճակը: Արցախի հարցով այս ենթայանձնաժողովի ստեղծումն ինքնանպատակ չէ: Ազերիթրքական գործակցութեան նպատակն է ենթայանձնաժողովն աշխատեցնել՝ ստանալու բանաձեւ, որն առնուազն չզիջի 1416ին:

 

Հ.Դրան խանգարելու ի՞նչ հնարաւոր տարբերակներ ունի հայկական կողմը: 

Պ.Մենք պէտք է հստակ հիմնաւորումներ ներկայացնենք, թէ ինչու Հայաստանը չի մասնակցում այդ ենթայանձնաժողովի գործունէութեանը: Առաջին գործօնը հենց Եւրոխորհուրդ 1416ի այն պահանջն է, որ ենթայանձնաժողովը չպէտք է խոչընդոտի Մինսքի գործընթացին: Կայ բոլոր հարցերն իր մէջ ներառող Մատրիտեան փաթեթը: Եթէ այս ենթայանձնաժողովն աշխատի դրանից դուրս, թուրքատրպէյճանական գործակցութիւնը չստանայ այն, ինչ ուզում է: Այսինքն՝ պէտք է այնպէս անել, որ ենթայանձնաժողովի գործունէութիւնը դուրս չգայ Մատրիտեան գործընթացի տրամաբանութիւնից: Երկրորդ՝ Հայաստանը պէտք է վճռականութիւն հանդէս բերի եւ յստակ յայտարարի, որ մենք չենք փոխարինում Արցախին: Եւ նրա տարածքներին, անվտանգութեանը, կարգավիճակին, փախստականներին վերաբերող բոլոր հարցերը պէտք է քննարկել Արցախի Հանրապետութեան հետ: Երրորդը պայմանաւորուած է Եւրոխորհուրդի նախագահ Չավուշօղլուի պահուածքով: Մենք ամբողջ պատուիրակութեան անունից նամակ ենք գրում, որը չի բաժանւում բիւրոյի անդամներին: Միտումնաւոր խախտւում են ընթացակարգերը: Այսինքն՝ նա չարաշահում է իր դիրքը: Մենք պէտք է այս տարի ամբողջութեամբ փորձենք պատռել թէ Չավուշօղլուի, թէ թուրքատրպէյճանական գործակցութեան դէմքը: Եւրոխորհուրդը դառնում է գործիք այս »զոյգ«ի ձեռքին: Մինչեւ Մայիս, թուրքերն ամբողջական վերահսկողութիւն ունեն Եւրոխորհրդում. Տավութօղլուն գործադիրի ղեկավարն է, Չավուշօղլուն՝ օրէնսդիրի: Եւ մենք պէտք է հարց տանք միւս պատուիրակութիւններին՝ արդեօ՞ք սա ամենահարմար պահն էր վերականգնելու այս ենթայանձնաժողովը:

 

Հ. Հնարաւո՞ր էր ազդել իրավիճակի վրայ, եթէ  արդիւնաւէտ օգտագործուէին խորհրդարանական դիւանագիտութեան աղբիւրները:

 Պ.Բիւրոյի անդամները երեք տասեակից աւելի են: Նրանք բոլորը լռութեամբ ընդունել են այս առաջարկը: Կարող եմ հաւաստիացնել, որ շատերը շատ լաւ գիտէին՝ ինչ է կատարւում, բայց չեն խօսել: Անձամբ ես բիւրոյի մօտ 15 անդամների հետ խօսել եմ, եւ նրանք ընդունել են մեր բերած պատճառները: Բոլորը տեսնում են, որ Եւրախորհրդի ներքին մթնոլորտը թրքացել է: Ես չեմ վախենում այդ բանն ասել: Բայց տեսնելը մի բան է, այդ մասին բարձրաձայն խօսելը, դրան ըմբոստանալը՝ մէկ այլ բան: Միջանցքներում, ոչ պաշտօնական զրոյցներում բոլորը դրանից դժգոհում են: Բայց նրանք մտածում են՝ անպայման ե՞ս պէտք է այդ կռիւը վերցնեմ ինձ վրայ: Մնացել է մէկ տարի, թող վերջացնի գնայ: Տրամաբանօրէն շատ ճիշտ է, որ Մինսքի խմբի համանախագահող երկրների հետ կարելի էր աշխատել ու արդիւնքի հասնել: Բայց յստակօրէն գործ ունենք  անձանց հետ, ովքեր յստակ խնդիրներ ունեն: Հայկական ձեւով ասած՝ չեն ուզում վատ մարդ դառնալ:

 

Հ.Այսինքն՝ Եւրոխորհրդում թրքական տիրապետութիւնն անցնելուց յետո՞յ միայն կարելի կը լինի ինչոր ակնկալիքներ ունենալ:

Պ.Մեծ հաշուով՝ այո: Բայց մինչ այդ մենք պէտք է ցոյց տանք, որ Եւրոխորհրդումը վերածուել է թրքական խորհրդի: Այս մէկ տարուայ ընթացքում մեր մարտավարութիւնը պէտք է լինի անընդհատ Չավուշօղլուին կաշկանդելը:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*